ԱՐԾՐՈՒՆ ԱՎԱԳՅԱՆ

ԱՐԾՐՈՒՆ ԱՎԱԳՅԱՆՀԳՄ վարչությունը
շնորհավորում է գրականագետ
ԱՐԾՐՈՒՆ ԱՎԱԳՅԱՆԻՆ
ծննդյան 75-ամյակի առթիվ

«Գրական թերթը»
միանում է շնորհավորանքին

Գրական մեծերի բարեկամը
Տարիներ առաջ առիթ ունեցա լինելու Արծրուն Ավագյանի դոկտորական ատենախոսության պաշտոնական ընդդիմախոսը, նյութը Կոստան Զարյան մեծ գրողն էր, խոսքս հիմնականում հաստատական բնույթ ուներ, ինձ հիացրել էր հեղինակի խորաթափանց հայացքը զարյանական բազմաշերտ աշխարհի ծալքերին, նրա գեղագիտական ու ազգային գոյի ընդհանրական վերլուծաբանությունը, որ նորություն էր, գրական երկի գեղարվեստականության նրա զգացողությունն ու գնահատականը, որ ոչ միշտ է պատահում մեր գրականագիտության դաշտում, որտեղ, ցավոք սրտի, հիմնականում սոցիալ-քաղաքական հարցադրումներն են և ոչ ինչ է գրականությունն իբրև արվեստ: Այսպես ծանոթացա Արծրուն Ավագյանին և հարգեցի ու սիրեցի մինչև օրս:
Նրա երկրորդ արմատական աշխատությունը Շահան Շահնուրի մասին եղավ` դարձյալ գրականագիտական բարձր մակարդակով: Սրանց արանքներում Արծրունն ինչ էլ գրեց` մնաց իսկական գրականության հետ, չիջավ հին թե նորագույն գրական կյանքի անցողիկ երևույթների մակարդակին, կենցաղագրություն չարեց:
Արծրուն Ավագյանը նաև ուսուցիչ է, իր գրական հայացքներն է ուսուցանում նոր սերունդներին, արժեքայնության իր չափանիշներն է թելադրում նրանց: «Թելադրել» բառն այստեղ սխալ է, նա համոզում է` ունկնդիրներին տալով ազատ մտածելու հնարավորություն, որ այսօր շատ կարևոր է, միշտ էլ կարևոր է եղել, բայց ոչ միշտ է իրականացել:
Արծրուն Ավագյանը Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի դեկանն է, ասել է` ֆակուլտետի ռեկտորը: Նրա մարդկային, գիտական ու հասարակական, ազգային անբասիր նկարագիրը լուսավոր օրինակ է միգամած ժամանակներում:

Նորայր ԱԴԱԼՅԱՆ

Կյանքի հետագծի տաք ու լուսավոր մի արահետ
Հոբելյաններն իրենց մեջ ամփոփում են որքան որ լուսավոր, նույնքան էլ տխրաթախիծ մի խորհուրդ: Երբ ապրել ենք Աստծո կողմից միայն մեկ անգամ տրված կյանք-առեղծվածի կեսը կամ կեսից ավելին, որ հանճարեղ լոռեցին անվանում է «երկու օրվա ճամփա», երբ առջևում ավելի քիչ է մնացել ապրելու, քան արդեն ապրածն է, երբ այնքան շատ բան չենք հասցրել և դեռ այնքան ցանկություններ ու նպատակներ կան… Ու, կանգնած հոգետանջ խոհերի և անհայտության ճամփաբաժանին, տագնապից ծնված մի քիչ խորհրդավոր, մի քիչ մոլորված ու վերացած մի ակնթարթի որպես հանկարծահաս, աննյութեղեն ու անմարմին մի պայծառացում վրա է հասնում ամենափրկիչը՝ հետադարձ հայացքը: Առաջ գնացած տարիքում, իսկապես, հետադարձ հայացքը մեզ ամենահաճախ այցելող ամենաանկոչ ու ամենասպասված հյուրն է: Փրկօղակի պես հայտնվում է մեր մտապատկերի ծիրի ամենաբարձրում՝ ուրվագծելով ապրած կյանքի լուսավոր հետագիծը:
Հետադարձ հայացքս ինձ թեթև ու աննկատ տանում է ընկերոջս, բարեկամիս՝ Արծրուն Ավագյանի ապրած կյանքի հետագծի սկիզբ: Այնտեղ նրա մանկությունից զուրկ մանկությունն է, պատերազմի, սովի ճիրաններում մի ամբողջ սերնդի թույլ, բայց առողջ բաբախող սրտի զարկերի ու երազանքների պատմությունը: Հետո փայլուն ուսումնառության տարիներն են, սիրած մասնագիտության բարձունքները նվաճող երիտասարդ գիտնականի ազատ ու գեղեցիկ թռիչքի պոեզիան: Այդ մեծ ճանապարհին խաչվում են այն հազարավոր ուսանողների կյանքի ուղիները, ում դասավանդել է Արծրուն Ավագյանը, դարձել նրանց գրական կնքահայրը, սովորեցրել բանասիրության ամենապարզ ու հանճարեղ դասը՝ կարդալ, հասկանալ կարդացածը, ինչ կարդալ ու ինչպես կարդալ: Նրա սաներից շատերն այսօր նվաճել են գրականության նոր բարձունքներ՝ որպես ստեղծագործող, գրականագետ, մանկավարժ:
Արծրուն Ավագյանի կյանքի հետադարձ ծիրի մեջ նրա գիտական աշխատանքն է՝ խիստ ինքնատիպ, բարդ ու դժվարամատույց թեմաներով. «Սփյուռքահայ դասական պատմվածքը», «Պատկերազարդ պատմություն Շահան Շահնուրի», «Կոստան Զարյանի կյանքը և գործը»: Սրանք ուսումնասիրության այնպիսի ոլորտներ և հեղինակներ են, որոնք հանիրավի դուրս էին մնացել խորհրդահայ գրականագիտության շրջանակներից: Ինչպես կասեր մեծն Սևակը՝ Արծրուն Ավագյանը չգնաց գրականագիտության «ասֆալտ ճամփով, այլ գերադասեց ճամփա շինել»: Լավագույն սարերը նրանք են, որտեղ ոչ ոք դեռ ոտք չի դրել, ասում է հայտնի երգը: Իսկապես, Արծրուն Ավագյանը նվաճեց սփյուռքահայ գրականության մեկնության անմատչելի բարձունքները, և նրա գրականագիտությունն այսօր դասական արժեք է այդ ոլորտում: Դեռ տարիներ առաջ գրել եմ, որ, ընթերցելով Շահնուրին նվիրված նրա մենագրությունը, մենք հեղինակի հետ «համահունչ ու զգուշորեն ետ ենք տանում շահնուրյան թախիծի քողը, որ սփյուռքահայ գրականության քողն է առհասարակ»:
Արծրուն Ավագյանի կյանքի հետագծի տաք ու լուսավոր մի արահետ էլ 2000 թվականից մինչև օրս մայր բուհի մայր ֆակուլտետի դեկանի բազմաբարդ ու դժվարին աշխատանքն է: Կրթության, արվեստի ու գրականության գլխապտույտ բարձունքներ նվաճած մեր ժողովրդի համար կրթությունը նվիրական ու սրբազան գործ է, որի հանդեպ պարտքի զգացումը մի առանձին շուք ու վեհություն է հաղորդում Արծրուն Ավագյան մտավորականի կերպարին: Նրա կյանքի հետագծին ընտանիքն է՝ մարդու ամենաթանկ ու ամենաանփոխարինելի ձեռքբերումը, նրա ընկերներն են, այն բոլոր ժամերն ու ակնթարթները, որ մենք ապրել ենք նրա կողքին՝ հաղորդակից լինելով նրա մարդկային խորունկ աշխարհի դրական ու հզոր կենսաէներգիային:
Ահա այս պայծառ հետագիծն է, որ մեզ թույլ է տալիս վստահորեն ասելու՝ սիրելի ընկեր, դու ոչ թե արդեն յոթանասունհինգ տարեկան ես, այլ՝ ընդամենը յոթանասունհինգ… Մենք կմտնենք փիլիսոփայության անծայրածիր լաբիրինթոսը, անփութորեն կվատնենք մեր կյանքի մնացած առանց այդ էլ սուղ ժամանակը, եթե փորձենք հասկանալ՝ ապրա՞ծն է ավելի թանկ, ավելի տարողունակ ու իմաստուն, թե՞ ապրելիքը: Վստահ եմ, սիրելի՛ բարեկամ, անցնելիք ճանապարհդ պակաս լուսավոր չի լինելու, քան ապրածդ, որովհետև անցնելիքիդ մեջ ապրածիդ հետագիծն է, ապրածիդ արտացոլանքը, ապրածիդ ատաղձը, ապրածիդ թավիշը, մակարդն ու աղը:
Շնորհավոր հոբելյանդ, ավա՛գ եղբայր:

Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆ

Մարդը, գրականագետը, քաղաքացին
ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, բան. գիտ. դոկտոր, պրոֆ. Արծրուն Ավագյանը, որին այսօր ցանկանում եմ ջերմորեն շնորհավորել իր ծննդյան տարելիցի կապակցությամբ, չի սիրում իր ծնունդը նշել, հաջողությամբ «անհետանում է» այդ օրը՝ խուսափելով իր մասին դրական ու ջերմ խոսք լսելու հնարավորությունից: Բայց այսպես հեռվից, արդեն բնավ հաշվի չառնելով նրա համեստությունը, կարելի է անկաշկանդ գնահատել տարիների նրա վաստակը:
Երկարամյա դեկանական աշխատանքը Ավագյանը ծառայեցրել է ոչ միայն կրթական գործի կազմակերպմանը, այլև հայոց լեզվի և գրականության, ինչպես նաև ուսանողության հետ մշտական շփման միջոցով գործնական հայրենասիրության դաստիարակմանը: Իբրև ուսուցիչ, սրտացավ ընկեր ու իր երկրի քաղաքացի՝ Ավագյանն արժանիորեն վայելում է ուսանողների և աշխատակիցների սերն ու հարգանքը:
Սակայն Ավագյանի մասնագիտական կոչումը գրականագիտությունն է, հետևողական նվիրումը սկզբնապես արևմտահայ, ապա Սփյուռքի հայ գրականության հետազոտությանը, որի խոսուն արտահայտությունը նրա՝ 1918-1922 թթ. պոլսահայ գրական կյանքի վերաբերյալ ուսումնասիրությունն է, ապա Շահան Շահնուրին, Կոստան Զարյանին նվիրված ծանրակշիռ մենագրություններն են, սփյուռքահայ պատմվածքի լավագույն նմուշներն ամփոփող, ինչպես նաև Եղեռնի մասին գրված բանաստեղծությունների ժողովածուներն են, տարաբնույթ հոդվածները, ինչպես նաև հանրապետության ներսում և նրա սահմաններից դուրս կարդացած զեկուցումները: Ա.Ավագյանն իր գործուն մասնակցությունն ունի նաև գիտության և մշակութային բազմաթիվ, այդ թվում՝ ընթացիկ գրականությանը վերաբերող պետական և այլ կարգի մրցութային հանձնաժողովներում, և բոլոր դեպքերում դրսևորում է սկզբունքային դիրքորոշում:
Մնում է կրկին շնորհավորել նրան, ցանկանալ անսպառ եռանդ՝ իր նվիրական ծրագրերի իրականացման համար, ամուր առողջություն և հագեցած առօրյա, որը կյանքի իմաստավորման գրավականն է:

Ժենյա ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ

ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆ – ԼԵՎՈՆ ԶԱՎԵՆ ՍՅՈՒՐՄԵԼՅԱՆ.
ՍԵՐՏ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆԴԱՐՁ ԲԱԺԱՆՈՒՄ
Արծրուն ԱՎԱԳՅԱՆ

Հաճախ է պատահում, որ ժամանակն ու տարածությունը վճռական ազդեցություն են ունենում մարդկային հարաբերությունների վրա: Այդպիսի իրողություններից է հայ երկու գրողների՝ Վահան Թեքեյանի և Լևոն Զավեն Սյուրմելյանի կյանքում տեղի ունեցած բարեկամության ու անջատման պատմությունը, երբ ժամանակը ունեցել է բարեբեր նշանակություն՝ առթելով ծանոթություն, մարդկային ջերմ հարաբերություններ և փոխհոգածություն, իսկ տարածությունը բացասաբար է ազդել այդ հարաբերությունների ընթացքի վրա և տեղիք տվել անդարձ բաժանման:
1914 թ. Վ. Թեքեյանը թողնում է Երուսաղեմի Ս. Հակոբ վանքում Կ. Պոլսի Ազգային ժողովի ներկայացուցչի իր պաշտոնը և հեռանում Եգիպտոս: Ալեքսանդրիայում 1915 թ. նա հիմնում է «Արև» թերթը, ակտիվորեն մասնակցում հայ գաղթականների ու որբերի օգնության և Կիպրոսում Հայկական լեգեոնի ձևավորման աշխատանքներին:
1920 թ. նոյեմբերին Թեքեյանը նորից Կ. Պոլսում էր, ուր խմբագրում է «Ժողովրդի ձայնը» թերթը, իսկ 1921-1922 ուստարում նա ստանձնում է Ազգային Կեդրոնական վարժարանի ուսուցչի, ապա տեսչի պաշտոնը, ուր և հանդիպում է վարժարանի աշակերտներից մեկին՝ Զավեն Սյուրմելյանին:
Թեքեյանին գրավում են պատանի Սյուրմելյանի գրական հետաքրքրությունները, նրա՝ բանաստեղծ լինելու հայտնությունը: Ի դեմս Սյուրմելյանի՝ Թեքեյանը ասես գտել էր իր որոնած «զաւակ»-ին, ում «տաքուկ շունչը» օգնելու էր իրեն «կեանքէն դեռ համ մը առնելու եւ բան մը յուսալու» (Վահան Թէքէեանի նամակները Լեւոն Զաւէն Սիւրմէլեանին, Նիւ Յորք, 1950, էջ 25):
Մյուս կողմից՝ Սյուրմելյանը գերվում է վարժարանի տեսչի լրջությամբ, նրա բանաստեղծական տաղանդով, մարդկային հոգատարությամբ:
Թեքեյանը անցել էր կյանքի դժվարին բավիղներով: Ճակատագիրը նրան բանաստեղծ էր կարգել, բայց չէր տվել կյանքի երջանկություն: 1914 թ. գրած «Զավակս» բանաստեղծության մեջ նա իր դժգոհությունն էր հայտնում Աստծուց. «Զաւկի մը շնորհն անգամ, ո՛վ Տէր զլացար // Ինծի ընդ միշտ…»:
Այս ամենը հանգեցրել էր նրան, որ Թեքեյանը, երբ հանդիպեց Սյուրմելյանին, արդեն քառասունն անց ամուրի էր և վաղուց տենչում էր հարազատ հոգի ունենալ իր կողքին, որին իր բանաստեղծություններում անվանում էր «տղաս» կամ «զավակս»: Սյուրմելյանի անձի մեջ Թեքեյանը տեսնում ու զգում է հենց իր փնտրած այդ զավակին:
Սյուրմելյանը Թեքեյանի «երազած» ու այնքան տենչված տղան էր՝ իրեն հայտնված մի փոքր մեծացած: Մյուս կողմից նա հավատացած էր, որ Սյուրմելյանը իր «կարօտ ազգին» ավելին պիտի տա, քան «մէկ քանի լաւագոյններ տուած են»: Մեծ գրողը Սյուրմելյանի նկատմամբ տածում է «… հայր չեղած մարդու պահուած աղապատանք» ու «բոլորովին չանցած պատանութեան մը անուշ երազներ» (Նույն տեղում, էջ 21-22):
Սակայն մամուլում արդեն տպված գործերի հեղինակ, Թեքեյանի ու Հակոբ Օշականի խրախուսանքներին արժանացած Սյուրմելյանը մտադիր չէր իր ուսումը շարունակել Կեդրոնականում և, որքան էլ զարմանալի թվա, բոլորովին հավակնություն չուներ բանաստեղծ դառնալու. «Ես կուզեի մեկնիլ Ամերիկա, երկրագործական գիտության տիրանալու …: … Ես բանաստեղծ չէի» («Սովետական գրականություն», Երևան, 1980, թիվ 6, էջ 96):
Սյուրմելյանը իրոք օժտված էր բանաստեղծական շնորհով, բանաստեղծ էր իր էությամբ ու տաղանդով, բայց այդպիսին չէր իր նպատակներով:
Քեմալական շարժման հարուցած խուճապը հասնում է մինչև Կ. Պոլիս: «Անտուն և անոթի որբ» Սյուրմելյանը ընկերների հավաքած դրամներով և Կ. Պոլսում գործող Հայ գյուղատնտեսական միության աջակցությամբ Ամերիկա մեկնող մի նավի նկուղի տոմսակ է գնում ու 1922 թ. օգոստոսին հեռանում Կ. Պոլսից:
Անկեղծությամբ ու հոգատարությամբ լեցուն և հուզականությամբ թոթովուն բարեկամության մի նոր շրջան են թևակոխում Թեքեյան-Սյուրմելյան հարաբերությունները՝ այս անգամ արդեն նամակագրության միջոցով:
Ամեն բան փոխադարձ էր: Թեքեյանը իր նամակներում ամենայն գորովով Սյուրմելյանին անվանում է «սիրելի տղաս», իր աղապատանքը հայտնում, որ պիտի տաքացնի Սյուրմելյանի «մսող սիրտը», հավաստիացնում, որ ինքը «իր ցուրտին մէջ» պետք ունի Սյուրմելյանի գորովին: Իսկ Սյուրմելյանը գրում է, որ Թեքեյանի նամակներն իրեն շատ են օգնում ճիշտ կողմնորոշվելու կյանքի հորձանուտում:
Սյուրմելյանին ուղղված՝ 1922 թ. հոկտեմբերի 12 թվակիր նամակում Թեքեյանը գրում է, որ նրան ճանաչելուց հետո ինքը ունեցել է «մաքուր ու տաքացնող զգացում», մի բան, որ «վաղուց չի ունեցել», իսկ այդքան տեղին՝ երբեք: Այդ նամակում Թեքեյանը Ամերիկան բնութագրում է «զուտ ուժի եւ տգեղ ուժի երկաթէ ու քարէ զանգուած», Սյուրմելյանին խորհուրդ տալիս դիմակայել իրեն «չտեսնող» ու «տեսնել չուզող» ամբոխին, բայց և՝ «պիտի աշխատիս, տղա՛ս, որ սիրտդ մնայ ինչ որ է, յիշել. յուզուիլ եւ կապուիլ գիտնալ անձերու եւ իրերու, որ ունենայ միշտ իր թաքուն պարտէզը կամ իր պզտիկ մատուռը» (Թէքէեան Վ., Նամականի, Լոս Անջելես, 1983, էջ 215: Այս գրքից կատարված մեջբերումները այսուհետև կնշվեն միայն Նամականի և էջ հղումով – Ա. Ա.):
Սյուրմելյանն իհարկե ջերմությամբ ու պատրաստակամությամբ է ընդունել Թեքեյանի հոգու զեղումներն ու շռայլումները, որի դրսևորումներից մեկը նրա՝ Թեքեյանին ուղղված նամակների դիմումների ձևն է ու ստորագրությունը՝ «սիրելի հայր», «իմ սիրելի հայր», «զավակդ՝ Զավեն», «Մեծցող զավակդ՝ Զավեն», «Սիրելի հայրս, մեծ եղբայրս, առաքյալս, վարպետս» և այլն (Տե՛ս « Վահան Թեքեյան, Լևոն-Զավեն Սյուրմելյան, ԳԱԹ, Վ. Թեքեյանի ֆոնդ, թիվ 175):
Պատասխանելով Սյուրմելյանի՝ իրեն ուղղված նամակներից մեկին՝ Թեքեյանը գրում է. «Ինչ բնականօրէն զաւակդ կ’ըսես ինծի՝ որ անոր կարօտով տուայտեր եւ օրօրուել եմ միշտ, գիտնալով, որ գրկաբաց կընդունուիս՝ այն պատճառաւ, որ չափազանց կը նմանիս սրտով, մտքով ու կը խորհիմ հիմա – կերպարանքով ա՛լ անո՛ր, իմ երազիս զաւակին…» (Նամականի, էջ 217):
(ընդգծումները – Ա. Ա.):
1923 թ. հուլիսին Թեքեյանը Հունաստանից մեկնում է Ալեքսանդրիա: Այս շրջանում Թեքեյանը իր նամակներում Սյուրմելյանին է ուղարկում նաև իր նոր գրած մի քանի բանաստեղծությունները, որոնց հիմնական նպատակը ոչ այնքան Սյուրմելյանի կարծիքը իմանալն էր, որքան Սյուրմելյանի մեջ գրական հետաքրքրությունների բորբոքումն ու խթանումը, նրան հայ կյանքի ու գրականության հետ կապելը:
Թեքեյանը միշտ էլ փայփայել է Հայաստանում ապրելու ու ստեղծագործելու երազանքը և աշխատել նաև Սյուրմելյանի մեջ բորբոք պահել այդ ցանկությունը: Այսպես՝ 1924 թ. դեկտեմբերին Սյուրմելյանին նա գրել է, որ իրեն. «Հայաստան կը հրաւիրեն, բայց առանց քեզի չեմ երթար» (Նույն տեղում, էջ 276):
(ընդգծումը – Ա. Ա.):
1925 թ. Սյուրմելյանը արդեն հասցրել էր ավարտել Կանզասի երկրագործական քոլեջը, ինչ-որ գրություններ տպագրել անգլերենով՝ ավելի ու ավելի թափանցելով ամերիկյան կյանքի մեջ: Ճիշտ է, Թեքեյանին նա ավելի հազվադեպ էր գրում, բայց դեռ շարունակում էր իր նվիրումները հայտնել նրան: Վերոհիշյալ նամակից որոշ ժամանակ անց՝ 8-ը նոյեմբերի 1925 թվակիր նամակում, Թեքեյանը գրում է Սյուրմելյանին, որ ինքը բավարարված է «մտերիմ տղու» այն զգացմամբ, որ տածում է Սյուրմելյանը իր նկատմամբ. «Ես շատ եմ մինակ, միշտ մինակ ապրած: Ալ յոյս չունէի՝ թէ կրնայ փոխուիլ ատիկա: Ներսէն փսորելով՝ դուրսէն կը կարծրանայի հետզհետէ: … Այդ յոյսը տուիր դուն ինծի եւ քեզմով ես մօտեցայ նորէն կեանքին» (Նույն տեղում, էջ 284): (ընդգծումը – Ա. Ա.):
Թեքեյանի նամակներում, բանաստեղծություններում և անգամ բանաստեղծությունների վերնագրերում օգտագործված «տղա» հասկացությունը, որ նրա ընկալմամբ մարմնավորումն է ներկայի ու հույսը վաղվա, յուրովի բնութագիր է նաև իրեն՝ Թեքեյանին: Սյուրմելյանին ուղղված մի նամակում նա գրում է. «Այնչափ աւելի կարժենք իբրեւ մարդ, որչափ իբրեւ տղայ զգալու մեր յատկութիւնը կորսնցուցած չենք ամբողջապէս: Բանաստեղծը, ամենէն շատ, տղայ ու տղայ կը մնայ մինչեւ իր ճերմակ մազերուն տակ, տղա՛յ՝ նոյնիսկ քերթուածներ գրելու իր յամառ միամտութեանը մէջ. Տղա՛յ՝ ինքզինք պատկերներով եւ ձայնաւորներով խաբելու իր սովորութեամբ» (Նամականի, էջ 260):
(ընդգծումը – Ա. Ա.):
Հասկանալի է, որ Թեքեյանը այս տողերում նկատի ունի ստեղծագործողի մեջ երիտասարդ ոգու ու անարատության հարատևության անհրաժեշտությունը, բայց չմոռանանք, որ այս նամակը ուղղված էր հենց Սյուրմելյանին, ում նա համարում էր իր «տղան»՝ «զավակը»:
Թեքեյանի բանաստեղծական աշխարհի տիրապետող թեմաներից մեկը չունեցածի բաղձանքն ու որոնումն է, որի դրսևորումներից են նաև նրա՝ հոգևոր ու մարմնավոր զավակին նվիրված մի քանի քերթվածները:
Թեքեյանը «Զավակս» վերնագրով երեք բանաստեղծություն ունի գրած:
Առաջին բանաստեղծությունը գրվել է 1901-ին և արձանագրումն է Թեքեյանի մեջ բորբոքվող տենչի, որը հար անբաժան պիտի մնար նրանից:
Երկրորդ բանաստեղծությունը գրել է 1914 թ., երբ ինքը 36 տարեկան էր և իրեն արդեն համարում էր «զիս իմ մէջս» չարաչար սպանված: Բանաստեղծությունը արտահայտում է Թեքեյանին այնքան հատկանշական՝ գալիքի մեջ շարունակվելու բաղձանք՝ իրեն նեցուկ զավակի միջոցով.
Երբ ես ծըռիմ՝ ան բարձրանա՛ր
քովս ի վեր…
Երրորդ բանաստեղծությունը Թեքեյանը գրել է 1926 թ.: Դատելով բանաստեղծության չորրորդ տնից՝ այն ուղղակիորեն առնչվում է Թեքեյանի կյանքից Սյուրմելյանի «իսպառ» մեկնած լինելուն, հասկանալի է՝ բանաստեղծական ուրույն ընդհանրացմամբ:
Սկսած 1924 թ. գրված նամակներից, չնայած արտաքին հավաստիացումներին, արդեն նկատելի են Սյուրմելյանի և Թեքեյանի միջև առաջացող «անտարբերութեան եւ յոգնութեան» նշանները: Սառեցման դրդապատճառները կարող էին տարբեր լինել: Սյուրմելյանը այս շրջանում ապրել է ծանր զրկանքների մեջ, ստիպված է եղել ճաշարանում ամաններ լվանալ՝ օրվա չոր հացը հոգալու համար: Նամակագրության դադարի պատճառ կարող էր լինել միասին Հայաստան մեկնելու անհնարինությունը: Ըստ երևույթին մեծ դեր են խաղացել նաև Սյուրմելյանի ամերիկյան դաստիարակությունն ու կրթությունը, որոնց ներքո ձևավորվել է մի ուրիշ՝ ոչ թե զոհողությունների ու զրկանքների պատրաստ մարդը, այլ արդեն «միստրացած» ամերիկացին:
Ուշագրավ է, որ Թեքեյանի այն առաջարկին, որ ինքը ցանկանում է Սյուրմելյանի բանաստեղծությունների գրքույկը հրատարակել (խոսքը «Լույս Զվարթի» մասին է – Ա. Ա.), վերջինս, ի շարս այլ առարկությունների, նրան Ամերիկայից գրել է. «Ես մտերիմներու շրջանակ մը ունիմ: Ու արդէն իսկ այս շրջանակէն հոգիս անհրաժեշտ սնունդը կ’առնէ… (Վահան Թէքէեանի նամակները Լեւոն Զաւէն Սիւրմէլեանին, Նիւ Յորք, 1950, էջ 89):
(ընդգծումը – Ա. Ա.):
Սյուրմելյանը Թեքեյանին վերաբերող իր անգլերեն հոդվածում վկայում է, որ դեռևս Կ. Պոլսում «խաբկանք մը կխաղայի»՝ ձևացնելով, թե «բանաստեղծ» եմ ուզում դառնալ» («Սովետական գրականություն», Երևան, 1980, թիվ 6, էջ 96):
Սյուրմելյանական այս «խաղը» շարունակվել է նաև հետագա տարիներին: Նույն հոդվածում նա վկայում է, թե ամեն զոհողություն «չափազանց մեծ չէր իմ ամերիկյան դաստիարակությանս համար», և որ Ամերիկայից Թեքեյանին «երբեմն նոր գրած մեկ բանաստեղծությունս կղրկեի, պարզապես զինք հաճոյացնելու համար» (Նույն տեղում, էջ 97):
(ընդգծումը – Ա. Ա.):
Որ Վահան Թեքեյանը այս ամենի մասին ինչ-որ կանխազգացումներ է ունեցել, վկայում են նրա նամակներում առկա ակնարկումներն ու մտավախությունները: Իր որոշ նամակներում հույս հայտնելով հանդերձ, որ «պիտի հանդիպինք նորէն իրարու», այնուամենայնիվ Թեքեյանը նկատել է տալիս, որ «եթէ պատահի՝ որ… դուն ալ զիս սխալ կամ գէշ հասկնաս եւ քեզ ալ կորսնցնեմ՝ յուսահատութիւնս անդարձ կըլլայ եւ չեմ գիտեր, թէ ի՛նչի կրնամ կառչիլ այնուհետեւ…» (Նամականի, էջ 252):
Իսկ 1926 թ. հունվարի 18-ի թվակիր նամակում նա գրել է. «Հիմա իսկ, այս վայրկեանիս, սրտէս ու մտքէս խօսքեր կը խուժեն գրչիս ծայրը ու կը վարանիմ զանոնք գրելու, ետ կը դարձնեմ զանոնք՝ որովհետեւ չեմ գիտեր, թէ ի՛նչպէս պիտի գտնեն քեզ, չափազանց պիտի զգացւի՞ս՝ թէ չափազանց անտարբեր պիտի մնաս անոնց հանդէպ» (Նամականի, էջ 291):
(ընդգծումը – Ա. Ա.):
Թեքեյանի կյանքում 1925 թվականը ամենադժվար տարիներից մեկը եղավ (թեև հենց այս տարում գրեց իր չքնաղ բանաստեղծություններից մեկը՝ «Մեկ հատիկս»): Կ. Պոլսում մահացավ նրա մայրը, Ալեքսանդր Մյասնիկյանն ու Արտաշես Կարինյանը ելույթներ ունեցան Թեքեյանի ղեկավարած կուսակցության և նրա դեմ, մի շարք հիվանդությունների բարդացման պատճառով նա դժկամությամբ է իրականացնում «Արեւի» խմբագրապետությունը, ամիսներ շարունակ նամակներ չի ստանում նաև Սյուրմելյանից. «Կը մեծնաս,- գրում է Թեքեյանը 1925 թ. հուլիսի 29 թվակիր իր նամակում,- գուցէ մեծցեր ես արդէն, զարհուրելիօրէն» (Նամականի, էջ 280):
Նույն թվականի նոյեմբերի 8-ին գրած նամակում Թեքեյանը չի վարանում ասելու. «Բացի վերջին նամակդ-թուականը օգոստոս 17-ն է, աւա՛ղ- եւ առաջին էջին վրայ հանդիպեցայ. «Որքան դժուար է ինծի համար նամակ գրել քեզի: …Նամակները զիս ուղղակի կը ջղայնացնեն»: Իմ արդարացումս, ճշդիւ» (Նույն տեղում, էջ 284):
Այսպես, Թեքեյանին նամակ գրելը Սյուրմելյանի համար այլևս «դժուար» ու «ջղայնացնող» մի բան էր դարձել: Մարդ որքան դժբախտ պիտի լինի, որ այսքանից հետո էլ դեռ շարունակի հավատալ: Ու Թեքեյանը շարունակել է սրտով կապված մնալ իր հոգևոր զավակի հետ, շարունակել մտաբերել Սյուրմելյանի այն նախկին հավաստիացումները, թե իր ուղարկած նամակների «մի բառը հոգիիս մեջի «պարապները» կլցնի», թե «հիացումով ու ժպիտով կշինիմ աչքիս առջև բարի պատկերդ», թե «ես մեկն եմ, որ չփոխվիր»: Եվ ամենակարևորը. «Պահեցեք այս թուղթերը որպես մուրհակ ու եթե իմ կյանքս չըլլայ այն, ինչ որ այսքան ատեն կկրկնեմ՝ վառեցեք թուղթերս և հիշատակս ալ միասին» (Այս ամենը տե՛ս Վահան Թեքեյան, Լևոն-Զավեն Սյուրմելյան, ԳԱԹ, Վ. Թեքեյանի ֆոնդ, թիվ 175):
1926 թ. սեպտեմբերի 4-ի թվակիր նամակում Թեքեյանը նորից է հավատացնում Սյուրմելյանին, որ «ոչինչ զիս կրնայ անջատել, հեռացնել»: Այսուհանդերձ այս նամակը վերջինն է, որ գրվել է Թեքեյանի կողմից: Սյուրմելյանը նույն թվականի հուլիսի 6-ից հետո արդեն ընդմիշտ դադարել էր Թեքեյանին նամակ գրել:
Նորից հարցնենք՝ ինչն էր պատճառը, որ խզվեցին Թեքեյանի ու Սյուրմելյանի՝ այնքան մեծարված հոր ու փայփայված զավակի հարաբերությունները:
Սփյուռքահայ գրող, Վ. Թեքեյանի նախկին սան Պետրոս Զարոյանը այս խնդրին անդրադարձել է շատ ավելի կտրուկ: Բեյրութում լույս տեսնող «Անի» ամսագրում տպագրած իր հոդվածում խոսելով կյանքի ընթացքում Թեքեյանի հիասթափությունների մասին՝ «ապահովաբար խոշորագոյնը» համարում է Սյուրմելյանից կրածը. «Կը մտածիմ ընդվզումով ու ցասմամբ: Որովհետեւ… Վահան Թէքէեան, իր ազնուական ասպետի կառոյցով, կրնար չդղրդիլ իր հիմերէն՝ դասալքութեանց մեծագոյնին հանդէպ: Երբ մանավանդ այդ դասալքութիւնը կու գար մէկէն, որուն վրայ կեդրոնացուցած էր իր բովանդակ հաւատքը: Ինքզինք անոր մէջ ու անո՛վ իրագործուած եւ ամբողջացած տեսնելու աստիճան:
Վահան Թէքէեան չարաչար խաբուեցաւ Պրն. Լեւոն Զաւէն Սիւրմէլէեանէն» («Անի», 1952, հունվար, էջ 37):
Դեռևս Թեքեյանին գրած Սյուրմելյանի՝ 1923 թ. հունվարի 22-ի թվակիր նամակում կարդում ենք. «…առհասարակ Զավենը՝ անկախ մարդ մը եղած» է, … «երկար ժամանակվա համար ինձմե երկար նամակ, ընթերցում կամ ոտանավոր մի պահանջե», իսկ մեկ այլ դեպքում էլ գրում, որ աղքատի, որբի, Պոլսի Զավենի պես ինքը այլևս չի ուզում ապրել: Տպագրվել և վճարվել՝ ահա այն նոր երազանքը, որ սկսում է գայթակղել Սյուրմելյանին, ահա նրա նոր կյանքի բովանդակությունը:
Բայց պատահեց այնպես, որ տասնամյակներ անց Սյուրմելյանը հանկարծ իրեն «պզտիկ» զգաց Թեքեյանի նամակների առջև: Դժվար է ասել՝ հասկացա՞վ, թե՞ գիտակցեց, որ ինքը «արժանի չէր անոնց» (Տե՛ս Վահան Թէքէեանի նամակները Լեւոն Զաւէն Սիւրմէլեանին, էջ 12, Սյուրմելյանի «Առաջաբանը»):
Ինքը՝ Սյուրմելյանը, իրենց բաժանման վերաբերյալ որևէ խոսք չի ասում: Վ. Թեքեյանի մասին գրած իր անգլերեն հոդվածում (Տե՛ս հիշատակված «Սովետական գրականություն» ամսագրում տպագրված հոդվածը):
Հասնելով այդ հարցին՝ նա բավարարվում է՝ գրելով միայն, թե «ատիկա ուրիշ պատմություն է»:
Կարելի է և պետք է հարցնել. իսկ Սյուրմելյանի՝ անգլերենով ստեղծած հայանպաստ ստեղծագործություննե՞րը… Մի՞թե հարկ է դրանք զանց առնել: Բնականաբար՝ ոչ: Բայց դա արդեն այլ խոսակցության նյութ է՝ կարևոր և գնահատելի հայ գրականության պատմության համար, որը սակայն մեկ այլ կողմից էլ պարզում է այն իրողությունը, որ Սփյուռքի քառուղիներում գնալով պակասում են հայերեն թերթեր ու գրքեր թե՛ հրատարակողները և թե՛ ընթերցողները:
Այդուհանդերձ, մեզ հետաքրքրողը մեր հոդվածում եղել է մինչև այդ վեպերն ու ժողովածուները ստեղծող Սյուրմելյանն ու նրա կյանքի այն հատվածը, որը կապված է մեր գրականության մեծագույն դեմքերից մեկի՝ Վահան Թեքեյանի հետ:
1926 թ. հունվարի 18 թվակիր իր նամակում Թեքեյանը Սյուրմելյանին տեղեկացրել է, որ ինքը օգնել է ևս հինգ որբի, ովքեր արդեն «կը հաւտան սիրոյ», հույս հայտնել, որ այդ որբերը իր մասին պիտի մտածեն «իբրեւ մէկու մը, որ բախտին դէմ բախտ եղաւ իրենց», ու ինքը, երբ մենակ է մնում, հարց է տալիս իրեն.
Հաշուեյարդար. ի՞նչ մնաց,
կեանքէն ինծի ի՞նչ մնաց,
– Ինչ որ տըւի ուրիշին,
տարօրինա՛կ ա՛յն միայն:
Թեքեյանը նամակը վերջացրել է՝ կոնկրետացնելով իր խոսքը՝ այս անգամ ուղղված Սյուրմելյանին. «- Եւ ինչ որ քեզի կուտամ իբրեւ մտածում եւ իբրեւ զգացում, ինծի կը մնայ ամբողջովին…» (Նամականի, էջ 292-293):
Հավելենք, իհարկե ասպետական պահվածքն ու մտածումը ընդմիշտ մնացել էին Թեքեյանին: Ցավոք Թեքեյանին մնացին նաև Սյուրմելյանի հասցրած բաժանումն ու այդ բաժանման հասցրած մորմոքները:
Ահա այսպես, ամեն բանից վեր, Թեքեյանն ունեցել է նաև մեծ հոգի, որը նրա ամբողջ կյանքի ընթացքում բաբախեց նաև ուրիշների համար՝ լինեն նրանք օտարներ, գրական առաջին քայլերն անող երիտասարդներ, թե ծածկ ու աշխատանք չունեցող որբեր:

(Հոդվածը տպագրվում է կրճատումներով)

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։