«Իմ բառարանում հոգնել բառը չկա»,- ասում էր Թորոս Թորանյանը:
Կյանքը Թորոսին կհոգնեցներ այն ժամանակ, եթե Թորոսն ի վիճակի չլիներ գործ անելու: Մինչդեռ ինքը մինչև կյանքի վերջին օրերն էլ գործ անող մարդ էր: Նա հարյուրավոր գրքեր է գրել՝ բանաստեղծությունների, արձակի, ճամփորդությունների, գրախոսականների, որոնք ասես անձրևի պես թափվում էին երկնքից: Ում հանդիպեր՝ գրող կամ չգրող, անգամ կիսագրող կամ մերձգրական երևույթ, նրա մասին հարկ էր համարում իր կարծիքը հայտնել և տպագրել այդ նյութերը: Այդ գործը անում էր նաև Հալեպում: Անդրադառնում էր հայաստանյան գրական երևույթներին, դրան գումարենք նաև Հալեպում տարբեր հանդիպումները, որոնցում մշտապես կենտրոնական դերակատար էր Թորոս Թորանյանը՝ Հայաստանին, Հայաստանի գրական կյանքին իր նվիրվածությամբ: Վիլյամ Սարոյանի այն խոսքը թե՝ «Ուր որ կերթաս, պոռա Հայաստան: Ամեն մարդ հայ է», երևի թե հենց Թորանյանի համար է: Այդ «պոռացողներից» երևի ուժգին ձայն ունեցողը հենց Թորոս Թորանյանն էր: Նա շրջագայել էր աշխարհով մեկ, և որտեղ մի հայ կար, ինքն այդ տեղերում եղել էր՝ Ավստրալիա, Բրազիլիա և այլն: Այդ մասին նա ճամփորդական նոթեր է գրել:
Թորոս Թորանյանը նպաստել է նաև մեր կինոարվեստին, նկարչությանը: Օրինակ, ինձ պատմել է, թե Փարիզում «Մատենադարան» ֆիլմի նկարահանումներին ինքը ինչպես է օգտակար եղել: Նպաստել է, որ ֆիլմում լինեն Գարզուի, Շառլ Ազնավուրի և մյուս նշանավոր մարդկանց զրույցը, խոսքը: Այսինքն՝ այդ մարդը որտեղ եղել է, փորձել է Հայաստանին, հայ մշակույթին, մեր գիտությանը օժանդակել:
Ցավալի մի բան պատմեմ: Նա Հալեպում շատ գեղեցիկ տուն էր կառուցել՝ վիլլա, ինձ հրավիրեց (2000-ականներին), գնացինք, և իմ առաջին միտքը սա էր՝ «Թորո՛ս ջան, այս վիլլան եթե վաճառես Հալեպում, չորս այսպիսի տուն կարող ես գնել Հայաստանի տարբեր վայրերում»: Ասաց՝ կմտածեմ: Բայց եղավ այն, ինչ եղավ: Հալեպը գնդակոծվեց: Թեպետ նրա տունը չէր վնասվել, բայց երբ Հայաստան եկավ ու բացեց ՀԳՄ-ում իմ աշխատասենյակի դուռը, ասաց. «Էդվա՛րդ, ինչո՞ւ չլսեցի քեզ»:
Հայի ճակատագիրը, ուր էլ գնաս, հետապնդում է քեզ: Նրա ծնողները Արևմտյան Հայաստանից մազապուրծ հասել էին Հալեպ: Թվում էր՝ կյանքը աշխարհում կարգավորվել է, նման ցեղասպանություններ, հալածանքներ այլևս չեն լինելու, բայց ահա 90 տարի հետո նույնը կրկնվում է արդեն Մերձավոր Արևելքում, տարբեր տեղերում: Այսինքն՝ այդ գազանը չի հանգստանում: Ինչպես Չարենցն էր բնութագրում թուրքական այդ էքսպանսիոն հոգեբանությունը՝ «հավիտնական հիվանդը» չի հանգստանում: Եվ ահա, փաստորեն, ճակատագրի հարվածները Թորոսին գտնում են Սիրիայում, նա առժամանակ ապրում է Լիբանանում, հետո տեղափոխվում Հայաստան: Հայաստան եկավ արդեն խորը ծերության տարիքում և անգամ այդ տարիքում մասնակցում էր բոլոր միջոցառումներին՝ իր խրոխտ ձայնով: Զարմանում էիր՝ ո՞նց է ժամանակ գտնում, ո՞նց է գալիս, ո՞նց է հետևում: Եվ ինչն էր ամենազարմանալին. քայլելով էր շրջում Երևանում: Երբ հարցնում էինք՝ ինչո՞ւ մեքենայով չէ, ասում էր՝ ուզում եմ ոտքով շրջել Երևանում:
Թորոսը շատ եռանդուն, զարմանալի կամեցող, զարմանալի զգացմունքային և նաև մտածող մարդ էր: Նրա 90-ամյակը նշեցինք Երևանում, Ուշիում, տարբեր տեղերում մեծարել են նրա գործը: Այնպիսի մարդ էր, որ նրան նայելիս մտածում էիր՝ հարյուրավոր տարիներ այդ էներգիայով կապրի: Բայց, ցավոք սրտի, մարդու կյանքը վերջավոր է: Բայց այն գործը, որ նա արել է Սփյուռքում, Հայաստանում որպես մեր և Սփյուռքի մշակութային կամուրջի դերակատար, ամեն ինչին արձագանքելու ջիղ ունեցող, այդ ջիղով սատարելու ստեղծագործողներին, սա մեծ եռանդի տեր մարդը միայն կարող է անել, բժի՛շկը կարող է անել: Չմոռանանք, որ նա ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը և առժամանակ աշխատել է որպես բժիշկ: Բայց հետո ամբողջովին տրվել է հոգևոր բժշկությանը՝ գրականությանը:
Փառավոր մարդ էր, լուսավոր մարդ էր, որևէ մեկից ոչինչ չպահանջող, ինքնամատույց մարդ էր: Պիտի բոլորս կարողանանք խորանալ այդ էության արմատների մեջ: Նա մաս-մաս, նշխարքի պես իր հոգին, իր գրիչը, իր սերը փոխանցում էր մեզ, և մենք պիտի կարողանանք գոնե նշխարի չափ այդ ամենը վերադարձնել ոչ թե իրեն, այլ՝ ուրիշներին:
Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ
***
ՄՆԱԼՈՒ Է «ՇԱՐՔԵՐՈՒՆ ՄԷՋ» ԻՐ ԲԱՐԻ ՀԻՇԱՏԱԿՈՎ
Թորոս Թորանյան հայի, գրողի, մտավորականի բացակայությամբ մի շատ ջերմ ու կարևոր գույն, անկասկած, պակասելու է մեր կյանքի կտավի վրա: Քանզի, իրոք, անսովոր էր նա՝ իր բնավորությամբ, ազգասիրությամբ ու հայրենասիրությամբ, մինչև վերջ պայքարելու, պատնեշի վրա լինելու վճռականությամբ… Եվ դա նկատում էին բոլորը՝ առանց բացառության: «Սփյուռքի դեսպանը Հայաստանի մեջ» (Հ. Սահյան), «Հազուագիւտ շրջուն պատգամաւորը մշակոյթի, հայասիրութեան եւ հայապանծացման» (Զ. Խրախունի), «Հարիւր հարիւրաւոր ընթերցողներու սրտերուն մէջ լոյսի, յոյսի, երազի եւ հաւատքի ատոք հունտեր սերմանող բժիշկ-սերմնացան մը» (Ս. Կիրակոսյան), «Կռունկ մը Հայոց Աշխարհի Երկնակամարին վրայ» (Ռ. Հատտէճեան), «Սփիւռքահայ գրական աշխարհի Խալխի Նոքարը»… Ահա մի փոքրիկ մասը այն բնորոշում-գնահատականների, որ տարբեր ժամանակներում տրվել են Թ. Թորանյանին մեր ազգի մեծերի, նաև իր մտերիմ գրչակիցների կողմից:
Երկար, դժվարին, բայց արժանապատիվ հայի ուղի է անցել Թորոս Թորանյանը: Իր խոստովանությամբ, անդադրում վազել է «կեանք կոչուող սա անվերջանալի ճամբուն վրայ», բայց երբեք չի հոգնել, չի տրտնջացել, չի ընկճվել դժվարություններից: Նրա համոզմունքն էր, թե «Ժողովուրդ մը չի մեռնիր: Ժողովուրդ մը անձնասպան կ’ըլլայ՝ երբ ոտքին տակ հայրենի հող չունի»: Իսկ ինչ վերաբերում է Սփյուռքին՝ «Հէրքիւլեսեան աշխատանք պէտք է տանիլ, որ հայը որպէս հայ շարունակէ ապրիլ»: Գր. Շահինյանը նրան նմանեցրել է մեր էպոսի Քեռի Թորոսին՝ «անոր պէս ամուր է եւ տոկուն», ավելացնելով, թե «կ’ուզէ նաեւ անոր պէս երկար ապրիլ: Իր ծրագիրն է 120 տարի գոյատեւել»: Ու, թերևս, իրականություն դառնար նրա այդ «ծրագիրը», եթե մեր կյանքի վերջին տարիների դրամատիկ ու ողբերգական իրողությունները ժամանակից շուտ չտապալեին իննսունամյա հսկա կաղնու բունը: Այնուամենայնիվ, իրողությունն այն է, որ Թորոս Թորանյան անհատականությունը մշտապես պահպանել է իր անխորտակելի լավատեսությունը ազգի և հայրենիքի ապագայի նկատմամբ՝ մի առիթով խոստովանելով, թե «Վաղուան յաղթարշաւը կազմակերպողներ կան, որոնց շարքերուն մէջ ըլլալ կ’ուզեմ»: Եվ լինելու է, անկասկած՝ իր կերպարով, իր անբասիր կենսագրությամբ, իր թողած գրական պատկառելի ժառանգությամբ, իր բարի հիշատակով…
