ՀԳՄ վարչությունը շնորհավորում է արձակագիր, հրապարակախոս, լրագրող Սերգեյ Վարդանյանին ծննդյան 70-ամյակի առթիվ
«Գրական թերթը» միանում է շնորհավորանքին
Լևոն Անանյան,
Արմատների որոնումը (հատված), «Գրական թերթ»,
2002, դեկտեմբերի 27
…Սերգեյը յուրովի այլախոհ* էր։ Առանց ավելորդ աղմուկի, առանց ինքնաթմբկահարման՝ նա նոր սերնդի ուշադրությունը շեղում էր վաղանցիկ, կեղծ արժեքներից, ինքնուրույն մտածողությունն աղավաղող կաղապարների բեռից, ուղղորդում դեպի սեփական պատմությունը, ինքնության արմատների զորեղությամբ չափում վաղվա սաղարթի փարթամությունը: Նրա բանահավաքչական հերթական մտահղացումը՝ գրի առնել մեր ասացողների վերջին մոհիկաններին, կորստից փրկել հայ բանավոր գրականության գոհարները, իսկական ռումբի պայթյուն էր, որ փոթորկեց խանդավառ պիոներների անվրդով անդորրը։ Գյուղերում և քաղաքներում (Անդրկովկասի և Հյուսիսային Կովկասի) նրանք հավաքում էին հայ ժողովրդական հեքիաթներ, և Սերգեյը մի ամբողջ ինստիտուտի գործ արեց՝ դասդասելով, բաղդատելով տարաբնույթ տարբերակները, ճշտելով ու ճշգրտելով բարբառային սպրդումները։ Արդյունքում՝ առանձին գրքով հրատարակեց «Հրեղեն ձին» ժողովածուն։ Այնքան նյութ էր կուտակվել, որ այսօր՝ 20 տարի անց, նա հրատարակության է պատրաստել պատանի բանահավաքների երկրորդ գիրքը՝ «Թագավորի երազները» խորագրով:
Սերգեյ Վարդանյանը առաջինն էր, որ տեր կանգնեց համշենցիների դատին. Կրասնոդարի երկրամասի ու Աբխազիայի հայկական բնակավայրերում շրջելով և բանուկ կամուրջ գցելով հայրենիքի ու իր տարագիր զավակների միջև, հրապարակեց բազմաթիվ հոդվածներ, կազմեց և խմբագրեց «Ձայն համշենական» ժողովածուն… Միջին Ասիայի խուլ գյուղերում նա հայտնաբերեց մի քանի հազար կրոնափոխ համշենցիների, ուսումնասիրեց նրանց կյանքն ու բարքերը և լրջորեն քայլեր էր ձեռնարկում ազգային պատկանելությունը կորցնող այդ ներփակ համայնքը Հայաստան տեղափոխելու։ …Առանձին բաժին են կազմում նրա պատմամշակութային, ազգագրական, բանահյուսական աշխատությունները, որոնք հավաստում են մեղվաջան հետազոտողի պրպտուն միտքը, ներկան պատմության դասերով վերաիմաստավորելու նրա ջանքը։ Սերգեյի պատմագիտական գործերի պսակը «Հայաստանի մայրաքաղաքները» մենագրությունն է՝ հայոց 12 ոստանների ամփոփ կերպարը, որը լույս տեսավ 1985-ին և մեկ տասնամյակ անց վերահրատարակվեց շքեղ պատկերազարդումով։ Դժվար է գերագնահատել հատորի ազգային-ճանաչողական նշանակությունը, այն միանգամից դարձավ ո՛չ միայն պատանիների սեղանի գիրքը:
…Հայ ժողովրդի պատմության, մշակույթի, ազգագրության հիմնախնդիրներին նվիրված նրա հրապարակումները մտել են գիտական լայն շրջանառության մեջ, թարգմանվել անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, իսպաներեն, սլովակերեն և այլ լեզուներով:
Սերգեյ Վարդանյանը մտավորականի այն տեսակն է, որը կազմում է հասարակության ոսկե միջուկը, և ինչքան էլ ժամանակի հարվածները ձևախեղեն հայոց արժեքային համակարգի պատյան-կեղևը, նրանք անխաթար են պահում ազգային ոգին ու բարոյականությունը:
Այսպիսի անհատներով է իմաստավորվում կենսունակ ազգի հարատևությունը:
*Խոսքը խորհրդային ժամանակաշրջանում
կատարված դեպքերի մասին է։
ԽՈՐՔԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ
Աելիտա ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ
Սերգեյ Վարդանյանը հայ բանագետներին, հայ ժողովրդական բանահյուսության սիրահարներին, բարբառագետներին մատուցել է մի կարևոր հետազոտություն՝ նվիրված կրոնափոխ համշենահայերի բանահյուսությանը: Աշխատությունը նաև պատմական ու ճանաչողական մեծ արժեք ունի: Այն յուրօրինակ ձևով հայ ազգային ճակատագրի արտացոլանք է: Պատմականությունը և գիտականությունը գրքի հիմքերն են: Սա պայմանավորված է երկար տարիների նվիրման իրողությամբ, հետազոտելու, պրպտելու, որոնելու անձանձիր կամքով: Գրքում կան հատվածներ, որոնք պարզապես անմոռանալի են: Օգտագործված է հսկայական քանակի գրականություն՝ համապատասխան հղումներով:
Սերգեյ Վարդանյանը գրել է մի «Նոր նահանջ առանց երգի»: Նյու Յորքում 2010-ին լույս տեսած «1001 գիրք, որ ամեն մարդ պետք է կարդա մինչև մեռնելը» հանրագիտարանում ներկայացված են աշխարհի տարբեր ազգերի 1001 գրքեր, դրանց հեղինակների մեջ կան երկու հայեր՝ Մայքլ Առլեն Ավագը և Շահան Շահնուրն իր «Նահանջն առանց երգի» վեպով, որում ցավով ներկայացվում է հինավուրց քաղաքակրթություն ունեցող մի ողջ ազգի ուծացումը:
Ս. Վարդանյանի գիրքը բռնի ուծացման մասին է՝ բազում պատմական փաստացի վկայություններով:
2012 թվականին Փարիզում լույս է տեսել Աննի և Ժան-Պիեռ Մահեների ստվարածավալ “Histoire de l’Arménie” աշխատությունը, որում խստորեն դատապարտվում է 1915-ի երիտթուրքերի կազմակերպած ցեղասպանությունը, որից հետո Արևմտահայաստանում դեռ մնացել էին 900.000 հայեր: Մուսթաֆա Քեմալի հիմնած նոր Թուրքիան պահանջեց, որ նրանք շտապ լքեն իրենց դարավոր հայրենիքը կամ դառնան մահմեդական թուրքեր:
Այս գիրքը Վարդանյանի ազգօգուտ երկարատև տարիների աշխատանքի պատմությունն է: Նրանում կան բազում հայրենասեր մտավորականների կերպարներ: Դրանք պետական պաշտոնյաներ են, գրողներ, հրատարակիչներ, դասախոսներ: Հիացմունք է առաջացնում այն փաստը, թե ինչպես Հայաստանի բարձրագույն ու միջնակարգ մասնագիտական կրթության նախարար Լյուդվիգ Ղարիբջանյանը պաշտոնական գրությամբ սատարել է Վարդանյանի ազգօգուտ գործունեությանը: Այդ պաշտոնական գրությունը տպագրվել է «Գարուն» ամսագրում, որը լույս էր տեսնում 51 հազար տպաքանակով, տարածվում ողջ ԽՍՀՄ-ում, և այդ գրությունը ստանում է մեծ արձագանք, ու տարբեր երկրներից նամակներ տպագրվում են «Գարուն» ամսագրում: Այդ նամակներից մեկի հիման վրա Սերո Խանզադյանը՝ արձակի մեծ վարպետը, գրում է պատմվածք (էջ 11):
Սարսափելի մի փաստ կա՝ կապված 1944 թ. նոյեմբերի 28-ի Լ. Բերիայի՝ Ի. Ստալինին ուղղված զեկուցագրի հետ: Դրա արդյունքում Ադիգենի, Ախալցխայի, Ասպինձայի, Բոգդանովկայի, Աջարիայի հայերին, ի թիվս այլ ազգերի, վերաբնակեցնում են Ղազախստանում, Ուզբեկստանում, Կիրգիզիայում: «Իրերը հավաքելու համար բռնադատվողներին տրվում էր ընդամերը 2 ժամ» (էջ 71):
Այդ բռնադատվածների մեջ կային համշենահայեր: Նրանց բանահյուսությունը գրառելու համար Վարդանյանը շրջել է ԽՍՀՄ տարբեր հանրապետություններում, Թուրքիայում, Լիբանանում, Սիրիայում, ԱՄՆ-ում և այլուր:
«Թուրքիայի, Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի կրոնափոխ համշենահայերի մասին նրա հետազոտությունները տպագրվել են հայրենի և արտերկրի մամուլում» (էջ 350):
2015-ին է տպագրվել Ս. Վարդանյանի “Окровленные семена” գիրքը, որ պատմում է Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի ու Աբխազիայի հայության հերոսացումը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին: Այդ վայրերի 13 հայորդիներ արժանացել են Խորհրդային Միության հերոսի կոչման:
Պատմական փաստերով Վարդանյանը ներկայացնում է, թե ինչպես կրոնափոխ եղած հայերին թուրքերը կտրում էին բնօրրանից ու սփռում օտարախոս միջավայրում:
Գրքում գիտական շրջանառության մեջ են դրված մի շարք գիտական փաստեր, որոնք շրջանառության մեջ չեն դրվել նախորդ հետազոտողների կողմից:
Դրանցից մեկը վերաբերում է Գարեգին Սրվանձտյանցի՝ երեք ամիս Արցախում գտնվելուն և «Մեղու» տասնօրյա հանդեսում նրա տպագրած անստորագիր հոդվածին: Դրանում ասվում է, թե Մկրտիչ Խրիմյանը ութ օր քարոզել է Արցախում և հանդիպել է մի ժողովրդի, որի մեջ անարատ ու առատորեն փայլում էին հայության ձիրքերը, բնավորությունն ու սովորությունները: Նրանք ընդունակ էին, արի ու անվեհեր, շատ հասկացող: Նրանց մանուկներն ուշիմ էին, նրանց ծերերը մարմնով առույգ, խելացի հանճարով, փորձված գլուխներով, նրանց երիտասարդները հզոր էին և հնազանդ, իրենց քաջասրտությունը պահում էին պարկեշտության քողի տակ:
Սա Արցախի հայերին տրված բացառիկ գնահատական է 21-ամյա Գարեգին Սրվանձտյանցի՝ հայ բանագիտության նշանավորագույն բանահավաքի ու բանագետի կողմից:
Երիտասարդ Սրվանձտյանցը ծանոթացել է Արցախում մտավոր լայն գործունեություն ծավալած Բահաթրյան ընտանիքի անդամների հետ, որոնցից մեկը Ավետիք Բահաթրյանն էր՝ «Հին հայոց տաղաչափական արուեստը» գրքի հեղինակը: Այս հիմնարար գիրքը Էդ. Ջրբաշյանի առաջաբանով լույս տեսավ 1984-ին: Վարդանյանը մեջբերում է Եղիշե Չարենցի խոսքերը Բահաթրյանի գրքի մասին. «Զարմանալի հանք է՝ գտնված հանճարեղ բնազդի տեր հեղինակի կողմից» (էջ 111):
Արցախին վերաբերող հատվածում անմոռաց է բանասեր, բանագետ Մարգարիտ Գրիգորյանի դիմանկարն՝ իր ողջ գործունեությամբ. «Մենք բուն շուշեցիներ էինք… սկսած Շուշի քաղաքի հիմնադրումից, դրա համար էլ գյուղերում ոչ մի բարեկամ կամ ծանոթ չունեինք: Տուն էինք վարձում ու ապրում մե՛րթ այս գյուղում, մե՛րթ մի ուրիշ գյուղում, ամենից շատ այնպիսի գյուղերում, որտեղից Շուշին երևում էր: Ամեն ամառ միշտ մի օրով գնում էինք Շուշի ու ավերակների միջով անցնելով բարձրանում էինք վերև՝ մեր հիմնովին այրված տան բակը, կանաչազարդ այգին, ուր վարդեր են փթթել, ուր կանաչ ծառեր են ծաղկել: Մի գորգի այրված կտոր, մի ապակե ամանի կտոր թանկ էր իմ սրտին, հուշեր էր բերում իմ մանկապատանեկան կյանքից ու դպրոցից» (էջ 135):
Մ. Գրիգորյանը երկար տարիներ շրջել է Արցախում, պատահել է, որ չորս օր քաղցած է մնացել, գիշերելու տեղ չի ունեցել, ոտքով գյուղից գյուղ է անցել՝ խրվելով ցեխի մեջ, բայց այդ դժվարություններին դիմացել է, իր անհուն սիրուց դեպի իր այրված ծննդավայրը՝ Շուշին: Նա անգամ արտագրել է Շուշիի գերեզմանաքարերի վրա գրված բանաստեղծությունները:
Նրա հավաքած բանահավաքային նյութը եղել է 10 հսկա մեքենագրական հատոր, բացի այդ, գրել է 2500 էջանոց (մեքենագիր) փաստագրական վեպ՝ մշտապես հայկական եղած Շուշիի մասին:
Այս բոլոր նյութերին Ս. Վարդանյանը ծանոթացել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արխիվում: Ընդհանրապես, նրա գրքում լայնորեն օգտագործվում են արխիվային նյութեր:
Մարգարիտ Գրիգորյանի հավաքած նյութերի մի մասը հրատարակվել են բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Առաքել Առաքելյանի շնորհիվ, որի աշակերտն է եղել նա Շուշի քաղաքի Մարիամ Ղուկասյան օրիորդաց դպրոցում: Առաքել Առաքելյանը (1887-1980) երկար տարիներ աշխատել է Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ում՝ որպես արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ: Նա քաջ տիրապետում էր հին հունարենին, 37 թվականի բռնադատվածներից էր, հիանալի գիտեր հայ միջնադարի մշակույթն ու գրականությունը, հունական և հռոմեական անտիկ գրականության դասագրքերի հեղինակն էր: Ահա այդ լուսավոր մարդու օգնությամբ Մ.Գրիգորյանի աշխատանքը գնահատվում է ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Գուրգեն Հովնանի և մի շարք նշանավոր գրականագետների կողմից: Բանագետին ասում են. «Գիտե՞ք, որ Դուք այն մեղուն եք, որն իր թևերին մեղր է բերել» (էջ 133):
Իր թևերին մեղր է բերել նաև Սերգեյ Վարդանյանն այս գրքով:
Նա բարեխղճորեն պատմական մեծարժեք փաստեր է մատուցում ընթերցողին: Խոսում է Արցախի Հաթերք բերդավանի Հաթերք իշխանության (մելիքության) կենտրոն լինելու մասին: Այն XII դարում եղել է իշխանաց իշխան Վախթանգի նստավայրը, որտեղ 1184-ին Մխիթար Գոշը սկսել է շարադրել հայտնի «Դատաստանագիրքը»: Տեղեկանում ենք, որ XVII դարի վերջին XVIII-ի սկզբին Վենետիկում և Լիվոռնոյում իր գործունեությունն է ծավալել ծագումով հաթերքցի Աղա դի Մաթուսը, որը զբաղվում էր թանկարժեք քարերի վաճառքով: Նա ելումուտ ուներ Հռոմի պապի ու Լյուդովիկոս XIV-ի նստավայրերում:
Գրախոսության մեջ ծանրացանք Արցախի բանահյուսական իրողությունների վրա, որովհետև դրանք այսօրվա քաղաքական խնդիրների դիտանկյունից բացառիկ արդիական արժեք ունեն հայ-ադրբեջանական հարաբերություններում պատմական ճշգրտություն մտցնելու առումով:
Գրքի երկրորդ մասը ներկայացնում է աշխարհասփյուռ համշենահայության մի զվարճապատում՝ իր բոլոր տարբերակներով՝ գրառված տարբեր վայրերում:
Սա բանագիտական հրաշալի իրողության վավերագրում է, ըստ որի, բանավոր գրականության հյուսվածքների մի մասը միգրացիոն բնույթի են: Բացի այդ, բանահյուսական հյուսվածքն ունի բազում պատումներ, որոնք հեշտորեն փոփոխվում են տարբեր ասացողների կատարման ժամանակ: Սակայն ասելիքի էությունը մնում է նույնը:
Վարդանյանը նույն հարթության վրա դիտարկել է Աստնե-Թոմսոնի, Նիկոլայ Անդրեևի, արևելասլավոնական ժողովուրդների, նաև հայ արդի բանագիտության մեջ անվանի բանագետ, բանահավաք Արմեն Սարգսյանի՝ 2020-ին տպագրված «Հայ ժողովրդական երգիծական մանրապատումներ և զվարճախոսություններ (անեկդոտներ)» գրքի «Խելապակասության թեման» բաժինը: Այդ բաժնում առկա է տերտերի գլուխը պոկվելու զվարճախոսությունը, որը կա նաև Վարդանյանի բոլոր այն զվարճախոսություններում, որոնցում պոկվում է որևէ անձի գլուխ:
Գրքում կա հետևյալ եզրահանգումը. «Վերը շարադրված ողջ նյութը, ինչպես նաև այն կարևոր հանգամանքը, որ մեր կրոնափոխ ազգակիցներն այս զվարճապատումները պատմել են հայերեն՝ Համշենի բարբառի Խոփայի խոսվածքով, հիմնավորապես հաստատում են մեր համոզմունքը, որ դրանք հայկական բանահյուսական ժառանգության անբաժանելի մասն են» (էջ 232):
Սերգեյ Վարդանյանի «Բանահյուսական պատումի միջավայրը» գիրքը նույնքան կարևոր է հայագիտության համար, որքան 1995-ին տպագրված «Հայաստանի մայրաքաղաքները» հրաշալի գիրքը:
ՀԱՅԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆՎԻՐՅԱԼ ԲԱՆԱՀԱՎԱՔ – ԱԶԳԱԳՐԱԳԵՏԸ
Պետրոս ԴԵՄԻՐՃՅԱՆ
1972 թվականից աշխատելով «Գրական թերթի» քննադատության բաժնում՝ ստեղծագործական և անձնական շփումների ընթացքում հնարավորություն եմ ունեցել հետևելու այսօր արդեն վաստակաշատ բանահավաք-ազգագրագետ Սերգեյ Վարդանյանի առաջին քայլերին ու հետագա գործունեությանը՝ նրա մեջ նկատելով հայոց պատմության, մշակույթի, գիտության և գրականության հետազոտությանն ու զարգացմանը նպաստելու, ազգապահպանությանը սատարելու իսկական նվիրյալի հատկանիշներ: Մասնավորապես՝ բանահավաքչության և ազգագրության բնագավառում: Դրա վառ վկայություններից էր, օրինակ, դեռևս 1978 թվականին մամուլի միջոցով նրա նախաձեռնած պատանեկան բանահավաքչական շարժումը, որին մասնակցեցին Անդրկովկասյան երեք հանրապետությունների, նաև Արցախի, Նախիջևանի և Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի հայկական դպրոցների աշակերտները: Հավաքված մեծաթիվ բանահյուսական նյութերը՝ Սերգեյ Վարդանյանի մշակմամբ ու «Երկու խոսք»-ով, հրատարակվեցին «Հրեղեն ձին» (1981) և «Թագավորի երազները» (2003) ժողովածուներով, որոնցից ընտրված հեքիաթները՝ «Փրկված հեքիաթներ» վերնագրով, ավելի ուշ Երևանում լույս տեսան նաև անգլերեն (2007) և գերմաներեն (2009): Ապա հաջորդեցին Հայաստանի մայրաքաղաքների մասին պատմող երկու հատորները՝ 1985 և 1995 թթ.՝ ներդիր լուսանկարներով, վիմագրություններով ու քարտեզներով:
Հետագա տասնամյակներին՝ արդեն ՀՀ ԳԱԱ ՀԱ ինստիտուտի գիտաշխատող Սերգեյ Վարդանյանի գիտական հետաքրքրությունները սևեռվեցին Սուլթանական Թուրքիայում բռնությամբ կրոնափոխ դարձած համշենահայությանն առնչվող հիմնահարցերի մանրազնին հետազոտության և հրապարակման վրա, ինչը, բնականաբար, քրտնաջան աշխատանք, անդուլ կամք և շատ ժամանակ էր պահանջում: Թուրքիայի, Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի կրոնափոխ համշենահայերի մասին նրա հետազոտությունները տպագրվել են ոչ միայն հայրենի և արտերկրի մամուլում, այլև «Ձայն համշենական» ժողովածուի երրորդ հատորում (1989), ԵՊՀ հրատարակությամբ լույս տեսած «Կրոնափոխ համշենահայերի բարբառը, բանահյուսությունը և երգարվեստը (նյութեր և ուսումնասիրություններ)» (2009) մենագրությունում:
Սերգեյ Վարդանյանը 2004-2018 թվականներին եղել է «Ձայն համշենական» ամսաթերթի հիմնադիր գլխավոր խմբագիրը: Ընդ որում, թերթի 1000 օրինակ տպաքանակը բաժանվում էր Հայրենիքում և Սփյուռքում՝ անվճար: 1992-ից «Համշեն» հայրենակցական-բարեգործական ՀԿ փոխնախագահն է, 1991-ից՝ ՀԳՄ անդամ:
Ահա թե ինչու, Սերգեյ Վարդանյանի նոր՝ «Բանահյուսական պատումի միջավայրը (Կրոնափոխ համշենահայերի մի զվարճապատումի տարբերակները»), (Եր., ՀԱԻ հրատ., 2022, 351 էջ) ծավալուն հատորը ամենևին էլ անակնկալ չէր: Հատորի ազդագրում այն իրավամբ որակվում է որպես «եզակի ուսումնասիրություն», որում ներկայացված են նաև հավաքված նյութերի բնագրերն ու թարգմանությունները: Հիրավի, ընդհանուր առմամբ, հետազոտական վիթխարի աշխատանք է կատարված. բացի մեծ տարածաշրջաններ ու վայրեր ընդգրկող շրջագայությունների ընթացքում նյութերի հավաքումից ու հետազոտությունից, ուսումնասիրվել են նաև հատորի ավելի քան չորս տասնյակ էջերը զբաղեցնող արխիվային նյութեր (11 միավոր), դասական ու ժամանակակից գրքեր և ժողովածուներ (271 միավոր), հայերեն պարբերականներ (198 միավոր), ռուսերեն, սլովակերեն, ֆրանսերեն, իսպաներեն, անգլերեն, գերմաներեն, ադրբեջաներեն, թուրքերեն գրքեր և պարբերականներ, հունարեն հոդված, թուքերեն երեք խտասկավառակ (153 միավոր):
Գրքի Առաջաբանում Ս. Վարդանյանը պատմում է, թե ինչպես է սկսվել իր գործնական հետաքրքրությունը համշենահայության խնդիրներով: «1981 թ. սեպտեմբերին Կրասնոդարի երկրամասի համշենցիների գյուղերով շրջագայելիս, երբեմն որպես արտառոց նորություն՝ մեզ ասում էին, որ ինչ-որ մեկը Բելորեչենսկ քաղաքի ավտոկայանում կամ Ապշերոնսկում պատահաբար հանդիպել է Ղազախստանից և Կիրգիզիայից /…/ եկած մարդկանց, որոնք խոսում էին համշենահայերի նման, բայց մահմեդական էին և հագնված էին Կենտրոնական Ասիայի բնակիչների պես: Պարզ էր, որ նրանք 1944 թ. Աջարիայից բռնի տեղահանված կրոնափոխ համշենահայերն էին: Նրանց վաղուց էինք փնտրում…»: Ամիսներ անց՝ 1982-ին, Կրասնոդարի երկրամասի և Աբխազիայի հայերի ու փակվող հայկական դպրոցների մասին պատմող ուղեգրության մի հատվածը՝ «Համշենցիները՝ ծանոթ և անծանոթ» վերնագրով, տպագրվում է «Գարուն» ամսագրում, արտատպվում նաև Սփյուռքի մամուլում: Հոդվածը շատ մեծ արձագանք է ունեցել: Այն աստիճան, որ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության նախարար Լյուդվիգ Ղարիբջանյանն իր պաշտոնական պատասխանում հավաստել է, որ այդ հարցով դիմել է կառավարություն, Ռուսաստանի և Վրաստանի համապատասխան նախարարություններ: Արդյունքում որոշվել է «Աբխազիայի հայկական դպրոցներն ուսուցիչներով ապահովելու համար այնտեղի շրջանավարտներին Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական և Վ. Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների պետական մանկավարժական բուհերում 1983-1984 ուստարվանից 13 առարկայի գծով արտամրցութային կարգով տարեկան 30 տեղ հատկացնել»: Տասնամյակներ անց հրատարակված «Կորած հայերի հետքերով ճանապարհորդություն Միջին Ասիա. 1984 թ.» ուղեգրության («Ձայն համշենական», 2016) և մի շարք այլ հրապարակումներում Ս. Վարդանյանը ներկայացրել է նշված վայրերում համշենահայության հետքերին ու տեղաշարժերին վերաբերող պատմությունները: Հատկանշական է նաև նրա այն վկայությունը, թե ամեն անգամ որևէ նյութ գրառելիս «մտովի զուգահեռներ» է անցկացրել «քրիստոնյա հայերի բանահյուսական ժառանգությունից» իրեն հայտնի նմուշների հետ և ընդհանրություններ հայտնաբերել «թե՛ չափածո և թե՛ արձակ ստեղծագործություններում»: Եվ ահա, ներկա ժողովածուում նա անդրադարձել է դրանցից մեկին՝ «Արդէլէցիք՝ ավջի» («Արդալացիները՝ որսորդ») մանրապատումին և XIX-XX դարերում այլևայլ վայրերի քրիստոնյա հայերից գրի առնված նրա տպագիր և անտիպ փոփոխակներին՝ մյուսների քննարկումը խոստանալով կատարել ավելի ուշ: Եվ հենց այդ էլ, ըստ էության, կազմում է սույն հատորի գիտական նորույթը, քանզի, ինչպես նշում է հետազոտողը, «…այս մենագրությունը հայ բանագիտության մեջ մահմեդական և քրիստոնյա (ընդգծումը՝ Ս. Վ.-ի) հայերի բանահյուսությունը համեմատելու, ինչպես նաև դիպաշարային (սյուժետային) ընդհանրություններ ունեցող երեքուկես տասնյակից ավելի զվարճալի պատումները մեկ ուսումնասիրության մեջ մեկտեղելու առաջին փորձն է (ընդգծումը մերն է – Պ.Դ.)»:
Քաջառողջություն, երկար տարիների կյանք, անկոտրում կամք ու եռանդ եմ մաղթում սիրելի Սերգեյ Վարդանյանին՝ իր բոլոր ազգապահպան մտահղացումներն ու ծրագրերը իրականացնելու համար: