ԾՈՎԻՑ  ԾԱԳՈՂ ԱՐԵՎԸ / ՀԱՍՄԻԿ ՀՄԱՅԱԿՅԱՆ

«Գրական թերթի» արխիվից

(Առասպելաբանության հետքերով)

Արևի պաշտամունքը սկիզբ է առել Հայկական լեռնաշխարհում վաղնջական ժամանակներից և հարատևել է հազարամյակներ շարունակ: Այս երևույթի հնագույն նյութեղեն վկայություններն են ժայռապատկերներում հանդիպող արևի զանազան պատկերումները, բրոնզեդարյան ժամանակաշրջանի դամբարաններից հայտնաբերված ամենատարբեր պաշտամունքային իրերը: Մեծ հետաքրքրություն են ներկայացնում ժայռափոր կոմպոզիցիոն սյուժեներում արևի մարդակերպ աստվածությունների կերպարները՝ կենդանիների և արեգակի երկրաչափական պատկերների ուղեկցությամբ: Այս պաշտամունքի նյութեղեն վկայություններ առկա են նաև վաղ երկաթե դարի մշակույթում՝ դամբարաններից գտնված հնագիտական նյութերում, խեցեգործական առարկաների՝ սափորների, կուժերի, թասերի վրա, որոնց հիմնական մասը ծիսական կիրառություն են ունեցել:
Այս ողջ հնագիտական նյութը, ինչպես նաև մեր հոգևոր, բանավոր մշակութային ժառանգությունը՝ ավանդությունները, էպոսը, լեգենդները, հանելուկները, հեքիաթները, ծեսերն ու սովորույթները, վկայում են, որ Հայկական լեռնաշխարհի բնակիչների համար արևը հանդիսացել է նրանց կենսափիլիսոփայության առանցքներից մեկը, նրա հետ է կապվել բնության և կյանքի զարթոնքը, գարնան վերադարձն ու ընդհանրապես վերածնության, պտղաբերության և արդարության գաղափարները:
Արևի պաշտամունքի հնագույն օրրան է Վանա լճի ավազանը: Այս մասին են վկայում թե՛ երկրորդ հազարամյակի խեթական, թե՛ ավելի ուշ շրջանի ուրարտական սեպագիր աղբյուրներում, ինչպես նաև հայկական առասպելներում և ավանդազրույցներում պահպանված նյութը: Խեթական տեքստերում պահպանվել են արևին նվիրված հիմներ, ինչպես նաև Օվկիանոսի կողմից Արևի առևանգման, Արևի և Օվկիանոսի մասին երկու առասպելներ, որոնցում առկա են ծովից բարձրացող Արևի մասին պատկերացումները: Ըստ հանրահայտ ռուս գիտնական լեզվաբան Վյաչեսլավ Իվանովի՝ ծովից կամ մեծ լճից ծագող երկնային լուսատուի մասին խեթական այս պատկերացումները կարող են կապված լինել խեթերի նախնական տարածման շրջաններից արևելք ընկած որևէ մեծ լճի կամ ծովի հետ: Եվ վարկած է առաջադրում, որ դա կարող է լինել Վանա լիճը: Ըստ խեթական վերոնշյալ առասպելի՝ Օվկիանոսը (ծովը կամ մեծ լիճը) կլանում է Արևին: Նշենք, որ հնագույն առասպելաբանական մտածողության համաձայն, ծովը, ջրային տարերքը նույնացվում են նաև անդրաշխարհի հետ, և այս առասպելում ի հայտ են գալիս այն պատկերացումները, որ Օվկիանոսը կլանում է մայր մտնող Արևը, որն առավոտյան վերադարձվում է պտղաբերության հովանավոր խեթական Տելեպինուս աստծո կողմից: Ուշագրավ է, որ հայկական մի լեգենդում Արևի ննջարանը գտնվում է հենց Վանա լճի հատակին:
Ավելի ուշ, ուրարտական ժամանակաշրջանում, Ուրարտուի մայրաքաղաք Տուշպան՝ հայկական Վանը, հանդիսանում է արևի աստված Շիվինիի և նրա կնոջ՝ Տուշպուեայի պաշտամունքային կենտրոնը: Վերջինիս անունով էլ կոչվել է Տուշպա-Վան քաղաքը: Այս առումով հայկական ավանդազրույցներում պահպանվել է Վանա լճի ավազանում գտնվող Արճակ լճի հետ կապված երկու ավանդություն: Արճակի ջրերում ապրում են մի հրեղեն տղամարդ, մի հրեղեն կին և մի հրեղեն ձի: Ըստ մյուս լեգենդի` Արճակի լճում ապրում է հրեղեն հարսը, որը լողացել է Արճակի աղբյուրում: Ասում են, թե այս աղբյուրի ջուրը խմողը կբորբոքվի անարատ սիրով, իսկ ձայնն էլ անուշ կդառնա: Ենթադրելի է, որ այս հրեղեն հարսի կերպարում պահպանվել է Արևի աստվածուհու մասին Վանա լճի շրջակայքում գոյություն ունեցող հնագույն հավատալիքների արձագանքը, աստվածուհու, որն օժտված է սիրո և պտղաբերության գործառույթներով: Իսկ հրեղեն տղամարդու, կնոջ և ձիու մասին ավանդությունում ակնհայտորեն նկատելի է արևային աստվածային զույգի և այդ պաշտամունքի խորհրդանիշը հանդիսացող ձիու մասին պատկերացումների արձագանքը:
Հետագայում Վան քաղաքը հայկական առասպելաբանության մեջ կապվում է Շամիրամի հետ, որի կերպարը մասնագետները բխեցնում են Նինվեի Իշթարից (միջագետքյան սիրո և պտղաբերության աստվածուհի): Վան քաղաքը և նրա շըրջակայքը, ըստ պատմահայր Խորենացու, կառուցել է տվել Շամիրամը: Նրա մահը ևս կապվում է Վանա լճի հետ. փախչելով իրեն հետապնդողներից՝ նա հասնում է աղի ծովակի ափին և հուռութները նետելով ծովը՝ քարանում է: Ակնհայտ է Շամիրամի կապը Վանի, ինչպես նաև ուրարտական Տուշպուեա արևի դիցուհու կապը Տուշպա-Վան քաղաքի հետ: Հնարավոր է ենթադրել, որ այս երկու կերպարները միաձուլվել են:
Ուրարտական ժամանակաշրջանում Վանա լճի խալդյան դարպասները կոչվող ժայռին է փորագրվել ուրարտական ողջ պետական դիցարանն արտացոլող պաշտամունքային սեպագիր արձանագրությունը: Խալդին ուրարտական դիցարանի գերագույն աստվածությունն էր և, դատելով պատկերագրությունից, ունեցել է արևի աստծո հատկանիշներ: Հետագայում նրա կերպարը հավանաբար միաձուլվել է հայկական էպոսի չորրորդ ճյուղի գլխավոր հերոս Փոքր Մհերի հետ: Ըստ ավանդության՝ հենց այդ նույն խալդյան՝ հետագայում Մհերի դուռ կոչվող դարպասից է ներս մտել աշխարհի անարդարությունից խռոված Փոքր Մհերը, որի համարժեքը հայկական դիցարանում կրակի և արևի աստված Միհրն էր: Վերջինիս պաշտամունքը լայնորեն տարածված է Հայաստանում:
Հայկական հավատալիքներում արևային հատկանիշներ ունեցող աստվածություններից է նաև Վահագնը, որը «հուր հեր ունէր, ապա թէ բոց ունէր մորուս եւ աչկունքն էին արեգակունք»: Վահագնի մականունն էր վիշապաքաղ, այսինքն՝ վիշապասպան: Հայկական ավանդապատումներում Վանա լճի մասին պահպանվել է հետևյալ զրույցը. Վանա լճում ապրում էին ահռելի վիշապներ, որոնց հրեշտակները բարձրացնում էին արևի մոտ, և արևը այրում էր նրանց՝ վերածելով սև մոխրի: Վահագն էլ, որպես արևային աստված, համարվում է վիշապասպան: Ընդհանրապես, վիշապի հետ արևային աստծո պայքարի մոտիվը հնդեվրոպական հիմնական առասպելական սյուժեներից է:
