Սամսոն պապի չորս կնոջից ծնված ժառանգները իրենց տունն ու տեղն ունեին, իրենց կյանքը, իրար օգնելով բոլորն էլ ապրում էին հաշտ ու խաղաղ՝ իրենց մեծերից ժառանգելով մարդկային լավագույն արժանիքները: «Բարությամբ վերաբերվիր ուզածդ մարդուն, և նա բարի կդառնա, աշխարհը բարությամբ կլցվի, կյանքը կդառնա թեթև ու հիասքանչ»,- Սամսոն պապի այս խորհուրդն էր, որ ժառանգել էր նախնիներից: Այս խոսքին Սամսոն պապն ավելացրել էր իր խոսքերը, թե` միայն թուրքի և իր նմանակի հետ առնչվելիս զգույշ եղիր, նրանց նկատմամբ անզգուշությունն ու անուղղելի վստահությունը մեզ հայրենազրկման հասցրեց, աննախադեպ արհավիրքի, ցեղասպանության պատճառ դարձավ:
Հրայրը վատ ընկերներ չուներ, վատ ազգ ու բարեկամ չուներ, վատ հարևան չուներ: Չկար մեկը, որ նրա վատը ցանկանար, թե ինչու էր այդպես, ինքն էլ չգիտեր: Մտաբերում էր Սամսոն պապին, ու թվում էր՝ իր բարի պապի աստվածային օրհնանքն էր, որ իրեն շրջապատող մարդիկ իր նկատմամբ բարի են: Հաջողությունները, որ ուներ կյանքում, պապի օրհնանքից էր գալիս: Սկսած գործը միշտ ավարտին էր հասցնում, քանի որ պապը պատգամել էր՝ արածդ հայրենանվեր գործի իբրև հատուցում, հողիդ ուժն ու օրհնանքը պիտի ստանաս ցեղիդ ամենակարող աստվածներից:
…Հիշողության կարոտաբաղձ հեռուներից, Էջմիածնի վանքի զանգակատան զանգերի երգեցիկ, հոգեզմայլ, անուշահունչ ղողանջներին ներդաշնակ, Հրայրն զգաց յուրահատուկ, հսկա կաթսայում եփվող մյուռոնի տիեզերածավալ եթերային անուշ բուրմունքը: Հրայրը Սամսոն պապի հետ առաջին անգամ ներկա էր Էջմիածնում՝ սուրբ մյուռոն եփելու արարողությանը: Էջմիածնի վանքապատկան կառույցների պարիսպների շուրջբոլորը, հրապարակներում ու բակերում այնքան շատ մարդիկ էին հավաքվել, որ ինչպես ասում են՝ ասեղ գցելու տեղ չկար: Ասես ողջ աշխարհն էր հավաքվել այնտեղ: Եփվող մյուռոնի սրբազան բուրմունքով հագեցած էր օդը, և Հրայրը արբեցած էր այդ հրաշք բուրմունքով…
Ավտոմեքենան մե՛կ հանգիստ ընթացքով, մե՛կ ճիգ ու ջանք գործադրելով՝ ընթանում էր դեպի նպատակակետ, իսկ Հրայրն իր՝ հուշ դարձած իրական հրաշքի մեջ էր, իր Սամսոն պապի հետ:
Սամսոն պապը, հին տան հսկա թթենու ստվերում, հսկա ժայռին հենված, իր հին նախշազարդ ծխամուրճով ծխում էր ու ծխում: Քուլա-քուլա ամպիկներ էին բարձրանում պապի նման ծեր, պապի նման խորհրդավոր ծխամուրճից, ու թվում էր՝ պապի ծխամուրճի ծուխն է, որ երկինք է բարձրանում, ու նրա խառն ու խռիվ մտքերից վեր բարձրացող ձիեր ու ձիավորներ էին շարժվում հորիզոնի կաթնամշուշում: Ձիավորներ, որ նմանվում էին պապի հեռու-հեռավոր կարոտի ոսկե աշխարհում թողած հարազատներին, որոնք հրեղեն նժույգների բաշերը գրկած, կայծակներ արձակող սրերը մերկացրած՝ սլանում էին իրենց լուսավոր երազանքների ետևից: Սլանում էին իրենց գերված աշխարհի ազատությունն ու փառքը վերականգնելու, նոր աշխարհի լուսաբացն ավետելու:
Պապը հսկա ժայռին հենված ծխում էր ու նայում Արարատ լեռն ի վեր, ասես նրանք իրար հետ լուռ զրուցում էին: Աչքերը խոնավանում էին, ու արտասուքը գլորվում էր ցած:
– Լացո՜ւմ ես, պա՛պ:
– Չէ՛, որդի՛, երկար նայելուց է,- սրբելով աչքերը,- Մասիսի կողմն եմ նայում, ու աչքերս արցունքով, ցավ ու կրակով են լցվում:
– Պա՛պ ջան, դու էլ Մասիսի կողմը մի՛ նայի, ուրիշ կողմ նայի:
– Չեմ կարող, որդի՛, ուրիշ կողմ չեմ կարող նայել, յոթանասուն տարի է նայում եմ այդ կողմ… ու այդպես էլ նայելով ծերացա,- փոքր-ինչ հապաղելով:- Իսկ դու գիտե՞ս, թե ում անունն ես կրում:
– Հրայր Դժոխքի,- անմիջապես վրա բերեց Հրայրը,- ու դու էլ Անդրանիկ զորավարի զինվորն ես եղել:
– Ապրես, որդի՛, դե վազի, մի գավ գինի բեր մառանից: Իմ գավաթով, լսո՞ւմ ես:
– Տատը չի թողնի, դու արդեն խմած ես:
– Ես տատուդ… մեղա քեզ, Աստված, ինչ էր բերանս եկել, գնա, ա՛յ տղա: Ի՛մ գավաթով:
Տատը Հրայրի պապի թե որերորդ կինն էր՝ նա չգիտեր, բայց որ շատ բարի տատիկ էր ու պապի առողջության մասին էր մտածում, դա հաստատ էր: Ինչ վերաբերում էր գինուն, Հրայրը գիտեր, թե մառանից պապի համար ինչպես գինին բերի, որ տատը չիմանա, բայց միևնույն է, վերջում իմանում էր: Հրայրը շատ էր սիրում, երբ պապը գինովցած էր լինում: Գինովցած ժամանակ Հրայրին ո՛չ միայն իր գրպանի մանր դրամները, մեծ գումարներ նույնպես տալիս էր, ու հաջորդ օրը, երբ նա վերադարձնում էր գումարը, պապն ասում էր.
– Ա՛յ բալա, գրպանդ դիր, անհարմար է, պապի տվածը ամենահալալ բանն է, որ գոյություն ունի աշխարհում, վայելիր Աստծո օրհնանքն ու վազի մի փառչ գինի բեր:
Իսկ ամենակարևորը՝ գինովցած պապը շատ աննման էր, թեև Աստծուն չէր տեսել, կարծում էր Աստվածը իր պապի նման էր:
Չանցած մի քանի րոպե, հայտնվում էր Հրայրը՝ գինով լի կավե նշանավոր գավաթը ձեռքին: Պապը ասում էր, թե այդ գավաթով Անդրանիկ զորավարն է գինի խմել, ու այդ գավաթով՝ իր գավաթով, իր իմացած հատուկ օրերին էր գինի խմում: Ո՞վ գիտեր, թե ո՞ր օրերն էին այդ հատուկ օրերը, բայց որ դրանք պապի հաղթանակի օրերն էին, դա հաստատ է: Երբ այդ գավաթով էր ուզում խմել, ուրեմն հիշարժան օր էր, հատուկ օր էր պապի համար, և Հրայրը ամեն ինչ անում էր, որ պապն իր ուզածի չափ լավ զգար:
– Ապրես, որդի՛, հո տեսնող չեղավ:
– Տեսնող չեղավ, բայց վերջում կիմանան:
– Ա՛յ, ապրես, բանն այնպես պիտի անես, որ միայն վերջում իմանան:
– Թշնամուն այնպես արթնացնես ու հարցերիդ պատասխանը պահանջես,- շարունակեց Հրայրը,- որ մինչև թշնամին ուշքի գա ու իմանա, թե ինչու է արժանացել այդ առավելագույն պատժին, սուրդ իր գործը ավարտած պիտի լինի:
– Ապրե՜ս, կենացդ, գա՛ռ, քեզ մատաղ,- ըմպելով գավաթը,- օխա՜յ: Կեցցես, Հրա՛յր, որդի՛ս, դասերդ շատ լավ ես սովորել…- կրկին շուրթերին մոտեցրեց գինին ու հայացքը ուղղեց դեպի մայր լեռը:- Հրա՛յր, լսո՞ւմ ես զենքերի շաչյունը, տեսնո՞ւմ ես էն լույսը, որ Մասիսի գագաթին է: Էդ լույսը երկնքի լույսն է, էդ լույսն է, որ մեզ ուժ պիտի տա, որ փշրենք Էրգրի ճամփին դրած արգելափակոցներն ու հայոց աստվածների արդար դատաստանի առաջ քաշ տանք նրանց, դեռևս անդատ ու դատաստան այն հրեշներին, ովքեր հանցանք կատարեցին ոչ միայն մեր, այլև ողջ մարդկության դեմ, ու անպատիժ մնացին… Ովքեր մեզ մեր տանից ու մայր հողից արմատահան արին ու անպատիժ մնացին: Ովքեր հայ զինվորի դեմ չէ, որ հաղթանակ տարան, մատղաշ էրեխեքին ու զառամյալ ծերերին սրախողխող արին, ու թուրքի՝ ողջ մի պետություն, կանոնավոր զինված ասկյարի բանակը ուղղվեց իրեն հպատակ անզեն ժողովրդի դեմ: Որդի՛, թուրքը հային չի հաղթել: Մենք մեր ազնիվ, հավատարմության երդումի ձեռը կրակն ընկած ժողովուրդ ենք, որդի՛, մեր նվիրումի մեջ խաբվեցինք ու դեռ խափվում ենք:
Մեր ցավը ուրիշ ցավ էր, մեր ցավը բանակ ու պետություն կորցնելու մեջ էր: Աշխարհի բանակները կառուցեցինք, ու էլի մենք նույնը մնացինք: Բոլորին օգնեցինք, ու մեզ օգնող չեղավ: Այդ մենք,- շարունակեց պապը,- մենք մեզ վրա պիտի մեր հույսը դնենք, մեր մեղքերից ամենաուժեղ մեղքը այն է, որ մեկին նվիրվեցինք, կարծում ենք՝ մեզ նման, նա էլ նվիրված է մեզ ու ազնիվ է մե՛զ նման: Մեր երգերից թուրքը կվախենա, գա՛ռ, ու գիտե՞ս՝ ինչու…
– Ինչո՞ւ, պա՛պ:
– Հայ երգը… հայ երգը հզոր՝ կամավոր նվիրյալ բանակ կրնա հավաքել, ու թշնամին այդ կամավոր նվիրյալ բանակից կվախենա: Հարյուր չէ, հազար տարի էլ անցնի, էն անմեղ զոհերի հոգին իր արդար դատն ունի ու արդար դատաստանը: Չարանենգ թշնամու գործած մեղքերը իրեն հանգիստ չեն տա: Թշնամին կվախենա, այդ հզոր երգի հավաքած բանակից կվախենա: Միլիոն ու կես անմեղ նահատակներից, միլիոն ու կես, անգամ միլիոն ու կես չծնված նահատակների վրեժից կվախենա, եթե թշնամին քանակով աշխարհի բնակիչների կեսից էլ ավելին լինի, միևնույն է, ինչ-որ ինքն է արել հայ ժողովրդի նկատմամբ, պատասխան պիտի տա, ու որքան ուշ, վրեժի գինը շատ ավելի թանկ է լինելու: Թուրքը հայոց աստվածներից կվախենա: Թուրքը մեր հողերին պատերազմի հաղթանակով չի տեր դարձել, ինչպես լինում է աշխարհում՝ հավասարը հավասարի դեպքում, նա իրեն հպատակ ժողովրդին սրի է քաշել, նրանց՝ իր հարազատ տանից, իր հարազատ երկրից հայրենազրկել է ու տեր դարձել ուրիշի տուն ու տեղին… Ու այդպես տիրացել մեր Էրգրին ու մեր աշխարհին:
Հայրենիք չունեցող ժողովուրդը սրբություն չունի, մինչև իր մահը նա սպասելու է, որ օրերից մի օր կգա տան տերը, կգա ու կասի. «Դուրս արի իմ տնից», երբեմն ոչ էլ կասի, ուղղակի դուրս կքշի իր տանից: Այդպիսիների հետ միայն հզոր ուժի ու հզոր բանակի լեզվով պիտի խոսես, օրենքով ու կարգին պետության ուժի լեզվով:
Իր հողն ու ջուրը սիրող ժողովուրդը, իր զինվորին ու իր բանակը պիտի իր հարազատ որդու պես սիրի, որդի՛: Իր ընտանիքի սիրով իր երկիրը պիտի սիրի:
Թշնամուն ճանաչել է պետք և մշտապես զգոն լինել, լավ հարևանին ու բարեկամին լավ հարգել ու պատվել են իմացել մեր պապերը՝ երբեք զգոնությունը չկորցնելով թշնամու նկատմամբ:
Քո ժողովրդի նման աշխարհի բոլոր ժողովուրդներին էլ պիտի սիրես, որդի՛, քանի որ հայի սրտի մեջ Աստվածն իր սիրտն է դրել: Միայն չհարցնես, թե ինչո՞ւ: Էդ մեկը չգիտեմ:
– Ա՛յ պապ, քո գինուց որ բերեմ, այդ հարցին էլ կպատասխանե՞ս:
– Այսօր խմելու օր է, բեր, որդի՛:
– Վաղվան էլ թող, պա՛պ:
– Հրա՛յր, քո տարիքին կլինեին, մեր Բուլալղ գյուղում, մեր հարևան տղերքը՝ հինգ հոգով, գիտե՞ս ի՜նչ դաս տվեցին թուրքերին:
– Գիտեմ, պա՛պ, Գառնիկը, Արամը, Վարդանը, Գեղամն ու Սամսոնը թուրքի երեսունվեց զինվորից երեքին սպանել ու գերի էին վերցրել չորսին: Դարբին Մկրտիչի ինքնաշեն նռնակներով ու ինքնաշեն ատրճանակներով, նրանք տասներեք-տասնչորս տարեկան էին: Ու գիտե՞ս, որդի՛ս, թուրքերը էդ տարածքներում էլ չերևացին, էն գնալն էր, որ գնացին: Դե, որդի՛ս, վերցրու գավաթն ու մեկն էլ բեր, դարբին Մկրտիչի կենացը պիտի խմեմ, իմ Գառնիկի, Արամի, Հարութի ու Վարդանիս կենացը պիտի խմեմ: Նրանք բոլորն էլ, կարծում ես՝ թուրքի գնդակի՞ց ընկան, չէ՛, որդի՛, էդ նրանք են կռվում, հլա մի ուշադիր լսի, ձեռքդ, ա՛յ, էս մի ականջին դիր,- ձեռքն իր ձախ ականջին դնելով,- էդ զենքերի շառաչը լսո՞ւմ ես, որդի՛: Էդ մեր ազգի տղեքն են կռվում, նրանց հոգուն մեռնեմ:
– Հա՛, լսում եմ, պա՛պ ջան, էն էլ ոնց եմ լսում,- պապին չվշտացնելու համար արձագանքում է Հրայրը:
– Ա՜յ, ապրես, դե թռի, գինին բեր:
Պատահել էր, երբ Հրայրը պապին ասել էր, թե ոչ մի լույս էլ չի տեսնում, ոչ մի զենքի շաչյուն էլ չկա, պապը շատ էր վշտացել:
– Հրա՛յր, որդի՛, ասում ես, ոչինչ չե՞ս տեսնում,- դողացող ձայնով շշնջում էր պապը և աչքերում հայտնված արցունքը կոպերի արանքից սրբում,- ոչ մի շաչյուն չե՞ս լսում:
Զգալով թույլ տված սխալը, մի պահ Մասիսն ի վեր էր նայում Հրայրը, ապա հեռվում ինչ-որ մի կետ նկատելով՝ բղավում էր.
– Տեսա՜, պա՛պ, քո տեսած լույսը ես էլ տեսա,- այնպես էր ճչում Հրայրը, ասես ոչ թե ամպրոպի ձայն էր առել, այլ պապի ազգականներն էին պատերազմ մղում, ու նրանց զենքի ձայնն էր լսում:
– Լսեցի՞ր, գա՛ռ:
– Լսեցի, պա՛պ:
– Էդ ձայնը ո՞նց կարող էիր չլսել, ա՛յ բալա,- պապի պայծառացած աչքերը այնպես էին փայլում, Հրայրի գլուխը գիրկն էր առնում ու համբուրում,- ա՛յ, տեսնո՞ւմ ես, որդի՛, իսկ դու ասում ես՝ ոչինչ չես տեսնում, ոչինչ չես լսում:
Վաղուց չկա պապը, չկան նրա գինու գավաթը բռնած մոմի պես դողացող լույս մատները, որով շոյում էր Հրայրի գլուխը և շշնջում աղոթքի պես. «Ապրե՜ս»:
Չկար պապը, բայց կար այն փառահեղ ավանդապատումով սրբացած գավաթը, որով պապը իր մշակած այգու արդար գինին էր խմում ու իր կյանքի դասերն էր տալիս Հրայրին: Հիմա էլ Հրայրն էր իր Սամսոն պապի պես հենվում հսկա ժայռին ու նայում խորհրդավոր լեռանը, որի լույս գագաթից երևում էր պապը՝ իր յուրահատուկ խոսք ու խորհուրդով:
*Հատված «Արարատի կանչող լույսը…» վիպակից