Նոնա ՊՈՂՈՍՅԱՆ

ՄԵՌՆԵԼ – ԱՊՐԵԼՍ Է՝ ՉԵՄ ՀԱՇՎԵԼ՝ ԻՆՉՔԱՆ

…Պատերազմի ետևից շրխկոցով փակեցի կյանքը`
փշուր-փշուր եղավ…
Կռացա հավաքելու`
ձեռքերս արնոտվեցին փամփուշտներից…
Լցրեցի գրպաններս,
որ անզորությունս չտեսնեն հանկարծ…
Բառերիս վրա
հույսեր նկարեցի,
որ ձյուներով քայլող մարդիկ
մայրանան երազանքներից…
Պատերազմի ետևից շրխկոցով փակեցի կյանքը…
Ու չգիտեմ, թե երբ նորից
կբացեմ ինձ…

***
Ձայները` կարկամ,
հույզերը` խռիվ,
քամու բեկորներ` լցված քունքերիս…
Այս փետրվարը կարմիր է ձնել,
ու ես հալվում եմ մահվան ցրտերից…
Այս ոչմիտեղը ինձ չի վարանել,
ու լուռ փախուստ է ամեն վերադարձ…
Բառերն անհայտից
նորից վեր հառնել,
լուռ լափլփում են շուրթեր աննահանջ…
Ձայները` կարկամ,
հույզերը` խռիվ,
այրված ճնճղուկներ` լցված քունքերիս…
Ես ոնց շոշափեմ Ցավն այս անբասիր,
երբ ոչ մի սպի չկա ձեռքերիս…

***
Տղերք, օ՜, տղերք…
Ինչքան գեղանի թևեր
էլ երբեք
ձեր բազուկների տաք քամիներից
չեն շնկշնկալու…
Ու ես այս արնոտ ձմեռվա կեսին
մոլոր կանգնել եմ
Աստծո ճամփեքին,
որ որդեգրեմ բոլոր չծնված ձեր զավակներին,
որոնք մնացին
խանձարուրներում խրամատների…

***
Ես այստեղ եմ…
Ամենադաժան Ցավը
ամենակարմիր ձյուներով Տանողս…
Ամենալուսավոր կորածների որոնումներում
Աստծո ամեն օր Ամենամեռնողս…
Ես այստեղ եմ, լսո՞ւմ եք,
Ամենամեռնողս,
Ամենահառնողս…
***
1.
Գիշեր է`
երկիրս գլուխը դրել է արճճե բարձին…
Իմ հիշողության սերմնացանները
պոռնկաբարո այս պատերազմի
սերմերն են տանում`
գցելու հողին
անմարդաբնակ խղճի տարածքի…

2.
Գիշեր է`
հրանոթները երկինք են նետում նզովք արճճե,
ու դավերն ամուլ այրվում, մոխրանում են
բիբլիացեղ հողին,
ուր ժամանակը հիշատակության
նոր տարածքներին
(ես հաստատ գիտեմ)
կռիվ է տալու
ապաշխարության նորոգումի հետ…

3.
Գիշեր է`
երկիրս գլուխը դրել է արնոտ երախի,
տղերքն ընկնում են հերոսի մահով,
տղերքը, որ երազ էին, ծաղիկ էին, խինդ…
Ու տաք է այնքան Մահ Իմացյալի
շապիկը արնոտ` այնքան բաղձալի,
որ հավերժության սառած բիբերում
արևներ հագած մի խենթ պատանի
ձեռքը պարզել է, որ բռնի երկնից
բոլոր գույները ծիածանների…

4.
Գիշեր է`
երկիրս գլուխը դրել է ժեռքարի մի չոր,
ու սխրանքներից ծաղկել են նորից
քունքերը նրա…
Վաղը պատմության դասագրքերը կխմբագրեն
տղերքով բոսոր,
վաղը կթնդամ ցնծության ժամին`
իբրև Հաղթության բաղձանքից պոկված լույսի ծնծղա…

***
Ես տուն չդարձա ձեր կռվից,
Տղե՛րք…
Բայց ասում են` մեկն ինձ իբր գտել է
ձեր մայրերի սպասման մեղկ հեռուներից…
Ես տուն չդարձա ձեր բախտից,
Տղե՛րք…
Ու ինձ էլ երբեք մարդիկ չտեսան
այն գարուններում,
որտեղից կռիվն այս ճամփեցի ձեզ…

Երկիր
Իմ անկումներին դրոշդ երբեք
չծածանեցի.
սխալներիս խուլ սոսկումների մեջ
ես մենակ էի…
Հաղթություններիս սեգ կատարներին
քեզ փողփողացի,
որ երազներիս առավոտներում
դու լուսանայիր…

Մոլորումներդ քարկոծումների
ճամփով չտարա.
հիասթափության ավերակներին
մեն-մենակ էի…
Հավատարմության իմ ուլունքները
քեզ մոտ պահեցի,
որ հանկարծ մաշված քո գրպաններից
չգլորվեի…

…Ես քո կորուստը չեմ լինի երբեք.
դու ինձ կգտնես…
Քո արևաքերծ օրերի ափին
դեռ կծփա՜մ ես…
***
…Վերևում մեկն ինչ-որ
հուշիկ կբացի երկնքի դուռը…
Ներքևում`
բզկտված հողի վրա նստած
փոքրիկ մի աղջիկ`
գրկած այրված տիկնիկն իր,
հանկարծ ուժգին կգոռա.
-Հայրի՛կ, հերիք է, արի՛, արի՛ տուն…
Ու նռնենիները կծաղկաթափվեն
նոյեմբերի ցամաքած կրծքերի վրա…

***
Պատերազմը գիշերով
վնգստում է շան պես `
հոտոտելով բոլոր հուշերս վառոդե…
Ես նրա երախում պառկել եմ քնելու
ու արնահոտից խելագարվում եմ…

***
…Ձեր Ալլահը մեռնում է
նկուղում քնած փոքրիկ աղջկա
սառած ափի մեջ…
Իմ Աստված կանգնել է
ձեր նողկության դիմաց
ու չի հասկանում,
թե ոնց փրկի ձեզ…

***
Իմ բոլոր բազմակետերում`
մեռնելուց առաջ,
ապրելուց հետո,
քար կտրած զարմանքում,
քար կտրած հիացքում,
քո վերելքներն ու
անկումներն են քո.
չեմ հաշվել` ինչքան…
Մեռնել-ապրելս է՝
չեմ հաշվել` ինչքան…
հաղթել-պարտվելս է՝
չեմ հաշվել` ինչքան…
Ե՛կ գրկենք իրար…
Ու լռություններիդ
ծանրությունը թող
դառնա երկուսինս,
ու աղմուկներիդ
դատարկությունը
դառնա երկուսինս…
Որ միասին ծաղկենք
Հաղթության դիմաց…

…Իմ բոլոր բազմակետերում`
մեռնելուց առաջ,
ապրելուց հետո,
քար կտրած զարմանքում,
քար կտրած հիացքում,
մեր վերելքներն ու
անկումներն են մեր.
ե՛կ փրկենք իրար…

***
Դու դեռ կգաս հեռուներից,
իմ առավոտ,
ու ես նորից կհանդերձեմ քեզ
զարթնությամբ կանաչ-կարմիր,
թևերիս մեջ վեր խոյացող
քո հառնումի արևներով
կզարդարեմ տունն իմ սիրո`
ավերակված ու անտանիք…

Կգաս բախտի հեգնանքներին ասելով` ո՛չ,
տառապանքի սրբագրված քառյակներով,
վերհառնումի ընկրկումին
խաչելությունդ մեկնելով,
կգաս իբրև նորոգումի երկնասլաց լույսի բեկոր…

Դու դեռ կգաս հեռուներից,
իմ առավոտ,
հագած-կապած պատմուճանը
հերոսազարմ խաղաղության,
ու ես կիջնեմ քո ինքնության կատարներից լուսաորոտ,
ու աշխարհը իմ երգերում հավերժություն կսվսվա…
***
…Այս գիշերում վերքե
սխրանքների կարմիր
ձյուները ես հագել
բարձրանում եմ նորից
որդիներն` ի վեր,
երկինքներն` ի վեր
ու մայրերն` ի վեր,
որ Աստծուն փրկեմ…

…Բազալտեսարսուռ
տեղատարափում
Եռաբլուրի,
դողդոջ ձեռքերս՝
ծառաներ մի-մի,
տառապանքների
փոշին են մաքրում
Աստծո աչքերից…
…Այս գիշերում վերքե
սխրանքների կարմիր
հալոցքները հագել,
անմահանում եմ…

***
Երկնին բողբոջող քո գմբեթների
քարե թերթիկներին եմ
գրել անունս…
Ինձ սրբատաշիր տաճարներիդ
սյունաշար վարարումներով,
ու թող խաչքարվեմ
մի հին մատուռի
հիշողության մեջ՝
իբրև սիրանյութ
երկրպագության,
ու թող քանդակվեմ
նախամուտքերիդ՝
իբրև զարդանախշ
հավատարմության,
որ իմ ցնծությամբ
ղողանջես քո նոր
հաղթանակների
ժամերգությունը…
Երկնքին ծաղկող
քո Նորոգումին
տո՛ւր իմ անունը…

***
Ինձ վավերագրել ես
քո բախտից առաջ`
հիշողությանդ մատյանե կողերին…
Ու ձևաչափն իմ
շնչառությանդ պես համաչափ է,
նվիրումիդ պես` անենթակա,
տառապանքիդ պես անձև, անափ է,
ճշմարտությանդ պես՝ անվերապահ…
Ինձ վավերագրել ես դեռ ինձնից առաջ՝
քեզ այնքա՜ն նման,
որ երբ փեշիս քարերը
ծոցդ են լցվում,
ինձ ընդունում ես այնպես,
ինչպես կամ…

***
Խաչաքերծ բոլոր քո գմբեթներից
աղավնիներ են
ցայտում երկնքին…
Նրանցով ներկում եմ
խաղաղությունը
ու կանգնում լույսի
մերկության դիմաց`
տաղելու արևներիդ
հիշողությունը…

Խաչաքերծ բոլոր քո գմբեթներից
աղավնիներ են
ցայտում հավատիս…
Նրանցով ներկում եմ
աստվածությունդ
ու կանգնում լույսի
մերկության դիմաց`
ծնծղալու աշխարհին
եղելությունդ…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։