Արևի աստծո խորհրդանիշներից է համարվում նաև մեծ թռչունը՝ արծիվը, որը հանդիպում է հին ժողովուրդների առասպելաբանական պատկերացումներում: Վանա լճի հետ կապված մի ավանդազրույցում, երբ արեգակը դուրս է գալիս ծովից, երկրին շատ մոտիկ է լինում, և եթե նրա դիմաց դուրս չգա մի մեծ թըռչուն, որն իր հսկայական թևերով հովանի է անում երկրին, արևը կարող է այրել ու մոխրացնել երկիրը: Թռչնի թևերը խանձվում են, նա անկենդան ընկնում է ծովի մեջ, զովանում, բուժվում և մյուս առավոտ կազդուրված նորից դուրս է գալիս արևի դեմ՝ երկրին հովանի անելու:
Մեկ այլ լեգենդ էլ է կապված Վանա լճի Աղթամար կղզու հետ, որն առավել հայտնի է Հովհաննես Թումանյանի հրաշալի մշակմամբ: Ըստ այս լեգենդի՝ ամեն գիշեր երիտասարդ պատանին նետվում էր լիճը և լողալով հասնում էր իր սիրած աղջկա՝ Թամարի մոտ, որը ջահը ձեռքին սպասում էր նրան: Մի օր էլ կղզու բնակիչները, իմանալով երիտասարդ սիրահարների մասին, հանգցնում են կրակը: Պատանին, ալեկոծ լճում կորցնելով ճանապարհը, մոլորվում է ալիքների մեջ և մրմնջալով սիրած աղջկա անունը՝ ա՜խ Թամար, ա՜խ Թամար, խեղդվում է: Կըղզին այդ օրվանից կոչվում է Աղթամար: Այս լեգենդը որոշ առումներով կարելի է հանգեցնել սիրո և պտղաբերության աստվածուհու և նրա սիրեցյալի՝ մեռնող-հարություն առնող արևային աստծո մասին առասպելույթին, որը տարածված էր Շումերից ու Աքքադից մինչև Հունաստան, Փոքր Ասիա և Հայկական լեռնաշխարհ: Շումերում դա Իննանան և Դումուզին են, Աքքադում՝ Իշթարն ու Թամուզը, Հունաստանում՝ Աֆրոդիտեն և Ադոնիսը, Փոքր Ասիայում՝ Կիբելեն և Ատտիսը, իսկ հայկական հավատալիքներում՝ Արա Գեղեցիկն ու Շամիրամը: Նկատենք, որ Աղթամարի լեգենդում տղան զոհվում է գիշերով ալեկոծ լճում, որն, ինչպես նշեցինք արդեն, ըստ հնագույն պատկերացումների, խորհրդանշում է անդրաշխարհը: Վերոնշյալ բոլոր աստվածությունները՝ Դումուզին, Թամուզը, Ադոնիսը, Արա Գեղեցիկը ևս մահանում են աստվածուհու սիրո պատճառով: Նրանց մահն ու վերածնունդը խորհրդանշում են բնության մեծ ու փոքր շրջափուլերը՝ ցերեկ-գիշեր, գարուն-ձմեռ: Այս աստվածությունների վերակենդանացմամբ զարթոնք է ապրում բնությունը, վերստին ծագում է արևը:
Այս ողջ շարադրանքը վկայում է այն մասին, որ Վանա լճում և նրա ավազանում հնագույն ժամանակներից ի վեր տարածված է եղել արևի պաշտամունքը, որի արձագանքները հասել են մինչև քսաներորդ դարն անգամ: Վան քաղաքի մերձակայքում ապրող հայերի մեջ քսաներորդ դարում տարածված է եղել հետևյալ սովորույթը. արևածագին նորապսակները բարձրացրել են տան տանիքին` դեմքով շրջվելով դեպի արեգակը, իսկ ներքևում կանգնած մարդիկ երկնային լուսատուին ուղղված ձոն-երգով արև են խնդրել թագավորի ու թագուհու, այսինքն՝ փեսայի ու հարսի համար.
Էգ (այգ), բարև, ա՛յ էգ, բարև,
Էգն արևուն տանք բարև,
Տա թագավորին շատ արև,
Վահե, Վահե՜:
Էգ (այգ), բարև, ա՛յ էգ, բարև,
Էգն արևուն տանք բարև,
Տա թագուհուն շատ արև,
Վահե՜, Վահե՜:

ՀԱՍՄԻԿ ՀՄԱՅԱԿՅԱՆ
ԳԱԱ Արևելագիտության
ին-տի գիտաշխատող

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։