ԱԼԵՔՍԱՆԴՐ ՊՈՒՇԿԻՆ

* * *
Ես ձեզ սիրել եմ. սերը դեռ, գուցե,
Չի մարել իմ հոգում իր շնչով,–
Բայց թող որ երբեք նա ձեզ չխոցե,–
Չեմ ուզում ձեզ ցավ տալ ոչնչով։

Ես ձեզ սիրել եմ անբարբառ, անհույս,
Մե՛րթ վեհերոտ, մե՛րթ՝ խանդով անմեկին,–
Ես ձեզ սիրել եմ այնպես անկեղծ և
այնպես սրտահույզ,
Ինչպես, տա Աստված,
սիրելին լինես մի ուրիշ մեկի։

Կ.-ԻՆ
Ես հրաշածին վայրկյանն եմ հիշում.
Աչքերիս առջև հայտնվեցիր դու,
Հանց օդապատկեր հպանցիկ մուժում,
Հանց գեղեցկության հանճար լուսատու։

Տվայտանքներում թախծության անբույժ,
Տագնապում ժխոր–հարայհրոցի,
Հասնում էր ունկիս ձայնիկդ քնքուշ
Ու երազվում քո դե՛մքը նրբածիր։

Թռան տարիներ։ Խռով պոռթկումի
հողմը սաստկաուժ
Երազներն անցյալ արեց ցանուցիր։
Ու ես մոռացա ձայնիկդ քնքուշ,
Երկնաշողերով դեմքդ նրբածիր։

Ծմակում, մառում տարագրանքի
Ձգվում էին լուռ իմ օրերը
Ո՛չ աստվածությամբ, ո՛չ ներշնչանքով,
Ո՛չ կյանքով, անհո՛ւյզ, չկար և սե՜րը։

Հոգիս համակեց զարթնումի ուժը,
Եվ ահա նորից հայտնվել ես դու,
Հանց օդապատկեր հպանցիկ մուժում,
Հանց գեղեցկության հանճար լուսատու։

Եվ բաբախյո՛ւնն է սրտիս սքանչանք,
Եվ հանուն նորա հառնել են նորեն
Ե՛վ աստվածություն, և՛ ոգեշնչանք,
Ե՛վ կյանք, և՛ արցունք, և կա՛ այն սերը։

Թարգմանությունը՝
Շանթ ՄԿՐՏՉՅԱՆԻ

 

* * *
Ձեզ սիրեցի, և սերը դեռ, թերևս,
Ամբողջությամբ իմ հոգու մեջ չի մարել,
Բայց թող տագնապ չհարուցի այլևս,
Չեմ ուզում Ձեզ որևէ ցավ պատճառել։

Ձեզ սիրեցի անհուսորեն, լռակյաց,
Մե՛րթ վախվորած և
մե՛րթ խանդով մութ, վայրի,
Ես սիրեցի այնքան նրբին, սրտաբաց,
Տա Աստված, մեկն էլ այդպես Ձեզ սիրի։
Կ.-ին
Հիշում եմ պահն այն հրաշք դիպվածի,
Երբ իմ դեմ ելար հայտնության հանգույն։
Հանց թռչող տեսիլք մի առեղծվածի,
Հանց գեղեցկության հանճար մաքրագույն։

Տապակվում էի տխրությամբ անհույս
Եվ տագնապներում ունայն աղմուկի,
Հնչում էր իմ մեջ ձայնդ միշտ մեղուշ,
Իմ երազում հար շողքն էր քո դեմքի։

Տարիներ անցան։ Թափն ըմբոստության
Ցրեց հնօրյա անուրջ ու երազ,
Ու ես մոռացա հունչդ մեղմաձայն
Ու քո երկնային պատկերը անհաս։

Խուլ հեռաստանում, խավարում բանտի
Դանդաղ ձգվեցին օրեր ու ժամեր,
Առանց աղոթքի, առանց հավատի,
Անկյանք, անարցունք, անմուսա, անսեր։

Իմ հոգում կրկին զարթոնք է անծիր,
Եվ ահա նորից հայտնությունդ նույն,
Հանց թռչող տեսիլք մի առեղծվածի,
Հանց գեղեցկության հանճար մաքրագույն։

Եվ սիրտս նորից վայելքով զարկեց,
Եվ հանուն նրա հառնեցին վսեմ
Ե՛վ աստվածություն, և՛ մուսա անեղծ,
Ե՛վ կյանք, և՛ արցունք, և՛ աղոթք, և՛ սեր։

Թարգմանությունը՝
Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆԻ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։