Պետրոս ԴԵՄԻՐՃՅԱՆ
***
ԼՈՒՍԱՒՈՐ ԱՍՏՂ ՄԸ ԵՒՍ…
Կրկին ֆէյսպուքով… «Դիմատետր» թարգմանուած այս աշխարհակլան երեւոյթը խուժած է մեր կեանքէն ներս ու հակառակ վերջին շրջանի ցնցող լուրերուն, պատկերներուն ու մանաւանդ ամենագռեհիկ մեկնաբանութիւններուն, մեղուի բոյնը խառնողի նման մատով կը դպչիմ ու կը կենդանացնեմ «դէմքիս տետրակը»:
3 Յունիս 2021 թուականի առաւօտն է, նկարներն ու գիրերը կը սահին հեռախօսիս փայլուն պաստառին վրայ… կը ցնցուիմ մահագոյժ Թորոս Թորանեանի: Մահը որքան ալ բնական, պարտադիր, կեանքի աւարտի երեսը ներկայացնող իրականութիւն է, յաւիտենական բաժանման ահազանգը:
Ու կծիկի նման, որ դարակի վրայէն սահելով յանկարծ կ’իյնայ գետին, կը քակուի-կը քակուի: Դէպի մօտիկ անցեալ սահող յիշատակներ, վերյիշումներ կը կենդանանան.-
Թորոս Թորանեան՝ ոչ սովորական մարդ այլ գերմարդ, բեղուն գործունէութեամբ փայլատակող կեանքով, արժանաւոր մտաւորական, հարիւրաւոր գիրքեր հրատարակող գրող, որ իր գրքերու կողքին հետամուտ էր նաեւ այլոց գիրքերը տպելու, խանութէ խանութ, տունէ տուն բաժնելով, ծանօթին-անծանօթին, երբեմն մերժողական ու նոյնիսկ կծու խօսքեր կուլ տալով:
Հալէպի երանելի օրերուն ունէինք Սուրիահայ գրողներու համախմբում Սրբազան հօր հովանաւորութեամբ, Թորանեան համախմբումին աւագ անդամը՝ պարտաճանաչ ներկայութիւն էր ժողովներուն, հաւաքներուն նաեւ «Երթ» տարեգրքի բոլոր համարներուն գրութիւններ մատակարարողը:
Շրջան մը երբ Գանձասար շաբաթաթերթի գրական էջը կը պատրաստէի ան ըստ սովորութեան ու Թորանեանական աշխուժութեամբ միշտ ներկայ էր ու հետամուտ, որ իր գրութիւնը նոյն շաբաթն իսկ լոյս տեսնէ… յաջորդական քանի մը յօդուածէ ետք վերայսկող կազմէն բանաւոր նկատողութիւն ստացայ.
– Ջանըմ քիչ մըն ալ երիտասարդներուն առիթ թող տայ:
– Բայց Թորանեանը մեր բոլոր երիտասարդներէն աշխոյժ է, երանի օրինակ առնեն իրմէ.- եղաւ պատասխանս:
Հայրս երբ հիւանդ քամուած էր անկողնին ու կեանքէն ալ ոչինչ կ’ակնկալէր Թորանեանի երեւումը կեանքի կապող շող կը սփռէր, կը խօսէին հին օրերէն, երկուքն ալ երգիծական իրենց սլաքները չէին քօղարկեր: Մայրս «թամըրհնտիի օշարակ»ով եւ իրեն յատուկ հիւրասիրութեամբ կը ջերմացնէր մթնոլորտը:
Պատերազմի օրերուն երբ արդէն (բարեբախտաբար) հայրս չկար, մեր տունը սահմանագծի վրայ յայտնուած էր ու շատ քչեր կը համարձակէին մեզի այցելութեան գալ, Տոքթորը (այդպէս կ’անուանէինք զինք) օր մը կարկանդակի երկու տոպրակ շալկած մեր տան զանգը հնչեցուց:
– Այս մէկը ինծի, միւսը ձեզի.- երկարեց տոպրակը հօրեղբօր հոգատարութեամբ, ու մեր տատամսումը նկատելով.- հիմա «թամըրհնտիի օշարակ» մը կրնամ խմել.- ըսաւ, այնքան փափկանկատ էր:
Կը հաւատամ հօրս, մօրս ու տոքթորին հոգիները հոն՝ երկնքի վրայ տեղ մը կը հանդիպին, թերեւս մայրս իր ջերմեռանդ հիւրասիրութիւնը շարունակելով հոն եւս տոքթորին սիրած օշարակը պատրաստէ…
Հոգիդ լուսաւոր մնայ քու լուսաւոր անձիդ նման, հայրենիքը կը պաշտէիր արժանի եղար այս սուրբ հողին վրայ հող դառնալու սիրելի Տոքթոր:
Լուսաւոր աստղ մը եւս ինկաւ երկինքէն, հասաւ երկիր, երկնաքարի հետք ու խորուկ արահետ գծեց… փշրուեցաւ:
Պերճուհի ԱՒԵՏԵԱՆ