Կարինե Խալաթովա

ՀԳՄ վարչությունը  շնորհավորում է  թարգմանչուհի, լրագրող, բանաստեղծուհի Կարինե Խալաթովային ծննդյան 70-ամյակի առթիվ

«Գրական թերթը» միանում է շնորհավորանքին

 

Ես՝ Կարինե Խալաթովաս, շնորհակալ եմ բոլորին, ովքեր շնորհավորել կամ դեռ շնորհավորելու են իմ,- լեզուս չի պտտվում ասել,- իմ յոթանասունամյա՛կը: Ո՜ւֆֆ… Ե՛վ սարսափելի, և՛ ուրախ է մտածել՝ իսկ ես կյանքից դեռ չեմ կշտացել: Համարյա կես դար սիրով, խանդավառ ու նվիրված ռուսերեն եմ թարգմանել հայ գրականությունը: Իսկ մոտ տասնհինգ տարի առաջ բանաստեղծուհու հայտ ներկայացնելու համարձարկությունն ունեցա իմ «հոբբիի»՝ լրագրության հաշվին: Այո՛, և՛ սարսափելի է, և՛ ուրախալի, քանի որ թարգմանական ու բանաստեղծական մտահղացումները շարունակում են հետապնդել ինձ:

Երկու տարի առաջ գրեցի ու հրատարակեցի եզակի անհատականության ու գրողի՝ Զաբել Եսայանի մասին «Խիզախ կինը» գիրքը: Ուստի այդ գրքից եմ ներկայացնում ուղերձ ընթերցողին: Իսկ հրատարակիչներից մեկը խոստացել է իմ փառավոր հոբելյանը նշել ինձ համար թանկ հուշագրություններիս հրատարակումով: Նաև այդ՝ դեռևս չհրատարակված գրքից երկու դրվագ եմ ներկայացնում ընթերցողին:

 

«ԽԻԶԱԽ ԿԻՆԸ» գրքից

Թանկագի՛ն ընթերցող.

2017 թվականին ամերիկյան Refinery 29 պորտալը Զաբել Եսայանին (1878-1943) հայտարարել է աշխարհի հինգ խիզախ կանանցից մեկը: Դեռևս 1965 թվականին այս ինքնատիպ անհատականության ու կնոջ, շնորհալի գրողի ու նվիրյալ հասարակական գործչի մասին առաջին և առ այսօր միակ մենագրության հեղինակ Սևակ Արզումանյանը նրան անվանել է «հերոսական բնավորություն»: «Զաբելը փխրուն բնավորության տեր չէր: Նա ականատեսն է եղել՝ ինչպես է դատարկվել Արևմտյան Հայաստանը, ինչպես մոխրի են վերածվել գյուղերն ու քաղաքները: Սակայն նա պահպանել է հոգեկան կորովը, երբեք չի հուսալքվել ու վայր չի դրել գրիչը…»:

1915-ին, հրաշքով փրկվելով թուրքական իշխանությունների արյունոտ ճանկերից, Զ. Եսայանը մոտ երեք տարին անցկացրել է Կովկասում, այցելել է Սանկտ Պետերբուրգ ու Մոսկվա: Մոսկվայի Հայկական կոմիտեի հրավերով ելույթ է ունեցել՝ ներկայացնելով հայկական ջարդերի իրական պատկերն ու կազմակերպել է հանգանակություն որբերի ու փախստականների համար: Հանդիպումներից մեկի ժամանակ, որտեղ ներկա է եղել նաև կադետական կուսակցության առաջնորղ Պյոտր Միլյուկովը, նա ասել է. «Ես գրող եմ ու առաջին անգամ եմ զբաղվում քաղաքական գործերով, որովհետև զգում եմ՝ մեր ազգի համար այս ճակատագրական ողբերգության օրերին յուրաքանչյուր հայ ու հայուհի պետք է կատարի իր վրա դրված առաքելությունը»:

