Անցյալ դարի 70-ականներին, երբ ՀԳՄ անդամ դառնալու մի քանի տասնյակ դիմորդներից քչերին էր բախտը ժպտում, չէիր կարող գործընթացին իմիջիայլոց վերաբերվել: Մանավանդ իմ դեպքում, որ անգամ բրոշյուր չէր հրատարակել, երբ ՀԳՄ մուտքի վիզա ստանալու համար գրքերի պարագան կարևոր նախապայման էր: Ես ընդամենը բանաստեղծություններ էի տպագրել «Գարուն», «Սովետական գրականություն» ամսագրերում, «Գրական թերթ»-ում ու մի երկու ալմանախում, թեև հասցրել էի թարգմանվել մի քանի այլ լեզուներով: Դրականն այն էր, որ 60-ականների բանաստեղծական սերնդին նվիրված նյութերում նաև իմ անունն էր հիշատակվում՝ որպես ստեղծագործական ներուժ ունեցողի: Այսքանը: Բնականաբար, հայտ ներկայացնելն արկածախնդրություն էր թվում: Օգնեց պատահականությունը կամ, գուցե, նախախնամությամբ էր ծրագրված, որ այդպես լիներ: Գրողների տան միջանցքում հանդիպեցի Վարդգես Պետրոսյանին: Մի քանի հերթապահ բառերից հետո Պետրոսյանն անակնկալ հարցրեց. «ՀԳՄ անդամության համար դիմում ներկայացրե՞լ ես»: Անակնկալի եկա, ասացի, որ այդ մասին չեմ էլ մտածել: «Ինչո՞ւ»,- հարցրեց: «Որովհետև գիրք չունեմ»,- ասացի: «Ինչ ունես-չունես հավաքիր ու գործերդ ներկայացրու»,- ասաց: «Բայց…»,- փորձեցի ընդդիմանալ: «Էլ ի՞նչ բայց»,- կարծես բարկացած՝ խոսքս չլսելու տվեց ու արագ հեռացավ: Ստիպված էի զբաղվել գործերս հավաքելով: Հիմա չեմ հիշում՝ ովքեր երաշխավորագրեր գրեցին, բայց կարծես այդ հարցում դժվարություններ չունեցա; Կարճ, հասցրեցի պահանջվածը հավաքել ու դիմումս ներկայացնել, թեև տագնապ ունեի, որ իզուր եմ ջանում, քանի որ դիմողների քանակն աննախադեպ էր: Ճիշտ է, Վարդգես Պետրոսյանը ՀԳՄ նախագահն էր, սակայն հանձնաժողովի կազմում քիչ չէին հեղինակությունները: 1976 թվականն էր:
Հիշում եմ, մարդաշատ էր միության շենքը: Սպասում էինք հանձնաժողովի նիստի արդյունքներին: Վերջապես հայտարարվեց ընդունվածների անունները, որոնց թվում՝ նաև իմ անունը: Թվում էր՝ ինձ համար ամեն ինչ հեշտ ստացվեց, սակայն այդպես չէր: Վստահ եմ, որ իմ ապրումներն ու տագնապները մյուսների ապրումների ու տագնապների ծանրությունն ունեին: Այդպես էր, որովհետև ինձ համար գրողական համայնքի անդամ լինելը ոչ թե իրադարձություն էր, այլ՝ ճակատագիր: