Էլահե ՍԱԼԻՄԻ

Բանաստեղծուհի, դրամատուրգ և սցենարիստ Էլահե Սալիմին ծնվել1993 թ., Թեհրանում: Նա գրական աշխարհ է մուտք գործել մանկապատանեկան պիեսներով ու բանաստեղծություններով՝ տպագրելով ավելի քան 40 պիես: Նրա բանաստեղծությունները տպագրվել են նաև իրանական բազմաթիվ գրական պարբերականներում: Աշխատել է Իրանի կրթության նախարարությունում և ակտիվ մասնակցել դպրոցական «խոսող» դասագրքերը կազմելու գործընթացներին: Բանաստեղծուհին նաև կարճամետրաժ կինո­սցենարների հեղինակ է:

Ցանկություն
Օրը ողբում է իր կարճ կյանքը`
Ցանկանում է տարի լինել:
Տարին ողբում է իր կարճ կյանքը`
Ցանկանում է դար լինել:
Իսկ ծեր դարը ցանկանում է
Վայրկյան լինել:
Նա հոգնած է…

Միայնակ վիշտը
Սրտիս մեջ բույն դրած
Ես մի վիշտ ունեի:
Նրա մենության համար
Ես սգի նստեցի
Եվ իր տեսակից սրտակից ընտրեցի:
Իսկ հիմա
Նույն գոյերը
Խնջույքի մեջ են,
Իսկ ես՝ սգի:

Տզրուկը
Տառերը տզրուկի պես կեղեքում են հոգիս:
Մտածում եմ, որ…
Ինձնից բառ է կաթում:

Պատը
Պատի վրա շուրթ նկարիր,
Չէ՞ որ ականջ ունի…
Կասի այն, ինչ լսել է:
Ախր, չէ՞ որ նա էլ սիրտ ունի…
Կպայթի:

Անցորդին
Անցորդ…
Այս կողմերով մի՛ անցնիր…
Չլինի հանկարծ, ա՜խ, վիշտս անձրևի քեզ վրա:

Հուսահատություն
Ինչպիսի՜ հմուտ նկարիչ…
Նազվարդն էությանս պատին
Հուսահատություն է նկարել,
Եվ ինչքա՜ն կենդանի է այն…
Եվ ինչքա՜ն բուրավետ եմ ես…

Մեղեդի
Մեղեդիով լեցուն մի գիշեր…
Հարված է սազի լարերին՝
Ժամանակի նման, որ հարվածում է
նրա աչքի տակի գծերին,
Եվ երկուսն էլ հարկադրաբար՝
Կիսամեռ աստղերի կիսախավար
հայացքի ներքո:

Ան
Կրկին փթթեցի՝
Անտեղյակ անվախ քամու փչելուն:
Անհաղորդ մահին, անտեղյակ
չորանալուց ու ընկնելուց,
Անտեղյակ հղի օրերի
ծննդաբերությունից…
Իսկ այսօր…
Իսկ այսօր ես տեղեկացա բոլոր
«ան»-երի մասին…

Մառախուղ
Դեռ քեզ չեմ տեսնում…
Երկի՞նքն է մառախլապատ, թե՞ դու:

Գեղաքանդակ
Արվեստագետ ամպը անձրևի գրոցով քանդակում է ծովի վրա…
Պատկերները երկար չեն ապրում՝
Նրանց անմահության
հույսը ջուր է դառնում:
Թարմ օդ
Գալիս ես…
Գիտեմ՝
Կորած ու աներևույթ…
Հպանցիկ տունս ես գալիս,
ինչպես հողի տակից սերմի ծիլը…
Ախր, ես թարմ օդ եմ…

Վարսահարդար
Ալիքների ձեռքերն աննման վարսահարդարներ են՝
Մշտապես ջանում են ավազի
վարսերը հարդարել և
գեղեցկացնում են նրան:

Կրքոտ
Կրկին իմ կրքոտ երևակայությունը
ձգտում է շոշափել քո
քաղցրաձայն երգը,
Կրկին քո ներկայությունը շոշափելու
ձգտումով, այն ներսիցս
ծիկրակում է,
Իր տեղում չի տեղավորվում…
Եվ կրկին այդ կիրքը գլխարկի նման
ընկնում է գլխիցս:

Խնջույք
Անձրևի կաթիլները հովանոցիս վրա
պար են գալիս, թռչկոտում…
Երկինքը ծափահարում է,
Ամպերը նվագում են,
Տերևները պարում են, հրճվում…
Սա է աշնանային խրախճանքը:

Ջրաշուշան
Ջրաշուշանը դեռ փռված է
ճահճի մարմնի վրա…
Վե՛ր կաց, ճահճի մարմինը հոգնած է,
Վե՛ր կաց…

Կաթիլ
Ես ոչնչով չեմ սնվել,
Հավատա…
Մի կաթիլ հուշից զատ:
Բայց դեռ կոկորդիս է մնացել…

Ձմեռնամուտ
Ձմեռնամուտի ծննդյան գիշեր է,
Փոքրիկ խնջույք եմ սարքել…
Իսկ ծաղիկները չգիտեն,
որ տոնում եմ նրանց մահը:

Լավատեսություն
Ինձ ցորեն ցանեցին, որ սուրբ
արարողությամբ հաց դառնամ:
Ավա՜ղ, ինչպիսի լավատեսություն,
Ինչպիսի զուր, դատարկ մտքեր…
Դեռ խակ էի, որ հնձեցին՝
Կանա՜չ-կանա՜չ:

Ոգևորվածություն
Երկինքը, պաշտպանված
արեգակով,
Հենվել է ծառի ճյուղերին,
Իսկ քամին ամպե հովհարով
զովացնում է նրան:

Թարգմանությունը`
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆԻ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։