Սակայն Զ. Եսայանը մի փոքր խորամանկում էր՝ ավելի վաղ, դեռևս 1909 թվականին է նա խաչասերել գրականությունն ու քաղաքացիական բարձր առաքելությունը: Այդ ժամանակ արդեն ապրում էր Փարիզում, ուր տեղափոխվել էր 1895 թվականին, Կոստանդնուպոլսի Սկյութար թաղամասից ու շարունակում էր ուսումը Սորբոնում: 1900 թ. ամուսնանում է ինքնատիպ նկարիչ, իր համաքաղաքացի Տիգրան Եսայանի (1874-1921) հետ, մայրանում է: Ինչպես էլ որ նրան անվանեն՝ խիզախ, հայրենասեր, ֆեմինիստ, հասարակական գործիչ, նա մշտապես ու առավելապես սիրող, քնքուշ կին ու մայր էր և կարեկից ու գթասիրտ Գրող մեծատառով: Եվ հավատարիմ մնաց ճակատագրով իրեն վերապահված առաքելությանը՝ ամբողջ կյանքում հետևում էր աշխարհով մեկ սփռված իր հայրենակիցներին ու մշտապես, չխնայելով իրեն, փորձում օգնության ձեռք մեկնել նրանց:

Հայ ժողովրդի ու գրականության ճակատագրում Զաբել Եսայան երևույթը ստեղծվել էր անցյալ դարի 900-ականների արևմտահայ գրականության ու հասարակական շարժման մեջ կնոջ գործուն դերի կայացման քուրայում: Ազգային ու մշակութային ինքնագիտակցության բուռն պոռթկման մեջ, ուսումնասիրողների ու, մասնավորապես, Ս. Արզումանյանի կարծիքով, վիթխարի է հայ մտավորականության այնպիսի ներկայացուցիչների վաստակը, ինչպիսիք են Սիպիլը, Անաիսը, Զարուհի Գալեմքեարյանը, Մանիկ Պերպերյանը, Մարի Սվաճյանը, Արշակուհի Թեոդիկը, Հայկանուշ Մարկը, և իհարկե առաջին շարքերում էր Զաբել Եսայանը: Նրանք «գործում էին՝ չտրվելով պահի տրամադրությանն ու քմահաճույքին, այլ անկեղծ ոգևորությամբ ու նվիրվածությամբ՝ հայրենասիրական ու մարդասիրական վեհ գաղափարներին»: 19-րդ դարավերջի – 20-րդի սկզբի ազգային-ազատագրական շարժման մեջ ներգրավված էին նաև ժողովրդի ծոցից ելած կանայք, որոնք տղամարդկանց հետ կողք կողքի մարտնչում էին թուրքական լծի դեմ:

Սիրելի՛ ընթերցող, եթե կհետաքրքրվեք Զ. Եսայանի ստեղծագործություններով ու կուզենաք կարդալ ռուսերեն, ոչ մի գիրք չեք գտնի… Անգամ հայ ընթերցողը վատ գիտե արևմտահայ գրողի ստեղծագործությունները, որոնց մեծ մասը հրատարակված է արտերկրում կամ դեռևս մնում է սփյուռքահայ մամուլի էջերում, կամ էլ, եզակի բացառությամբ, հրատարակված է Հայաստանում… շատ վաղուց: Ինչպես գրում է նրա ստեղծագործության ուսումնասիրողներից Սվետլանա Գրիգորյանը՝ «խոսքի այս խոշոր վարպետի հարուստ գրական ժառանգությունը մինչ օրս չի արժանացել ամբողջական ուսումնասիրման»: Ոչ միայն ուսումնասիրման, այլև արժանի ու ամբողջական հրատարակման: Ուստի իմ գրքում հնարավորինս ձգտել եմ հատվածներ ներառել նրա որոշ ստեղծագործություններից:

Որքան տարանջատ-սփռված են նրա ստեղծագործությունները, որչափ լրիվ ու ամբողջական (Ս. Արզումանյանից հետո) ներկայացված չէ նրա ճշմարիտ կենսագրությունը, նույնքան հատվածական եմ կազմել իմ գիրքը… ասես փազլեր: Դուք, սիրելի՛ ընթերցող, պետք է ի մի բերեք ու ստեղծեք ձեր տեսլականը (գոնե՝ մասնակի) հրաշալի արձակագիր Զաբել Եսայանի ճակատագրի մասին, նրա անսահման խիզախության առանձին դրվագները: Ու ես առաջարկում եմ սկսել վերջից՝ Զաբելի գալը Խորհրդային Հայաստան, որտեղ նրան դարանակալել էր մահը, այն մահը, որը համաճարակի պես հնձում էր խորհրդային մարդկանց ու նաև նրանց, ովքեր հավատացին Հայրենիքին ու վերադարձան…

 

ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՓՇՈՒՐՆԵՐԻՑ

Ուրվական է, բայց ողջ մնաց

Մոսկվայի «Կրոպոտկինյան» մետրոյի կայարանն է: Շտապում եմ Օստոժենկա փողոցում գտնվող գրապալատ: Ճանապարհն անցնելիս լուսաֆորի մոտ բախվում են շփոթահար կնոջ: Մտածում եմ՝ հիմա կհարցնի՝ ինչպես ուր հասնել: Ու չեմ սխալվում.

Ներեցեք, խնդրում եմ, չե՞ք ասի… գլուխ չեմ հանում, սա ի՞նչ արձան է:

Այ թե ինչ… կինը մոլորվել է, բայց ոչ թե փողոցում, այլ պատմության մեջ: Ձախ կողմում, Կարմիր պալատների ֆոնին վեր է հառնել ժամանակների քմահաճ ճաշակներով չտրորված մարքսիզմ-լենինիզմի դասականներից մեկը: Ընդ որում՝ Նապոլեոնի հպարտ կեցվածքով: Հիմա 1996 թվականն է, գուցե այդ պատճառո՞վ վատ է «աշխատում» դյուրափոփոխ հիշողությունը: Թեև տիկինը հիսունի մերձակայքում է:

Էնգելսն է, Ֆրիդրիխ Էնգելսը,- ընթացքում բացատրելով՝ շտապում եմ դեպի լուսարձակվող կանաչ լույսը, որպեսզի հաղթահարեմ նաև երկրորդ անցումը:

Եթե կինը քիպ մոտենար արձանին, դա էլ նրան չէր օգնի: Ժամանակը ջանադրորեն ջնջել էր պատվանդանի գրությունը: Կարելի է ասել, որ մեր դիմաց գաղափարական մարտադաշտի Անհայտ զինվորի հուշարձանն է, բավական չէ, նաև՝ գաղտնագրված:

Ձմեռային արձակուրդների ժամանակ Էնգելսի կողքին հայտնվում էր Ամանորի վիթխարի, տոնական զարդարված տոնածառը: Մշտադալար: Տոներից հետո արձանը առանց տոնածառի տխրամած տեսք էր ընդունում, իսկ թողած հետքը՝ մեծ խաչափայտն ու հրթիռի պոչը, ասես հուշում էր, որ նա տիեզերք է թռել հսկա խաղալիքներով հանդերձ: Իսկ Էնգելսին հետը չի տարել՝ չափից ավելի ծանր է…

Որ կողմից էլ նայես, Էնգելսի արձանը կողքանց է կանգնած: Ա՛յ, լենինյան արձանները միշտ առաջ են նայում, նպատակասլաց են, մի քայլ անգամ չեն թեքվում աջ կամ ձախ: Արդյունքում՝ հենց այդ դիրքում Էնգելսը աչքի ծայրով էլ չնկատեց, ինչպես հենց իր դիմաց վեր բարձրացավ Փրկչի տաճարը: Ե՛վ տաճարը կառուցվեց, և՛ դասականին պատվանդանից չիջեցրին, ու փառք Տիրոջը: Թող կողք կողքի գոյակցի այդ զարմանալի զուգակցումը՝ հակառակ ցանկացած վանդալիզմի: Փառք նաև մայրաքաղաքի նախկին քաղաքապետին, որովհետև երբ 90-ականներին արձաններ քանդելու սիրահարները հասան Էնգելսին՝ Լուժկովը դիմակայեց ու արգելեց:

