ԳՐԱԿԱՆ ՊԱՏԿԱՌԱՆՔ

 

Մայիսի 18-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ արձակագիր Հովհաննես Երանյանի ծննդյան 60-ամյակին նվիրված գրական ցերեկույթ: Բացման խոսքում ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ասաց. «Հովհաննես Երանյանը մեր ժամանակակից հոգեբանական արձակի լավագույն գրողներից է, ստեղծագործությունները ճանաչված են ընթերցողների կողմից, գրականագետները անդրադարձել են դրանց, տպագրված գրքերը արժանավորների շարքում են: Նրա ստեղծագործությունները բազմիցս արժանացել են մրցանակների և թարգմանաբար հաջողությամբ ներկայացվում են աշխարհի տարբեր երկրներում»: Էդ. Միլիտոնյանը շնորհավորեց Հովհ. Երանյանին հոբելյանի առթիվ և հանձնեց ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալ:

Իր խոսքում բանաստեղծ Հակոբ Մովսեսը նշեց, որ Հովհ. Երանյանը ժամանակակից հայ արձակի մեջ եզակի գրող է, որի գրածով կարելի է հետևություններ անել մեր գրականության միտումների մասին: «Հովհաննես Երանյանը իրականության հետ շատ կապված գրող է: Գրականությունը պետք է կյանքը պատկերի, արտացոլի, բայց ոչ թե կլոնավորի: Երանյանը հաջողությամբ է պատկերում և արտացոլում կյանքը իր գրականության մեջ: Դա վերաբերում է նրա բոլոր ստեղծագործություններին, հատկապես՝ «Մեղքի պարան» վեպին: Նրա գրականության կարևոր առանձնահատկություններից է բնականությունը: Նա շատ ազնիվ գրող է. իր և իր նյութի միջև եղած անջրպետի գեղագիտությունը հաղթահարում է գրողական մեծ անկեղծությամբ»,- ասաց Հ. Մովսեսը:

Գրականագետ Վալերի Փիլոյանը նշեց, որ Հովհաննես Երանյանի հրատարակած ինը գրքերը վկայում են գրականության մեջ նրա պատկառելի խոսքի մասին: Ամենակարևոր արժանիքը ժամանակի արտահայտությունն է նրա բոլոր ստեղծագործություններում՝ սկսած «Զինադադար», «Մարդահամար», «Ամենագեղեցիկ հարվածը» գրքերից, մինչև վերջինը՝ «Ապոկալիպսիսի հրեշտակները»: Ըստ Վ. Փիլոյանի՝ հայոց կյանքի վերջին 30 տարիների իրողություններն արձանագրված են Երանյանի գրականության մեջ: Նա ստեղծագործական հաջողություններ մաղթեց Հովհ. Երանյանին:

Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանն իր խոսքում նշեց, որ Հովհաննես Երանյանը Հայաստանի անկախության շրջանի ամենաարժանավոր գրողներից է: «Երանյանն այն առաջին գրողներից է, որ 1990-ականների իրականությունը պատկերեց հետահայաց: Ի տարբերություն նախընթաց շրջանի արագ շերտավորումների ու ամրագրումների, նա փորձեց ապահովել այդ շրջանի կյանքի հոգեբանական կողմը: Նա մեր արձակ վերադարձրեց կենդանի կերպարների՝ մարդկանց, որ ունեն հոգեբանություն: Նորացրեց պատմվածքի ժանրը. պահեց նախընթաց շրջանի լավագույնը և բերեց հատկանիշներ, որ իր պատմվածքները դարձնում էին մոդեռն: Երանյանի գրականության մեջ ամեն ինչ հոգեբանորեն փաստարկված է: Կարևոր հատկանիշներից մեկը նրա հարգանքն ու պատկառանքն է գրականության, ավանդույթների, լեզվի ու բառի հանդեպ: Հովհաննես Երանյանը բարձր ու արժեքավոր ներկայություն է մեր գրական դաշտում»:

Հովհաննես Երանյանը շնորհակալություն հայտնեց հնչած ելույթների համար, պատմեց գրած առաջին բանաստեղծությունների, պատմվածքների, գրելու շարժառիթների ու ապագա վեպի մասին՝ նշելով, որ ինքն ի սկզբանե չի ունեցել իր գրով զարմացնելու ցանկություն, ինչպես հատուկ է երիտասարդներին, այլ փորձել է ազնիվ լինել գրի նկատմամբ: «Որևէ տեղ ինձ այդքան մաքուր Աստծո առաջ չեմ զգացել, որքան գրելիս, նույնիսկ մոմ վառած ժամանակ եկեղեցում աղոթելիս ես այդքան Նրան ինձ մոտ չեմ զգացել, որքան սպիտակ թղթի առջև: Ուղղակի ինձ շատ խանգարել կամ օգնել են իմ երկրի, ժողովրդի մասին մտահոգությունները, որովհետև գուցե գեղարվեստորեն ավելի արժեքավոր կլիներ գրածս, եթե իմ ուսերին կամ իմ հոգու վրա չառնեի մեր թե՛ պատմության, թե՛ ներկայի այսքան շատ բեռ»:

Սեփ. լրտ.

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։