ՀՐԱՉՅԱ ԲԵՅԼԵՐՅԱՆ
Կյանքի 61-րդ տարում կյանքից հեռացավ ժամանակակից հայ գրականության ինքնատիպ դեմքերից մեկը՝ բանաստեղծ, թարգմանիչ, Հայաստանի գրողների միության անդամ Հրաչյա Բեյլերյանը:
Հրաչյա Բեյլերյանը ծնվել է 1952 թվականի մարտի 27-ին ՀՀ Լոռու մարզի Կիրովական քաղաքում (այժմ՝ Վանաձոր): Ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը: Աշխատել է ԼՂՀ Լաչինի շրջանի Գողթանիկ գյուղում՝ որպես դպրոցի տնօրեն, «Հայֆիլմ» կինոստուդիայում՝ որպես գլխավոր խմբագիր, աշխատակցել է «Դար», «Արտասահմանյան գրականություն» հանդեսներին: Հրաչյա Բեյլերյանի տարբեր տարիների հրատարակած «Հարթավայրի սիրտը» (1982), «Մհերի դուռ» (1986), «Վերջալույսը թռչուն» (2004) բանաստեղծական ժողովածուները սիրվել ու գնահատվել են ընթերցողների և մասնագետների կողմից:
Հրաչյա Բեյլերյանի գրական ձիրքը լավագույնս դրսևորվել է նաև թարգմանական աշխատանքում: Նա բարձր վարպետությամբ հայերենի է վերածել դասական ու ժամանակակից շատ նշանավոր գրողների՝ Պուշկինի, Մանդելշտամի, Պլատոնովի, Վոլոշինի, Ցվետաևայի, Ախմադուլինայի, Ռիլկեի և ուրիշների ստեղծագործությունները:
Համաշխարհային պոեզիայից կատարած տաղանդավոր թարգմանությունների համար Հրաչյա Բեյլերյանը արժանացել է Հայ Առաքելական եկեղեցու և Հայաստանի գրողների միության «Կանթեղ» մրցանակին, միջազգային մրցանակների ու պարգևների:
Ինքնատիպ բանաստեղծի, թարգմանչի, գրական-մշակութային ազնիվ ու նվիրյալ գործչի, հոգատար ու սրտացավ ընկերոջ՝ Հրաչյա Բեյլերյանի հիշատակը մշտապես վառ կմնա նրա մտերիմների ու նրան ճանաչողների սրտերում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ
ՓԱ՜ՌՔ ԱՆՋՆՋԵԼԻ
ԶԱՐԴԱՆԱԽՇԵՐԻԴ
Երջանկահուշ Մոսկվայում չէի, ոչ էլ` Միացյալ Նահանգների կամ Եվրամիության օտարոտի հեռուներում, և, այսուամենայնիվ, չկարողացա վերջին հրաժեշտս տալ…
Ներողամի՛տ ընկեր, ձյունոտ ու սառցակալած Վանաձորում էի, հայրական իմ հնամենի տանը, և որքան էլ իրական ու ծանրակշիռ երևան հապաղանքիս պատճառները ¥անանցանելի ավտոճանապարհներ, մարմնական ու կենցաղային ստույգ տկարություն¤, միևնույն է` քո շնորհաշատ Մհեր որդու ներողամտությունն եմ հայցում ափսոսանքով ու խորին կսկիծով…
Կարկամած ու մոլոր` շուրջ քառասնամյա երանելի ընկերության Աղ ու Հացի հանդիման, բոհեմական մեր գինոտ օրերի անցուդարձերից հիշեցի նաև, վերհիշեցի վերջին երկու-երեք տարիների մերթընդմերթ հանդիպումները` մեզ գրեթե չհանդուրժող մեր վաղեմի օրրան Երևանում, մեր գրչակից ընկերների հուղարկավորության առիթներով…
Ու թեև անարև դեկտեմբեր է, քեզ նվիրաբերած «Սեպտեմբերյան տաղ» բանաստեղծությանս սևեռվեցի ոչ ակամա, որպեսզի 25 տարի անց, քո հավանական թույլտվությամբ, համբերատար անտեղյակների համար հիշատակեմ այն.
Կա՛նգ առ, Արեգակ, չչքվես հանկարծ.
Ահ կա սրտումս, թե չենք տեսնվի…
Մայրուղիդ` երկար, արահետս` կարճ,
Եվ սեպտեմբերն է 88 թվի:
Երեք խնձորի խորհրդով վերին
Մի եռակենաց ասելիք ունեմ,
Որ անցավորաց և ապրողներին,
Եվ, անտարակույս, քե՛զ պիտի ձոնեմ:
– Անցավորներին` հիշատակի դո՛ւռ,
Լուսաճեմության անսպառ եռա՛նդ…
Շա՜տ էինք ուզում ապրել անմրմուռ,
Բայց ամեն լավի մահվան հետ մեռանք:
– Շնչող ապրողաց` հույժ համբերությո՛ւն,
Զի մենակվում են Աստծո ամեն օր,
Իրարահաղորդ բարեհարդար հո՛ւն
Եվ հարեհասի հավելաշնո՛րհ…
-Քե՜զ են կտակում հար և առհավետ
Ակնահուրն իրենց` դեմքերը մարող…
Բոլորատևի՛ր ապրողների հետ,
Օ՜ ակնահրից դեմքեր արարող:
Ու եղբայրաբար մտորեցի, թե այբբենագիր ինչեր կտակեցիր հետնորդներիդ, սիրելի՛ Գրչեղբայր, ինքնատիպության հաստատուն կնիքով վավերացված քո հրաշալի պոեզիայից բացի. ի թիվս բազմաթիվ գործոց` բանիմացորեն խրախուսող գրախոսականներ, քերթողական ու թարգմանական արվեստին նվիրված հոդվածներ` դիտարկումների ու դատողությունների բարեխիղճ հետևողականությամբ, և Հայոց գրավոր մշակույթին առանձնակի կարևորություն ավանդող քանքարաբույր սքանչելի թարգմանություններ…
Օրինակելի՛ Հայկորդի, տաղանդավոր բանաստեղծ ու թարգմանիչ Հրաչյա Բեյլերյա՛ն, քո բնագրապաշտ շնչի շնորհիվ մեր Մայրենիով շնչավորվեցին Անդրեյ Բելին ու Մաքսիմիլիան Վոլոշինը, Մարինա Ցվետաևան ու Օսիպ Մանդելշտամը… Հատկապես` աներևակայելի սրտուղեղով քեզ հոգեհարազատ Մանդելշտամը, ում ներքոհիշյալ տողերը քո մարմնին ու հոգուն են առնչվել նաև. մարմնիդ, որ ցավալիորեն քոնը չէ արդեն, և հոգուդ, որ այսուհետ ոչ միայն քոնն է, այլև` անբասիր Անձդ ճանաչած բոլո՜ր-բոլորինը…
Ինձ մարմին է շնորհված – նրա հետ ի՞նչ անեմ ես,
Մարմին, որ իմն է այնքան, ամբողջական է այնպես:
Երջանկության համար այս` շնչելու և լինելու,
Ասեք խնդրեմ, ո՞ւմ եմ ես շնորհակալ լինելու:
Ես, որ ծաղիկ եմ այգում, ուր այգեպան եմ նաև,
Մութ զնդանում աշխարհի միայնակ չեմ արդարև:
Նրա վրա շերտ առ շերտ զարդանախշեր են բանվում,
Նախշեր, որ ոչ մի լեզվով, ոչ մի կերպ չեն անվանվում:
Վայրկյանները թող հոսեն որպես մրուր, որպես մուժ,-
Զարդանախշերն հարազատ էլ չի ջնջի ոչ մի ուժ:
Լուսավոր ընկե՛ր, փա՜ռք անջնջելի զարդանախշերիդ` այբբենագիր մասունքներին քո:
Հրաչյա ՍԱՐՈՒԽԱՆ
ԱՐԴՅՈՔ ԻՆՉՊԻՍԻ՞ ԲԱԺԱՆՈՒՄ Է ՄԵԶ ՍՊԱՍՎՈՒՄ ՀԵՌՎՈՒՄ…
Դժվար է քառասուն տարվա ընկերոջ մասին գրելը, անձնական վերապրումները իրենցով ծածկում են անանձնականը… Միաժամանակ հեշտ է, երբ վերանում ես այդ անձնական ապրումներից և փորձում ես տեսնել մարդու, ասել է թե` մահկանացուի այն դիրքը, որը նա գրավել է: Տվյալ դեպքում ես չեմ խոսի Հրաչյա Բեյլերյանի բանաստեղծական և թարգմանական անկրկնելի տաղանդի մասին,- ինքը զարմանալիորեն անփույթ և գրեթե անտարբեր էր դրա հանդեպ, բայց դողում էր «ներքին մարդու» այն կերպարի համար, որը մեր օրերում այնքան հեշտ է կորցնելը, բայց որի արդյունքն են շնորհ և տաղանդ: Եգիպտական Մեռյալների գրքի հռչակավոր Առաջին Պաշտպանականը կարելի է սերտել և արտասանել (ասմունքել…) շեմն անցնելիս, բայց շեմին կանգնած պահապանը դրա մետաղյա խոսքերը և խոստովանությունները դեմքիդ վրա է կարդում, ամեն մի կնճիռդ դրա մի տողն է և դրա վավերականությունը,- Հրաչյա Բեյլերյանի կերպարի մեջ մենք գուցեև բոհեմի դառն ու ջղային, գուցեև արտիստիկ գծեր հիշենք, բայց ես չեմ հավատում, որ գտնվի մեկը, ում դեմքին տարակույսի անգամ նշույլ երևա, եթե ես ասեմ, որ նա մեր մեջ ամենաշատը իրավունք ուներ արտասանելու հիշյալ Պաշտպանականի` միայն ու միայն կյանքով հավաստվող ահավոր տողերը. «Ես մարդկանց չարիք չեմ պատճառել: Ես չեմ մեղսագործել ճշմարտության վայրում: Ես չեմ սրբապղծել: Ես չեմ պակասեցրել մթերքը տաճարների: Ես չեմ փչացրել հացն աստվածների: Ես չեմ յուրացրել հացը մեռյալների: Ես չեմ խաբել կշիռների մեջ: Ես չեմ խլել կաթը երեխաների բերաններից: Ես թակարդ չեմ դրել աստվածների թռչուններին: Ես վազող ջրերի առաջը չեմ փակել… Ես մաքուր եմ, ես մաքուր եմ, ես մաքուր եմ»: Ահա այս մաքրության բերկրանքն է, որը մեր մոտիկների մահը, ինչքան էլ այն վաղաժամ լինի, մեզ համար թեթև է դարձնում:
Այնպես եղավ, որ մեր քառասուն տարիների վերելքներով և` է, հա` երբեմն էլ վայրէջքներով լեցուն ընկերության ընթացքում ես երբեմն ավելի ուշ-ուշ էի հանդիպում նրան, բայց ես չեմ հիշում մի օր, որ նրան իմ սրտից մի վայրկյան իսկ հանած լինեմ: Նա այն եզակի մարդկանցից էր, ում հետ բանաստեղծության մասին երկար խոսակցություններն ու բանավեճերը ինձ անսահման հարստացնում էին: Ինչպես նաև անսահման բերկրանք էին պատճառում: Լինելով, ինչպես արդեն խելագար Հյոլդեռլինն է ասում` «Ապոլլոնի զարմից», նա բանաստեղծությունն զգում էր այնպես, ինչպես մեղուն` մեղրը: Ամենադառնացած պահերին,- իսկ այդպիսիք վերջին տարիներին գնալով ավելի ու ավելի խղճուկ դարձող մեր օրերում նա շատ էր ունենում,- ես գտել էի նրան «ֆռացնելու» անվրեպ ձևը. բավական էր հիշատակել իր – և նաև իմ – սիրելի Մանդելշտամի անունը, որ նա մեղրամոմի նման փափկեր և բուրեր: «Ի Մանդելշտամ» մեր եղբայրությունը ոչ մի աններդաշնակություն չէր ենթադրում, և դրանով էլ կնքվեց մեր վերջին հանդիպումը, որը միշտ քրքրելու է իմ սիրտը: Մահվանից մի օր առաջ մենք հանդիպեցինք «Մեղեդի» սրճարանում: Զարմանալի խաղաղ էր, ես նրան այդպես շատ հազվադեպ եմ հիշում: Նա արտաքին խրոխտ մի կեցվածք ուներ, որը, ես գիտեի, անպաշտպանությունից էր: Մեր «դեսից-դենիցն» ավարտելուց հետո մենք նորից խոսեցինք Մանդելշտամից – խոսքը անհավանական «Tristia» բանաստեղծության իր հրաշալի թարգմանության մասին էր, որի երկրորդ տան առաջին երկու տողերի ավելի դիպուկ թարգմանություն պահանջեցի.
Սակայն ո՞վ գիտի, թե «գնաս բարով» մեզնից մեկն ասի,
Արդյոք ինչպիսի՞ բաժանում է մեզ սպասվում հեռվում:
Չհամոզվեց, թեթև առարկեց: Գնալուց առաջ կրկնեց ռուսերեն տողերը` «Кто может знать при слове «расставание» // Какая нам разлука предстоит?»… «Մնաս բարով»-ը ավելի մտերմիկ է, ասաց և կատակեց` դե, մնաս բարով… Ես այդ պահին կենտրոնացած էի առաջին տողի վրա, բայց հետո հասկացա, որ նա իրականում երկրորդ տողին է հասել…
Հակոբ ՄՈՎՍԵՍ
Հրաչյա Բեյլերյանին
Մեր կյանքի էջերն
առհավետ փակ են,
Միայն մի էջ է մնացել մաքուր,
Ու մեր հուշերի արյունոտ լաթերն,
Ու փողոցներն այս
անմարդ ու թափուր
Դառել են սրտի դառն սպեղանի`
Ինչ լինելու է` անցավ թող լինի,
Ու մեր մարմինն է դրած սեղանին,
Ու արյան նման հոսում է գինին,
Ու լճանում են հոգիները մեր,
Ու լերդանում է կյանքը հարաժամ,
Ու կորուստներն են մեր
կյանքի գինը`
Մեր առջև ահեղ սահման է քաշած,
Ամայությունն է նրանից անդին
Իբրև գոյության խտացող մի շերտ,
Այնտե՛ղ քայլո՛ւմ են
անտրտո՛ւնջ մարդի՛կ,
Որ անկարող են անցյալը հիշել…
Ու միայն իբրև հույսի բարակ շող
Այցի է գալիս դեմքը ընկերոջ,
Ամեն ինչ ներող, ամեն ինչ հիշող,
Ու կերպարանքն այդ`
քո մեջ դեգերող
Ի՞նչ հետքերով է, չգիտես, գնում,
Իրենից ետ ի՞նչ հետքեր է թողնում,
Ի՞նչ մահով է նա գնում մեռնելու,
Արդյոք ո՞ր կյանքում,
արդյոք ո՞ր հողում
Նա նոր հոգիներ պիտի սերմանի,
Որ վեր բարձրանան
կյանքից արնաքամ,
Որ ակունքներն այդ զերծ
պահի մահից
Խոսքի պես
անեղծ ու անապական…
…………………………………
Դու ո՞ւմ ես քո որբ երգերը թողնում,
Ո՞ւր է տանում մեզ
անանուն ճամփան,
Ահա պառկած ես քո
ցուրտ անկողնում`
Վերջին բաժակդ ցմրուր պարպած:
Ու կյանքի-մահվան
վերջին անուրջում
Վայելի՜ր խոսքիդ
երկինքներն ազատ,
Ու հրաժեշտի ղողանջն է հնչում
Իբրև սրտերի
վերջին համազարկ…
Հրաչյա ԹԱՄՐԱԶՅԱՆ
ԴԵՊԻ ՑՆՈՐՔ ԿԱՏԱՐՅԱԼԸ
Չգիտես ինչու եմ հիշում Մոցարտին:
Այս ցրտին, որ ամեն բան բյուրեղի է վերածում:
Սովետաշենի գերեզմանոցի վերին ափի ամայության մեջ:
Եղյամակալ թփերի ու շյուղերի մեջ:
Իր աշխարհի եռաթև աստղի տրոփյունն եմ առնում:
Ջերմում է սառնամանիքը…
Պոետական հեռավորությունները մեկտեղելու Վերին շնորհով օժտված իմ ընկեր Հրաչը…
Իր առարկայական աշխարհի մոտավորությունը նույնքան հեռավորություն է: Ներսն ու դուրսը, վերզգայականն ու բարձրագույնը` դաշն:
Կատարյալի հարափոփոխ իր տեսիլին անդավաճան` երբեք չգայթեց հպանցիկ գայթակղությունների որոգայթը:
Հակացուցված էր իրեն:
Արտաքուստ «ինքնաբավ» պոետական իր ժեստերի հետ ոչ մի կապ չունեցան ստեղծարար ազատ ոգին և քերթողական տողին ամենօրյա իր տուրքը: Արդյունքը` փառահեղ էջեր, բանարվեստի բեյլերյանական անշփոթելի բնագիր, որի ամեն մի ընթերցում ինձ հիշեցրել է կատարյալի հնարավորության մասին և տրամադրել գրելու:
Իմացական գանձերով էր ընթանում դեպի այդ ցնորք ուղեցույցը, իսկ Մուսան պաշտպանական ռեֆլեքսներով ակնթարթում փշերն էր ցցում հանդեպ կեղծիքը` գրական, քաղաքական, հոգևոր… Վարք ու բնույթ, որի արժեքը իրենից հետո առավել սուր կզգանք, քանզի անկման նշանի տակ ուր է հասցնելու մեր թռիչքը:
Երկվորյակ են Բեյլերյան բանաստեղծն ու թարգմանիչը, քանքարն ու դիապազոնը` մեծ: Ուստի և` խաչը ծանր:
Համեմատական թարգմանությունը, ինչպես համեմատական գրականագիտությունը, թույլ կտար լիաշուրթ ասելու, թե նրա ռուսաց պոեզիայի հայերեն վերակերտումները, հատկապես իր երկարամյա տառապանքի պտուղ Մանդելշտամի հատորը, անգերազանցելի են այլալեզու թարգմանությունների մեջ: Այս պարագային Բրոդսկու բնութագրած թարգմանիչ-համահանճարի երևույթը ի՛ր համար է ասված…
Գրում ու չեմ հավատում, թե…
Արթուն ճակատի խաղացող շողն է աչքիս դեմ:
Հոգեհանգստին Նորքի Սուրբ Սարգիս բարձրադիր եկեղեցին կապույտ մշուշի մեջ էր: Մշուշում` աստղ էր տրոփում:
Տեսնես որտեղ է հակվելու տողին իմ սրտակից գրչեղբայր Հրաչյա Բեյլերյանը:
Շանթ ՄԿՐՏՉՅԱՆ
ԱՄԵՆ ԱՍՏՂԻ ՄԵՋ ՄԻ ՀԱՆԳՈՒՑՅԱԼ ԿԱ
Բանաստեղծություններ կան, որ նորաձև բիժու են` բոլորը սիրում են, բոլորը կրում են, բոլորը ցուցադրում են, որ իրենք էլ են այդ ամենից գլուխ հանում, և որ հետ չեն մնում նորաձևությունից: Կարճ կամ թեկուզ երկար ժամանակ անց, չխչխկան-փայլփլուն-բազմագույն-զնգզնգան և երևակայությունից դուրս հորինվածքներով այդ զարդուզուրդը դեն է նետվում և հանգչում մոռացված մի գզրոցում: Հրաչյա Բեյլերյանի բանաստեղծությունը այն ազնիվ ձուլվածքից է, որ գալիս է նորաձևությունից առաջ և մնում նորաձևությունից հետո… Հիմա, այս ձյունոտ ու դառնալուր գիշերով կարդում եմ Հրաչին ու մտապատկերում եմ գրականության շուրջ մեր բազմամյա զրույցներն ու, մանավանդ, վեճերը: Ձայների ճշգրտությամբ վերհիշում եմ Արմեն Մարտիրոսյանի և Հրաչի բանակռիվներն ու երկխոսությունները, պատառիկներ նրանց խոսքուզրույցներից ու նրանց պոետական զարմանալի հոգեհարազատությունը: Մտապատկերիս մեջ նրանց կողքին արդեն վաղուց երկինք փոխադրված սիրելի Գոհար Բաբաջանյանն է` իր հոգևոր քույրությամբ և նրանց երկուսի պոեզիայի խոր իմացությամբ: Միշտ և ամենուր բանաստեղծ լինելը ծանր ճակատագիր է, բայց մեր երկրում` հարյուրապատիկ, մեզ բաժին ընկած ժամանակներում` հազարապատիկ: Մեր ժամանակը` պատմություն կերտող, մեծ, վիթխարի` և՛ հաղթանակներով, և՛ կորուստներով: Ու մարդկության չափ հին օրենքով այդ հաղթանակները վայելեցին վերջինները, իսկ առաջիններին վիճակվեց կորուստների ցավը: Այդպես ոչ մի կարգին մարդ չապրեց ու չի ապրում կյանքը, չի կարողանում գրել իր իսկական գիրքը, որովհետև ժամանակը խժռում ու վերքեր է բացում հոգու մեջ և մարմնի վրա: Եվ այդ հրեշը ընտրագույն ճաշակով նախ պոետներին է գտնում` գրով կամ ուղղակի տեսակով պոետներին: Եվ չգրված գրքերը հենց ցավ են դառնում ու մահ:
Հրաչը հայոց լեզվի մատյան էր, մշակույթ կրող և յուրատիպ աշխարհով, նա հասցրեց իր արյան մեջ պտտվող շատ բանաստեղծությունների մարմին ու հոգի տալ, հասցրեց կատարելության աստիճան անվթար թարգմանել Օսիպ Մանդելշտամ, սակայն մնացյալ ամենը իր հետ կտանի դեպի այն աստղը, որ այլևս ինքն է լինելու: Զի տեսանել էր արդեն:
Կարինե ԱՇՈՒՂՅԱՆ
Ամեն աստղի մեջ մի հանգուցյալ կա,
Ախ, ձյունիր, ձյուն իմ` տարածքս ներկա,
Զի տեսանել եմ` դիմակներ հագած
Աստղաբույլերում ինչ մեռյալներ կան –
Մարգարիտներ գոյանցումների
(ձյունածեփվածքի ակամա վկա),-
Ուշ եմ ձայնածում Ձեզ` Հովիվներիդ,
Որ երկու հազար տարի է` չկաք,
Որ երկու հազար տարի է չեկաք –
Մտնեք փարախը Տիրոջ ծննդի,
Այնինչ ձյուների ծեփվածքում դեռ կա,
Տե˜ր, կատարող մի, որ երթա անդին…
Հրաչյա Բեյլերյան