Մանվել ՄԻԿՈՅԱՆ / Ինչպես դարձա ՀԳՄ անդամ

 

Հայաստանի գրողների միությունը մշակութային այն օջախն է, որը միավորում է գրական աշխարհի ներկայացուցիչներին մի գաղափարի շուրջ՝ ստեղծել ինքնատիպ և մրցունակ գրականություն։ ՀԳՄ-ն նաև գնահատանքի է արժանացնում այն գրողներին, որոնք ստեղծում են այդ գրականությունը։ Սահմանված են բազմաթիվ մրցանակներ։ Այս առումով առնվազն անկեղծ չեն այն գրողները, որոնք ասում են, որ իրենց համար նշանակություն չունեն ՀԳՄ անդամ լինելը և գրական որևէ մրցանակի արժանանալը։ ՀԳՄ անդամ դառնալու համար ինձ երաշխավորել են բանաստեղծ Ռազմիկ Պողոսյանը, արձակագիրներ Վալտեր Թորոսյանը և Արարատ Գյուլբանգյանը։
Արդեն «Վան Արյան» հրատարակչատունը տպագրել էր բանաստեղծություններիս երկրորդ՝ «Անդրադարձներ» ժողովածուն, բանաստեղծություններիս շարքերը բազմիցս տպագրվել էին տեղական և Երևանի գրական մամուլում, հաղորդվել Հանրային ռադիոյով։ Գրողների միության նախագահն էր երջանկահիշատակ Լևոն Անանյանը։ 2001 թվականին, ՀԳՄ ընդունող հանձնաժողովի նիստի օրը, Լոռու մարզային բաժանմունքի նախագահ, բանաստեղծ Հրաչյա Սարուխանը Երևանում էր։ Երեկոյան նա զանգահարեց ու ասաց, որ ես և բանաստեղծ, թարգմանիչ Խորեն Գասպարյանը միաձայն քվեարկությամբ դարձել ենք ՀԳՄ անդամ։
Ես ու Խորենը «Լոռու մարզ» թերթի խմբագրությունում էինք։ Երբ Սարուխանը հասավ Վանաձոր, Լոռու մարզպետարանի 4-րդ հարկում գտնվող իմ աշխատասենյակում արդեն ամեն ինչ պատրաստ էր այդ իրադարձությունը նշելու համար։ Նշեցինք, խոսեցինք արդի հայ գրականության խնդիրների և ձեռքբերումների մասին։
Անցան տարիներ։ Արդեն մի քանի անգամ (վերջինը՝ անցած տարի) ընտրվել եմ ՀԳՄ վարչության և նախագահության անդամ։ Ավելի քան 15 տարի ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքի նախագահն եմ։
Մեծ պատասխանատվությամբ եմ վերաբերվում գրական կյանքի կազմակերպմանը, հատկապես՝ երիտասարդ գրողների կայացմանը նպաստելուն։
Իմ գրչակից ընկերներին շնորհավորում եմ ՀԳՄ 90-ամյակի առթիվ և համոզված եմ, որ համատեղ ուժերով կպահպանենք Գրողների միության շենքն ու ստեղծագործական տները ոչ միայն մեզ համար, այլ՝ առավել շատ՝ եկող սերունդների համար։ Կորցնելու դեպքում նրանք մեզ չեն ների։

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։