Դեկտեմբերի 25-ին տեղի ունեցավ ՀԳՄ տարեվերջյան նախագահության նիստը: Օրակարգի հիմնական հարցը 2019-ին ՀԳՄ գործունեության հաշվետվությունն էր: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, համառոտակի ներկայացնելով հաշվետու տարում կատարված աշխատանքը, նշեց, որ արդեն ավանդական դարձած մի քանի միջոցառումներ անցկացվել են նոր ձևաչափով: Մասնավորապես, Թարգմանչած տոնը միջազգայնացվեց, և միջոցառումներին մասնակցել են նաև յոթ երկրից հրավիրված 10 թարգմանիչներ: Ընդարձակվել է Գիրք նվիրելու օրվա միջոցառումների աշխարհագրությունը: Հայաստանից բացի, տոնը նշվել է նաև Բեյրութում, Թբիլիսիում, Մոսկվայում, Թեհրանում, Արցախում: Նույնը կարելի է արձանագրել Մանկական գրքի շաբաթի վերաբերյալ: Հատուկ ուշադրության է արժանացել երիտասարդ ստեղծագործողների հետ տարվող աշխատանքների կազմակերպումը: Հայտարարվել են հասցեական մրցանակաբաշխություններ, Ծաղկաձորում չորսօրյա հավաք է անցկացվել: ՀԳՄ նախագահը կարևորեց գրական-ստեղծագործական դաշտը միջազգայնացնելու գործառույթը, համագործակցության ակտիվացումը ինչպես հայաստանյան կառույցների և գերատեսչությունների, այնպես էլ բազմաթիվ երկրների գրական կազմակերպությունների և անհատ գրողների հետ, ինչն էականորեն նպաստել և նպաստելու է հայ գրականության տարածմանն ու հանրահռչակմանը: Հայ գրողների ստեղծագործությունների այլալեզու հրատարակված անթոլոգիաներն ու առանձին ժողովածուներն այդ գործընթացի արդյունավետության վկայությունն են: Առանձնապես սերտ և բազմաժանր է Իրանի և Վրաստանի հետ համագործակցությունը: Իրանի դրամատուրգների հետ պայմանագիր կա, համաձայն որի, Իրանի դրամատուրգները հյուրընկալվում են Հայաստանում, հայ գրողները` Իրանում: 2019-ին պայմանագիրը թարմացվել է: Պարսկերեն հրատարակվել են հայ դրամատուրգների և հայերեն` պարսիկ դրամատուրգների գործերը: Իրանում մի շարք հայ դասական և ժամանակակից գրողների գրքեր են հրատարակվել, բեմադրություններ արվել: Վրաստանի հետ կապերը նույնքան աշխատանքային են. «Վարդատոն», Տերյանական օրեր Գանձայում, հայ և վրաց գրողների հանդիպումներ Հայաստանում և Վրաստանում, միմյանց ստեղծագործությունների հրատարակումներ: Գործընթացը շարունակական է` նպատակ ունենալով առավել սերտացնել և նոր ձեռքբերումներ արձանագրել: Գրողներն ունեն տարբեր խնդիրներ. Միությունը որոշակի աշխատանքներ է տանում թեթևացնելու այդ խնդիրները: Մասնավորապես, կազմակերպել նրանց հանգիստը Ծաղկաձորի և Սևանի ստեղծագործական տներում: «Մեդլայն» բժշկական կենտրոնի հետ կնքված պայմանագրի համաձայն` շատ գրողների բժշկական անվճար ծառայություն է մատուցվել: Հաշվետու տարում կազմակերպվել են բազմաթիվ քննարկումներ, դասականների հոբելյաններին նվիրված միջոցառումներ, գրքերի շնորհանդեսներ, գրողների հանդիպումներ թանգարաններում, գրադարաններում, համալսարաններում, զորամասերում: Ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում, արժանվույնս նշվեց ՀԳՄ
85-ամյակը: Էդվարդ Միլիտոնյանը նշեց` այն, ինչ անում է Միությունը, ավելի մանրամասնելու հարկ չկա, քանի որ Գրողների միության աշխատանքը բոլորի աչքի առաջ է:
Այնուհետև ՀԳՄ նախագահը` Հայաստանի գրողների միության 85-ամյակի առթիվ, ՀԳՄ-ի գրական-մշակութային ծրագրերի իրականացման ոլորտում արդյունավետ գործունեության համար, ՀԳՄ պատվոգրեր հանձնեց ՀԳՄ մարզային բաժանմունքների և ՀԳՄ ժանրային սեկցիաների ղեկավարներին:
Եղան քննարկումներ, առաջարկություններ:
Նախագահությունը 2019 թվականի ՀԳՄ գործունեությունը գնահատեց բավարար:
Ամփոփելով` ՀԳՄ նախագահը շնորհավորեց նախագահության և ՀԳՄ վարչության անդամների Սուրբ Ծնունդն ու Ամանորը, մաղթեց առողջություն, անձնական երջանկություն և ստեղծագործական նոր արարումներ:
One thought on “ՀԳՄ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՆԻՍՏՈՒՄ”