Հայոց գրական ընտանիքը և ընթերցող հանրությունը ծանր կորուստ կրեցին. 86-րդ տարում, երկարատև հիվանդությունից հետո, կյանքից հեռացավ բանաստեղծ, թարգմանիչ և հրապարակախոս, 1960 թվից գրահրատարակչական համակարգում աշխատող, բազմաթիվ գեղարվեստական գրքերի և հայ դպրոցի դասագրքերի ու քրեստոմատիաների խմբագիր, 1975-ից ՀԳՄ անդամ Համլետ Թորգոմի Կարճիկյանը:
20-րդ դարի երկրորդ կեսի վերջին 40 տարիների ու մեր դարասկզբի գրական-մշակութային կյանքի ամենից եռանդուն մասնակիցներից ու գործիչներից էր նա: 1959 թ. ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետը, 1975-1977թթ. Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտի բարձրագույն դասընթացներն ավարտած, գրական բարձրագույն գրագիտությամբ բացառիկ մասնագետ էր նա, հայ գրողի և քաղաքացու մի ուրույն տեսակ, որը խորապես մտահոգված էր մեր հայրենիքի ու ժողովրդի ճակատագրով:
Հ. Կարճիկյանը ուրույն պատկերացում ուներ հայրենիքի մասին.
Սե՛ր իմ, նման ես մի բուռ,
սրտաչափ իմ Հայաստանին.
Քո մեծությունը չափվում է ոչ թե
տափարակությամբ,
Այլ գագաթներիդ բազմապատկելով
քո խոլ ձորերի խորությունը խոր….
Պարույր Սևակի հետ նրա ծննդավայր՝ ներկայիս Զանգակատուն մեքենայով մեկնելիս տեղատարափ անձրևն արթնացրել էր արտասովոր զգացողություններ, որոնք խտացել էին մի բանաստեղծության մեջ: Գրեթե ամեն հանդիպման մեծ բանաստեղծը պահանջելով պարտադրում էր.
– Համլե՛տ, նորից կարդա բանաստեղծությունդ՝ «Սեգ լեռների վրա սև անձրև էր մաղում»: Նա էլ ամաչելով կարդում էր.
Մեքենայում նստած, ինչպես ակվարիումում,
Մենք Շառլ էինք լսում ձայնով արյան…
Օ՜, քիչ առաջ, գիտե՞ք, մենք Արաքսը տեսանք,
Որ ծավալվում էր լուռ գարնանագոլ դաշտում,
Ինչպես կինը՝ սիրած գիշերն հարսանիքի,
Որ տաք ափ է տենչում ու դառնում է տաք ափ:
Ու մենք՝ փեսացուի իրավունքով թեև
Ու ձեռքերով անկապ՝
Չէինք կարող տրվել
Մեզ տրվելու պատրաստ մեր սիրածին:
Հետո սեգ լեռներին սև անձրև էր մաղում,
Ու մենք գժվում էինք ակվարիումում:
Ինքնահաստատումը դրսևորվեց իրարահաջորդ ժողովածուներում, որոնց էջերում բոցկլտում են սիրո, հայրենիքի և ավանդական մյուս թեմաներով ինքնատիպ բանաստեղծությունները, որոնցից մի քանիսը մեղեդիավորվելով երգ են դարձել: Դրանցով նա նվաճեց գրական միջավայրի վստահությունը և հեղինակություն՝ ընթերցող հանրության մեջ: Դարձավ Հայաստանի երկու ստեղծագործական միությունների՝ Գրողների և Ժուռնալիստների միության անդամ:
Վաստակը գնալով դառնում էր ծանրակշիռ, գնահատվում՝ աստիճանաբար: 1989 թ. «Սիրտ բանական» գիրքն արժանացավ ՀԳՄ «Ավետիք Իսահակյան» գրական մրցանակի, 2006 թ. պարգևատրվեց ՀԳՄ «Գրական վաստակի համար» ոսկե մեդալով ու ՀՀ վարչապետի ոսկե հուշամեդալով, 2011 թ.՝ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով:
Երկար տարիներ խմբագիր էր «Լույս» հրատարակչությունում: Գնահատելի աշխատանք է կատարել՝ ռուսերենից արձակ կամ չափածո թարգմանելով սերբ, լեհ ու բուլղար հեղինակներին (Բոգդան Գեմբարսկի, Պեյո Յավորով, Դեսանկա Մաքսիմովիչ և ուրիշներ), հրատարակել է հատկապես հայ իրականությանն առնչվող գեղարվեստական ու հրապարակախոսական երկեր: Լավագույնը, անշուշտ, Հայոց ցեղասպանության, մեր հայրենիքի ահռելի կորուստների և արդար հատուցման մասին լեհ արևելագետ, գրող ու հրապարակախոս Բոգդան Գեմբարսկու «Նամակներ աշխարհին» գրքի՝ իր ծանոթագրություններով հրատարակությունն էր, որ Հ. Կարճիկյանն իրականացրեց 1990 թ.:
1987-1991 թթ. «Խորհրդային գրող» (հետագայում՝ «Նաիրի») հրատարակչության գեղարվեստական գրականության բաժնի վարիչն էր, 1991-1994 թթ.՝ «Լույս» հրատարակչության գլխավոր խմբագիրը, 1997-2002 թթ. ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության, գրահրատարակչության և պոլիգրաֆիայի վարչությունում կատարել է տարբեր պաշտոններ, իսկ մինչև հիվանդությունը Գրողների միությունում խորհրդատու էր: Մի ցանկություն վերջերում արտահայտվում էր թե՛ գրավոր, թե՛ բանավոր.
Եվ ինձ կթաղեն ծնողներիս մոտ,
…Օղորմի՜ նրանց՝ կարոտել են շատ,-
Օրը կլինի ջինջ ու արևոտ,
Եվ կապրի՜ հոգիս Աստծու հետ հաշտ:
Հեռանալով մեզնից՝ լույսի բաժին դարձավ ու գնաց միանալու իրեն կարոտած լուսահոգի ծնողներին:
Հարգանք և օրհնություն հոգով Աստծու հետ հաշտ ապրող պայծառ մտավորականի բարի հիշատակին:
Սամվել ՄՈՒՐԱԴՅԱՆ