Մեծագույն հաճույքով կարդացի Բաբկեն Սիմոնյանի “Раздумья перед Араратом” ռուսալեզու բանաստեղծությունների ժողովածուն, որն ընդգրկում է հեղինակի 30 տարիների գրական մեծարժեք քերթվածները, որոնք թարգմանվել են տարբեր ազգի բանաստեղծների կողմից: Գիրքը մեծապես շահել է, քանի որ խմբագիրը մեծատաղանդ թարգմանիչ Ալբերտ Նալբանդյանն է:
Գրքի սկզբում հայերենով, Բաբկեն Սիմոնյանի ձեռագրով նրա հավատամք-խոստովանությունն է.
Ինձ ինչ, թե աշխարհը սրբապիղծ է ու կեղծ,//Ես մնացի շիտակ, Մասիսի պես անեղծ:
«Առաջաբանի փոխարեն» հատվածում դրված է սերբ բանաստեղծ, արձակագիր, գրաքննադատ Նենադ Գրուիչիչի սեղմ, սակայն իմաստուն ու ներգործուն խոսքը: Սերբ գրողը Բաբկեն Սիմոնյան բանաստեղծի, թարգմանչի, հասարակական գործչի, մարդու, քաղաքացու, հայ և սերբ ժողովուրդների ճակատագրի ու գրականության նվիրյալի մասին ասել է սպառիչ ու սրտալի խոսք: Երջանիկ է այն գրողը, որի մասին մեկ այլ ազգի նշանավոր գրող կասի նման գնահատանքի խոսք: Գրուիչիչի գնահատմամբ՝ Բաբկեն Սիմոնյանը «պոեզիան ընկալում է որպես գրական խոսքի բարձրագույն տեսակ, որով նրա պոեզիան հնչում է հանգի ողջ գեղեցկությամբ»:
Ինչո՛ւ այս գրախոսականի խորագրում ես չեմ շեշտել հայ հայրենասեր բառը: Պատճառը պարզ է, եթե որևէ մեկը ազնիվ, բարի, մարդկային ամենակարևոր հատկանիշներով օժտված մարդ է, ապա նա չի կարող չսիրել իր հայրենիքը: Դրա օրինակը մեզ տվել են համաշխարհային գրականության մեծերը՝ Հոմերոսը, Ֆիրդուսին, Լև Տոլստոյը, Վիկտոր Հյուգոն, Վալտեր Սկոտը, Գարսիա Լորկան, Խաչատուր Աբովյանը, Հովհաննես Թումանյանը և շատ-շատերը:
Բ. Սիմոնյանի բանաստեղծությունների ժողովածուի խորագիրն արդեն հուշում է նրա բովանդակությունը՝ «Մտորումներ Արարատի առջև»: Գիրքը սկսվում է «Նախնիների երկիր» բաժնով, որում բնականաբար հային բնորոշ խորհրդանիշերն են՝ Արարատ լեռը, հայկական ծիրանը, Գառնիի տաճարը, խաչքարերը, մեր վանքերը, Շուշի քաղաքը, Հայ Բագրատունիների տիեզերահռչակ Անի մայրաքաղաքը, կորցրած Վանը, Արաքս գետը, Ծիծեռնակաբերդի ցեղասպանության հուշահամալիրը, Հայաստանին այնքան բնորոշ խաղողի այգին և այլն:
Բաբկեն Սիմոնյանը Հայոց մեծ ցեղասպանությունը վերապրած ծնողների զավակ է: Հայրը Վանից էր, իսկ մայրը՝ պատմական Բայազետից: Մարդը մինչև խորին ծերություն հիշում է իր մանկությունը՝ հատկապես իր ծննդավայրը. մարդը կարոտում է իր մանկությանը՝ հատկապես, եթե այն երջանիկ է եղել: Սակայն Սիմոնյանի ծնողների մանկությունը դաժանորեն ընդհատվել է, և մնացել է միայն քաղցր հուշը, որը նրանք կիսել են իրենց զավակների հետ: Հայաստանի անկախությունից հետո հնարավոր եղավ մեկնել Արևմտյան Հայաստան, և շատերի հետ Սիմոնյանն էլ այնտեղից՝ Վանից, հող բերեց իր հոր շիրիմի համար:
