Վերջերս նայում էի տարվա ամփոփումը. ամեն օր ՀԳՄ-ում կամ որևէ գրադարանում, թանգարանում, ինստիտուտում, դպրոցում, մարզում, նաև արտերկրում գրական միջոցառումներ, քննարկումներ ու հանդիպումներ են եղել, և այդ ամենը իմ հոգում ընդհանուր գրականության և գրական կյանքի կերպար էր երևակում: 2019 թվականը նշանավոր էր հոբելյաններով, գրական միջոցառումներով, հանդիպումներով, որոնք նպաստել են ընթերցողական դաշտի ընդլայնմանը: Մենք շարունակաբար ձևավորելու ենք գրականությունը հարգող, գրականության պահանջը զգացող ընթերցողի: Անցնող տարին, եթե ամբողջական դիտարկենք և գնահատենք, նոր հնարավորություններ է տվել գրականությունն առավել մերձեցնելու ընթերցողին: Մի քիչ գոհանանք այս առումով, բայց ինքնագոհության չհասնենք, որովհետև ամեն քայլից հետո նոր հորիզոններ են բացվում: Այս տարին ապացուցում է ևս մի բան՝ հայ ժամանակակից գրականությունը ունի գրական գործեր, որոնք միջազգային ասպարեզում թարգմանվում, տպագրվում, վերահրատարակվում և գնահատվում են: Եթե ամփոփելու լինենք, հագեցած տարի էր և դրանով հաճելի:
2020 թվականի մասին. ընդհանրապես 20-ը միշտ էլ մեր գիտակցության մեջ պատանեկությունից երիտասարդություն անցնելու մի փուլ է, հիմա երկու 20 իրար կողք երկու ջահել է նշանակում: Ուրեմն՝ ավագները պիտի ջահելանան, ջահելներն էլ առնականանան, մանավանդ` գրականության մեջ: Ուզում եմ, որ 2020 թվականին մեր ժողովրդի անվտանգությունը լինի անխաթար, մեր պետությունը՝ առաջնակարգ ռազմական տեխնիկայով համալրված (ինչպես 2019 թվին իրագործվեց), քանի որ Հայոց բանակը պետականության, Հայաստանի, Արցախի, մեր գոյության երաշխավորն է: Այո՛, մեր բանակը ամենակայացած օրգանիզմն է անկախության տարիներին: Կցանկանայի, որ մեր մշակույթն իր նկատմամբ ուշադրությունն ավելի մեծացներ: 2020 թվից, Չարենցի պատգամի պես, սպասում եմ մեր ջանքերի ամբողջականություն, միասնականություն: Պիտի Հայաստան-Արցախ-Սփյուռք միակամությամբ ամրացնենք մեր ներկան ու ապագայի տեսլականը, նաև մենք՝ գրի անկոտրելի շաղախով ամրացնենք մեր ոգու հիմքերը: 2020 թվականին մեր պետության համար ամեն մարդ նախ ինքն իր մեջ հարկ է համահայկական գաղափարների կրողը լինի և մի քար դնի դրանց իրագործման շենքի պատին: Ձաղկելը, խոտորելը շատ հեշտ է, ամենադժվար բաներից մեկը իրար գումարվելու խնդիրն է: Ուժ, կորով, ձգտում զոդելով` բոլորովս հրե գնդի խոյանքով 2020 թվականը դարձնենք ջահելության և խոհեմության տարի: Երկու 20-ը պարտավորեցնում է երիտասարդ, արի, հույսով, հավատով, նպատակին հասնելու արծվաթռիչքով ընթանալու: Սրանով ամփոփեմ և մեր ժողովրդին ցանկանամ հենց այդ ուժը, սերը, հավատը, հույսը:
ԵՐԿՈՒ 20-Ը ՋԱՀԵԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԽՈՀԵՄՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ / Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

One thought on “ԵՐԿՈՒ 20-Ը ՋԱՀԵԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԽՈՀԵՄՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ / Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ”