20-րդ դարի արտասահմանյան գրականության մեջ նկատելի է մարդու, նրա ներաշխարհի, հոգեբանության, կյանքի ճանաչողության նկատմամբ մեծ ուշադրություն: Մոդեռնիզմը 20-րդ դարի գրականության մեջ մտավ մի շարք նորարարական գեղարվեստական հնարքներով` միֆ, հոգեվերլուծություն, կառուցվածքային շեղում դասական արձակից և այլն. այս շարքին կարելի է դասել նաև զգայական ընկալումների (համ, հոտ, ձայն, տեսողության զգայություն և այլն) պատկերավոր ներմուծումը գեղարվեստական տեքստի մեջ: Ստացվում է, որ, ի տարբերություն նախորդ ժամանակաշրջանի, շեշտը դրվում է ոչ այնքան պատումի, սյուժեի, կերպարաստեղծման վրա, որքան տպավորիչ պատկերների, ներաշխարհի, հոգեբանության, զգացմունքների, մարդու և աշխարհի ճանաչողության վրա: Այս տեսանկյունից հատկապես հոտի զգայական ընկալման պատկերումը գրականության մեջ ինքնանպատակ չէ. այն շատ հաճախ կարևորագույն նկարագրությունների, հույզերի արտահայտման միջոց է, երբեմն էլ առանձին գրողների դեպքում կարելի է համարել ոճական առանձնահատկություն, որը լայնորեն կիրառվեց նաև անկախության շրջանի հայ արձակում:
Ռուս փիլիսոփա Լեոնիդ Կարասևը գեղարվեստական այս հնարքի առկայությունը նկատելով ռուս գրողների (Պուշկին, Լերմոնտով, Տուրգենև, Գոնչարով, Դոստոևսկի և այլք) ստեղծագործություններում, առանձնացնում է հատկապես Չեխովին: Իր “Запахи и звуки у Чехова: власть приема” (Հոտերը և ձայները Չեխովի մոտ. իշխող հնարք) հոդվածում Կարասևը գրում է. «Չեխովի մոտ որևէ հոտի կամ ձայնի պատկերումը այնքան տարածված է, եթե չասենք կերպարաստեղծման նման, որ տպավորություն է ստեղծվում, թե դա անում է որևէ անհաղթահարելի ուժի ճնշմամբ:» 1: Նա նույնիսկ նկատում է, որ Չեխովի ստեղծագործություններում այս պատկերները ստեղծվում են որոշակի օրինաչափությամբ. «Մեծամասամբ Չեխովի մոտ նկատելի է երկու տարբեր հոտերի առկայությունը` “Пахнет светильным газом и солдатами.”- “Анна на шее” (գազի և զորքի հոտ էր տարածվել), “Пахло салом и кухнным дымом”- “Жена” (ճարպի և ծխի հոտ էր գալիս), “Пахло сеном, да от старого Никандра шел неприятный селедочный запах”- ”В сарае” (չոր խոտի հոտ էր գալիս ու Նիկանդրայից՝ տհաճ ծովատառեխի հոտ), “Носы почувствовали запах пирога и жареного гуся”- “На гвоздя” (զգացվում էր թխվածքի և տապակած սագի հոտ), “Пахло духами и вином”-”На подводе” (օծանելիքի և գինու հոտ էր գալիս), “Сильно пахло эфирными маслами и глицериновым мылом” (եթերային յուղերի և գլիցերինի օճառի ուժեղ հոտ էր գալիս), “ От нее шел влажный, прохладный запах купальни и миндалного мыла.” “Володя” (նրա վրայից գալիս էր հոտը խոնավ, զով լողավազանի և նուշի օճառի)- “Пахнет медем и сеном” “Именины” (մեղրի և չոր խոտի հոտ էր գալիս) և այլն»:
Ժամանակակից հայ արձակում այս երևույթը ևս նկատելի է մի շարք գրողների մոտ` Ն. Ադալյան՝ «Ապոկալիպսիս», Հովհ. Թեքգյոզյան՝ «Փախչող քաղաքը», որտեղ բազմաթիվ են հոտերի նկարագրությունը, հատկապես հետաքրքրական է դեղատան հոտը որպես վերհուշ, այն հիշեցնում է հերոսի մանկությունը, մորը: Հոտի պատկերումը նկատելի է Վ. Գրիգորյանի «Ժամանակի գետը» վեպում, որտեղ տարբեր ժամանակներում հայի նկատմամբ դրսևորվող անարդարությունների, ոճրագործությունների կրկնությունը պատկերվում է որպես բոլոր ժամանակներում գարշահոտության տարածում և այլն. «…Ժամանակի գետի ափերին էլ հազար ու մի բան կարող է մնացած լինել. վերջ ի վերջո մեր հիշողությունը հավի հիշողություն չէ, բայց հիշողությունը հոտ չունի, իսկ ամեն ժամանակ, անկախ այն բանից, սրտովդ է թե չէ, իր ուրույն հոտն ունի, ճահճից խոսողներն էլ հենց հոտի խնդիրն էին մեր աչքը խոթում: Անփոփոխ հոտի:»2:
Տեքստի մեջ զգայության նկատմամբ հետաքրքրական մոտեցմամբ, զգայական ընկալումների և զուգահեռ հերոսների հոգեվիճակի պատկերմամբ առանձնահատուկ են Լ. Խեչոյանի «Խնկի ծառեր» գրքի պատմվածքները: «Սպասում» պատմվածքում հաճախ խոսվում է ծխի հոտի տարածման մասին, որը և՛ ծխախոտի, և՛ վրացիների վառած լաթերի հոտ է. «Գյուղի վրա տարածվել էր վառված լաթերի մրմռացնող սուր խանձահոտը… «Վառվածի հոտ եմ առնում, չլինի՞ բան է վառվում»: Հարցումից ուրախացած դահլիճը դատավորին պատմեց, որ «վրացիների կանայք, երբ երեխա են ունենում, չարին նրանից քշելու համար չուլ են վառում»»3: Պատմվածքի այս և մյուս հատվածներում, երբ խոսվում է ծխի հոտի տարածման մասին, անմիջապես հաջորդում է հերոսի և Աղաբեկ տացուի այն միտքը, որ նրանք սպասում են հորը և կցանկանային, որ նա գար. «Դահլիճը ծիծաղում էր… Դատավորը մեզ` ինձ ու Աղաբեկ տացուիս չէ, դահլիճին դիմեց. «Էս ինչ սուր է գալիս վառվածի հոտը, ծխողները թող մի քիչ քիչ ծխեն, իրար չվառեք»: Մենք երկուսով նայեցինք դռանը, ուզում էինք, որ հայրս գար»: Աստիճանաբար ընդգծվում է սպասումը, մեծանում է հերոսի ցանկությունը, որ հայրը գար, և միևնույն ժամանակ ավելի է տարածվում և ուժգնանում ծխի հոտը, ծխում էր Աղաբեկ տացուն և դահլիճը: Պատմվածքի մեջ մի քանի անգամ կրկնվում է ծխի ուժգնացող հոտի տարածման և դրան զուգահեռ հերոսների սպասման, անհանգստության մասին պատկերը, այդ նույն պատկերով էլ Խեչոյանը ավարտում է պատմվածքը. «Տացուս նայեց աչքերիս, դահլիճում ծուխը շատ էր, նրա ծխախոտի դառը ծուխը հասավ քթիս, հետո նայեցինք ակումբի դռանը, մենք ուզում էինք, որ հայրս գար…»:
Եթե Կարասևը, խոսելով Չեխովի գործերում հոտի, ձայնի պատկերման մասին, շեշտում է երկու միմյանցից շատ տարբեր ձայների ու հոտերի զուգահեռ նկարագրությունը, ապա Խեչոյանի մոտ որպես նմանատիպ օրինաչափ առանձնահատկություն կարելի է համարել շատ քիչ փոփոխություններով միևնույն զգայական պատկերի կրկնությունը պատմվածքի տարբեր հատվածներում, որին զուգահեռ հաճախ խոսվում է հերոսների հոգեվիճակի, զգացմունքների սրման, լարման, մոտալուտ վտանգի կանխազգացողության մասին: Այս առումով հատկանշական է «Կարմիր կոշիկներ» պատմվածքը: Սա տխուր պատմություն է մի երեխայի մասին, ով հիվանդ էր, մահն էլ` անխուսափելի: Հերոսը գնացել էր խանութից քրոջ համար նոր մանկական կոշիկ բերելու, առավոտյան խանութից լուր էին ուղարկել, որ մանկական կոշիկ կա, մոր սիրտը չբռնեց գնալ, տատն էլ չգնաց, հոր հետ նստած ծխում էր, և ուղարկել էին երեխային: Ճանապարհին երեխայի մեջ կոշիկի հետ կապված արտասովոր զգացողություններ է արթնանում, այդ թվում նաև քաղցր բույր է զգում ու թվում է` կանխազգում է նաև քրոջ մոտալուտ մահը, որովհետև չնայելով, որ կոշիկն աղջկա է, նա հագնում է ու փորձում մաշեցնել. «Ճանապարհին իմը գցել էի, նոր կարմիր կոշիկներն էի հագել ու չէի հանում: Փայլում, փայլփլում էին, նրանց տարօրինակ, քաղցրահամ բուրմունքը արևի ջերմության հետ լցվում էր քիթս ու փռշտացնում»: Նա չէր ուզում կոշիկը տալ տատին, և մինչ տատը փորձում էր վերցնել կոշիկը, հերոսը փռշտալով փախչում էր: Թեպետ պատմվածքի այս հատվածում Խեչոյանը հոտի մասին չի գրում, այնուամենայնիվ մի քանի անգամ շեշտում է երեխայի փռշտոցը, որն արևի ջերմության հետ նրա քթի մեջ լցվող քաղցրահամ բուրմունքի արդյունք էր: Կարմիր կոշիկի, հոտի, փռշտոցի այս խոսուն պատկերը թվում է հազարավոր լացի, վախի նկարագրության փոխարեն հերոսի հոգեվիճակը, ցավը, մոտալուտ ողբերգությունը խտացնող պատկեր է, որով էլ հեղինակը ավարտում է պատմվածքը: Պատմվածքի վերջում այդ պատկերը ոչ թե Սոխակին և մի ամբողջ ընտանիքի սպասվող ողբերգության կանխազգացում է, այլ՝ արդեն իրական ողբերգություն. «Հանկարծ Սոխակի շնչառությունը ընդհատվեց, հետո հանգավ: Նրան, երբ տանից դուրս հանեցին, կարմիր կոշիկներն էին հագցրել, օդի մեջ մի ծանոթ բուրմունք կար, ու ես սկսեցի փռշտալ, ու հետո էլի ու էլի»:
Կոշիկը Խեչոյանի «Խնկի ծառեր» գրքի պատմվածքների նկատելի պատկերներից է և, ինչպես «Կարմիր կոշիկներ» պատմվածքում, այնպես էլ մյուս պատմվածքներում, կապվում է մահվան հետ. հիմնականում կոշիկը մահացողի համար է նախատեսված լինում («Կարմիր կոշիկներ») կամ հանգուցյալի կոշիկ է լինում («Հանգրվան»): «Հանգրվան» պատմվածքում տեսողության զգայությունն է ընդգծվում: Պատմվածքի սկզբից մինչև վերջ նկատվում է հյուրանոցի 98 համարի առջև ընկած կոշիկը. «Հարկի հերթապահուհին գալիս էր, 98 համարի դռան առաջ դրված կոշիկների վրա գայթեց, հետո նստեց բազմոցին, անտարբեր հեռուստացույց էինք դիտում»: Նույն հատվածում կոշիկների վրայով գայթում է մի անծանոթ. «Նա էլ գայթեց կոշիկների վրա, նրանցից մեկը գլորվեց»: Պատմվածքի մեջ բազմիցս ընդգծվում է կոշիկի դիրքի փոփոխությունը` ընկել էր աստիճանների վրա, կոշիկը կողքով պառկեց պատին հպված… Պատմվածքի վերջում պարզվում է, որ դա 98 համարի հանգուցյալի կոշիկն է, որին ոչ ոք չէր նկատել, նկատել էին միայն նրա կոշիկը. «Փոքրիկ, ծեր մարդը մահացած էր, մահճակալի շուրջը պտտվողները գայթում էին միաժամանակ ամեն տեղ թափառող նրա կոշիկների վրա»: Զգայությունների միջոցով Խեչոյանը երբեմն նկարագրում է նաև կերպարների: Այս տեսանկյունից հոտը բնութագրող յուրահատուկ արժեք ունի «Թիթեղյա տուփով կոնֆետներ» պատմվածքում. տղաները օգնում են մուշտակավոր կնոջը տեղափոխել ծանր ճամպրուկները, և ամբողջ ճանապարհին Խեչոյանը շեշտում է, որ կնոջ վրայից դաշտային ծաղիկների բույր ունեցող օծանելիքի հոտ էր գալիս. կնոջ արտաքին գեղեցկության նկարագրություններ պատմվածքում չկան, ընդգծվում է միայն օծանելիքի բույրը, որն անբաժան է նրանից, որն առանձնացնում է նրան և գրավում ուղեկցող տղաների ուշադրությունը. «Հանդարտ իջնող ձյունը չէր կարողանում ցրել նրանից եկող դաշտային ծաղիկների հոտ ունեցող օծանելիքի բույրը»: Կնոջ ճամպրուկից էլ նույն օծանելիքի հոտն էր գալիս, պատմվածքի վերջում այդ բույրը տղաներն անգամ զգում են կնոջ տված թիթեղյա տուփով կոնֆետներից: Կոնֆետների թիթեղյա տուփը պահել էր կնոջ բույրը և հիշեցնում էր նրան. պատահական չէ, որ պատմվածքը վերնագրված է «Թիթեղյա տուփով կոնֆետներ», տուփը միակ իրն էր, որ մնացել էր կնոջից ու պահել միայն նրան բնորոշ դաշտային ծաղիկների բույր ունեցող օծանելիքի հոտը. «Ասավ քրոջն է տալու, որ մեջը կոճակ լցնի: Կոնֆետի թիթեղյա տուփից ծանոթ օծանելիքի, դաշտերի ու ծաղիկների բույր էր գալիս: Երևի նա խաբեց, թե տուփը քրոջն է տալու»: Կնոջ օծանելիքի բույրի նուրբ նկարագրություն նկատվում է նաև «Հանգրվան» պատմվածքում, հեղինակը մի քանի անգամ գրում է տարածվող մեղրահոտ օծանելիքի բուրմունքի մասին:
Խոսելով Չեխովի գործերում ձայների մասին` Կարասևը առանձնացնում է նույն սկզբունքը, ինչ հոտի վերաբերյալ: Չեխովի ստեղծագործություններում երկու, միմյանցից նկատելիորեն տարբերվող, ձայների նշումը ձայնային պատկերը դարձնում է կարևորագույն արտահայտչամիջոց: Իհարկե, Չեխովի մոտ կարելի է նկատել մեկ կամ երեք ձայնի (մինչև չորս) առկայություն, սակայն երկու ձայնը (пара звуков) ավելի տիպական է Չեխովի համար. Слышно было, как внизу подали самовар, как двигали стульями «Невеста». Խեչոյանի պատմվածքներում ևս ինչպես հոտի, այնպես էլ մյուս զգայությունների դեպքում կրկնությունները նկատելի են որպես բնութագրական առանձնահատկություն: «Խնկի ծառեր» գրքից «Նարինջը» պատմվածքում Խեչոյանը նկարագրում է ողբերգական դեպք երկրաշարժից փլատակների տակ մնացած տղայի մասին: Սա լավագույնն է զգայական ընկալման պատկերների տեսանկյունից, որտեղ հեղինակն անդրադառնում է թե՛ ձայներին, թե՛ հոտին, թե՛ տեսողական ընկալման պատկերներին, երբ առանձին իրեր և դրանց դիրքի փոփոխությունը, լսվող կանչերն ու ձայները ավելի են ընդգծում փլատակների տակ մնացած երեխայի և նրան օգնողների անելանելի ու ողբերգական իրադրությունը: Պատմվածքի սկզբում հեղինակը գրում է. «Կրակի կարմիր բոցը լուսավորում էր հեռվում ընկած կոշիկը, որը թավալվում՝ դիրքը փոխում էր մեր գնալ-գալուց»: Թվում էր՝ երկրաշարժից հետո. երբ հերոսների գերխնդիրը պետք է լիներ փրկել տղային փլատակների տակից, ուրիշ ոչինչ չէր կարող գրավել նրանց ուշադրությունը, բայց տարածքում անկարևոր թվացող իրերը ոչ միայն նկատվում էին հերոսների կողմից, այլև դրանց նշանակություն էր տրվում: Չմոռանալով անկարևոր թվացող կարմիր կոշիկի մասին` պատմվածքի նույն հատվածում հեղինակն ընդգծում է կոշիկի դիրքի փոփոխությունը. «Կրակի բոցի կարմիրը վրան կոշիկը դարձյալ դիրքը փոխել, բարձրացել էր ամանեղենի վրա՝ մտել շերեփի մեջ»: Տեսողական ընկալման այս պատկերը փոփոխության է ենթարկվում հերոսների զգացողությանը, հոգեվիճակին զուգահեռ: Հերոսները, փոխնեփոխ հանգստանալով, թփթփացնում էին սալերին տղային համոզելու համար, թե ողջ աշխարհն է իրեն օգնության եկել, որ դիմանա, բայց տղայի վրայի ծանրությունը չէր թեթևանում: Եթե տղայի և նրա հոր հետ կապված հատվածում ակնհայտ է կոշիկի դիրքի փոփոխության զուգահեռ ընդգծումը, ապա պատմվածքի այն հատվածում, որտեղ խոսվում է փլատակների տակ մնացած գեղեցկուհի Մարիամի մասին, Խեչոյանը գրում է, որ լսվում է աքլորի կանչ. «Մարիամին գտել են եկեղեցու փլատակներից՝ աքլորի ձայնը չի կտրվում»: Բացի այդ, պատմվածքում խոսվում է նաև այլ ձայների ու կանչերի մասին, որ այդ օրերին շատերի ականջներում կարող էր հնչել: Խեչոյանը չի նշում, թե ինչ կանչ ու ձայներ են դրանք, բայց կարելի է ենթադրել, որ այն կորստի, լացի ձայն է, փլատակների տակ մնացածների օգնության կանչ: Մի քանի անգամ հեղինակը դարձյալ գրում է կարմիր կոշիկի մասին. «…Բոցի կարմիր գույնը վրան կոշիկը եկավ փալասների մեջ, բարձրացավ կրծկալի վրա, ու ես նրան չտեսնելու էի տալիս: Հայրը տղային գոռաց. «Չէ, դու մի ասա, լսո՞ւմ ես նվագի ձայնը, պարզապես ուզում եմ իմանալ, լսո՞ւմ ես, թե՞ ոչ»»: Այս պատկերին զուգահեռ ընդգծվում է տղայի աստիճանաբար վատթարացող վիճակը: Այս անգամ տղայի շունչն արդեն կտրվում էր: Նույն էջում Խեչոյանը երեք անգամ գրում է կոշիկի դիրքի փոփոխության մասին, և հերոսների անելանելի, անօգնական վիճակի ու անզորության մասին. «Կոշիկը դարձյալ դիրքը փոխել, մտել էր ֆիրմայի փայլփլուն պիտակը դեռ վրան գիշերանոցի մեջ, ես ուզում էի բարձրանալ ու գցել կրակը: Սարգիսն ասաց. «Գործ չունես, նա մեզ բոլորովին էլ չի խանգարում…»: Ասի. «Նրա ներկայությամբ առարկաները չեմ ճանաչում…»: Պատմվածքի ավարտին կոշիկի դիրքի փոփոխությունը թվում է՝ զուգահեռվում է տղայի մոտալուտ մահվան վտանգին և հուսահատությունից հայրը պայքարում էր նաև իրերի դեմ՝ չցանկանալով նկատել կոշիկի դիրքի փոփոխությունը. «Ես չէի ուզում նրան նայել, Սարգիսն ասաց. «Հոգնել ես, նրա հետ գործ չունես, փորձիր աչքերդ մի քիչ փակել»: Փակ կոպերիս տակ զգում էի, որ նա հիմա շարժվում է մեկ ուրիշ տեղ, տեղիցս ցատկեցի, Սարգիսն ասաց. «Այդպիսի բան չանես, այնպիսի հոտ կարձակի, որ հետո էլ դրանից պրծում չենք ունենա»:
Թեպետ պատմվածքը վերնագրել է «Նարինջը», սակայն նարնջին վերաբերող շատ փոքրիկ հատված կա պատմվածքում: Երբ փլատակների տակ մնացած երեխան նարինջ է գտնում, թվում է, սա պատմվածքի միակ լուսավոր կետն է: Հայրը խորհուրդ է տալիս ծակել նարինջը, խմել հյութը, բայց խնայողաբար, որպեսզի մյուս օրերին էլ լինի: Զգայական ընկալման պատկերների ներմուծումը գեղարվեստական տեքստի մեջ Խեչոյանի պատմվածքներին բնորոշ առանձնահատկություն է: Նկատելի է, որ Խեչոյանի «Խնկի ծառեր» գիրքը առանձնանում է նաև վերնագրերի յուրահատուկ ընտրությամբ, որոնք երբեմն կապվում են պատմվածքներում ընդգծված զգայությունների հետ` «Պաղ քամի», «Կարմիր կոշիկներ», «Թիթեղյա տուփով կոնֆետներ»:
———————-
1. Леонид Карасев, Запахи и звуки у Чехова: власть приема http://www.nm1925.ru/Archive/Journal6_2013_11/Content/Publication6_982/Default.aspx
Մյուս մեջբերումները Կարասևի նույն հոդվածից
2. Գրիգորյան Վահագն, Ժամանակի գետը, Ե. 2008 թ., էջ 10
3. Խեչոյան Լևոն, Խնկի ծառեր, Ե.1991 թ., էջ 1
Պատմվածքներից մյուս մեջբերումները՝ նույն գրքից