***
Քաղաքական մարմնավաճառներ,
հերմոֆրոդիտ երկկենցաղության
թանգարանի կենդանի նմուշներ՝
դրսևորվող ըստ իրավիճակի,
օլիգարխիկ դինոզավրերի
ատամների արանքից հանած
մսի կտորներով սնվող
ծախու բարբաջողներ,
«արդարության» խաբկանքով
ժողովրդի կաշին քերթելու
մենաշնորհը նվաճելու
անզոր ու զորեղ ճիգեր,
ճշմարիտ խոսքն ու
ցավի անատոմիան
որպես ախտորոշում
ու բուժում առաջարկողներին
արհամարհող անդեմ խառնամբոխի
ցփնված կույտեր՝
մեր ինքնության
բարակող մաշկին,
մաշկից ներս սողոսկողներ՝
քաղցկեղածին բացիլներով,
մեծամտության և թերարժեքության
փոխներթափանցված բարդույթներով
անհիշելի ժամանակներից
ինքնաքայքայվող
11 միլիոն մարմնամասեր,
որ այդպես էլ
մի մարմին չդարձան,
մնացին ժողովուրդ՝
ազգ դառնալու պատրանքներում
հավետ խճճված։
***
Քո ձայնը,
Հայրենի՛ հող,
կրճատում է տարածությունը
անկման վերջի
և թռիչքի սկզբի միջև,
ես սկսում եմ զգալ
արևի և քամու հպումն
անհաղորդ մաշկիս,
հոգիս
հազարերորդ անգամ
պատռում է
ցավի առագաստները՝
լույսի սվիններով,
իբր վերջին անգամ։
Ես դարձյալ շնչում եմ օդը,
որը վաղուց ինձ չի պատկանում,
սիրտս բաբախում է
խոցվածների փոխարեն՝
ինձ տանելով
մեղքի պարունակները…
Քանի՞ անգամ ես դեռ
ինձ հարություն տալու,
Հայրենի՛ հող,
մինչև քեզ համար
էլ ոչ մեկը չզոհվի…
***
Մի ձայն ճեղքում է
գիշերվա խավարը,
լռության կարծր համառությունը
և ականջիս արթնության
կոչնակ է հնչեցնում։
Ես տեսնում եմ կրկին
սուրացող արկերի ու հրթիռների
բազմաձայն հրավառությունը,
ոսոխի սարսափահար
ոռնոցների արձագանքը
փշրվում է Հայոց լեռների
հսկա քարափներին,
հորդառատ անձրևը
լվանում է անտառների
թունավոր ֆոսֆորափոշին,
վերածվում գետերի,
որոնք կարմիր գույն են ստանում
թշնամու պիղծ արյունից
և հոսում դեպի նավթահանքերը։
Կայծակն ուրվագծվում է
Նեռի բութ հայացքով
և պայթում երկնքում,
որպեսզի այն մաքրվի,
մինչև տեղ հասնենք…
Ես վազում եմ
խաչակիր զինվորների հետ
դեպի ջարդված ատամներով
կույր մոլեռանդների
կործանվող որջերը,
մեզ թիկունքից ուղեկցում է
Երկնավորի կենսաբեր լույսը՝
կլանելով մեր ոտքերի
թվացող հոգնությունը,
մեր ունկերին են հասնում
ոսկեբեր ծովի ալիքների
աղեկտուր հառաչները…
Նույն ձայնը
քաջալերում է մեզ.
– Դուք զավակներն եք
Նեմեսիսի,
մոռացե՛ք ձեր անունները,
մոռացե՛ք ձեր հայրանունները,
որպեսզի հետո բոլորը հիշեն՝
ձեր ազգանունների հետ,
հողագնդի բոլոր անկյուններում…
***
Ժամանակը սոսնձել է քեզ
մի իրականության,
որն ամենևին էլ քոնը չէ։
Դու հոգնել ես պոկվելու
հուսահատ ճիգերից,
սակայն անդադրում
փնտրում ես քոնը,
թեև գիտես, որ չես գտնելու։
Ո՞վ է ապրում քո փոխարեն,
ո՞ւմ փոխարեն ես դու ապրում
օտար իրականությունում,
կհարցնես ՆՐԱՆ,
եթե մի օր ՆԱ
կամենա քեզ տեսնել։
***
Մի ձեռք միշտ ինձ ետ է պահում՝
նայել անցյալի փլված կամուրջներին,
քաշում է ուսիցս, հայացքս շրջում
դեպի քաոսն այսօրվա,
հետո սառը ջուր է շփում դեմքիս,
որ գոնե հիմա խուսափեմ քայլել
խարխուլ կամուրջներով՝
գիշերային խաբուսիկ ու գույնզգույն
լույսերով ողողված,
լսեմ այն ձայները միայն,
որոնք կանչեր են դառնում
ունկերիս մոտենալիս։
Քայլերս հնազանդվում են
խելամտության հորդորներին
ժամանակի կարճատև հատվածներում,
սակայն չեմ կարողանում
փակել ականջներս,
երբ ճիչեր եմ լսում
փլված կամուրջների
հակառակ կողմերից
և անդադար փորձում կտրել
սահող դրվագների
անվերջ ժապավենները,
որոնք կարծրանում են հանկարծ,
իսկ մկրատն ընկնում է ձեռքիցս։
Ես ետ եմ հրում
ինձ պահող ձեռքը
ու քայլում դեպի քաղաքն աղի արձանների,
որպեսզի դառնամ նրանցից մեկը։
***
Օազիսները չեն միջամտում
անապատի
համատարած ամայությանը,
ես քայլում եմ առանց սով զգալու,
առանց ծարավելու
դեպի անհայտություն,
այն գերադասելով
ողորմելի ու դաժան իրականությունից,
ուր մարդիկ նետվում են
սեփական հոգու
խորացող անդունդը՝
հուսահատ նայելով փոքրաթիվ
«երջանիկ ապրողների»
անմեղսունակ թվացող դեմքերին։
Ես ինձ հետ տանում եմ
բոլոր նետվողների
համր ճիչերը,
փնտրում եմ անվերջ
Մեծագույն անդունդը,
որպեսզի գահավիժման պահին
ախտազերծվեն
լռության ու համրության
արյունատար անոթները,
փնտրում եմ,
որպեսզի նետվեմ անվարան,
որ երբ պահը գա,
ու վերադառնամ՝
ճանաչեմ բոլորին՝
ինքնաճանաչման
ժպիտը դեմքերին։
Վերադարձ
կեսճանապարհից
Երբ եկան հրեշտակները,
ես նրանց աչքերում կարեկցանք չտեսա,
չտեսա նաև ափսոսանքի նշույլ,
քանզի նրանք երբեք
ուշ կամ շուտ չեն գալիս…
Ուղեղումս հնչում էր մի ձայն միայն.
