2009 թվականին, երբ ՀԳՄ նախագահն էր հարգարժան Լևոն Անանյանը, ես՝ արդեն չորս բանաստեղծական ժողովածուի և երկու ալմանախի հեղինակ, անհրաժեշտ համարեցի դիմում ներկայացնել գրողների միությանն անդամագրվելու համար։ Չեմ մոռանում, որ այդ հարցում ինձ ոգևորեցին ու սատար եղան սիրելի Վահագն Սարգսյանը՝ «Հայաստան» հրատարակչության տնօրեն և իմ գրքերի խմբագիր, իմ առաջին՝ «Երկնալույս» գրքի առաջաբանի հեղինակ, անվանի գրող Մկրտիչ Սարգսյանի որդին, նաև՝ ճանաչված բանաստեղծ, թարգմանիչ Ներսես Աթաբեկյանը։ Երաշխավորագրեր տվեցին Լիպարիտ Սարգսյանը, Ներսես Աթաբեկյանը և Սամվել Բեգլարյանը։ Ներկայացրի անհրաժեշտ փաստաթղթերը և հուզումով սպասեցի, թե ինչ կորոշի ընդունող հանձնաժողովը։ Բարեբախտաբար պարզվեց, որ ընդունվել եմ։ Եվ, ահա, մի գեղեցիկ օր, ՀԳՄ կլոր սրահում, հանդիսավորությամբ Լևոն Անանյանը նորընծա անդամներիս հանձնեց անդամատոմսերը։ Ներկա էին և շնորհավորեցին նաև Ալեքսանդր և Անահիտ Թոփչյանները՝ շամպայնի բաժակների տոնական զնգոցով ու հեղինակավոր բարեմաղթանքներով։ Այսօրվա պես հիշում եմ Ալ. Թոփչյանի հետաքրքիր նկատումը, թե ՀԳՄ անդամ դառնալը մի փորձանք է (իր բառով՝ խաթա), քանի որ շատերը, անդամագրվելուց հետո, կարծես թե վերջացնում են գրական գործունեությունը, դադարում գրել. «Դուք աշխատեք այդպիսին չլինել…»:
Ասեմ, որ անկասկած ՀԳՄ անդամությունը հեղինակություն է՝ նախ և առաջ, ապա՝ ոգևորության ակունք ու նվիրում։ Հպարտություն ու անուն է և նվիրական երազանքի իրականացում։ Երազանք, որ ուղեկցել էր ինձ երկար տարիներ։ Իսկ որպես արձագանք Ալ. Թոփչյանի խրատական զգուշացման՝ ասեմ, որ ինձ համար ստեղծագործելը ամենօրյա հաց ու ջրի նման է։