Փետրվարի 15-ին տեղի ունեցավ ՀԳՄ նախագահության հերթական նիստը: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը ներկաներին հաղորդեց, որ Գիրք նվիրելու օրվա միջոցառումների շրջանակում կլինեն գրողների հետ հանդիպումներ Երևանի և մարզերի մոտ 50 դպրոցներում:
ՀԳՄ Սևանի ստեղծագործական տան տնօրենը իր հաշվետվության մեջ ներկայացրեց, որ անցած հինգ տարիների ընթացքում ոչ միայն կատարվել, այլև երկու անգամ գերազանցվել են պայմանագրով նշված ներդրումները: Ընդունելով շենքը, որը քայքայված վիճակի պատճառով անգործության էր մատնված, հասցրել են այն ամբողջովին վերանորոգել, կարգի բերել սանհանգույցները, փոխել ողջ խողովակաշարը, դռներն ու պատուհանները, ջրի պոմպը, թարմացրել են կահույքն ու սպասքը, բարեկարգել տարածքը, տաղավարներ տեղադրել: Թեև Սևանում աշխատանքային են միայն ամառվա հուլիս-օգոստոս ամիսները, կարողացել են տարեկան 5-10 գրողի անվճար ընդունել: Մարել են նաև նախկին պարտքերը: Նախագահությունը, բավարար գնահատելով կատարվածը և ապագա ներդրումների ծրագիրը, որոշեց հարգել տնօրինության առաջարկը և պայմանագիրը երկարաձգել:
Նախագահության նիստի օրակարգում էր նաև ՀԳՄ գրական մամուլի խմբագրությունների հաշվետվությունը: Իրենց կատարած աշխատանքը, առկա խնդիրները ներկայացրին «Գրական թերթի» գլխավոր խմբագիր Կարինե Խոդիկյանը, «Նորք» հանդեսի տնօրեն Լիլիթ Հովսեփյանը, «Գրեթերթի» խմբագիր Գուրգեն Խանջյանը, «Լիտերատուրնայա Արմենիա» հանդեսի գլխավոր խմբագիր Ալբերտ Նալբանդյանը, ՀԳՄ հրատարակչության տնօրեն Շանթ Մկրտչյանը: Գրական մամուլի գործունեության վերաբերյալ իրենց կարծիքներն արտահայտեցին Պետրոս Դեմիրճյանը, Հենրիկ Էդոյանը, Դավիթ Սարգսյանը, Ալիս Հովհաննիսյանը, Սամվել Կոսյանը, Գագիկ Դավթյանը: Նշվեց, որ բոլոր խմբագրություններն իրենց ուղղվածությունը ունեն, բոլորը, թեև ֆինանսատնտեսական սուղ միջոցների, ապահովում են պարբերականությունը, յուրաքանչյուրն իր պրոֆիլով էապես նպաստում է հայ գրականության տարածմանն ու հայ գրողների հանրահռչակմանը: Եղան առաջարկություններ: Ամփոփելով, ՀԳՄ նախագահ Էդ. Միլիտոնյանը նշեց, որ հաջորդ նիստերի ընթացքում կլինեն մյուս խմբագրությունների, ինչպես նաև ՀԳՄ գրական հիմնադրամի հաշվետվությունները, ապա առաջարկեց գնահատել խմբագրությունների գործունեությունը: Նախագահությունը գրական մամուլի աշխատանքը գնահատեց բավարար: