Կյանքից հեռացել է վաստակաշատ թարգմանչուհի, Հայաստանի գրողների միության անդամ ՍՈՖԻ ԱՎԱԳՅԱՆԸ։ Նրա ողջ կյանքը անմնացորդ նվիրում էր գրականությանը, հատկապես՝ թարգմանական արվեստին, որի շնորհիվ ընթերցողի սեղանին են դրվել Չինգիզ Այթմատովի «Եվ դարից երկար ձգվում է օրը», Անրի Թուայայի «Սգավոր ձյունը», «Էգլեթիերների ընտանիքը», Գի դը Մոպասանի «Ձիթենու այգին», Անրի Վերնոյի «Մայրիկը» և այլ ստեղծագործություններ։ Նշանակալի է եղել Սոֆի Ավագյանի և «Սարգիս Խաչենց» հրատարակչության երկարատև համագործակցությունը, որի արդյունքում լույս են տեսել Պոլ Գոգենի «Նոա նոա. Առաջ և հետո. Հոդվածներ և նամակներ», Անրի Մատիսի «Հոդվածներ, նամակներ, զրույցներ», Պրոսպեր Մերիմեի «Կառլոս IX-ի ժամանակագրությունը», Էլ Ֆորի «Արվեստի պատմություն, վերածնվող արվեստ», Վասիլի Կանդինսկիի «Կետը և գիծը» ստեղծագործությունները։
Պայծառ, բարձրաճաշակ մարդու, սիրելի Սոֆի Ավագյանի հիշատակը վառ կմնա նրա գրչընկերների և ընթերցողների սրտերում։
ՀԳՄ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
ՈՐՔԱ՞Ն Է ՁԳՎՈՒՄ ՀԵՏՄԱՀՈՒ ԿՅԱՆՔԸ
«Գրական թերթում» էինք աշխատում։ Ասել, որ սոսկ աշխատանքային ընկերներ էինք, նշանակում է ոչինչ չասել։ Խմբագրության հարկաբաժինը բնակարանի էր նման՝ միասին էինք մեր հանձնարարությունները կատարում, միասին էինք նախաճաշում, օրն ավարտում։ Ու մտածում էինք՝ էլ ի՞նչ անենք, որ տուն չգնանք։ Խմբագրատանը ամենամոտը Սոֆին՝ հին, հավանաբար պարսկական ժամանակներից մնացած խոնավ խրճիթում էր ապրում, ծնողները ծեր էին, երևի այդ պատճառով վառարանը միշտ վառ էր լինում։ Կարտոֆիլը կտրատում, շերտերը շարում էինք վրան ու մինչ կարմրում էին, խմում էինք իր հայրենի Օշականից բերված պճպճան գինին։ Մութն ընկնում էր, գինին վերջանում, բայց էլի բաժանվել չէինք ուզում։ Սոֆիենց ամենամոտը մեր գլխավոր խմբագիրը՝ Հրաչյա Հովհաննիսյանն էր ապրում։ Կանգնում էինք պատշգամբի տակ, երգում իր սիրած ժողովրդական երգերը։ Դուրս էր գալիս պատշգամբ, մեզ վեր էր հրավիրում։ Ամաչում, չէինք բարձրանում։
Իսկ մեր լրագրական, խմբագրական պարտականություննե՞րն ինչպես էինք կատարում։ Պետք է կարծել՝ առնվազն բարեխղճորեն, որովհետև այդ տարիներին թերթի տպաքանակը աներևակայելիորեն բարձրացավ, մի քանի տասնյակ հազարի հասավ։ Ու դեռ հասցնում էինք տանը մեր գրքերը գրել, թարգմանություններով զբաղվել։ Միայն չէինք իմանում, թե Սոֆին տանն ինչ է անում։ Ժամանակ առ ժամանակ գրախանութներում էինք տեսնում Պրոսպեր Մերիմեի, Գի դը Մոպասանի, Անրի Թրուայայի, Անրի Վերնոյի գրքերի թարգմանությունները։ Սոֆին նույնպիսի վարպետությամբ թարգմանում էր թե՛ ֆրանսերենից և թե՛ ռուսերենից։ Դրա վկայությունը Չինգիզ Այթմատովի երեք նշանավոր վեպերի, հատկապես հանրահռչակ «Եվ դարից երկար ձգվում է օրը» վեպի թարգմանությունն է։ Սոֆի Ավագյանի թարգմանած վեպերը լույս էին տեսնում մեծ տպաքանակով, շատ արագ տարածվում, դրվատանքի էին արժանանում, բայց զգացվում էր, որ նրա նախասիրությունը, համենայնդեպս, գեղագիտությունն է։ Կյանքի վերջում նա տարվեց արվեստագիտական գրականությամբ ու մեկը մյուսի ետևից հայ ընթերցողի սեղանին դրեց Պոլ Գոգենի, Անրի Մատիսի, էլի Ֆորի գրքերի թարգմանություններն ու իր ստեղծագործական գործունեությունը պսակեց Վասիլի Կանդինսկու՝ «Կետը և գիծը հարթության վրա» հիմնարար երկի թարգմանությամբ։
Սոֆի Ավագյանը ստեղծագործեց անաղմուկ, նույնիսկ աննկատ, ասես չէր ուզում զգացնել տալ իր գոյությունը։ Այնուամենայնիվ, կարծում եմ` ինքնագոհ հեռացավ այս կյանքից, որովհետև աշխարհին ոչինչ պարտք չմնաց։
Իսկ աշխա՞րհը…
Գրիգոր ՋԱՆԻԿՅԱՆ
***
ԱՊՐԵՑ ԱՆԽՈՆՋ ՆՎԻՐՅԱԼԻ ԿՅԱՆՔՈՎ
Այս տարվա դեկտեմբերին Սոֆի Ավագյանը կդառնար 95 տարեկան: Գաղտնիք չէ, որ շատ քչերին է հաջողվում հաղթահարել կյանքի նման երկար ճանապարհ: Իհարկե, խնդիրը միայն տարիների քանակը չէ, այլև այն, թե ինչպե՞ս ես ապրել այդ ժամանակը, ի՞նչն է, որ մղում է տվել պայքարելու կենսական անխուսափելի դժվարությունների, բազում խոչընդոտների, վտանգների դեմ և, այդ ամենով հանդերձ, չդավաճանելու ինքդ քեզ, քո ներաշխարհին, նպատակներին ու… երազանքներին: Վստահ եմ՝ Սոֆի Ավագյանի դեպքում դա ստեղծագործելու բուռն կարոտն ու ձիրքն էր, որ ներքին այրման շարժիչի պես, անդավաճան մղում էր տալիս նրան ապրելու, տքնելու, սիրելու և նվիրվելու սիրած գործին՝ գեղարվեստական թարգմանությանը: Ընդ որում` առանց ցուցադրականության, աչքի ընկնելու հավակնությունների, պարզապես անելով այն, ինչ պահանջում էին ժամանակը, ընթերցողը, գրական միջավայրը, իր նախասիրությունները: Ահա թե ինչու, այսօր կարող ենք հաստատապես խոսել այն զգալի ավանդի մասին, որ իր սերնդակից ուրիշ նվիրյալ գործընկերների (Դորա Եսայան, Նատալյա Գոնչար, Անահիտ Բայանդուր, Ռաֆայել Ավագյան…) հետ միասին, ներդրել է Սոֆի Ավագյանը հայ գրական – թարգմանական արվեստի ասպարեզում: Օգտագործելով օտար լեզուների (ֆրանսերեն, ռուսերեն) փայլուն իմացությունն ու մեսրոպյան հայերենի բոլոր հնարավորությունները, նրբությունները՝ նա թարգմանել և արդի ընթերցողների դատին է հանձնել համաշխարհային գրականության և արվեստի հսկաների մեկ տասնյակից ավելի այնպիսի գլուխգործոցներ, ինչպես Անտուան դը Սենտ-Էկզյուպերիի «Մարդկանց երկիրը», «Փոքրիկ իշխանը» (1961) վիպակները, Գի դը Մոպասանի «Ձիթենու այգին» նովելների ժողովածուն (1985), Ալեն Ֆուրնիեի «Երկար Մոլնը» (2013) վեպերը: Առանձնահատուկ սիրով է հայացրել մեր հայրենակից օտարագիր գրողների՝ Անրի Թրուայայի «Սգավոր ձյունը» (1973) վիպակն ու «Էգլեթիերների ընտանիքը» (1980) վեպը, Անրի Վերնոյի «Մայրիկ» (1989) վեպը: Սոֆի Ավագյանը ուշադիր հետևում էր նաև խորհրդային բազմազգ գրականության մեջ տեղի ունեցող զարգացումներին. հիշատակելի է, օրինակ, Չինգիզ Այթմատովի՝ անցյալ դարի 80-ականներին ընթերցողների և գրականության մասնագետների շրջանում մեծ տարածում գտած «Եվ դարից երկար ձգվում է օրը» վեպի թարգմանությունը (1983): Նրա հետաքրքրությունների շրջանակում էին արվեստի աշխարհի երևույթները ևս, ինչի վկայությունն են հանրահայտ գեղանկարիչներ Անրի Մատիսի ու Պոլ Գոգենի հոդվածների ու նամակների թարգմանությունները (1999 և 1994):
Սոֆի Ավագյանի գրական ողջ կենսագրությունը կապված է եղել Հայաստանի գրողների միության հետ, որի անդամն էր 1976 թվականից: 70-ական թվականների սկզբներին աշխատել է «Գրական թերթի» և «Սովետական գրականություն» ամսագրի խմբագրություններում, 1975-ից վարել ՀԳՄ գրական կապերի բաժինը: Այսօր ես (և կարծում եմ նաև հիշյալ շրջանում «Գրական թերթի» իմ գործընկերները), առանձնահատուկ ջերմությամբ եմ հիշում մարդկային ու ստեղծագործական այն հրաշալի մթնոլորտը, որ կար թերթի խմբագրությունում, որին տոն տվողներն էին, սկսած խմբագիր Սաղաթել Հարությունյանից, Ֆելիքս Մելոյանը, Հենրիկ Թումանյանը, Աղասի Այվազյանը, Գրիգոր Ջանիկյանը, Ռայա Խասապետյանը… Եվ այդ շարքում իր ուրույն տեղն ու հմայքն ուներ Սոֆի Ավագյանը: Դա, հիրավի, մի կուռ ու համերաշխ ընտանիք էր, որն աչքի էր ընկնում տարբեր սերունդների փոխըմբռնմամբ, նվիրական գործի՝ գրականության հանրահռչակման, հանդեպ մեծ պատասխանատվությամբ:
Սոֆի Ավագյանի՝ ազնվագույն մարդու և գրական-մշակութային գործչի հիշատակը միշտ վառ կմնա ընթերցողների և գրչընկերների սրտերում:
Պետրոս ԴԵՄԻՐՃՅԱՆ
***
ՄԵՐ ԱՆՆՄԱՆ ՍՈՖԻ ԱՎԱԳՅԱՆԸ…
80-ականների վերջն էր. ցուրտ ու մութ տարիներ, ծանր փորձությունների շրջան, երկրաշարժ, վերահաս պատերազմ, բայց և ազգային ոգու զարթոնք, վերելք, բռնկված լույս…
Հետևելով Չարենցի երբեմնի նախաձեռնությանը, գիտակցելով, որ մեր ազգի փրկությունը մշակույթն է, ավագ բարեկամիս, արվեստաբան Վիլհելմ Մաթևոսյանի հետ որոշեցինք արվեստի գրքեր հրատարակել՝ տակավին Ազգային պատկերասրահի հովանու ներքո, քանի որ աշխատում էի այդտեղ որպես գիտ. քարտուղար, իսկ «Սարգիս Խաչենց» հրատարակչության ստեղծումը դեռ առջևում էր: Ընտրեցինք առաջին գիրքը՝ ֆրանսիացի մեծ նկարիչ Պոլ Գոգենի գրական ժառանգությունը: Բայց հարց. ո՞վ պիտի թարգմանի: Առանց որևէ տարակուսանքի Վիլհելմը տվեց իր վաղեմի բարեկամի՝ Սոֆի Ավագյանի անունը: Պատմեց՝ ով է Սոֆի Ավագյանը (չգիտեի՜), ինչ ձիրքի և վաստակի տեր է, ասաց՝ «Խնդրիր իմ անունից, չի մերժի, ասա՝ այդ գործը միայն իրեն կարելի է վստահել»:
Քիչ է ասել, որ Սոֆին գրկաբաց ընդունեց տողերիս հեղինակին, բայց նաև հասկանում եմ՝ ով էլ թակեր իր դուռը նման առաքելությամբ և Վիլհելմի անունից, նույն ընդունելության պիտի արժանանար: Փա՜ռք Աստծո, այդ բախտը ինձ բաժին հասավ: Սկսվեց տասնամյակներ տևած մեր բարեկամությունն ու համագործակցությունը՝ հայ խոսքի փայլուն վարպետի, հմուտ թարգմանչի և իր երթը սկսած հրատարակչության: Իրեն ենք պարտական մի շարք հրաշալի հրատարակությունների համար՝ Պոլ Գոգեն, «Նոա-Նոա, Առաջ և հետո, Հոդվածներ, Նամակներ», Անրի Մատիս, «Հոդվածներ, Նամակներ, Զրույցներ», Էլի Ֆոր, «Արվեստի պատմություն, հ. III. Վերածնվող արվեստ», Պրոսպեր Մերիմե, «Կարլոս IX-ի թագավորության ժամանակագրությունը», Վասիլի Կանդինսկի, «Նկարչի տեքստը. Աստիճաններ». երկեր, որոնք Սոֆի Ավագյանի բարձրարվեստ թարգմանության շնորհիվ, անկասկած, հարստացրին հայ գրավոր մշակույթը, գեղագիտական միտքը, ընդլայնեցին մեր ընթերցող հանրության մտավոր հորիզոնը: Այլ ծրագրեր էլ ունեինք, որոնք, ցավոք, չիրականացան. առողջական որոշ խնդիրներ թույլ չտվեցին իրագործել մեր երազանքները: Սակայն արվածն էլ անգերագնահատելի, անուրանալի ավանդ է մեր հրատարակչական ծրագրի մեջ:
Սոֆին հրատարակչությանս առաջին իսկ քայլերից ամեն կերպ օգնել է, ուղղորդել է մեզ իր խորհուրդներով, փորձով, գիտելիքներով, իր շիտակ քննադատությամբ և դրվատանքով,- անսպառ բարյացակամություն, համակրանք, ջերմություն, հավատ:
Անշուշտ, մեր համագործակցությամբ չի սահմանափակվում իր թարգմանչական և խմբագրական անխոնջ ծառայությունը հայ գիր ու գրականությանը, դա մի առանձին, մեծ թեմա է: Մեկ խոսքով եթե ասելու լինեմ՝ Սոֆի Ավագյանը հազվագյուտ ՆՎԻՐՅԱԼ էր:
…Իննսունչորս տարի ապրեց մեր Սոֆին, գրեթե մի ամբողջ դար: Չգիտեմ՝ նման արթուն հոգու, անձնավորության համար դա շա՞տ է, քի՞չ է, գիտեմ միայն, որ եթե հրաշքով ևս մի տասը և ավելի տարի ապրելու լիներ, միևնույնն է, էլի ցավ էինք զգալու, քանզի այդ կարգի մարդկանց հեռանալը միշտ մեծ կորուստ է: Եզակի անհատականություն էր Սոֆի Ավագյանը, բացառիկ պրոֆեսիոնալ, թանկագին, անչափ սիրելի մարդ…
Սերգեյ ԽԱՉԻԿՕՂԼՅԱՆ
Հրատարակիչ
