ԱՆԱՀԻՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ԱՆԱՀԻՏ-ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՀԳՄ վար­չու­թյու­նը
շնոր­հա­վո­րում է բանաստեղծուհի
ԱՆԱՀԻՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ
ծննդյան 75-ամյակի առթիվ
«Գրա­կան թեր­թը» միա­նում է շնորհավորանքին

 

ԻՆՔՆԱՀԱՍՏԱՏՈՒՄ
Անցյալս կթողնեմ
վաղուց մոռացված,
ավերված թատերաբեմի
հին, գունաթափված
վարագույրի հետևում,
որտեղ դահլիճում`
առանց առաստաղ ու պատեր
հուշարարի փոքրիկ բնում,
ծերացած ագռավն է
անվերջ կռկռում
սցենարը կորցրած…

Այժմ կարող եմ
իմ կյանքով ապրել,
առանց դերերի,
տերն եմ օրերի,
և օրերն՝
իմ տերը,
որտեղ էլ պետք չէ
դժբախտի դերը…

Ես կգրանցեմ
ավազի վրա
ամուսնությունն իմ
նոր օրերի հետ,
առանց վկայի.
– Տեր եմ,-
կասեմ օրերին:
– Տեր ենք,-
կասեն օրերն ինձ,
ու մի նոր անցյալ
կծնվի
նորից…

ԳԱՐՆԱՆԱՅԻՆ
Գարնանային ջերմությունից
հալվում է ձյունը,
արևի շողերը
անձրևի լարերի վրա
նվագում են
Վիվալդիի
Գարնանային մեղեդին…

Ծառերի բողբոջները
սաղմի նման
վայելում են
արևի ջերմությունը
և ժպտալով
դանդաղ բացվում
անձրևի ցնցուղից հետո…

Գարնան ամեն առավոտ
սիրո սպասում է
(որ կարող է նաև
դեռ չծնված` ցրտահարվել
ձյան ծածկույթի տակ)…

Բայց գարուն է,
գարունը մեկ օր չէ
և միակը չէ
սիրո համար…

ՀՈՂ
Հողը պահում էր
չորացած ծառը,
մարդիկ կտրեցին՝
փայտ է…
և չորանում են
մարդիկ էլ,
ու մի բութ սղոց
սղոցում է
շարունակ…

Բարի՛ հող,
մեզ պահիր
քո վրա,
քանի դեռ
չեն կտրվել
մեր ոտքերը քեզնից,
և հետո
պահիր քո մեջ,
գուցե
և մի օր
կծնվենք նորից…

ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ
Գնամ նավով
ճամփորդելու,
և թող փոթորիկ լինի,
թող որ բոլորը փրկվեն,
և թող նավը չկործանվի,
ես լուռ կտրվեմ ալիքներին
և չեմ կանչի
օգնություն,
քանի որ գիտեմ՝
մենակ եմ ես
ալիքների մեջ…

Բայց թե կամենա
փոթորիկն ինձ փրկել՝
նա կդադարի,
և ձկները լուռ
(որ սառնասիրտ են
անվանում նրանց)
կգան օգնության
փրկության տենչով,
և ալիքները
կործանարար,
թրթուրներ դարձած,
թեթև, փետրավոր
ամպերի նման
ինձ վեր կհանեն…

Գնամ
Նավով
Ճամփորդության…

ԴՈՒ ՉԳՆԱՑԻՐ
Արևածագը
պահեց քեզ
իր լույսի մեջ,
պահեց
իր մեղմ,
թավիշ նարնջով,
և ծնվեց օրը…

Իսկ հետո
խաղաղ երեկոն
գերեց
իր մեղմ,
բյուրեղ զովությամբ,
ձգվեցին բարդիները,
դարձան վրձիններ՝
թաթախված արևով,
ու նկարեցին
լուսին և աստղեր…

Հետո ամպերը՝
տարբեր պատկերներ,
որոնց գույները
փոխվում էին
լուսնի շարժումից…

Քամին փախցնում էր
սպիտակ վարագույրը
բաց պատուհանից,
և հարսանիքի
պարն էին պարում…

Լուսինը
լուռ սահում էր՝
իր հետ տանելով
սիրահարների
հայացքներն արթուն…

Եվ մենք
նայեցինք երկինք՝
նորից
սկսվում էր
Արևածագը…

ԳԻՇԵՐ
Կապտագույն
ծառեր,
կապտագույն
քարեր,
գիշերվա մեջ
ամեն ինչ
կապույտ է
թվում…

Եվ
կապույտ
մի սեր
ցրվում է օդում,
ես խուսափում եմ
ետ բերել նրան…

Իսկ առավոտյան
գտնում եմ
նորից
ծվարած թաքուն
իմ բարձի վրա…

ԼՈՒՍԱԲԱՑ
Հոգիների լույսն է բացում
Առավոտը
Ու դառնում է ուղեկիցը
Ամբողջ օրվա…

Երեկոյան խաղաղվում է,
դանդաղ մթնում
ու թողնում է ապրողներին
կյանքի մասին մտորելու՝
ապրեն այնպես,
որ հետո էլ իրենց համար
ասեն.
«Հոգին լուսավորվի» –
և ամեն օր
լույսը բացվի…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։