Կյանքի 77-րդ տարում երկրային կյանքը լքեց արձակագիր, կինոդրամատուրգ Ալեքսան Մեխակյանը:
Ալեքսան Մեխակյանը ծնվել է 1940 թ. օգոստոսի 22-ին Ապարանի շրջանի Երնջատափ գյուղում (այժմ` ՀՀ Արագածոտնի մարզ): 1967 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի բաժինը, 1978 թ.` Մոսկվայի կինոսցենարիստների և ռեժիսորների համամիութենական բարձրագույն դասընթացները: 1967-69 թթ. աշխատել է «Շինարար» թերթում, 1969-1971 թթ.` «Գարուն» ամսագրում, 1971-1976 թթ.` «Սովետական Հայաստան» օրաթերթում, ինչպես նաև «Հայֆիլմ» կինոստուդիայում: ՀԳՄ անդամ է 1975 թվականից: Ա. Մեխակյանը հեղինակ է վեպերի, վիպակների, գեղարվեստական, վավերագրական, ազատամարտի և ազգագրական կինոնկարների սցենարների: Առաջին գիրքը` «Ինչ տաք ես, ճամփա» խորագրով, լույս է տեսել 1966 թ., որից հետո ընթերցողների դատին է հանձնել «Այս ճանապարհը», «Ապաստան», «Փոքրիկ սրնգահարի ոդիսականը», «Երազախաբ ավետարան» և այլ ժողովածուներ: Նրա սցենարներով նկարահանվել են «Մեռոնօրհնություն», «Կաթողիկոս Ամենայն Հայոց», «Ալեքսանդր Բակունց» գեղարվեստա-վավերագրական կարճամետրաժ ֆիլմերը: Ալեքսան Մեխակյանը զբաղվել է նաև թարգմանությամբ: Թարգմանել է Ֆեոդոր Դոստոևսկու պատմվածքներն ու «Դեռահասը» վեպը, ռուսերենից` Հալդոր Լասքնեսի «Իսլանդական զանգը» վեպը և այլն: Նրա շատ գործեր թարգմանվել են նաև լեհերեն, գերմաներեն, ուկրաիներեն: 1977 թ. Մոսկվայում ռուսերեն հրատարակվել է նրա «Երկնագույն թիթեռ» ժողովածուն, արժանանալով «Մոլոդայա գվարդիա» հրատարակչության Տարվա լավագույն արձակի հատուկ մրցանակին, 1988 թ. «Իմ պատանի նախնիներ» վեպը` ՀԳՄ «Տարվա լավագույն արձակ» մրցանակին: