Կյանքից հեռացավ վաստակաշատ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի գրողների և թատերական գործիչների միությունների անդամ Մելս Սանթոյանը:
Հարուստ և մասնագիտական ձեռքբերումներով լի կենսագրություն ունի Մ. Սանթոյանը:
Ծնվել է 1938 թ. մարտի 22-ին, Կիրովականում: Ավարտել է քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցը: 1962-ին գերազանցությամբ ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի (այժմ՝ համալսարան) պատմալեզվագրական ֆակուլտետը: 1969-ից նա դասախոսել է Կիրովականի պետական մանկավարժական ինստիտուտում (այժմ՝ Վանաձորի պետական համալսարան): 1969-1970 թթ. Մ. Սանթոյանը եղել է բուհի մանկավարժության ֆակուլտետի դեկան, 1970-1974 թթ.՝ բանասիրական ֆակուլտետի դեկան, 1974-1978 թթ.՝ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր: 1988-ից մինչև 2013-ը՝ քառորդ դար, Մ. Սանթոյանը եղել է բուհի գրականության ամբիոնի վարիչը: Միայն կյանքի վերջին մեկ տարում հիվանդության պատճառով նա չի աշխատել:
1972 թ. «Չարենցի գեղագիտական հայացքները» թեմայով Մ. Սանթոյանը պաշտպանել է թեկնածուական թեզ՝ ստանալով բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, 1976-ին ստացել է դոցենտի, 1998-ին՝ պրոֆեսորի կոչում: 2003-ին պաշտպանելով «Էպիկական կերպարի չափումները» թեմայով դոկտորական թեզը՝ ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:
Գիտական բազմաթիվ ուսումնասիրությունների հեղինակ է Մ. Սանթոյանը, «Լոռվա ասպետ» է, Ֆ. Նանսենի անվան մեդալակիր: Պարգևատրվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե մեդալով: 2008 թ.-ին արժանացել է Հայաստանի գրողների միության Նիկոլ Աղբալյանի անվան ամենամյա մրցանակին՝ գրականագիտության ասպարեզում:
Մ. Սանթոյանը հեղինակ է «Ու կպարեն միշտ» (1978 թ.), «Էպիկական կերպարի ստեղծման չափումները» (1994 թ. և 2006 թ.), «Չարենցը և գրական սխեմատիզմը» (1998 թ.), Հրաչյա Սարուխանի պոեզիային նվիրված՝ «Տաղի մոգերից մեկը» (2000 թ.), «Հ. Թումանյանի պոետիկայի հարցեր» (2002 թ.), «Սերնդի հոգևոր հացը» (2003 թ.), «Գրականագիտական բառարան» (2006 թ. և 2009 թ.), «Գրական առեղծվածներ» (2006 թ.), «Պոեզիայի ուղեծրում» (2008 թ.) գրքերը:
Հանդիսավորությամբ նշվել են գրականագետի բոլոր հոբելյանները: Վանաձորի պետական համալսարանում 2013-ին առանձնակի շուքով նշվեց Մ. Սանթոյանի ծննդյան 75-ամյա հոբելյանը, որի ժամանակ նա խոստացավ ընթերցողի սեղանին դնել իր նոր՝ «Պոեզիայի պոետիկան» գիրքը, որը, սակայն, առողջական խնդիրների պատճառով չհասցրեց իրականություն դարձնել: Նույնիսկ այդ վիճակում նա ակտիվորեն զբաղվում էր գրականագիտությամբ: «Գրական թերթում» հոդվածներ տպագրեց Գրիգորի Վերմիշևի «Ամիրսպասալար» վեպի և Անահիտ Պարսամյանի «Օշինդրի բույրը կամ Սուրբ Վահան Գողթնեցի», «Շուշան Վարդենի» և «Աշոտ Երկաթի խաչը» վիպակների մասին:
Մ. Սանթոյան գրականագետի և մանկավարժի անունը երկար ժամանակ կմնա հայ գրականության պատմության մեջ, կհարատևի գործընկերների, հազարավոր սաների հիշողություններում:
Հայաստանի գրողների միություն
ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունք
Վանաձորի պետական համալսարան
ԼՈՌՎԱ ԱՍՊԵՏՆ ԷԼ ԲՌՆԵՑ ՀԱՎԵՐԺԻ ՃԱՄՓԱՆ
Մեծ ցավ է, քանզի այս աշխարհում ինձ համար թանկ մարդկանցից մեկն էր Մելս Սանթոյանը` Լոռվա մտքի ասպետը, որ իսկական մտավորական էր` ազգային արժեքների կրող: Տիպար տղամարդ էր` գեղեցիկը տեսնող և վայելող, իր խոսքի տերն ու տղամարդու իր խոսքի արժեքն իմացող: Նրա ղեկավարությամբ աշխատելը պատիվ էր, նրա հետ սեղան նստելը` պատվաբեր. աղուհացի մարդ էր` դրա հարգն իմացող: Զգացմունքի մարդ էր` բանականության պատվով ճոխացած: Երբեք չճկվեց ոչ ոքի առջև, հաստաբուն կաղնու պես աներեր էր: Համարձակ էր ու բացախոս, քաղաքացիական կեցվածք ուներ և ըմբոստ ոգի: Նուրբ ու քնարական հոգի էր` վայրկենապես հուզվող թաց աչքերով, որ մնացել էր իր որբ մանկության վերհուշից: Մելս Սանթոյանն առասպելական մարդ էր` խորհրդավոր ու խորհրդատու: Սանթոյան առասպելն իր նման հանդարտ կճեմի մեր հուշերի մեջ, կձուլվի մեր կենցաղին` իր ապրածով, իր լուսավոր հայացքով, տաքսիրտ բնավորությամբ, մեծ Մարդու իր կերպարով:
Վանո ԵՂԻԱԶԱՐՅԱՆ