Թբիլիսիում բացվել է «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական, մշակութային կենտրոնը

Թբիլիսիում բացվել է «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական, մշակութային կենտրոնը Ամաղլեբիս (նախկինում` Դավիթաշվիլի) 18 հասցեում, որտեղ 1909-1923 թվականներին` մինչև կյանքի վերջը ապրել է բանաստեղծը ընտանիքի հետ: Այս հյուրընկալ տանն են հավաքվել Աղայանն ու Կոմիտասը, Իսահակյանը, Շիրվանզադեն, Փափազյանը, Վահան Տերյանը, Լևոն Շանթը, Գևորգ Բաշինջաղյանը, Նար-Դոսը, Բրյուսովը և ուրիշներ, կազմակերպվել են գրական զրույցներ, ընթերցումներ, ասուլիսներ, տպագրված և անտիպ երկերի քննարկումներ:
2012 թվականին, ըստ լուրերի, տան մի հատվածի սեփականատերը այն վաճառելու էր թուրք-վրացական մի կազմակերպության: Երջանկահիշատակ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ և այն ժամանակ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ֆինանսական աջակցությամբ ձեռք բերվեց բնակարանի գրադարանային հատվածը և փոխանցվեց վիրահայոց թեմին ու վիրահայ համայնքին: 2015 թ. IDEA հիմնադրամի կողմից գնվեց ժառանգներին մնացած մասը, և տունն ամբողջությամբ նվիրաբերվեց վիրահայոց թեմին որպես սեփականություն: Տան հյուրերի հատվածը այսուհետ կկրի ՀԳՄ նախկին նախագահ Լևոն Անանյանի անունը:
Հովհաննես Թումանյանի տան բացման հանդիսությանը, ի թիվս պետական, քաղաքական և հասարակական գործիչների` Վրաստանից, Հայաստանից և Ռուսաստանից, մասնակցել են ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, Հ. Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը, «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը:
«Հովհաննես Թումանյանի տան բացումով վերստին Թբիլիսիում բորբոքեցինք հայ մշակույթի օջախը, նաև ամուր շարունակության փոխկանչ հաղորդեցինք հայ և վրաց ժողովուրդների գրական ու բարեկամական կապերին: Թումանյանն այսօր էլ արարում է իր հզոր հոգով և բոլորիս մղում աստվածային սիրո բարձունքները: Թիֆլիսահայերի ուրախությունն ապացուցում էր, որ մենք այս սիրելի քաղաքում ունենք գրականության ու մշակույթի, նաև հայ ոգու մշտապես հաստատման պարտականություն»,- իր ելույթում նշեց Էդ. Միլիտոնյանը: Նա պատահական չհամարեց նախաձեռնությունն իրականացնողների շարքերում Հայաստանի գրողների միության նախկին նախագահ Լևոն Անանյանի անունը: «Պատահական չէ այն փաստը, որ հենց Գրողների միությունից պետք է սկսվեր այս ողջ գործընթացը, քանի որ Թումանյանի առաջին, այսպես ասած, դատապաշտպանը հենց գրողները պիտի լինեն»,- ասաց նա և հավելեց, որ բարերարների հոգածու վերաբերմունք այսօր օդի պես անհրաժեշտ է մեր մշակույթին, գրականությանը, մշակութային ազգային արժեքների պահպանմանը` կոչ անելով մերօրյա բարերարներին իրենց ուշադրության կիզակետում պահել նաև հայ գրողների գրական ժառանգության պահպանությունը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։