Իսկ ավելի վաղ ժամանակներում արձանը քիչ էր մնում՝ համբառնար: Երբ 1976 թվականին վերամբարձ կռունկը քանդակագործ Ի. Կոզլովսկու պատրաստի աշխատանքը պիտի տեղադրեր պատվանդանին՝ ինչ-որ բան խաթարվեց, ու սավանով ծածկված հուշարձանը որոշ ժամանակ մնաց օդում կախված: Դրանից հետո ժողովուրդը Էնգելսին կնքեց՝ կոմունիզմի Ուրվական:

Մոսկվացիներից ոմանք, ի տարբերություն ինձ հանդիպած անցորդ տիկնոջը, համոզված են, որ դա Կրոպոտկինի արձանն է, ու զարմանում են, որ սխալվում են: Նման զուգորդումները նույնպես միտք հղացրին՝ այն դարձնել Կրոպոտկինի արձանը, ընդամենը փոխելով գրության տառերը, առավել ևս, որ երկու գործիչներն էլ իրար նման են: Նաև՝ գումարներ կտնտեսվեին:

Մի խոսքով. ոչ թե արձան է, այլ մարդկային անսպառ երևակայության օբյեկտ:

 

 

ԼԻՆԵ՞Լ, ԹԵ՞ ՉԼԻՆԵԼ

Մետրոյի «Պրոլետարական» կայարանը: Այս ճյուղի տարածքը ամայի-ասկետական է՝ դժգույն, առանց ավելորդությունների: Օդում գործարանային բույրն է ճախրում: Բայց մետրոյի կողքի հանրախանութը բավականին «թանկանոցն» է՝ հաշվարկված չէ պրոլետարական սպառողի համար: Հարուստ ու թանկ ընտրանի, այդ թվում և՝ մթերային: Երկրորդ հարկում պահակ է կանգնած: Բուրժուական ոգին տնավորվում է նաև Մոսկվայի բանվորական տարածքում: Սակայն կոչերն այստեղ հին ոճով են:

«Տեքստիլագործներից» մինչև «Վոլգոգրադի պողոտա» մետրոյի կայարանների ճանապարհը վերգետնյա է, ու երկու կողմերով ձգվում են ցանկապատեր: Կանաչ ցանկապատի շարունակություն կազմող քարե սպիտակ պատին հին օրերի հրատապության հավակնությունն ունեցող արձագանքներն են՝ «Կորչե՛ն բուրժույները», «Հանուն ԽՍՀՄ-ի»:

Պատմական անցյալի հետքերը պահպանվել են նաև «Պրոլետարական» կայարանում. «Բանվորը»: Քանդակագործ Ն. Անդրեևի աշխատանքը, 1925 թվական»- նշված է անխնամ, մաշված պատվանդանին: Մոռացված ու բարձիթողի արձանին համահունչ է և աղքատիկ ինտերյերը: Երիտասարդ պրոլետարը զննում է ձեռքում բռնած ինչ-որ դետալ: Իմ՝ ղարաբաղյան ու չեչենական ողբերգություններով, մոսկովյան բնակելի շենքերի ու մետրոյի կայարանների պայթեցումներով հիվանդագին գիտակցության մեջ այդ դետալը կարող է զուգորդվել միայն նռնակի կամ լիմոնկայի հետ, որով մտահոգված է հեգեմոնը: Այսինքն՝ պայթեցնե՞լ, թե՞ չպայթեցնել: Կամ շահիդավարի՝ ինձ էլ պայթեցնե՞մ հետը, թե՞ չպայթեցնեմ:

Արձանի թիկունքում կարմիր աղյուսե պատը կանգուն է մնացել «Ժդանովի շրջանի պատվո տախտակ» գրությամբ: Առանց որևէ աշխատանքային առաջամարտիկի դիմանկարի՝ բոլորին ջնջել-սրբել է անողոք ժամանակը: Արձանի դիմացը պստլիկ պուրակ է: Ծառերի տակ խոտ չի աճում:

Հետաքրքիր է, 90-ականներից հետո հրաժեշտ տվե՞լ են «Բանվորին»: Իսկ գուցե այդ պատմական ցուցանմուշն այսօր նորացվել, արդիականացվե՞լ է:

 

Ռուսերենից թարգմանեց Կարինե ԽՈԴԻԿՅԱՆԸ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։