«…Եվ մի բա՜ռ ծնվեց՝ ոգուս կերպարանքով»։
Ռոբերտ Եսայան
Բառը՝ լույս, բառը՝ բացող դուռ դեպի անհունի խորքը, բառը՝ բիբ աստղի, բառը՝ շեմ հավատի ու Անհայտի՝ մինչև «ենթագրերը ճերմակ լռության»…
«Ես գրիչ առա ձեռքս և իջա արշալույսների շուրթերի վրա՝ փոխվելու բառի՜, թրթիռի՜, դողի՜…»։
Ահա այսպես՝ բառի ու ինքնատիպ բառ-երգի միահյուսքն է բանաստեղծությունը նրա՝ Ռոբերտ Եսայանի՝ առանձին-առանձին և միասնաբար՝ իբրև հոծ շղթա։ Գրողն ապրում է Բառի մեջ՝ որպես «զանգահարը Ոգու»։
«Բանաստեղծն անդրադարձվում է իր իսկ անցած ճանապարհի հետքերից։ Տողերի միջև շնչող տարածությունը շիկացնում է ապրումները, հոգեբանական անցումներ գծում նոր առնչությունների համար»,- ասում է նա։
Բառի տեղն ու դերը գրողն այսպես է ներկայացնում՝ անկախ նրանից՝ հոգեբանական, հուզազգացական ի՛նչ վիճակի պատկեր ստանալու կտավի առջև է կանգնած։ «Հոգեվիճակների շղթան ձգվում է նո՜ր շրջադարձով… Եվ ազատ տողի կոլորիտը ճերմակ տուրք չէ ամենևին, այլ՝ հոգու տարե՜րք…»։ Միևնույնն է, արդեն իսկ հայտնի է բոլոր բաց ու փակ, անհայտ ու հայտնի, այնկողմյան ու այսկողմյան դռների ոգեղեն ու ոգեհունց բանալին՝ Բառը եսայանական։
Անհաս մի լռությամբ է գրողն այդ բանալին տրամադրում ընթերցողին՝ գրքի առաջաբանում՝ յուրատեսակ «Ինքնազննումով»։ Առաջադրված բոլոր հարցերի պատասխանները, ի դեպ, արձակ տողերից զատ, հյուսվում են նաև տրամաբանորեն շղթայակերպ՝ նրա չափածո էջերում՝ բանաստեղծի խորքային, իրեն հատուկ պոետիկ մոտեցմամբ։
«Բառերիս միջով հոսում է երկինքը։ Տողերս դռներ են, որոնցով հորդում է ժամանակի ոգին»,- նրա մտքերն են։ Եվ խոսել այդ տողերի մասին կարելի է միայն՝ հավատարիմ մնալով հեղինակի Բառի ու գրչի ոգուն, ասել է՝ բառի ծավալատարածական ու զգացական ընկալումների՝ միայն իր իսկ բառացի մեջբերումները կիրառելով։
Նրա լռությունը քրտնող բառերի տառապանքի գնով է գտնում իրեն, և «առաջին անգամ բացվող կրծքի նման՝ ճերմակ թուղթն է հևում» աստվածային այդ հպումից։ Խոսուն այս մտքով գրողի բարձր ձգտումն է՝ Բառի արժեքը ի ցույց դնելու։ Ահա ևս մեկ ապացույց նրա՝ ինքն իրենից հեռանալու և Բառի ոգուն հասնելու։ «Ես ընտրում եմ բառը, որպեսզի հոգու դատարկությունը կրճատվի քիչ-քիչ՝ լցվելով լույսի շնչառությա՜մբ։ Ընտրում եմ բառի անհայտությունը, ուր լռությունս հոգու պահո՜ւստ է»։
«Ամեն մի գիրք ստեղծելիս փորձում եմ հատել ներաշխարհիս սահմանագծերը, սովորույթի փակուղուց շարժվել դեպի զգացողության անսահմանությունը»,- բանաստեղծի՝ իր իսկ տողերում ու տողերով ապրելու՝ ընթերցողին տրվող բանալի-մտքերից ևս մեկը։
«…Այդպես բողբոջի շուրթով սահում է սարսուռը լույսի…». ժողովածուի շարքերը բացող գրերից է՝ բանաստեղծորեն սարսռուն ու լուսավոր, պատկերավոր ու խոսուն՝ նյութեղենության հասնող։ Ի դեպ, գրքում այսպիսի մտքերը առավել խոր, քան լայն տարածք են գրավում և առանձնահատուկ ուշադրության են արժանի։
«Երկինքը թե փորձի հենվել մի անգամ աղոթողների ձեռքերի վրա, չի՞ փլվի արդյոք։ Մեղա՜, մեղա՜, մեղա՜»։ Տողեր, որոնք ապացույցն են գրողի՝ «Ինքնազննումի» արդյունքում ևս մեկ բացահայտման, թե՝ «…կատարյալ չէ բանաստեղծական և ոչ մի ձև, եթե այն բանաստեղծի ինքնահաղթահարո՛ւմը չէ»։
Գրողի «ինքնահաղթահարումը» տրվում է ժամանակի և տարածության մեջ՝ լռություն-բանաստեղծության հենքի վրա, իսկ ահա մյուս կողմից՝ նույն խոսուն լռությամբ հայտնվում են Ես-ի բոլոր՝ ուղղահայաց ու զուգահեռ հատվածական կետերում՝ գրողի ստեղծագործության իդեալ-գագաթնակետին հասնելու զույգ ուղիները՝ Ինքնահեռացումը և Ինքնամոտեցումը՝ երկու դեպքում էլ՝ թե՛ առանձին, թե՛ միասին՝ տրամաբանորեն անխախտ դաշն կազմելով. «Ստեղծագործությունը ինքնահեռացում է կամ ինքնամոտեցում, նայած թե ո՜ր նժարին է կանգնում ճանաչողության լույսը»։
Մի դեպքում՝ բանաստեղծը փիլիսոփայորեն հեռանում է ինքն իրենից՝ հասնելով անհասանելիին, ապա կրկին վերադառնում՝ բերելու Լույսը Անհասի և ավետիսը նրա գոյության, «Եվ բառի հոգին փնտրում է և գտնո՜ւմ իմ Սկիզբը»։ Մեկ այլ դեպքում՝ երջանկության խենթ որոնումներում նա գիտակցաբար պնդում է. «Դեռ երկինքը շփոթվում է աչքերիս մեջ, ասել է թե՝ նույն սիրահար պատանին եմ», թեև… «պահը չայցելած՝ մասնի՜կն է անցյալի»։
«….Ես ճանաչում եմ իմ կեղևը, երբ իմ տեսողության կաղապարը ճեղքում է բառը…». Ռոբերտ Եսայան։
Կարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Բան. գիտ. թեկնածու, դոցենտ