Երբ բառը հնչում է որպես մեղեդի՝ վերնային թելադրանքով բանաստեղծության հևքին տրված, այն բառ-արարչության ավելի մեծ խորհուրդն է ստանում, միմյանց միահյուս են արդեն իմաստն ու տիեզերական անսահման խորհրդավորության ու հմայքի մոգությունը:
Բանաստեղծական բառն՝ անսահմանության անսահմանափակ իրավունքներով օժտված, առասպելական նժույգի՝ Պեգասի սլացքին տրված, հոգիներ թափանցելու անցաթուղթ ունի, հատկապես, եթե համահունչ է նրանց թաքուն թե անթաքույց թրթիռներին:
«Երգելո՜վ,//պահին ոգևորության՝//Աստված//արարեց երգեցիկներին…// «Երգեցիկները թևավորներ են»՝//ինքն իրեն ասաց -//Եվ երկրի վրա ծնվեցին նաև//թևավոր մարդիկ…» (էջ 265):
Գոհար Գալստյան պոետի հերթական՝ «Բառ ընդ ժամանակս» բանաստեղծությունների ժողովածուն, որ բեռնավորված է բավականին մեծ մի ժամանակահատվածի՝ 2016-2024 թվականների «պտղաքաղով», այդ թևումի պատասխանատվության լիուլի կրողն է: Ժամանակահատված, որ Հայոց համար վերուվարի, թանկ կորուստների, հույսերի ու անհուսության, թեժ ապրումների և անցուդարձի խտացում է ամփոփում իր մեջ: Մեր պատմության մի պատառ, որ մեր հայացքը հաճախ է դեպի հետ տանում՝ անցյալի այնքան միագույն իրողությունների մեջ այսօրվա ելք-բանալին գտնելու սպասումով: Չենք գտնում, որովհետև իրականում կարգին չենք էլ փնտրել՝ ո՛չ այդ հուշ-հեռուներում, ո՛չ էլ այսօր: Մեր ապրելու կերպը այլ պատասխան չի կարող հայցել ճակատագրից, քանի դեռ այն չենք ճշտել մեր ազգի և մարդ-արարածի առաքելությանը հարիր: Իսկ այդ ելք-բանալին, ապրելու ճիշտ կերպը կա, հենց թեկուզ «Ի սկզբանէ էր բանը» խորհրդով, պոետական տողերի մեջ: Նկատել է պետք միայն ու …
«Մատնահետքերդ,//որ ամեն տեղ են իմ գրչի վրա,//Ոտնահետքերդ,//որ ամենուր են իմ ճանապարհին,//Սրտիդ զարկերը՝// սրտիս մեջ զարկ-զարկ,//Լույսդ,// որ լույսն է հոգուս աչքերի.// Դու, որ իմ եսից հարազատ ես ինձ՝//Հիմա խառնել ես ինձ օդ ու ջրին -//Որտե՞ղ եմ արդյոք՝//Այստեղ՝ թղթերի՞ս,//Թե՞ սավառնում եմ Քո վերևներում…» (էջ 272):
Այն պահին, երբ ազգովի կհասկանանք (ոչ միայն նվիրյալ զինվորներով ու մի բուռ քչերով), որ մեր եսից ավելի հարազատը, հարազատները կան՝ Արարիչը, մեր հավատն ու Եկեղեցին, ապա՝ ազգ ու հայրենիք: Եվ եթե ոչ միայն հասկանանք, այլև սկսենք ապրել այդ առաջնորդությամբ, մեր հարցերի լուծումներն իրենց այլևս սպասել չեն տա:
«Քեզ ինչքան էլ խոնարհվեմ՝ քիչ է,//հող իմ հայրենի…//Իմ հերոսները քեզ պահեցին՝// կյանք տալով,// իմ քույրերի զավակները// խառնվեցին քեզ.//Դու այն թանկն ես, որ// Աստծո երկնքի տակ ունեմ…» (էջ 147):
Ժողովածուի տասնմեկ խորագրերով բաժանված, բայց և միահյուս գլուխներում մարդկային ամենատարբեր հույզերն են՝ Գոհար բանաստեղծի կողմից ապրված, բայց որոնք նույնքանով նաև յուրաքանչյուր ապրողինն են՝ որպես դաս, որպես պարզապես իր իսկ հույզերին երես առ երես կանգնելու, իր հոգու լքված ոլորաններում մենանալու, ինքն իրեն ճանաչելու, խավարն ու լույսը հենց իր ներսում տարանջատելու ու նախ սեփական գիշերից դուրս գալու փորձ.
«Սրտիդ մեջ տեղ տալ.//Տեղ տալ հրաշքի,// Տեղ տալ բարության// Տաք արցունքների,// Տեղ տալ ներումի,// Տեղ տալ գթության,// Տեղ տալ՝ սրբվելով//Ապաշխարության…» (էջ 247)։
Եվ հետո միայն Երկրի այգաբացին աչք հառելու և սպասելու սրտատրոփ.
«Երկիրը//սարդոստայնի նման լարված//թակարդներով է պատվել…//Գիշերը լավ է հիշել//արևածագի մասին.//- Ցողվի՛ր, իմ երկիր,//մաքրվիր անմաքուրից…//Տե՛ս, կապույտին է տալիս երկինքը…» (էջ 158):
Գոհար Գալստյանը չի կարող մտովի անվերջ հետ չգնալ ու չթրևել իր կորցրած տան փողոցում, պատերի ներսում, մտովի չշոյել հուշի մեջ անփոփոխ, բայց փոշոտված իրերը, իր մանկության բակի ամեն մի թուփ ու ծառ, ինչպես մեր տնազուրկ, հայրենազրկված շատ հայրենակիցներ. միայն թե Գոհարի կորուստը ներքին թշնամու «ասպատակության» ցավ է: Չնայած մեր բոլոր կորուստների ետևում՝ դրսի ոսոխի կողքին կամ նրանից առաջ, ազգի պատուհաս-զավակների ջանքը՝ քիչ թե շատ, գրեթե միշտ է ներկա: Եվ «Կորսված տների փողոցում».