Շատ գեղեցիկ բանաստեղծություն է «Վասպուրական»-ը, որը բանաստեղծը նվիրել է հոր՝ Ավետիս Սիմոնյանի հիշատակին: Այդ բանաստեղծությունը գրվել է Բելգրադում՝ 1998-ին:
Ովքեր տեսել են Մհերի դուռը, սեպագրերով քանդակված, կհասկանան, թե ինչ խոր փիլիսոփայությամբ է օժտված եղել հայը, Քրիստոսի ծննդից առաջ, նման կենսական տառապանքը ներկայացնելով իրական կյանքի և անդրաշխարհի անհայտության իր որոնմամբ: Էպոսում Փոքր Մհերը դեռ ապրում է դռան հետևում, և բանաստեղծը երազում է, որ հայերի ու մարդկության կյանքի նոր ու խաղաղ արշալույսը բացվի, այդժամ վերջապես կբացվի Մհերի դուռը:
Խոր ցավն է պատել բանաստեղծի սրտին, որովհետև այս աշխարհում հանցագործներին չեն պատժում: Բաբկեն Սիմոնյանի Վան-Վասպուրականի խոհերն այնքան ներդաշն են աշխարհահռչակ նկարիչ Արշիլ Գորկու խորհրդածություններին: Վերջինս համոզված էր, թե հայկական ծիրանի մեջ ամփոփված է ողջ տիեզերքը, ու երազում էր իր արվեստով ճանաչելի դառնալ ողջ աշխարհում, այդ ձևով վերագտնելու էր մարդկության համար կորցրած հայկական Վանը: Իհարկե Վան-Վասպուրականից փրկված միակ մասունքը Աղթամար կղզու վրա պահպանված Սուրբ Խաչ տաճարն է, որն իրավամբ համարվում է X դարի ճարտարապետության գլուխգործոց բազմաթիվ եվրոպացի հայագետների գնահատմամբ: Գրքի «Նախնիների երկիր» բաժնում կա «Աղոթք առ Հայաստան» բանաստեղծությունը՝ գրված 2014-ին, որում Սիմոնյանը բանաստեղծական բոլոր տներում աղոթում և խնդրում է Ամենակալին՝ վերածնելու Հայաստանը բոլոր առումներով:
Գրքի երկրորդ բաժինը նվիրված է բանաստեղծի մորը: Սրբազան խոհերում հեղինակը հիշում է իր սիրասուն մորը, որն անգամ մահվանից հետո իր օրինակով, իր նվիրումով, անսահման սիրով ուղեկցում է բանաստեղծին: Չկա մի հայ մարդ, որին չհուզի Սմբատ Շահազիզի մորը նվիրված «Երազ» հրաշք բանաստեղծությունը, որը երգի է վերածել հանճարեղ Կոմիտասը: «Ես լսեցի մի անուշ ձայն, իմ ծերացած մոր մոտ էր…». սա բոլոր զգայուն մարդկանց առ մայրն ունեցած կարոտի զգացողությունն է, մոր հետ կապված հավերժական կապը, որը մարդուն ուղեկցում է ողջ իրական կյանքում: Ահա այդ զգացողությունները Սիմոնյանն այնքա՜ն բնական ու անկեղծ հաղորդում է ընթերցողին:
Գիրքն ամբողջական չէր լինի, եթե նրանում տեղ գտած չլինեին Սիմոնյանի երկրորդ հայրենիքին՝ Սերբիային նվիրված բազմաքանակ բանաստեղծությունները:
Հետաքրքիր է, որ դեռ շատ երիտասարդ բանաստեղծը 1993-ին թողել է իր «կտակը», որով պատգամում է մահից հետո այրել իր մարմինը ու մոխիրը շաղ տալ Հայոց լեռներում, սակայն մի բուռ էլ պահել Սերբիայի վրա շաղ տալու համար:
