Արտաշես ԱՐԱՄ

Հրաժեշտի խոսք 
Վանո Սիրադեղյանին
Ե՛տ դարձար և արդեն մեկնո՛ւմ ես,
Շուրթերիդ նույն ժպիտը հեգնոտ…
Էն խենթ ու գիսավոր աստղի պես
Դու հավերժ ժամանող ու մեկնող:
Թիկունքում՝ ավարտուն-անավարտ
Քո ջա՛նքը, քո գո՛րծը, քո գի՛րը.
Գալիքի քո հույսը՝ անաղարտ,
Չարի դեմ մաքառող երկիրդ…
Ետ դարձա՛ր, մեկնում ես պարտասուն,
Ընտրյալի դրոշմը ճակատիդ…
Դիպվածը՝ ճշմարի՛տ, բախտը՝ սո՛ւտ,
Դու՝ կրտսեր արքայազն հեքիաթի:
Ե՛տ դարձար, մեկնո՛ւմ ես, ինչ արած,
Կա ունա՛յն, անցողի՛կ, կա հավե՛րժ…
Մխո՛ւմ է, մխո՛ւմ է վերքդ բաց,
Կյանքը քո թռիչք էր գահավեժ,
Մեկնո՛ւմ ես քո ուղին՝ երկնահած,
(Չքվել են բառերը ամոքիչ)
Գուցե թե կփակվի վերքդ բաց,-
Այն կողմում, աշխարհում անմեկին։
03.12.2021

Ուշացած երգեր Գայանեին
 Ա
…75՝ անիրակա՛ն թիվ,
Եվ երևանյան փողոցնե՜ր, մայթե՜ր,
Եվ վե՛ր խոյացող հմա՛յքդ անտիկ,
Աչքեր՝ թախծահո՛ւշ, շառագույն այտե՛ր:
Աբովյան փողո՛ց, Աբովյան պուրա՛կ,
Մայիսյան անձրև, ծամերը քո՝ թա՛ց…
Դեռ թրթռո՛ւմ է քողը այն բարակ,
Եվ քո հայացքն այդ՝ քողին համընթաց:
Եվ արտաբերած բառերը՝ ունա՛յն,
Եվ այնքա՜ն խոսուն լռությունը՝ քո,
Հետո՝ լույսն աղո՛տ, քո դեմքը՝ գունատ,
Կոնն ուղղանկյո՛ւն է, ուղղանկյունը՝ կոն:
5.09.2020
Բ
Ցո՛ւրտ է: Մարմրող խարույկն է մխում,
Իսկ դու հեռավոր ինչ-որ հարկի տակ,
Կոտրված սրտով, աչքերով տխուր
Նայո՛ւմ ես ծյուրվող աստղին այն սուտակ:
Եվ բառեր պետք չե՛ն, և պետք չէ ոչի՛նչ
(Դու ոտից գլուխ հո՛ւշ ես ու դյութա՛նք)։
Ես ստվերել եմ երազը քո ջինջ,
Է՛ն խենթ օրերում իմ պատանության:
Ո՞ւր եմ գնում այս ցրտին ճքճքան,
Ինձ ո՞ւր են տանում քայլերս հլու…
Որտեղ էլ գնա՛մ, դու այնտեղ չկա՛ս,
Ուր հասնե՛մ, այնտեղ դու չե՛ս լինելու:

Գ
Իմ օրերում այս անիրական
Դու՝ կանթեղ հուսո, դու՝ գոյ անեղծ…
Հասել անդունդի եզրին, սակա՛յն
Դեռ քե՛զ եմ փնտրում, ի՛մ Գայանե:
Թեկուզ ուշացած, տարիներ անց,
Եթե կարող ես, դու ինձ ների՛ր…
Իմ պատանության կորուսյալ գանձ,
Իմ բացառիկ և անկրկնելի,
Քանի դեռ թուխպն ինձ չի՛ կալանել,
Եվ չի՛ կլանել խավարն ինձ դեռ,
Ուզում եմ ձա՛յն տալ՝ ի՛մ Գայանե,
Դու իմ անմոռա՛ց, միա՛կ իմ սեր:
Բոլոր դռները գո՛ց են, գիտեմ,
Փա՛կ է դեպի քեզ բերող ճամփան…
Կուզեի ծունկի իջնել քո դեմ,
Քեզանից ներում հայցել անբառ…
09.05.2021
Դ
Այգին հատե՛լ են, թթենին չկա՛,
Ինչ-որ հեծաններ, ինչ-որ ցցեր, ու
Նման հեքիաթի այն որբ աղջկան,
Կասկածն է մարդկանց դուռը ծեծելու:
Թթենին չկա, փոշին ու տապը
Կիտվել են բակում քո հայրական տան,
Եվ անդառնալի խզվել է կապը,
Եվ դղրդո՛ւմ են վիհերը անտակ:
Թթենին չկա՛, իսկ որտե՞ղ ես դու,
Օթևանել ես ո՞ր բարձրահարկում:
Եվ մեր ողջ կյանքը անկատար՝ խոստում,
Եվ մեր ողջ կյանքը խորշակահար գուղձ:
Կապարձակ տենդը գվվում է օդում,
Եվ երկատվում են բառն ու հնչյունը։
Երանի նրան, ով չի՛ կարոտում,
Երանի նրան, ով կորուստ չունի:

Ե
Բիլ տեսիլների նախատարրը հիր,
Հեռավոր եզե՛րք, երկի՛ր անանուն…
Եվ դու այդ երկրի թախծոտ տիրուհին՝
Իբրև վերնային ջանքի արարում:
Հորիզոններում իմ պատանության
Նուշ աչքերը քո, ծամերը քո թուխ…
Դու՝ առկայծող լո՛ւյս, անապակ՝ դյութա՛նք,
Իսկ մնացյալը ցնորք էր ու ծուխ:
Դու ե՞րբ ես անսիրտ ու անգութ եղել…
Վերջնախա՞ղ, գուցե՝ վերջին արար, ու
Քո դեմքը լուսե և աննյութեղեն.
Իբրև վերնային ջանքի արարում:
15.08.2021
Զ
Ինչ-որ տեղ հիմա ցնցվում է հողը,
Եվ դու ելնում ես կածանով մի նեղ…
Սրտիդ՝ ծակոցը, շուրթերիդ՝ դողը,
Եվ ինչ ասել է լինել-չլինել…
Դիպվածի մատնահետքերը ցավոտ
Անցնող օրերի ստեղնաշարին:
Նշե աչքերդ պատվել են խավով,
Եվ հայացքը քո աստեղաշավիղ…
Քանի դեռ սիրտս զարկում է, հոգե՛կ,
Ունկնդրելու եմ զարկերը սրտիդ,_
Հեռվի՛ց: Կրակե շապիկ եմ հագել,
Բայց դեռ դողում եմ, դողո՛ւմ եմ ցրտից:
19.11.2021

«Քաղաքը» շարքից
Գայանեին
Հուշը
Պողոտաներդ՝ ձույլ ու հյուսածո,
Եզրաքար ու մայթ, փողոց ու կանգառ:
Եվ եղել է մի լույսից հյուսված օր,
Երբ քո «Աբովյան» փողոցում հանկարծ
Ես հանդիպեցի չքնաղ վիթին այն…
Ժպտուն աչքերում թախիծ կար անքող:
Եվ իմաստնացած օրերը ունայն
Լցվեցին սիրո՛վ, դյութանքո՛վ, կյանքո՛վ:
Մեր հանդիպումը լոկ պա՛հ էր անձուկ,
Սակայն նա հոգուս խորերում մնաց,
Որ ինձ գալիքի օրերում այս ցուրտ
Ջերմացնի հուշի թովչանքով անանց:
22.08.2016

Տեսիլքը
Ծանոթ բազրիքներ, փշրանքներ հուշի,
Ինչ-որ՝ զարդացանց և ինչ-որ՝ հանգույց.
Մի աղջնակ է կանգնել մեկուսի
Եվ բազրիքներին նայում է անքույթ,
Նա՛ է երևի ոգին քաղաքի,
Որ աղջնակի իր կերպարանքով
Ընդդեմ ժխորի և աղաղակի,
Մեղեդու նման ձգվում է անկոր:
Տխուր ժպիտ կա խորքում աչքերի,
Շուրթերին անբառ ինչ-որ՝ շարական:
Աշխարհն՝ անկատար, ինքը՝ անթերի,
Ինքը՝ անմարմին, աշխարհն՝ իրական:

***
Կարինե Խոդիկյանին
Արթնացիր կանուխ, ախր առանց քո
Ներհուն հայացքի աշխարհը որբ է…
Սարսո՛ւռն է սողում երկրի առանցքով,
Եվ արեգա՛կն է տագնապում մոր պես:
Ագռա՛վն է պահվել սաղարթում կեչու,
Եվ մշուշվում են աչքերը Նոյի
Իրարանցման մեջ, որ կյա՛նք ենք կոչում,
Գաղտնագրվում է ընթացքը գոյի:
Պատումն ընդհատվեց, լռե՛լ է կանչը,
Մարած՝ հորիզո՛ն, հովիտնե՛ր ու ծո՛վ:
Խռով խենթերն այն արդեն չկա՛ն, չէ՛,
Շրջապտույտն այս հորինել է ո՞վ…
Հրեշտակները չե՛ն ննջում կարծես,
Կամ նինջը նրանց շա՛տ է հպանցիկ:
Արթնացի՛ր կանուխ, սպասո՛ւմ են քեզ
Դեղձանիկները քո լուսաբացի՛:

***
Իմ մահվան օրը կիջնի լռություն…
Չարենց
Իմ մահվան օրը կյանքը կաղմկի,
Կյանքը իր նախկին հունով կընթանա…
Եվ խոցելու չափ նրբագեղ մի կին
Կցնցվի հեռվում և կզգաստանա:
Իմ մահվան օրը կյանքը կզնգա,
Եվ կզրնգան գավերը գինու…
Երկնակամարից շաղված լուսնկան
Ձայն կտա՝ էհե՜յ, էդ ո՞ւր ես գնում:
Եվ մարդիկ հոգս ու ցավի տակ կքած,
Խոհերով տարված, չեն նկատելու,
Որ մեկն իրենցից չքվե՛լ է, չկա՛,
Եվ թևեր առած չվե՛լ է հեռու…
18.08.2021
***
Քեզ հանգի՛ստ է պետք, հոգեկան անդո՛րր,
Եվ՝ անթի՛վ, անթի՛վ մենության պահեր…
Քեզ պետք է դադար՝ անհուն ու անդող,
Զի այս աշխարհում շա՛տ ես թափառել…
Ինչ էլ որ վա՛ղը պատահի, կյանք է,
Դու շտկի՛ր թեքված կայմը քո նավի,
Բաց ծո՛վ դուրս արի՝ թեթև ու անքեն,
Եվ թող քեզ փարվի մշուշը ծավի:
Կանթեղի լույսը բեկվա՛ծ, երերո՛ւմ,
Կարոտներ՝ անդո՛ւռ ու թախիծ աննինջ…
Հոգ մի՛ արա, թե գալիք օրերում
Խամրած քո գի՛րը ո՞վ կվերծանի:
27.02.2021

ԳԱՐԵՋՐԱՏԱՆԸ
Ընկերոջս՝ Գագիկ Հարությունյանին
Անցիր նրբանցքով նեղ ու կավածեփ
Եվ ապա իջիր սանդուղքով այն հին,
Որն ինքն իրեն է կարծես գոյացել,
Որին չի դիպել ձեռքը մարդկային:
Փայտաշեն ու հին գարեջրատուն,
Իսկ գարեջուրը թարմ ու հաճելի:
Հսկա տակառը, ճաղաշա՛ր ու դո՛ւռ,
Եվ կլկլոցը «Սև, սև աչեր»-ի:
Թանկ վայրկյանները անխնա վատնի՛ր,
Մլավող կատուն ջուր է աղերսում:
Մեկը նեղսրտած հրեց գավաթն իր,
Խեղճացած փակվեց ինքը իր ներսում:

***
Աշո՛ւն: Նոյեմբե՛ր: Կեռմաննե՛ր: Ուրբա՛թ:
Տերևաթափին հաջորդող սարսո՛ւռ,
Խո՛ւլ արվարձանում ինչ-որ տխո՛ւր բար,
Մատուցողուհին՝ հավերժահարս, ու
Խոհե՛ր ի վերա՛ անցողիկ կյանքի
Երազանքների՝ չիրականացված:
Անվերծանելի՛, անիրական գի՛ր,
Եվ հո՛ւշն է բուրում իբրև ծա՛ղիկ հաց:
Եվ մորս դեմքը՝ վաղորդայնի մեջ,
Հայացքը նրա՝ լույսով եզերված:
Եվ գալիք օրը՝ չընթերցված մի էջ,
Ուղին գծվա՛ծ է, ճանապարհը՝ բաց:
15.02.2021

ՌՈՆԴՈ
Կարծես եկա՛նք, եկա՛նք
Իբրև մշո՛ւշ, եթե՛ր…
Եվ ներկա ենք եթե,
Ճշմարտապես թե կա՛նք,
Պիտի անվերջ տոկա՛նք,
Պիտի ձեռնո՛ց նետենք
Բախտին իսկ անհեթեթ…
Օ՛, երազներ, օ՛, կյանք
Գուցե նորից կգանք
Ցնորաքա՛յլ, թեթև՛,
Մշուշներին մի պահ
Կներհյուսվենք թել-թել,
Չափած լայնք ու երկայնք,
Կարծես եկա՛նք, եկա՛նք…
26.03.2021

***
Չկա՛ խաղաղություն, չկա՛ հանգիստ,
Անգամ մահից՝ անդին, մահից՝ այն կողմ…
Դու զո՛ւր ես ժպտում, մրահո՛ն կին,
Հույսն անսպա՛ռ է, տենչանքն՝ անքող…
Չկա՛ խաղաղություն, չկա՛ անդորր,
Չկա դադարի վայրկյան ոչ մի…
Կան լոկ տեսիլներ թովի՛չ, անթո՛վ,
Թող կյանք ասվածն էլ Երազ կոչվի:
Չկա՛ խաղաղություն, կա՛ լոկ ճախրանք,
Հավերժ թռիչքի՝ ծարավ անհագ:
Կա հորձանք, որը կոչվում է կյա՛նք,
Կա շրջապտո՛ւյտ և շրջան՝ փակ:
Չկա՛ խաղաղություն, չկա՛ անդորր,
Կա զույգ ափերը կապող կամուրջ…
Ինչ-որ ձի է վարգում թափուր հանդով,
Թեթև, անսա՛նձ, տված բաշը քամուն:
22.01.2020
 
Ձոն հայկական գորգին
Որդան կարմիրն է հավերժ առկայծում,
Հայկական գորգի՝ կրկնահանգույցը…
Եվ հայի աջը՝ զորե՛ղ, բա՛րկ ու ձո՛ւյլ,
Որ մակերեսն է խորքին ագուցել:
Որդան կարմիրի խայտանքն ու գյուտը,
Մեր մեծ երազի հյուսվածքը՝ շենշող:
Եվ անպարագիծ մեր ջանքն ու գութը,
Որ եզերվել են բարձրաթիռ տենչով:
Անանց հմայքը Հայկական գորգի
Եվ անխամրելի երանգները, Տե՜ր…
Հրեշտակն ահա ժպտում է խորքից
Եվ բոլորեքյան առաքում է ՍԵՐ:
02.05.2021
 
Նույն հասցեով
Ա
Ձեր լռությունն իսկ խենթացնում է ինձ,
Բայց չեմ էլ ուզում ի վեր համբառնալ…
Ծանր մի կասկա՛ծ, որ ծանր է մահից,
Եվ չե՛ն նահանջում օրերը խառնակ,
Եվ չեն զուլալվում ջրերը պղտոր,
Նույն ջրերում ձուկ որսացողները
Տարերքի մեջ են, օ՛, տարաբախտ օր,
Ահա հոգիներ որսացող նեռը…
Բուժելու տեղակ վերքդ խորացող,
Տողան են կազմել հացկատակ ու հույլ,
Որ բեկեն վեմը քո վեր խոյացող,
Եղծեն դարերի երազը քո հուր…
Հաջորդ կեռմանում մեխվեմ ու մնամ,
Դառնամ քարե սյուն և աղե արձան…
Որ հետո, եթե Տերը կամենա,
Շրջապտույտով ետ դառնամ դարձյալ:
08.01.2021

Բ
Դավադիրների ինչ֊որ բոլուկ,
Վրեժխնդրության մաղձով հարբած,
Աղաղակում է, ոռնում, սուլում
Եվ աղ է ցանում վերքին քո բաց։
Քեդխուդաները քո նորօրյա
Եվ քյոխվաները հեղգ ու քնկոտ,
Գուժում՝ մոտալուտ մահ ու օրհաս,
Նզովք են կարդում գալիքին քո։
Բայց դու վերելքի ճանապարհով,
Ընթանալու ես բարձունքն ի վեր…
Ուսաբեռ արած ցավ ու կարոտ,
Եվ մարմին կառնի երազը մեր։
22.09.2021

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։