«- Ձեր բակն ուրիշ էր՝ ձմեռ թե ամառ,//-Ուրի՜շ մի կյանք էր, մի ուրի՜շ աշխարհ.//-Իսկ երբ ծաղկում էր ձեր փշատենին,// – Ամբողջ փողոցն էր արբենում հոտից…» (էջ118):
Բանաստեղծը, գրողը միայն իր ժամանակի մեջ չէ ներկա, նրա հոգու ճախրանքի առաջ բաց են և՛ ժամանակների անցյալն ու գալիքը, և՛ տիեզերքի՝ շատերի համար փակ խորհուրդները.
«Սահմանը նուրբ է,// գիտեմ՝//խախտողներին չեն ներում,//Իսկ ես՝// բեռներս թողել//ճանապարհի մեջտեղում,//Ամեն օրվա լույսի մեջ//բառիս տալով հանգրվան՝//Ուխտավորի պես անցա// ժամանակից ժամանակ…» (112 էջ): Այդ անցումների, այդ ոգորումների մեջ իսկական գրողն անկասկած հաճախ պետք է հայացքը վեր հառի, այնտեղ, ուր բոլոր հարցերի պատասխանները կան: Այդ մենք է, որ Բարձրյալին անպատասխան ենք թողնում հատ-հատ թե ազգովի, բաց թողնում նրա մեկնած ձեռքը ու բողոքում գայթելիս: Աստծո փրկությունը միշտ է ներկա, և այն մեզանից է կախված.
«Կյանքն իմաստուն է//Դարձնում ամեն օր//և հիմարացնում նաև//ամեն ժամ՝// Մեզ, որ նվիրվել գիտենք//նորից նոր,//և խարդավանքին//պատրաստ ենք տոկալ.//Երբ իմաստուն ենք՝// փնտրում ենք Աստծուն,//Երբ հիմարացած՝//Ի՛նքն է գտնում մեզ-// մեր կորած տեղում,//Տալիս է մի հարց//և չի՛ պարտադրում մեզ// պատասխաններ։» (էջ 75): Մեզ բաժին ժամանակը պատերազմների դաժանությամբ լի եղավ, իսկ տագնապները դեռ տրոփում են յուրաքանչյուրիս քնի թե արթնության մեջ: «Բառ ընդ ժամանակս» ժողովածուն սրտի պես թրթռուն է պատերազմական կամ հետպատերազմական օրերի ելևէջներով, մեր նվիրյալ հերոսների մարած կյանքերի կսկիծով: Գոհարը մտովի ամենուր է, նաև՝ տղաների կողքին, այնտեղ՝ սահմանին.
«Ես ամեն գիշեր անցնում եմ//մտքիս ականապատ դաշտերով,//ամեն գիշեր// նույն դաշտն եմ հերկում// ու ամեն անգամ պայթում եմ//պատերազմից մնացած//նույն ականի վրա.// Մեկ մտքիս ձեռքն եմ կորցնում,// մեկ՝ ոտքը…» (էջ 57): Բանաստեղծի տողերում նաև հավատն է ներկա մեր շարունակության, որովհետև մեր լուսավորների՝ երկնքից հեղվող օրհնությամբ, մենք անպարտելի ենք, անպարտելի ենք հայի անխառն որակի անմնացորդ ջանքով՝ ի հեճուկս դավ ու խարդավանքի: Տողերը հույսի կանթեղներ են դառնում, ոգի տալիս, հաղթում ապագայից առաջ ընկած. «Հաղթած ամեն բառ՝ հաղթող զինվոր է…» (էջ 210): Բայց իրականության ցավալի ապտակը, որ անվերջ է մեզ փորձում գետնել, չի կարող կրկին բանաստեղծի հոգին չալեկոծել: Գալիս է պահ, երբ բառերն անգամ լքում են, լքում է ապրելու կամքը ևս, և դարձյալ միակ փրկությունը Երկնավորն է ու իր անհատնում Սերը… և կրկին հոսում է աղոթքը՝ թող որ անբառ, թող որ անձայն՝ միայն հույզերի հևքով, «Բացակա օրեր».
«Եվ եղավ, որ էլ//բառ չկար իմ մեջ,//ձայն չկար իմ մեջ,//Անգամ մտքիս մեջ՝//միտք չկար արդեն,//Միայն հոգիս էր//տաք շնչով հպվում//Նրա ձեռքերին…//Ու անժամանակ//Այդ ներկայության//մշտակա շնչից//աղոթքս էր ծաղկում//նոր շնչառության…» (էջ 269):
Գիրքը փակելիս ինձ թվաց, թե Աղոթագիրք եմ փակում, Գոհար Գալստյան պոետի հետ աղոթք էր ընթերցումս, աղոթք, որն այսուհետ ինձ չի լքելու ու հնչելու է իմ աղոթքին միահյուս, որովհետև նույն ակունքը, նույն աղերսն ունի և նույն հույսով է ողողուն.
«Աստծուն հենց փնտրես -//ընդառաջ կգա…» (էջ 278)։