Ավիկ ԻՍԱՀԱԿՅԱՆ / ՀԱՏՎԱԾՆԵՐ «ԵՐԵՎԱՆԸ ԵՐԱԶՈՒՄ ԵՎ ԱՐԹՄՆԻ» ԳՐՔԻՑ

«ՎԱՐՊԵՏԻՍ ՑԱՎԸ ՏԱՆԵՄ…»

Պրոֆեսոր Լևոն Բադալյանը, որ Մոսկվայում բնակվող հայ ամենաճանաչված և անվանի բժիշկներից էր, երկար ժամանակ չէր ամուսնանում։ Իմ հարցին, թե ինչո՞ւ է այդպես, նա ասում էր. «Այնքան շատ են լավերը, որ դժվարանում եմ մեկին ընտրեմ, մեկը մյուսից լավն են։ Ենթադրենք սիրահարվեցի, բայց արի ու տես մեկ ամիս անց էլի եմ սիրահարվում, չեմ կարողանում վերջակետը դնել։ Սա շատ դժվար հարց է։ Այդ դու երեխա-երեխա ամուսնացել ես, իսկ ես դեռ պիտի իմ ընտրությունը կատարեմ»։
Դա 1970-ական թվականների սկզբներին էր, մենք հաճախ էինք հանդիպում։ Ապրում էինք նույն թաղամասում, հաճախ իրար հյուր էինք գնում։ Շատ էր սիրում Իսահակյանին, ասում էր. «Նա այն եզակի մեծ մարդկանցից էր, որ հորս՝ Հովհաննես Բադալյանի ձերբակալությունից հետո չդադարեց մեր տուն գալ։ Մայրս մնացել էր միայնակ երեք անչափահաս երեխաների հետ։ Կգար, մորս կողքին երկար կնստեր, կզրուցեր, կփորձեր սատար լինել մեր ընտանիքին հասած վշտերին։ Չեմ թաքցնի, երևի Վարպետի հանդեպ տածած սիրուց ինձ էլ էր բաժին հասել Լևոն Հովհաննեսովիչից, ինչպես նաև նրա հրաշալի եղբայր Գուրգենից ու քրոջից՝ Սերիկից»։
Բադալյանը հաճախ էր հետաքրքրվում, թե ինչ ձեռագրեր, անտիպ գործեր են մնացել Վարպետից, գիտեր, որ ես զբաղվում եմ նրա գրական ժառանգությամբ, գիտեր, որ ես Ռուսաստանի ԳԱ համաշխարհային գրականության նշանավոր ինստիտուտի ասպիրանտ եմ։ Նա հարցնում էր` արդյոք կարո՞ղ է, որ չտպագրված վեպ կամ պոեմ մնացած լինի Վարպետի ձեռագրերի աշխարհում։ Պատասխանս դրական էր, որ կա մի սքանչելի վեպ՝ «Ուստա Կարոն»` երկու տարբերակով, առաջինն ավարտված, և երկրորդը, որը բանաստեղծը շարունակում էր մինչև իր կյանքի վերջը գրել։ Որ կա, կարելի է հավաքել մի զարմանալի հավաքածու բանաստեղծի աֆորիզմների (ի դեպ, մի ժանր, որ հազվագյուտ է պատահում հայ հեղինակների մոտ)։ Ասացի նաև, որ իմ գործի հիմնական նպատակներից է Իսահակյանի անտիպ ստեղծագործությունները հետազոտելը, տպագրելը և ապագայում ձեռնամուխ լինելը նրա երկերի լիակատար ակադեմիականի ստեղծմանը։
Բադալյանն ինձ խնդրեց ներկայացնել մի քանի նմուշ Վարպետի աֆորիզմներից։ Լավ իմանալով նրա նախասիրությունները գեղեցիկ սեռի հանդեպ՝ ես արտասանեցի մի քանիսը.
«Աշխարհի ամենագեղեցիկ բանը մոր աչքերն են։
– Ինչ անապատում մի դույլ ջուր լցնես, ինչ կնոջ գլխին քարոզ կարդաս։
– Կնոջ մարմինը շաղախել, նույնն է, ինչ տիեզերքը շոշափել։
– Աշխարհի բոլոր կանայք մի մարդու համար քիչ են, իսկ մեկը շատ է…»։
Այս վերջինը Բադալյանը շատ հավանեց և հաճախ էր խնդրում, որ ես այն իրեն հիշեցնեմ. «Ինչպե՞ս էր ասել Վարպետը…»։
1973 թվականին ես ասպիրանտուրան ավարտելուց հետո վերադարձա Երևան, իսկ 1975 թվականին Բադալյանն ամուսնացավ Նատալյա անունով մի գեղեցիկ ռուս կնոջ հետ, իսկական «ռուսական գեղեցկուհի», անգլերեն լեզվի փայլուն մասնագետ, որ այդ շրջանում աշխատում էր ԽՍՀՄ դեսպանությունում՝ Լոնդոնում։ Բարձրահասակ, ժպտադեմ ու մարդամոտ կին էր։ Բնականաբար, մենք Բադալյանի հետ արդեն քիչ էինք հանդիպում. նա՝ Մոսկվայում, ես՝ Երևանում։
1995 թվականի հոկտեմբերին Ռուսաստանի գրողների միության և անձնապես Սերգեյ Միխալկովի աջակցությամբ որոշվեց Գրողների միության տան մեծ դահլիճում հանդիսավոր կերպով նշել Ավետիք Իսահակյանի ծննդյան 120-ամյակը։ Այդ գործին իր մասնակցությունը բերեց նաև Մոսկվայում Հայաստանի դեսպանությունը։ Հոբելյանական նիստին գլխավոր խոսքը պիտի ասեր Միխալկովը, ելույթ պիտի ունենային շատ հայտնի բանաստեղծներ, այդ թվում՝ Բելլա Ախմադուլինան, Վլադիմիր Սոկոլովը, Դավիթ Սամոյլովը, Յուննա Մորիցը, որոնք պիտի ընթերցեին իրենց թարգմանություններն Իսահակյանից, հյուր էր հրավիրված կոմպոզիտոր Գեորգի Սվիրիդովը, որը մի ամբողջ վոկալ շարք էր գրել Իսահակյանի բանաստեղծությունների հիման վրա՝ «Страна отцов» վերնագրով։ Եվ առաջ գնալով ասեմ, որ այդ երգերը հիանալի կատարեց ԽՍՀՄ ժողովրդական դերասան Ալեքսանդր Վեդերնիկովը։
Ես մոսկովյան իմ ծանոթներին սկսեցի հրավիրատոմսեր ուղարկել, հիմնականում դրանք Մոսկվայում ապրող հայտնի հայեր էին՝ ակադեմիկոս Լևոն Փիրուզյան, գեներալներ Նորատ Տեր-Գրիգորյան, Վիկտոր Ակոպով, գիտության դոկտորներ, բժիշկներ՝ Գագիկ Ավագյան, Կարեն Երզնկյան, ակնաբույժ Անժելով, քանդակագործ Նիկողայոս Նիկողոսյան, Գագիկ Արզումանյան, և, իհարկե, պրոֆեսոր, Մոսկվայի գլխավոր նյարդաբան Լևոն Բադալյանը։
Շատ և շատ էին հյուրերը, հյուրերի մի մասին ես պետք է հրավիրատոմս տայի տեղում՝ հանդերձարան-ֆոյեում։ Իջել եմ ներքև, դիմավորում եմ բազմաթիվ հյուրերին։ Եկողների մեծ մասը հայեր էին, բայց և կային բազմաթիվ ռուս մտավորականներ։ Եվ ահա գալիս է Լևոն Բադալյանը իր տիկնոջ հետ։ Ես նրանց ամենաքիչը հինգ տարի չէի տեսել։ Տիկին Նատալյան կարծես ավելի էր գեղեցկացել, իսկական բոյարինյա՝ երկար մորթե մուշտակով, շքեղ հագնված։ Երբ մուշտակը հանեց՝ կարծես ավելի ընդգծվեց նրա կանացի թովչանքը, տիրուհուն վայել պահվածքը…
Մինչ դահլիճ մտնելը Լևոն Հովհաննեսովիչն ասաց. «Մոտենանք բուֆետին և մի-մի բաժակ կոնյակ խմենք Վարպետի հիշատակին»։ Մեզ միացան նաև Սաբիր Ստեփանյանը և կինոբեմադրիչ Ներսես Հովհաննիսյանը։ Բոլորս ոտքի վրա բաժակները բարձրացրինք Վարպետի համար։ Այդ պահին Լևոն Հովհաննեսովիչը կամաց շշնջաց ականջիս. «Մի ասա՛, Ավիկ ջան, ի՞նչ էր ասել Վարպետը կանանց մասին, դու այդ խոսքերը ինձ ասել էիր, երբ ես դեռ ամուսնացած չէի»։ Ես իսկույն մտաբերեցի. «Աշխարհի բոլոր կանայք մի մարդու համար քիչ են, իսկ մեկը շատ է»։
– Հիմա այս աֆորիզմը նոր ինձ հասկացվեց։ Երբ ամուսնացած չէի, ինձ թվում էր, թե Վարպետն ինչ-որ տեղ ճիշտ չէ, բայց հիմա հասկանում եմ, որքա՜ն իմաստուն էր նա. Վարպետիս ցավը տանեմ»։
Եվ մենք բոլորս, հայկական կոնյակը ճաշակած, ուղղվեցինք դեպի դահլիճ…
2019 թ., Երևան

«ԷՆ ՍԵՎ ՇՈՒՆԸ…»
«1951 թվականի մայիսին,- պատմում էր ինձ Համո Սահյանը,- Գրողների միության մուտքի դիմաց հանդիպեցինք Վարպետին։ Վարպետը թեթև ամառային վերարկուով էր, ձեռքին՝ գավազանը։ Մեզ տեսնելով՝ շենք չմտավ, ասես ուզում էր մի երկու խոսք փոխանակել։ Մենք ջերմ բարևեցինք Վարպետին, չորս հոգով էինք՝ ես, Սերո Խանզադյանը, Վահագն Դավթյանը և երիտասարդ բանաստեղծ ու քննադատ Բագրատ Ուլուբաբյանը Ղարաբաղից։
– Վարպետ ջան, երիտասարդը Ստեփանակերտից է, շատ էր ցանկանում ձեզ հետ ծանոթանալ։
Վարպետը պինդ սեղմեց Բագրատի ձեռքը.
– Լավ է, շա՜տ լավ է, որ ղարաբաղցի է։
Եվ հանկարծ անսպասելիորեն հարցրեց Բագրատին.
– Ասա՛, էն սև շունը դեռ սա՞ղ է։
Բագրատը զարմացած նայեց Վարպետին և կարկամած հարցրեց.
– Վարպետ ջան, դուք ո՞ւմ նկատի ունեք։
Վարպետն անվրդով, սակայն բավական բարձր ասաց.
– Բաղիրով շունը,- և ձեռնափայտը վերև ուղղելով, ամեն բառը շեշտելով՝ ասաց.- Այո, նա կսատկի այն ժամանակ, երբ Մոսկվայում սատկի մեծ շունը։
Եվ դանդաղ քայլերն ուղղեց դեպի փողոց։
Մենք մեր տեղերում քարացած մնացինք։ Ոչ ոք ձայն չէր հանում։ Երեկոյան ուշ սկսեցինք իրար զանգ տալ, ուրեմն՝ դու տանն ես, լավ է, ուրեմն՝ հանգիստ ենք։ Դե, ճիշտն ասած, մեր խմբում չկար մեկը, որ ստորության ընդունակ լիներ»։
Այսպես ավարտեց իր հուշը Համո Սահյանը։
2018 թ., Երևան

ԱԿՆԹԱՐԹՆԵՐ
ԳՐԱՇԻԱԿԱՆ
1950-ական թթ. սկզբներին Աշոտ Գրաշին հյուր է գալիս Վարպետին և մեկնում նրան վերջերս Մոսկվայում տպված ռուսերեն իր բանաստեղծությունների ժողովածուն.
– Վարպետ ջան, մի տես, թե իմ գրածներից քանիսն է թարգմանել Բորիս Պաստեռնակը։
Վարպետը թերթում է Գրաշու գիրքը, կարդում մի քանի բանաստեղծություն Պաստեռնակի թարգմանությամբ։ Ու եզրակացնում.
– Դե հիմա, Աշոտ ջան, ճիշտ ժամանակն է՝ Պաստեռնակի թարգմանած այս բանաստեղծությունները ետ թարգմանես հայերեն։
2022 թ.

ՄԵԽԻ ԴԵՖԻՑԻՏ
Մի բանկետի ժամանակ, որ տրվում էր 1980-ական թվականներին իշխանական «Հրազդան» հյուրանոցային սրահում, ներս է մտնում Անաստաս Միկոյանի կրտսեր որդին՝ Սերգոն, լրագրող, մի շատ բարեկիրթ անձնավորություն։ Վերջինս նայում է շուրջ բոլորը, որոնում, թե ուր կախի իր շլյապան։
Այդ պահին լսվում է Սերո Խանզադյանի ձայնը.
– Այ, եթե քո հայրն այս երկրում մի մեխ խփած լիներ, դու հիմա կիմանայիր, թե ուր կախես շլյապադ…
2014 թ.

ԿՈՂՔԻՑ ՆԿԱՏԵՑ ՇԻՐԱԶԸ…
Հայրս սիրում էր ասել՝ «Բոլշևիկ տուժուր բոլշևիկ»։
Մի օր Ժան Էլոյանը «Արմենիա» ռեստորանում հարցրեց.
– Վիգեն ջան, ի՞նչ է դարձվածքիդ իմաստը։
– Սրա պատասխանը չկա, եթե լիներ, այդ դարձվածքը չէր ստեղծվի։
Շիրազը կողքից նկատեց.
– Ժողովուրդն ասում է՝ «Կարմիր կովը կաշին չի փոխի…»։

Կար ժամանակ, որ սուտ խոսելը մեղք էր համարվում,- փիլիսոփայեց հայրս՝ Վիգենը։- Այս նոր սերունդը սուտ է խոսում այնպես, ասես մոր փորից է ստել սովորել…
– Երբ երեխայի մայրը խաչ հանելու փոխարեն «ազնիվ պիոներական» ծղրտե, պտուղն էլ էդպես կեղնի,- կողքից նկատեց Շիրազը։
2022 թ.

ՍԻՐԱՍԻ ՌԵԱԼԻԶՄԸ
Վարպետի ծննդյան 75-ամյակի օրերն են։ Վարպետի տանը բազմաթիվ հյուրեր են հավաքված և նրանց մեջ՝ մեր հայտնի գրողները՝ Դեմիրճյան, Շիրազ, Կապուտիկյան, Զորյան, Զարյան, Սահյան, Դավթյան, Հովհաննիսյան, Անանյան, Խանզադյան, Սիրաս, թամադան՝ իհարկե, Հրաչյա Քոչարը։
Կրկին խմում են Վարպետի կենացը, մաղթում հավերժական կյանք, մեկը՝ 100 տարի, մյուսը՝ ևս 75 տարի, և այս բարեմաղթանքների մեջ լսվում է մի ձայն.
– Ես, Վարպետ ջան, մաղթում եմ ձեզ 10 տարի կյանք,- արձակագիր Հմայակ Սիրասն էր։
Քոչարը թե՝
– Ա՛յ Սիրաս, չէի՞ր կարող գոնե մի 50 տարի մաղթեիր, էս ի՜նչ ես ասում։
Սիրասը թե՝
– Ես ռեալիստ եմ։
Վարպետը տեղից իսկույն արձագանքում է.
– Սիրա՛ս, էդ ռեալիզմդ հենց իմ վրա բռնե՞ց, չի՞ լինի պահես դա քո վեպերի համար…
2020 թ.

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։