ՀԳՄ վարչությունը շնորհավորում է գրականագետ ԱՎԻԿ ԻՍԱՀԱԿՅԱՆԻՆ ծննդյան 80-ամյակի առթիվ
«Գրական թերթը» միանում է շնորհավորանքին
ԲՆՈՒԹՅԱՆ ՍԻՐՎԱԾ ԶԱՎԱԿՆԵՐԻՑ ՄԵԿԸ
Իմ հին ընկերը և բարեկամը՝ Ավիկ Իսահակյանը, արդեն 80 տարեկան է, որից 60-ը մենք անցկացրել ենք միասին, ոչ միայն իբրև հասակակից ընկերներ և «մեծ ճանապարհի ճանապարհորդներ», այլև գաղափարակիցներ, «ազատ մտքի» որոնողներ, իբրև հոգևոր նույն Տաճարի մասնակիցներ, ուր ամեն մեկը բերում է ճակատագրից ստացած «իր բաժին» արժեքները, յուրաքանչյուրը իր կշռով ու չափով (այն, ինչ Բնությունը տալիս է մարդուն, սակարկելու չի ենթարկվում)։ Լինելով Մեծ Մտածողի ժառանգորդը՝ Ավիկ Իսահակյանը «չանհետացավ» նրա ստվերի տակ (ինչպես պատահում է շատերի հետ, ինչը ներքին անհատականության անբավարար զարգացման հետևանք է). նա ինքը, անկախ ամեն ինչից, ինքնուրույն անհատ է գրականության մեջ, իր սեփական տեղն ու հեղինակությունն ունեցող անձնավորություն, որը և՛ գիտնական է (Ավ. Իսահակյանին նվիրված բազմաթիվ գիտական ուսումնասիրությունների հեղինակ), և՛ հրաշալի էսսեագիր (Երևանի մոտիկ անցյալին վերաբերող հյութեղ և բովանդակալից էսսեները, որ նա ստեղծել է՝ յուրօրինակ կերպարների մի ողջ պատկերասրահ), և՛ պրոֆեսիոնալ արձակագիր (վերջերս լույս տեսավ նրա ինքնակենսագրական վեպը) և այլն։ Ամեն տեղ աչքի է ընկնում նրա ինքնատիպ լեզվամտածողությունը, և որ տվյալ դեպքում ամենակարևորն է՝ նրա ներքին ազնվականությունը (այն, ինչը տրված է և ոչ ձեռք բերված)։ Եվ, ի վերջո, Ավիկ Իսահակյանը Բնության սիրված զավակներից է, իր կյանքի ներհուն և ներդաշնակ ուղեկիցը (թող սա պարադոքս չթվա, որովհետև բոլորը չէ, որ իրենց կյանքի ուղեկիցներն են), որի 80 տարին իր ներքին զարգացման բարձրակետն է, բայց ոչ վերջակետը, ինչի մասին հին հույներն ասում էին՝ «Կյանքը կրակի հավերժական շրջագայություն է», իսկ ժամանակը «մեր մշտական ներկայությունն է այդ շրջադարձի մեջ»։
Հենրիկ ԷԴՈՅԱՆ
ԻՍԱՀԱԿՅԱՆ ՏՈՀՄԻ ԱՌԵՂԾՎԱԾԸ
Հայ ժողովրդի մեջ դժվար լինի մի անհատ, որ չճանաչի Ավետիք Իսահակյան բանաստեղծին, արձակագրին, փիլիսոփային, մի խոսքով՝ հանճարեղ գրողին։ Նրան հաղորդվում ենք դպրոցից, առտնին զրույցներում հնչում են նրա իմաստուն բանաձևումները, հումորիկ պատմությունները, կայծակի պես կտրուկ կարծիքները։
Արդարև, աշխարհահռչակ գրող, որ պատիվ է բերել մեր ժողովրդին ու գրականությանը։ Նրա միակ զավակը՝ Վիգեն Իսահակյանը, ժառանգել է տոհմական տաղանդ, որը բացահայտվեց, երբ նա հատել էր 75-ի շեմը՝ գրելով «Հայրս» սքանչելի հուշագրությունը։ Նրան կարելի է վստահաբար ներկայացնել Գինեսի գրքում ներգրավելու՝ 94 տարեկանում սկսեց և ավարտին հասցրեց ծավալուն «Փարիզ, Քոչար, անցած օրեր»՝ մեզանում նմանը չունեցող գիրքը։
Այս վերջին տարիներին իր արձակը՝ էսսեները, մեզ է պարգևում Իսահակյան տոհմի երրորդ հզոր ալիքը՝ գրականագետ Ավիկ Իսահակյանը։
Հոր հետքերով՝ տարիքն առավ, սկսեց գրել, տարիքն արհամարհեց Վիգեն Ավետիքիչի պես, շարունակեց պատկերել իր բազմաշերտ, խորդուբորդ ընթացքի գեղարվեստական սրտագիծը՝ կարդիոգրաման։ Իհարկե, չասել նրա հարուստ գրականագիտության, տեքստաբանության մասին՝ անխղճություն է, Իսահակյան Ավետիքը վստահաբար երջանիկ է իր դասական ճոճքում, որ ունի Ավիկ թոռ, մեծերից քչերն են արժանանում նման բախտի։ Ավիկ Իսահակյանն ամբողջ կյանքում ուսումնասիրել, գրքերի է վերածել տպագրվածն ու անտիպը, ակադեմիական հատորների է վերածում մեծն Իսահակյանի ժառանգությունը։
Ահա այս բազմազբաղ այրը (նաև՝ նախկինում ԳԱԹ-ի և գրականության ինստիտուտի, ապա Հայագիտական հետազոտությունների ֆինանսավորման համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն) սրտի թելադրանքով գնում է պապի և հոր բացած ճամփեքով և վախ չունի, քանզի տաղանդը բնածին է, և թյուր է այս պարագայում խոսքը, թե հանճարներից հետո արյունը հանգստանում է, ընդհակառակը, Ավիկը տարին տարվա վրա նոր գրքեր է հրատարակում՝ «Երևանը քուն թե արթմնի», «Մեր ախպարները», նաև անսպասելի սիրային վեպ և այլն։
Ավիկ Իսահակյանը՝ տոհմական նշանը որպես գրականագետ և իբրև արձակագիր ու մտածող այր, բարձր ու բաց ճակատով տանում է և դեռ երկար կտանի (Իսահակյանները երկարակյաց են) հայոց գրի սրբազան ուխտի ճանապարհով։
Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ
«ԿՅԱՆՔԻԴ ՈՒՂԻՆ ԼԻՆԻ ՊԱՅԾԱՌ…»
Ավիկ Իսահակյանի հետ իմ առաջին ծանոթությունը եղել է դեռևս վաղ պատանեկությանս տարիներին մեր տան գրադարանում պահվող Վարպետի ժողովածուներից մեկում պապի և թոռան լուսանկարով: Այսօր արդեն բոլորիս համար պարզ է, որ չնայած հետագա տասնամյակներին ունեցած ամենատարբեր հետաքրքրություններին ու գործունեության բազմազանությանը (գրականագետ, տեքստաբան, գրող, մանկավարժ, Գրականության ինստիտուտի, Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն, Հայագիտական հետազոտությունների ֆինանսավորման համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն…), ըստ էության` մանկությունից մինչև պատանության հասակը պապի՝ հայ գրականության մեծերից մեկի՝ Վարպետի կողքին լինելու, նրա հոգևոր ու մտավոր բարերար ազդեցությունը կրելու հանգամանքը որոշակիորեն կազմավորել ու ձևավորել է Ավիկ Իսահակյանի ներաշխարհի հարստությունը, զգացմունքների նրբությունը, մտքի սրությունն ու ճկունությունը՝ որոշակիորեն այն ուղղորդելով դեպի օբյեկտիվ գիտականություն: Այդ պատճառով էլ նրա գիտական գործունեության առանցքը տասնամյակների ընթացքում եղել է իսահակյանագիտությունը: 2000 թվականից ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում նա ղեկավարում է Ավետիք Իսահակյանի Երկերի լիակատար ակադեմիական հրատարակության գիտական խումբը, որն արդեն իսկ հասցրել է ընթերցողներին հանձնել նախատեսված 14 հատորների զգալի մասը: Դրանցում մանրամասնորեն ներկայացված է Ավետիք Իսահակյանի ոչ միայն բազմաժանր ստեղծագործությունը, այլև առանձին գործերի տարբերակները, հատվածներն ու պատառիկները, անտիպները՝ մանրամասն ծանոթագրություններով ու առաջաբան-վերջաբաններով: Հսկայական այդ աշխատանքն իրականացնելու համար Ավիկ Իսահակյանն օգտագործել է հրապարակում եղած հետազոտությունները, գիտական շրջանառության մեջ է դրել Հայաստանի և արտերկրի պետական և այլ՝ այդ թվում հենց Իսահակյանների ընտանիքի, արխիվներից պեղած բազմաթիվ նյութեր: Անցյալ դարի 70-ական թվականների սկզբից սկսած` Ավիկ Իսահակյանը գրել է Վարպետի ստեղծագործության քննությանը նվիրված շուրջ մեկ տասնյակ մենագրություններ և ուսումնասիրություններ, 200-ից ավելի հոդվածներ և հրապարակումներ, որոնք հրատարակվել են ոչ միայն Հայաստանում, այլև մի շարք այլ երկրներում:
Ավիկ Իսահակյանի հետ իմ հանդիպումներն ու գործնական, ընկերական շփումները (ՀԳՄ-ում, Գրականության ինստիտուտում, «Հրաչյա Աճառյան» համալսարանում), սկզբնավորվելով անցյալ դարի 70-ական թվականներից, շարունակվում են մինչ օրս: Ի դեպ, նա որոշակի դեր է խաղացել նաև իմ գիտական աշխատանքային գործունեության շարունակման գործում: 2010 թ. Գրողների միությունում մեր հանդիպումներից մեկի ժամանակ, երբ մտահոգություն հայտնեցի նախկինում հրատարակված «Հայ գրականության պատմության» հինգհատորյակում XIX դարի մի ամբողջ գրական ինքնատիպ շղթայի՝ Թ. Թերզյան – Ե. Տեմիրճիպաշյան – Տ. Չրաքյան (Ինտրա), գրեթե բացակայության վերաբերյալ, այդ ժամանակ Գրականության ինստիտուտի տնօրեն Ավիկն առանց տատանվելու առաջարկեց ընդունվել ինստիտուտի Հայ նոր գրականության բաժինը, համատեղությամբ, որպեսզի, ինչպես ասաց, «Հայոց գրականության պատմության» նոր բազմահատորյակում հենց ինքս էլ լրացնեմ այդ բացը, ինչը ես ստանձնեցի մեծ սիրով: Արդյունքում` վաղուց արդեն պատրաստ է տպագրության չորրորդ հատորը, որտեղ, մասնավորապես, Ե. Տեմիրճիպաշյանը ներկայացված է ակնարկային, իսկ Ինտրան` դիմանկարային պատշաճ հոդվածներով:
Ավիկ Իսահակյանի լուրջ ու ծավալուն աշխատությունները նվիրված են Վարպետի՝ համեմատաբար քիչ ուսումնասիրված գեղարվեստական արձակի, պոեմների, համաշխարհային և հատկապես ռուս գրականության հետ ստեղծագործական առնչությունների, ազգայինի ու համամարդկայինի փոխհարաբերության, Հայրենիք-Սփյուռք կապերի գիտական համակողմանի քննությանը: Եվ այդ ամենը՝ պատկերավոր ոճով ու լեզվով: «Ավետիք Իսահակյանի պոեմները» (2007) մենագրության Առաջաբանում թեմայի արժևորումը նա կատարում է գեղարվեստական տպավորիչ համեմատությամբ. «Եթե համեմատելու լինենք Ավետիք Իսահակյանի ստեղծագործությունը մի զորեղ լեռնաշղթայի հետ, ապա նրա պոեմները կլինեն այդ լեռնաշղթայի գագաթները»: Ըստ այդմ, «Ալագյազի մանիները» Իսահակյանի ստեղծագործության առաջին քսանամյակի բանաստեղծական աշխարհի խտացումն է, (…) քվինտէսենցիան նրա քնարերգության», «Մասըսա Մանուկը»՝ զորեղ, Սասնա և Զեյթունի բարձունքներից իջնող տարերային հեղեղ՝ իր հետ բերող ազգային մարտակոչի անհրաժեշտության պատգամը», որն «ապացուցեց, որ Իսահակյանը նաև էպիկական բնույթի բանաստեղծ է, մասշտաբային պաննո – կտավների վարպետ»… Կամ՝ Վիգեն Իսահակյանի 2000 թ. լույս տեսած «Հայրս» հուշապատումի Առաջաբանում կարդում ենք. «Շատ հաճախ «Հայրս» գիրքը վեր է ելնում հուշերի ժանրից, երևում է մեզ որպես ոգեշունչ էսսե…»:
Վերջին տասնամյակում Ավիկ Իսահակյանը ևս հրատարակել է հուշագրական-խոհագրական արձակի ժանրի երկեր՝ «Երևանը երազում և արթմնի. երկու դարի միջև» (2014), «Սա է իմ ընտրությունը» (2021), «Սևանա կղզի…» (2022), որոնք ունեն ճանաչողական արժեք, աչքի են ընկնում գեղարվեստական բարձր մակարդակով և ընթերցվում են մեծ հետաքրքրությամբ: «Հայրս» գրքի վերոհիշյալ Առաջաբանում նաև այսպիսի մի խոստովանություն կա՝ «Հայրս» գիրքը ընթերցելուց հետո կրկնակի ես զարմանում, թե ինչպես է կարողացել կյանքի 77-րդ տարում հիշել 70-50 տարի առաջ եղած դեպքերը և ինչպես է կարողացել այդքան կարճ ժամանակում գրել»: Կարծում եմ, նույնը կարող ենք հասցեագրել նաև իրեն՝ նշված հուշապատումների արդեն 80-ամյա հեղինակին:
1954 թ. սիրելի թոռան՝ Ավիկի տասնամյակի կապակցությամբ Վարպետն իր սրտի խոսքն է ասել նրան՝ «Ավիկին» վերնագրված ոտանավորով պատգամելով.
Կյանքիդ ուղին լինի պայծառ,
Ամեն քայլդ՝ ազնիվ, արդար:
Լինես խոնարհ, լինես գիտուն,
Եվ ունենաս սիրտ զգայուն…
Ու նաև՝ «Միշտ օգնելու լինես պատրաստ//Տանջվող մարդուն և ընկերին», «Անդավաճան, անհուն սիրով//Հայրենիքիդ լինես պաշտպան»: Պատգամներ, որ տասնամյակներ շարունակ ուղեկցել են նրան` դառնալով իր կյանքի անխափան ուղենիշները, և որոնց նա հավատարիմ է մնացել միշտ՝ գոհացնելով ու երջանկացնելով երկնային հավերժության մեջ թափառող Վարպետի հոգին:
Պետրոս ԴԵՄԻՐՃՅԱՆ
ԱՎԻԿ ԻՍԱՀԱԿՅԱՆ. ԻՍԱՀԱԿՅԱՆԱԳԵՏԸ
Հեշտ չէ կռահել, թե ո՞ր սկիզբն է գերակշռում Ավիկ Իսահակյանի գործունեության մեջ. գրականագետ-հետազոտո՞ղը, մտավորական գործի՞չը, ստեղծագործող անհա՞տը, թե՞ գիտական-գրական գործի կազմակերպիչը։ Նա անցել է և անցնում է այս ճանապարհը և Հելիկոնն անցածի պես վայելում արդեն անցածի և գալիքի պտուղները։ Եվ նրանք, ովքեր վկա են ու ընկերակից Ավիկի վաստակին, կարող են ասել, թե ինչ ոգեշնչմամբ է նա հասել դրան, քայլ առ քայլ նվաճել, ոգևորվել ու ոգևորել գրական ամեն մի փաստի, հոդվածի կամ գրքի հրապարակման համար, որ մեր գրականության ժառանգությանն է վերաբերել։ Ահա ինչու, երբ հարցը կրկնում ես քեզ համար, թե ո՞ր Իսահակյանն է նախընտրելի, կարող ես ասել. Ավիկը՝ իբրև հետազոտող գրականագետ, լայնահայաց է, մանրը և մեծը տեսանող-համադրող, վերլուծական միտքը՝ վճիտ, որ անհատականության կնիք ունի։ Իսկ իբրև ստեղծագործող-անհատ՝ տոհմիկ գենից է սերված, որ այլ կերպ չի լինում. այն բնությունից է տրված, Վերինի կամքով հաստատված։ Եվ եթե վեպ է գրում, ապա իր կյանքի վեպն է գրում, որ խոստովանություն-հուշագրություն է, ինչը տարիների հեռվից նույնն է ընկալում, ինչ պատանության տարիների ժայթքման ժամանակ, որ հիմա է խոսքի փոխակերպվում, ինչպես առաջին սիրո կեսագրություն-պատումը, հուշագրում անցյալի գեղարվեստական պատկերը «Երևանը երազում և արթմնի…» (2014), «Սա է իմ ընտրությունը» (2021) երկերում, որ, ճանաչողական արժեքից բացի, ընթերցվում են մեծ հետաքրքրությամբ, հմայում խոսքի կենդանի վկայությամբ, պարզ-հաճելի և խոսուն նկարագրում մի ամբողջ սերնդի հոգևոր կերպարը, առօրյան, միջավայրի խիտ աուրան։
Ավիկ Իսահակյանն, իհարկե, ինքն իր խոստովանության վկան է։ Վկայագիրը հանդես է գալիս այն ժամանակ, երբ առնչվում է մեր գրականության վերին ոլորտի վկայագիրներից մեկի՝ պապի՝ Ավետիք Իսահակյանի գրական ժառանգությանը, որի ձեռագրերի հետ առնչվում է մանկուց, որ պահվում էր հայրական տան սենյակներից մեկում՝ հարևանությամբ, տատի՝ Սոֆյայի ներշնչանքի հրավերով հպվում, ճանաչում բանաստեղծ պապի հոգևոր բարդ աշխարհը։ Սա արդեն տասնամյակների տքնանքի, հոգևոր արժեքների ճանաչման բարդ ճանապարհ էր խոստանում, որ թոռը՝ Ավիկ Իսահակյան-գրականագետը, իբրև հոգևոր վերելքի ճանապարհ, անցնում է տասնամյակների բեռը վրան, անցնում է համառ։Եվ հիշում է. սկիզբը սա էր, որ հասունության ճանապարհ էր ցույց տալիս Ավիկ Իսահակյանին։ Ասում է՝ ընթերցելով Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտան» վեպը ուսանողության տարիներին՝ հասկացավ վեպի մի ֆրազի՝ «Ձեռագրերը չեն այրվում» մտքի իմաստը, մղում նրան շարունակելու Ինճիկյանի գործը՝ բանաստեղծ պապի գիտական հրատարակությունը հարստացնելու նոր աղբյուրներով, որ, սկսած 1990-ականներից, Ավիկ Իսահակյանի նախաձեռնությամբ հասել է տասներկու հատորի։ Հաշվի առնելով «Ուստա Կարո» վեպի ձեռագրերի նոր փաստը՝ Իսահակյանի հատորների թիվը կհասնի տասնութի, որ մոտակա տարիների գործ է։ Բայց սա դեռ ամենը չէ։ Ավիկ Իսահակյանի գործունեության սկիզբը սկսվում է նախորդ դարում «Ավետիք Իսահակյանի արձակը» (1975) հետազոտությամբ։ Սրան հաջորդում է «Ավետիք Իսահակյանը և ռուս գրականությունը» (1984), ամբողջանում Ավետիք Իսահակյանի գիտական կենսագրության հետազոտությամբ (2000): Ավիկ Իսահակյանը, այնուհետև, 2002-ին քննության նյութ է ընտրում բանաստեղծի պոեմները, որը, համեմատելով լեռնաշղթայի հետ, անվանում է այն Իսահակյանի բանաստեղծության «լեռնաշղթայի գագաթը»։ «Ալագյազի մանիները» այդ լեռնաշղթայի ստեղծագործական առաջին խտացումն է՝ ըստ Ավիկ Իսահակյանի, «Մասըսա Մանուկը»՝ Սասնա և Զեյթունի բարձունքներից իջնող հեղեղը, «Սասմա Մհերը»՝ «ծածկագրված հերոսի» գոյաբանական ըմբռնումների և մաքառումների ոդիսականը, իսկ «Աբու-Լալա Մահարին»՝ հանճարեղ մի փորձ, որ ձայնակցում է նարեկացիական «Մատյան ողբերգությանը»։ Ստեղծագործական ներքին միասնությամբ Ավետիք Իսահակյանը սակայն հենց ինքը Աբու-Լալա Մահարին է, որի խոհափիլիսոփայական խտացումը «Իմ կարավանը» համառոտ պոեմի իսահակյանական խռովքի ըմբռնումն է։
Անշուշտ, Ավիկ Իսահակյանի վաստակի հոգևոր կենտրոնը Ավետիք Իսահակյանի ժառանգության հետազոտությունն է, որ չի ավարտվում նշվածներով։ 200 և ավելի հոդված ու աշխատասիրություն, գրված առաջաբաններ և վերջաբաններ հատորներում, գիտական և գրական մամուլում և այլուր, որ հեղինակը ամբողջացրել է «Բարև, Վարպետ» (2008) ուսումնասիրությունների մեծածավալ համահավաք հատորում։ Տասնամյակից ավելի մի շրջան հրապարակվում են Ավետիք Իսահակյանի ակադեմիական հատորները, որոնք վկայում են հետազոտող Ավիկ Իսահակյանի ավանդը իսահակյանագիտության ոլորտում։ Ուստի, կարող ենք ասել, որ Ավիկ Իսահակյանի նշանակությունը իսահակյանագիտության մեջ անշրջանցելի է։ Նրա և իր ղեկավարած խմբի հայեցությունը, հետազոտական սահմանները ընդգրկում են հայ և համաշխարհային գրապատմական լայն հայեցության ոլորտներ, որի շնորհիվ Ավիկ Իսահակյանը, իբրև հետազոտող, հետամուտ է ամբողջացնելու իսահակյանագիտության այս նոր շրջանը և, ինչպես իր նախորդները, ժառանգելու հաջորդ սերունդներին։ Ուրեմն, առողջություն և կամք մաղթենք մեր սիրելի ավագ ընկերոջը՝ Ավիկ Իսահակյանին՝ իրագործելու իր բոլոր մտահղացումները։
Սուրեն ԱԲՐԱՀԱՄՅԱՆ