«Ունայնություն ունայնությանց»,
աչքերս չէին հրաժարվում
տեսնելու ճանապարհի վերջը,
նաև չէին շտապում
տեսնել, թե ինչ կա վերջից այն կողմ,
որովհետև ժամանակն ամեն ինչ
ցուցանում է ճշգրիտ ու անվրեպ…
Նիրվանան միացրել էր
իր վայրկյանացույցը և սպասում էր,
որ հնչի զանգը,
ժամացույցի սլաքներն արդեն
ի՛նձ համար չէին շարժվում առաջ,
քանզի ես արդեն
ուրիշ չափումների տիրույթում էի
և հրաժեշտ էի տալու
իմ տառապյալ պատյանին,
որ քայլեմ այնտեղ,
ուր տանում են ոտքերս,
որ լսեմ այն,
ինչ ունկերս նախընտրել են
մոտեցող հեռաձայներից…
Մի կուրացնող լույս
անշարժացրեց սահող դրվագները,
ես տեսա դեմքը ՆՐԱ,
հրեշտակները շրջվեցին ու հեռացան,
կարծելով, թե չեմ լսել
«անմատչելի» խոսքը.
– Դուք այս անգամ շտապել եք։
Նրանք ոչ ոքի
«մնաս բարով» չեն ասում։
– Ցտեսություն,- ասացի ես։
Լքված օդակայան
Ունայնությունը բառեր է որոնում
իմ ներկայությունն արդարացնելու համար,
ժամանակն ինձ է նայում
բացակա հայացքով,
քամահրական շարժում անում
և անտարբեր անցնում իմ կողքով։
Ես թողնում եմ իմ պատյանը
լռության վերջին խաչմերուկում,
փակում եմ ականջներս, որ չլսեմ
վերադարձի հուսահատ կանչերը,
ուզում եմ գնալ այնտեղ,
ուր ի վերջո բոլորն են գնում,
քայլում եմ, վազում եմ նույնիսկ,
սակայն փակ են բոլոր ճամփաները,
իսկ եղանակը թռիչքային չէ,
այստե՞ղ է, թե՞ այնտեղ
լքված ու դատարկ օդակայանը…
Հոգնած ետ եմ քայլում,
լռության վերջին խաչմերուկից
ինձ ձեռքով է անում
իմ տանջահար պատյանը՝
իմ լքված օդակայանը,
որն սպասում է
թռիչքային եղանակի…
Ունայնությունը բառեր է որոնում
իմ ներկայությունն արդարացնելու համար,
իսկ ես բացակա հայացքով
նայում եմ ժամանակին։
***
Հեռանում է օրը
խռոված մանկան պես,
ետ չի նայում.
պատկերն անհետանում է
լեռների մշուշապատ ուրվագծերում…
Մայրամուտը հրաժարվում է
նախերգանքը լինելուց լուսաբացի,
որը գալիս է՝ փրկելու մեզ
անհուսության ճիրաններից,
բայց անզոր է սպիացնել
մեր ճանկռոտված դեմքը,
աչքերը և հոգին։
Արյունը դեպի ներս է հոսում՝
խուսափելով արևի լույսից,
լերդանում է, փակում
քայլելու կարողությունը…
Ճանապարհի ամայությունը
ստիպում է քայլել, քանզի կանգնելը
հավասարազոր է մահվան։
Շարունակվում է մեր ուղեղներում
Բրոունյան շարժումը
Լույսի նշույլների,
որոնց չափերը չեն մեծանում,
քանզի լռության և աղմուկի
շարժի ջերմությունը
չի բարձրանում,
որ լույսն ազատվի կապանքներից,
որ կարողանանք տեսնել
դեմքը Երկնավորի,
որ կանգ առնի
անվերջ թվացող մղձավանջը,
որ ճանապարհը չվերածվի
տագնապալից լաբիրինթոսի…
Ես փնտրում եմ
բաց աչքերով տեսած երազներիս
լիճը թափանցիկ,
որ նետվեմ իսկույն
և հատակում տեսնեմ
թռչունների թևաբախման
անդրադարձն արտացոլող
մաքուր երկինքը։