Նրա բանաստեղծություններից երևում է, թե որքան նպատակաուղղված բացահայտել է հայկական հետքերը Սերբիայում: Կոսովոն Սերբիայի ցավն է, ինչպես այսօրվա Հայաստանի համար՝ Արցախը: Կոսովոյի մասին բանաստեղծը գրում է Ծաղկաձորում, Երևանում. Կոսովոն իսկական սերբ մարդու նման Սիմոնյանին տանջող ցավ է: Կոսովոն նրան այցելում է երազներում: Երկու բախտակից ժողովուրդների՝ հայերի ու սերբերի ճակատագրերը բանաստեղծի հոգու նվիրական անկյուններում են: Կոսովոյի ճակատամարտը զուգադրվում է Ավարայրի, Սարդարապատի, Արցախյան գոյամարտի հետ: Բաբկեն Սիմոնյանը դիմում է Աստծուն, և նրա հավատն անսասան է: Վիեննայում է գրվել “Ave Maria” բանաստեղծությունը՝ ուղղված Աստվածամոր օգնությանը: Գիտենք, որ Մխիթար Սեբաստացին հայ ժողովրդին լուսավորության միջոցով փրկելու փափագով Սևանա կղզու եկեղեցիներից մեկում դիմեց Աստվածամորը, և վերջինս խոստացավ կատարել նրա փափագը. նա երևաց որպես տեսիլ: Ահա իր իղձերի կատարման համար էլ բանաստեղծը 2009-ին դիմում է Աստվածամորը:
Մեկ ուրիշ բանաստեղծության մեջ՝ “Мольба’’, նա խնդրում է, որ հայրենի հողի մի կտորը դառնա իր գերեզմանը: Սա գրված է 2014-ին՝ Երևանում: Գիտենք, թե մեր հարևան թշնամիները ինչպես ոչնչացրին Հին Ջուղայի արվեստի գլուխգործոց խաչքարերը, այնպես որ հայրենի հողում թաղվելը նույնպես երազանք է: Գրքի վերջին բաժինը կոչվում է «Հոգու խաչմերուկներում»: Այստեղ քննվում են ամենատարբեր մոտիվներ: Իհարկե շոշափվում են կյանքի ու մահվան խնդիրներ: Գրքում հայտնվում է այդ խնդիրները հանճարեղ ձևով պատկերած Սայաթ-Նովան: Բանաստեղծությունը գրված է Թբիլիսիում: Հետևելով ուշ միջնադարի հայ հանճարին՝ Սիմոնյանը բանաստեղծության ամեն քառատողի վերջում դնում է նույն կրկնակը՝ Սայաթ-Նովա: Հայտնի ջութակահար Էդուարդ Թադևոսյանին է նվիրված «Ջութակ» քերթվածը, որը բացահայտում է ջութակի միջոցով բանական արարածի ներաշխարհի ներքին ապրումները բացահայտելու հնարավորությունները:
Սիմոնյանի բանաստեղծություններում երևում է հայ ընտանիքի սրբությունները պահպանելու պահանջը:
Բաբկեն Սիմոնյանը գրքի վերջում դրել է իր մասին ասված բազմաթիվ կարծիքներ, ստացած պարգևների ցուցակը, որոնց մեջ ամենակարևորը 2015-ին Սերբիայի կառավարությունից ստացած «Սերբիայի Հանրապետության Ոսկե մեդալն» է: Առկա է նաև բառերի բացատրության անհրաժեշտ բառարան:
Հրաշալի կլիներ, որ այս գիրքը նույն մակարդակով թարգմանվեր անգլերեն՝ աշխարհին հայ բանաստեղծի մարդասիրական ասելիքը հաղորդակից դարձնելու համար: