Անդրե Շինքելը գերմանացի գրող է: Հեղինակ է 30 գրքերի: 2005 թ.-ից ՕԴԱ ամսագրի խմբագիրն է, 2017 թ.-ից՝ «Մարգինալիա» գրքարվեստի և մատենագրության ամսագրի խմբագրական խորհրդի անդամ: Ստացել է մի շարք մրցանակներ, այդ թվում՝ Վալտեր Բաուերի և Գեորգ Կայզերի անվան: Մասնակցել է գրական փառատոների Բուլղարիայում, Բոսնիա և Հերցեգովինայում, Իտալիայում ու Հայաստանում: Նրա բանաստեղծությունները թարգմանվել են անգլերեն, բոսնիերեն, բուլղարերեն, իտալերեն, հայերեն և այլ լեզուներով: Անդրե Շինքելը Միջազգային ՊԵՆ-ի, Սաքսոն-Անհալթի և Սաքսոնիայի արվեստների ակադեմիաների, ինչպես նաև Սաքսոն-Անհալթի «Ֆրիդրիխ-Բյոդեքեր Կրայս» միության անդամ է, որը համագործակցում է Հայաստանի գրողների միության հետ: ՕԴԱ ամսագրում պարբերաբար տպագրվում են հայ բանաստեղծների ստեղծագործություններ:
Եվրոպա հյուրանոց
Ասես աշխարհամասը, որտեղ դու ապրում ես,
Հարազատ, հարմար ներսից ու հնացած
Տուն է մի գորշ, ճակատը` սիրուն:
Մի երկու տակտ Գրաուփներից
Սրահի մեջ ճախրող,
Դրսից եկող աղմուկից մեղմ արբած,
Համեմատելու` ոչինչ: Մենակ, պայծառ, բացակայությունդ
Զգում եմ նաև այստեղ: Հին այն Եվրոպան,
Որ էլ չկա… Ու սիրահարված եմ տեսքիդ:
Վացլավա հրապարակն է ցնցվում.
Յանքիներն են գետաքարերում կառամատույցի
Չարացած, ղողանջների ու կյանքի մասին
Նուրբ պատկերն է քո առկայծում, որ
Երկար ժամանակ է չէի տեսնում:
Կողքով մոդայիկ կառքերն են երիտասարդների
Շտապում: Քաղխորհրդի ժամացույցն է
Մարդկային հոսքի միջով զնգում,
Կառլի կամրջի փրփուրն է ինչպես
Քլեզմերի մեղեդին շաչում:
Ջահերն են քաղաքի
Ինքնին արբում: Գինետներում ափսեներն են
Քաղցած հայացքների տակ տուրիստների լվանում:
Այստեղ եմ ես ահա: Բջջայինիս աչքը երկչոտ`
Գերմանիայի վրա: Ինչքան ընկճված պիտի լինես
Ներքուստ… որ չես զանգում:
Տապանագիր հանգչած լանդշաֆտին
Սպանում է, պատառոտում ահաբեկչությունը օտար
Երկիրը և քեզ էլ իր հետ ամբողջովին,
Սիրտդ է մխում ոսկե շրջափակման մեջ
Փակ ամբողջովին, թռիչքը կյանքի,
Դու չես պաշտպանվում, ահաբեկված ես արդեն,
Այնտեղ մոլեգնությունն է գորշ ֆշշում վրադ,
Պտույտն ես երկրի քո մեջ առնում, ավերված,
Խնդրում ես դու միայն. ճամփա, իմաստ:
Թողնում ես ունեցվածքդ ողջ, հարազատ ու լավ ամեն բան,
Թողնում ես քեզ շվար, գրավված,
Այստեղ կանգնած, արիացած,
Թաղվում ես վշտի մեջ քաջաբար,
Հրոսակախմբերը բարի են դեռ քո հանդեպ,
Երբ շղթայված ես դու,
Առաջնորդը դահիճների` կարճահասակ, հանգիստ,
Կոշիկները` փայլուն, առաջնորդում է՝ քրթմնջալով հեղգ:
Լանդշաֆտն է փռված հանգած, ուղիղ
Քարերում խոտն է աճում առատ,
Ասում են՝ վնասով ես կշռում.
Խենթ վախերով ես շրջապատված,
Քարշ ես տալիս այն: Լուսին, աստղեր, խաչ, գլխարկ,
Ու դու լռած մռնչացողների մեջ
Անցնում ես միջով, սպիտակ գլխարկն է ընկնում.
Սա տունն է քո: Այստեղ պիտի լինես:
Արարատի ներքո
Իհարկե, տեսա տապանը։
Լողում էր նա օդում, երևակայական գծի վրա
Իմ մի քանի վերելքների միջև
Ու գահավորակը սուրբ
Լեռների` փռված մոտ ու անհաս։
«Ի՜նչ փոքր անոթներ ենք մենք
Իղձերի համար մեր»,- մտածեցի կիսաձայն՝
Նկատի ունենալով փայլն այն ահռելի, որ
Արտացոլված է հայերի աչքերում`
Սարահարթի վրայով պահանջկոտ նայելով վեր՝
Նրան։ Եկեղեցում էի՝ ողողված
Վանականների սև պատկերների լույսով,
Հարյուրամյա ծերունու մրմունջով.
Երեք ժամ ոտքերիս առաջ
Արտասուք թափեց ծնկած,
Ձեռքերը՝ աղոթող, մատները նրա ոսկրոտ,
Ես ինքս էլ արտասվեցի, ծաղկեց մարմինս
Ցավից ու հոգնածությունից,
Սրբազան հոր ձեռքը հպվեց գլխիս
Ու ես օրհնություն ստացա աղոթքով,
Ինչպես հինգ հարյուրից ամեն մեկն
Այստեղ: Օշականում էր,
Մենք տեղ հասանք՝ շրջանցելով աստվածային
Էջմիածնի ճամփան, որտեղ ամենն է, ըստ հավատքի.
Նրա սկիզբը ճշմարիտ, վերջը՝ աշտանակի լույսերի մեջ:
Ու տրտմություն իջավ սրտիս անհուն,
Տենչանքներիս՝ շողերի մեջ կովկասյան արեգակի,
Երբ երևանյան հյուրանոցի իմ սենյակում
Ջրով ցողվեցի: Ու այնտեղ՝
այնքան հեռու անձրևոտ իմ հայրենիքից,
անսպասելի մի եղբայր գտա:
Խնամք ու հոգածություն: Ու
Գիշերը մոմերի կայծկլտանքում
Ապահով, սիրելիներս
Անհանգիստ… պառկեցի, իմ մեջ
Մի հույս, որ ինչպես կատակեցինք, երրորդ
Գագաթ կա սուրբ: Ու անդորր էր համակ
Առավոտյան բլրի վրա, ուր անոթներն էին
Կուտակվել լեռան հեռու ստվերներում ու այնտեղից
Այս ժողովրդի վեհության ու տառապանքի մասին էին պատմում:
Հրաժեշտ Գանձասարին
Աշխարհի կրակների մեջ հանդարտ ընկղմված սառը երկիր,
Երբ շտապում ես կիսաանապատներով, հովիտներով ու ձորերով
Շտապի՛ր անցնել այն լեռնաշղթան, ուր միջանցքն է
Մի խորխորատ է բացվում, ու թվում է՝ բուրգի սրտում –
Երկինք
Մետաքսի ճանապարհի վրա ածխացած՝ մեռած հույսի
Երկայնքով: Հրաժեշտ Գանձասարին
Հեռվից – բեկված մի լույս գավիթում,
Ահա դեմքեր մանկանց մոխրագույն, ականներ,
Ապահովված վախ՝ հասուն տարիքում: Անցանք մեքենայով,
Ու հետո երազում էի ձեզ հետ կրկին ու կրկին անցնում
Անապատապատ երկրի միջով աշնանային.
Լեռը, ուր ընկղմվել էր, հոտը և այն
Ծփանքը ջրի, ինչպես այն ժամանակ, որի միջով
Արյան առվակներ հոսեցին, տառապանքի միջով անցնող ճամփաներ.
Մարդկանց արարքն է… նորից ու նորից… մարդկանց
Այլևս ոչ մի դժգոհություն: Հասանք Վանք՝
Անցնելով տանկերի և ցուցանակներով ցանկապատերի մոտով,
Շուշիի Ամենափրկիչ եկեղեցին տեսանք, ուր
Սրբապատկերներ կային պատերին.
Շուշի – ես տեսա, թե ինչ եղավ նրանց հետ
Երազում:
Ավերված, ծխի մեջ փլված մատուռներ… այդպես են
Հաղթողները կուռքերն իրենց հաստատում։ Երբևէ տարբերվե՞լ է: Նույնն է այստեղ
Այնտեղ, խենթ մի պարույր, վերադարձ ուրվականի
Պարտվել, հաղթել ու ավերել. ասես հավերժական է սա
Մարդկանց համար: Մենք բոլորս չե՞նք
Անդորր ու խաղաղություն փնտրում:
Թե՞ մենք ուրախ ենք մորթվել անդունդներում, ու
Երանություն է դա մեզ համար: Մահե՞րգ արյան դաշտերում,
Լեռնաշղթաներում, շրջակա հարթավայրերում
Անիծված: Դեռ հնարավոր էր Գորիս հասնել,
Բերձորի կողքով… դեպի խառնարան
Հովիտներով աշնանային, տեսարանից տեսարան
Արդեն Գանձասարի հարավ-արևմտյան բլուրն է երևում
Մարել էր կարոտս՝ մեկ ժամ անց հաղորդագրությունից.
Գուցե՞ ճակատագիրն է արևների փոխանակվելը,
Փոխանակվել են կրկին գավիթի վրա Լեռնային Ղարաբաղում, մինչդեռ
Մարդկանց երազներում՝ լերկ, բզկտված ու ծեծված,
Այրված, դիակի մաշկի պես ածխացած, այժմ՝ ձորերում
Վիճելի կրկին, անորոշ: Դրոններով են նայել.
Շաղախված, կտոր-կտոր արված, ու սա առաջընթաց է կոչվում մեր ժամանակներում:
Քեզ կորցնել,
Գանձասա՛ր, կորցնել քեզ
Վանք, մարող Արցախ: Երազում կանգնած եմ Գորիսում.
Տե՛ս, թե ինչպես են աշնանային լույսերը մարում,
Եղնիկն է գավիթում՝ արևի տակ, որ, ասում են, ոչ մեկին չի
Պատկանում… Քանի դեռ երազում ես, սերն է վերադառնում։
Գետերի ընթացքի հետ շրջվում է լեզուն, թերևս
Մի անգամ կկարողանա՞նք հասկանալ: Արևելքից երկաթե բոցավառ
Լուսինն է շարժվում։ Լազուրն է կամաց-կամաց սևի վերածվում։
Թարգմանությունը
գերմաներենից՝
Հերմինե ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