ԱՎԱՆԵՍՅԱՆ ՌԻՄԱ
ԱՎԱՆԻ
Ծնվել է 1937 թվականին
Բնակության վայրը՝ Սումգայիթ, 5
թաղամաս, Բարեկամության փ.,
շ. 28/19, բն.1
Թոշակառու (2-րդ կարգի հաշմանդամ), աշխատել է Սումգայիթի տեղական արտադրության կոմբինատում:
Եթե իմ երկու որդիները զոհվեին պատերազմում, այնպես չէի մղկտա, ինչպես հիմա եմ մղկտում: Երեխաներիս ես եմ մեծացրել… մեկը երեքուկես տարեկան էր, մյուսը՝ երկու, երբ նրանց հայրը մահացավ գործարանում, աշխատելիս… Ինչ դժվարությամբ եմ դաստիարակել նրանց, տառապել, երբ բանակ ուղարկեցի՝ ինչքան եմ լացել, սպասել, ամեն նամակի վրա լացել եմ, մինչև վերադարձան: Իմ տղաները… Ինչ է, նրանց դաստիարակել էի ադրբեջանցիների համա՞ր: Ես տանջվել, մեծացրել էի նրանց ու հիմա կորցրել եմ: Ոչ մի խուլիգանություն նրանց կողմից, ոչ մի բան, այնպիսի խելացի երեխաներ էին, եթե ուզում եք, գնացեք մեր բակը, հարցրեք՝ ինչպիսի երեխաներ են եղել… Իսկ ադրբեջանցիները եկան, լուսամուտները փշրեցին, դուռը կացնով ջարդեցին, սպանեցին իմ երկու տղաներին՝ Ալբերտին ու Վալերիին… Ինչպե՞ս դիմանամ: Երբ մարդու երեխաները հիվանդ են, ջերմություն ունեն, լալիս են, մայրը, ծնողները ի՞նչ են զգում: Իսկ ես ձեզ նման ծնող եմ…
…Ալբերտն ու Վալերիկը ամուսնացած չէին, երկուսն էլ նշանված էին: Ուզում էի նրանց հարսանիքն անել, իսկ այդ ադրբեջանցիները մեր պատուհանները ջարդեցին, ես ինչքան գոռացի… ինչքան զանգեցի հեռախոսով՝ ոչ մի միլիցիա, ոչ մեկը չեկավ օգնելու իմ երեխաներին, մինչև առավոտյան ժամը 4-ը իմ տղաները ընկած էին փողոցում, մեր տան մոտ, մեկը ձախ կողմում, մյուսը՝ աջ…
Մինչև այդ օրը խոսակցություններ էին պտտվում: Վալերիկը եղել էր քաղկոմի շենքի մոտ, եկավ ու պատմեց Ալբերտին. «Ալբերտ, գիտե՞ս, ադրբեջանցիներն սկսել են ասել` գնացեք մեր հողից, հայեր, գնացեք, ձեզ խփելու են»: Այնտեղ Վալերիկին տեսել էր մեր թաղամասի միլիցիոները, ասել էր. «Վալերիկ, ի՞նչ ես այստեղ կանգնել: Մի՛ կանգնիր, մի՛ լսիր, տուն գնա»: Նա տուն եկավ ու էլ փողոց դուրս չելավ, տանն էր:
Նա պատմեց Ալբերտին, իսկ Ալբերտն ասում է. «Տես, թե մտքներին ինչ է, ինչ են ուզում մեզնից»: Մի խոսքով, նստել են երկուսով, խոսում են, ես էլ լսում եմ… Հետո թեյ խմեցին, մեկ էլ տեսնենք՝ փողոցում ծուխ բարձրացավ, մեքենա է վառվում, ճամփից այն կողմ բանդիտները մեքենա էին վառել: Վալերիկն ասաց. «Մայրիկ, վեր կաց, եթե այսօր ողջ մնանք, վաղը կգնանք Կրասնոդար»: Այնպիսի պահ էր… Շալը վրաս գցեցի: Վերարկու չհագա, շատ ծանր էր, խալաթ հագա ու հողաթափեր, մենք ուզում էինք դուրս գալ, փախչել: Ես Վալերիկին ասացի. «Այնտեղ մի քիչ փող կա, վերցրու»: Իսկ նա ասում է. «Ոչինչ պետք չէ, դուրս արի»: Ասում եմ՝ «Գոնե ոսկեղենը վերցրեք»: Նա նորից. «Ոչինչ պետք չէ, դուրս արի»: Այն է՝ ուզում էինք դուռը բացել, մեր պատուհանները սկսեցին ջարդել… Բոլոր հինգ պատուհանները, մեր բնակարանը անկյունային էր, առաջին հարկում: Քարերով էին խփում… Սկսեցին դռան զանգը տալ. «Բացեք, հայեր: Սպանելու ենք ձեզ»: Վալերիկը ինձ կամաց ասում է. «Մայրիկ, գնա լոգարան, թաքնվիր»: Իսկ ես լալիս եմ. «Ինչպե՞ս կլինի, դուք այստեղ մնաք, իսկ ես այնտեղ թաքնվե՞մ»: Իսկ նա աչքերով ցույց է տալիս՝ գնա, գնա… Բայց դուռն արդեն կացնով են խփում… Հրեցին, հրեցին, չկարողացան բացել, սկսեցին կացնով ջարդել, վերևից ներքև… Արդեն դռնից բան չի մնացել, ես տղաներին նշան արեցի՝ ե՛տ… Արդեն գոռում եմ, մտածում եմ՝ այ, հիմա մեզ կսպանեն… Վալերիկն այնպես գունատվեց, գոռաց. «Ատրճանակը տվեք ինձ, հիմա նրանց կսպանեմ»: Հենց այնպես ասաց: Նրանք փախան, պարզվում է, նրանք այնտեղ ինչ-որ տեղ թաքնվել են, իսկ մենք աստիճանների վրա ենք կանգնած, դուռն արդեն չկա… Դուրս եկանք հարթակ, իսկ նրանք արդեն քարերով… Քարը շպրտեցին, կպավ ամուսնուս գլխին: Արյուն եկավ: Կանգնած ենք չորսով՝ ես, Ալբերտը, Վալերիկը, ամուսինս: Վալերիկը բռնեց իմ ու ամուսնուս ձեռքը, ասաց. «Մայրիկ, վերև բարձրացեք, մենք հիմա կգանք»: Վերևում ռուս ընտանիք էր ապրում, մեր մուտքի երրորդ հարկում: Նոուսովները, ամուսնու անունը Վանյա է, կնոջը՝ Նադյա: Երկուսով բարձրացանք, դուռը բաց էր: Ներս մտանք: Կինը աշխատանքի էր, երկրորդ հերթ, իսկ ամուսինը անկողնային հիվանդ էր: Մտանք մյուս սենյակն ու թաքնվեցինք: Իսկ մի ժամ հետո աշխատանքից եկավ Նադյան: Եկավ ու ասում է. «Ձեր տունը… գորգը փողոցում վառվում է… սրիկաները ձեր իրերն են թալանում…»: Ասում եմ. «Ալիկին ու Վալերիկին չե՞ս տեսել»: Ասում է. «Չէ՛, չեմ տեսել»: Հետո փողոց գնաց, իսկ երբ վերադարձավ, ինձ դեղ տվեց: Պարզվում է, տղաներիս տեսել, ճանաչել է, բայց ինձ ասում է. «Էմմա, երևի նրանք փախել են»: Մոտիկներն ինձ Էմմա են ասում: «Երևի ավարտվել է դա, Էմմա, երևի երեխաները փախել են, մի՛ վախենա, մի՛ վախենա»: Բայց նա ամեն ինչ տեսել էր, ու մինչև առավոտվա ժամը 4-ը իմ երեխաները այնտեղ էին, ասֆալտի վրա, արյան մեջ… Ալիկը ձախ կողմում էր պառկած, Վալերիկը՝ աջ… Հետո եկան զինվորներն ու նրանց տարան հիվանդանոց… Դա չեմ տեսել, ինձ այդպես ասացին: Պատուհանից միայն տեսել եմ` ինչպես էին մեր իրերը տանում: Միլիցիոներներն էին տանում… Ալբերտին ու Վալերիկին վերջին անգամ տեսել եմ, երբ նրանք մեզ ուղարկեցին վերև: Երևի մի հարկ հազիվ բարձրացած լինեինք, երբ նրանց սպանել են: Այդ գազանները… Ես էլ եմ ուզում գնալ ու սպանել նրանց: Երբ Սումգայիթի կենտրոնական փողոցում վթար է լինում, հարյուր միլիցիոներ է գալիս: Իսկ երբ ամբողջ գիշեր երկու տղաներս պառկած էին ասֆալտին, նրանց ոչ ոք չօգնեց: Եթե դա լիներ 41 թվականին, ես կնստեի, լաց կլինեի ու կասեի. «Ոչ միայն իմ տղաներին են սպանել»: Իսկ այդ գիշեր պատերազմ էր միայն իմ երկու երեխաների համար, որոնց մենակ էի մեծացրել, անհայր ու նույնիսկ «հայր» բառը նրանք երբեք չեն ասել, որովհետև մեծացել ու հայր չեն տեսել… Իսկ հիմա, երբ նրանք սկսել էին աշխատել, իրենք էին վաստակում, ուրախացնում մորը, այդ սրիկաները եկան ու հենց այնպես սպանեցին իմ երեխաներին: Ես էլ եմ ուզում սպանել նրանց սպանողներին… Թեկուզ տարի անցնի, թեկուզ երկու, ինչքան որ ապրեմ՝ այնքան վրեժ եմ լուծելու նրանցից…
ԲԱԴԱՍՅԱՆ ԶԱՎԵՆ
ԱՐՄԵՆԱԿԻ
Ծնվել է 1942 թվականին
Բնակության հասցեն. Սումգայիթ,12 միկրոշրջան, շ. 34, բն. 33
Աշխատել է Սումգայիթի խոշոր մանվածքային ֆաբրիկայում:
Ամսի 22-ին կնոջս հետ գնացինք Բաքու, գնումներ արեցինք ու մոտավորապես երեկոյան ժամը 5-ին վերադարձանք Սումգայիթ: Ավտոկայանում հանդիպեցինք ազգականուհուս, խոսքի բռնվեցինք: Իսկ խանութից ոչ հեռու շատ մարդ էր հավաքված: Դե, մենք սկզբում չհասկացանք` ինչն ինչոց է, հետո մեզ է մոտենում ծանոթ մի տղա, ադրբեջանցի, ու ասում է. «Ի՛նչ եք էստեղ կանգնել, շուտ տուն գնացեք»: Ես հարցնում եմ. «Ի՞նչ է պատահել»: Իսկ նա. «Դուք, ինչ է, չե՞ք տեսնում, էնտեղ կողքի են շրջել մեքենան ու հայերին են սպանում»: Նա ինձ օգնեց, տաքսի կանգնեցրեց, ու մենք բարեհաջող տուն եկանք: Երկու օր տանը մնացինք:
…Մարտի մեկին, գիշերվա ժամը մեկին գնացինք թաքնվելու 33-րդ դպրոցում, դա 13 միկրոշրջանում է: Այնտեղ մեզ հետ երկու հայկական ընտանիք կար: Մենք 13 հոգի էինք: Նրանցից միայն Էռնեստին էի ճանաչում. նա Կիրովաբադից էր տեղափոխվել Սումգայիթ: Մեզ դպրոց ներս թողեց ադրբեջանցի պահակը: Սկզբում չէր ուզում: Բայց մենք գնալու տեղ չունեինք: Ստիպված էինք խնդրել, համոզել: Մեզ ասացին, որ այդ օրը՝ ամսի 1-ին, հարձակում է լինելու մեր միկրոշրջանի վրա: Բոլորս բարձրացանք երկրորդ հարկի դասարանը: Քաղաքային ռադիոյով հաղորդվել էր երեք հեռախոսահամար, որոնցով կարելի էր օգնության դիմել, կարևոր բան հաղորդել: Ես զանգեցի, լսափողը վերցրեց Սումգայիթի քաղկոմի առաջին քարտուղարը: Ես օգնություն խնդրեցի: Ասում եմ. «Գտնվում ենք 33-րդ դպրոցում, էվակուացրեք մեզ»: Դե, նա ասում է. «Ես ձեզ հաշվառման վերցրի, սպասեք, հիմա օգնություն կուղարկեմ»: Նրա ձայնը ես ճանաչում եմ: Առաջին քարտուղարը մեր ֆաբրիկայում եղել էր, անձամբ նրա հետ խոսել եմ: Երբ զանգեցի, նա ասաց. «Մուսլիմ-զադեն ձեզ լսում է»: Զանգից մոտավորապես երկու ժամ հետո գոռոցներ լսեցինք դպրոցի մոտ: Նայեցի պատուհանից՝ 100-200 մարդ է հավաքված, ու պահանջում են. «Հայեր, իջեք, եկել ենք ձեզ տանելու»: Ձեռքներին փայտեր, կացիններ, երկաթաձողեր: Պահակը մեզ հետ էր նստած, հարցնում է. «Ես ո՞ւր կորչեմ»: Ես ասում եմ. «Եթե ողջ մնալ եք ուզում, իջեք ներքև ու ասացեք, որ հայերն այստեղ եղել են, բայց արդեն գնացել են»: Նա այդպես էլ արեց: Իջավ նրանց մոտ ու ասում է. «Հայերն այստեղ են եղել: Ես,- ասում է,- հետևի դուռը բացեցի, նրանք դուրս եկան, այն կողմը գնացին»: Ու ձեռքով ցույց տվեց: Ու այդ մասսան գոռոցով ու աղմկելով գնաց այն կողմը, ուր ցույց տվեց պահակը: Այնպես որ, խոստացված օգնությունը տեղ էր հասել: Ուղարկե՛լ էր: Զինվորների փոխարեն նա ի՛ր «զինվորներին» էր ուղարկել: Ես համոզված եմ, որ դա կազմակերպել էր Մուսլիմ-զադեն: Չէ՞ որ ոչ ոք մեզ չէր տեսել, երբ մտնում էինք դպրոց, ոչ մեկը չգիտեր, որ մենք այնտեղ ենք: Համենայնդեպս, մինչև առավոտյան ժամը 7-ը մնացինք դպրոցում, ու ոչ մի զինվոր մեզ օգնության չեկավ:
8 ապրիլի 1988 թ. Երևան
ԴԱՆԻԵԼՅԱՆ
ՎԻՏԱԼԻ
ՆԻԿՈԼԱՅԻ
Ծնվել է 1972 թվականին
Բնակվել է՝ Սումգայիթ,
3 միկրոշրջան,
շ. 4/2, բն. 25
Սովորել է Սումգայիթի թիվ 17 միջնակարգ
դպրոցում:
…Մենք տուն եկանք, լույսը չվառեցինք, փորձեցինք իրերը հավաքել, որ ժամանակավոր մի տեղ գնանք Սումգայիթից: Տանը նստել ենք: Զանգահարեցին, խնդրեցին հորս, ես կանչեցի նրան: Նրա բրիգադից Ջեյխուն Մամեդովն էր: Նա ասաց, որ իրեն զզվելի է, ինչ որ կատարվում է քաղաքում, խնդրեց մեր հասցեն ու խոստացավ, որ մեքենա կգտնի ու կօգնի քաղաքից գնալ: Անկեղծ ասած, հայրս չէր ուզում հասցեն ասել, բայց մայրս վերցրեց լսափողն ու ասաց: Խոսակցությունից մոտ 15 րոպե հետո դեպի մեր շքամուտքը վազեց ամբոխը: Շենք մտան, ջարդեցին դուռը, ներս մտան… Նրանք միանգամից բարձրացան մեր բնակարանը, հարյուր տոկոսով գիտեին, որ այստեղ հայեր են: Մենք փորձեցինք ինչ-որ կերպ դիմադրել, բայց դա անօգուտ էր: Նրանցից մեկը վերցրեց ծնողներիս անձնագրերն ու սկսեց կարդալ: Կարդաց ազգանունը՝ «Դանիելյան», շրջեց էջը, կարդաց՝ «հայ», և այդքանն արդեն բավական էր, որ սպանեին: Նա ասաց, որ մեզ արագ բակ տանեն, որ պետք է մեր վերջը տալ: Իսկ մյուսը, նրա կողքին, խփում էր դաշնամուրի ստեղներին ու ասում. «Ձեր մահն է եկել»: Ես ձեռքի դանակ ունեի, ցավոք, չօգտագործեցի: Պարզապես գիտեի, որ եթե դանակը չտամ, ավելի վատ կլինի: Նրանք հարվածեցին ծնողներիս ու ասացին, որ դանակը դնեմ դաշնամուրի վրա: Հետո մեկի հրամանով մեզ դուրս տարան:
…Մեզ դուրս բերեցին բակ, բոլոր հարևանները պատշգամբներում էին ու սպասում էին, թե ինչ է լինելու հետո: Ամբոխը շրջապատեց մեզ: Սկզբում ինձ հարվածեցին, ես գիտակցությունս կորցրի, երբ ուշքի եկա, նորից խփեցին, ես հաճախ էի կորցնում գիտակցությունս… Ծնողներիս ես չեմ տեսել ու չեմ լսել, որովհետև առաջին հարվածներն ինձ եկան, ես կորցրի գիտակցությունս: Երբ ուշքի եկա, փորձեցի նրանց տեղից բարձրացնել, նրանք պառկած էին իմ կողքին: Ամբոխն արդեն չկար, միայն պատշգամբներից նայում էին մարդիկ: Եվ վերջ: Փորձեցի նրանց բարձրացնել, բայց չկարողացա, ձախ ձեռքս ջարդված էր: Ես սկսեցի շարժվել դեպի շքամուտքը, ուզում էի ասել հարևաններին, որ շտապօգնություն կանչեն: Ծնողներիս մարմինները դեռ չէին պաղել: Մեզ վրա հարձակվեցին մոտ ժամը իննին: 11-ին ես ուշքի եկա ու փորձեցի տուն բարձրանալ… Երբ շքամուտքում ծեծում էի հարևանների դռները, նրանք ինձ հրում ու ասում էին, որ հեռանամ: Բարձրացա երրորդ հարկ, մեր հարևանուհին գլխիս թաց կտոր դրեց, ասաց, որ շտապօգնություն կկանչի, տղային ուղարկեց մեքենայի ետևից, իսկ ինձ ուղեկցեց տուն: Ես շուտ-շուտ պատուհանից նայում էի, տեսնեի՝ գալի՞ս է շտապօգնությունը, բայց հարվածներից հետո հեռուն չէի տեսնում ու ինձ թվում էր, թե ծնողներիս արդեն տարել են: Ես հանգստացա, սկսեցի ինձ համոզել, որ ամեն ինչ նորմալ կլինի, եթե նրանց տարել են: Բայց նրանք այնտեղ էին: Հետո, առավոտյան ժամը 8-ին, ինչպես հետո ես իմացա, նրանց վերցրել էր շտապօգնությունը, բայց նրանք արդեն մահացած են եղել: Եթե ժամանակին օգնություն ցույց տային, նրանք ողջ կմնային:
…Առերեսման ժամանակ ինձ ցույց տվեցին Ջեյխուն Մամեդովին, որը զանգահարել էր: Ինչպես հետո պարզվեց, նա էր մեր տեղը ցույց տվել: Հատուկ էր զանգել, ստուգել՝ տա՞նն ենք, որպեսզի իմանար ճիշտ հասցեն ու ուղարկեր խումբը: Նա հեռախոսահամարը գիտեր, բայց հասցեն չգիտեր: Մինչ այդ նրան երբեք չէի տեսել, բայց հաճախ եմ խոսել հեռախոսով, երբ խնդրում էր լսափողը փոխանցել հորս: Նրան անունով գիտեի: Նա ժխտում էր, որ առաջինը ես եմ վերցրել լսափողը, ասաց, որ հայրս է խոսել… Ժխտում էր, որ խոսել է փողոցից, ասում էր՝ բնակարանից է զանգել, բայց դա այդպես չէ: Ես լսում էի աղմուկ, մեքենաների ձայնը: Նա կլիներ մոտ քսան տարեկան: Չգիտեմ, խոստովանե՞ց մեղքը, թե չէ: Ես համոզված եմ, որ նա էր մեզ հանձնողը: Հարյուրտոկոսանոց վստահություն է…
ՍԱՄՎԵԼ ՇԱՀՄՈՒՐԱԴՅԱՆ
Գրքի կազմող և
պատասխանատու խմբագիր
Ռուսերենից թարգմանեց
Կարինե ԽՈԴԻԿՅԱՆԸ
Թարգմանվել է մասնակի
կրճատումներով