«Յովհաննէս Թումանեան ցեղին հոգիէն կու գայ, իր երէց եղբայրներէն, կու գայ Նարեկացիէն, Քուչակէն, Աբովյանէն»: Հ. Օշական
Ֆրանսիացի նշանավոր քննադատ Շառլ-Օգյուստ Սենտ-Բյովը գրում է, որ փառքի զենիթին գտնվող գրողի մասին շատերը մտածում են, թե ինքնըստինքյան այդպես էլ պետք է լիներ, մինչդեռ փառքն ու ճանաչումը գալիս են դժվարությունների հաղթահարման ճանապարհով[1]: Թումանյանի մասին Հ. Օշականի խոսքը յուրօրինակ է առաջին հերթին հենց այն առումով, որ նախնական անվերապահորեն բարձր գնահատականից հետո հետագայում շարունակվել է որոշակի վերապահումներով: Գուցե շատերին ավելորդ թվա մեծ բանաստեղծի հոբելյանական այս տարում նրա հասցեին ասված ոչ նպաստավոր մտքերին անդրադառնալը, բայց պատմության դասերն ավելորդ չեն անցնում, և դրանք այսօր էլ կարող են հաստատել, որ իսկական դասականը հանճարի ուժով, անգամ հետմահու, դիմակայում է բոլոր դժվարություններին և դառնում սերունդների հոգևոր ուղեկիցը:
Հակոբ Օշականը Թումանյանի ստեղծագործությանը անդրադարձել է բանաստեղծի և՛ կենդանության ժամանակ, և՛մահվան առիթով, և՛ մահից հետո: Ժամանակային տարբերությունը որոշ սրբագրումներ, երբեմն նաև հակասություններ է մըտցրել Օշականի առաջին գնահատականների մեջ, բայց նրա կողմից բանաստեղծի մեծության ընկալումը կասկած չի հարուցում: Օշականն ունի անկախ մտածելակերպ, նա իր քննությունը կատարում է արևելահայ ու արևմտահայ, ինչպես նաև եվրոպական գրականությունների համեմատությամբ, որը թույլ է տալիս ցանկացած գրողի ստեղծագործությունը քննել բարձր չափանիշներով: Սա Օշականի քննադատական ձեռագրի բնորոշ հատկանիշն է, որի մասին նա գրում է. «Գրական քննադատութեան փորձերուս մէջ ինծի բացարձակ մտահոգութիւն է եղած մեր գրականութեան գործերը մօտեցնել ընդհանուր գրականութեանց մեծ սրբարանին: Տժգոյն ու տխուր է այն արուեստը, զոր կը վախնան ցուցադրելու ուրիշներուն»[2]: Նույնքան կարևոր է նաև գրողին իր իսկ միջավայրում ճանաչելու խնդրի առաջադրումը, ուստի հասկանալի է քննադատի կողմից որոշակի ինքնաապահովագրումը արևելահայ իրականությունը բավարար չափով չճանաչելու առումով: «Մեզի, արեւմտեան հայերուս համար, բաւական դժուար է արդարութեամբ մոտենալ Արեւելահայ գրականութեան, նոյնիսկ անոնց հատկանշական դէմքերուն, քանի որ անոնց ստեղծագործությունը մենէ դուրս, մեզի գրեթէ օտար ու անծանօթ պայմաններու կը հպատակի»[3],- գրում է նա: Սակայն, որքան էլ զարմանալի թվա, Թումանյանի աշխարհի անծանոթությունը չի խանգարել Օշականին, որ նա Թումանյանին պաշտպանի վերջինիս արևելահայ քննադատներից: Գրախոսելով «Գարուն» ալմանախի քննադատական հատորը (1912թ), Օշականը անդրադառնում է Դ. Անանունի «Անցյալի մեծարանքը» վերնագրով հոդվածին, որը նվիրված էր Թումանյանին: Նա իրավացիորեն քննադատում է Անանունին՝ Թումանյանի անունը միայն գյուղի հետ կապելու, «դյուցազներգութիւնը եւ ընկերաբանութիւնը իրար ձուլելու» և այլ սխալ դատողությունների համար: Զուգահեռաբար բացահայտում է Թումանյանի մեծության բուն հատկանիշները՝ նրա ստեղծագործության ազգային և համամարդկային բնույթը, պահի թելադրանքից առավել՝ հավերժի ձգտումը. «Ան կ՛եղծանէ հասարակ տրամաբանութեան բոլոր օրէնքները, անդրդուելի ամրութիւնով մը գլուխ չի ծռեր վայրկեաններու անխուսափելի կնիքին, կը լայննայ իր ցոլքը ձգելու համար ցեղին ամբողջ պատմութեան վրայ ու սա գիտութեան, անգիտութեան ու ժխտումի դարուն՝ կը գտնէ սխրալի շեշտը նախնական դարերուն յատկանիշը մնացած հրաշալիին»[4]: Նա բարձր է գնահատում հատկապես բանաստեղծի պոեմները՝ դյուցազներգությունը՝ «Ասիկա կը խոստովանիմ յայտնի հպարտութիւնով մը», և թույլ է համարում քնարերգությունը: Այս համոզումը Օշականին ուղեկցում է Թումանյանի մասին գրած բոլոր հոդվածներում:
Ցավալի է սակայն, որ հետագա հոդվածներում Օշականը զգալիորեն նահանջում է այս իրավացի գնահատականներից և հակասում ինքն իրեն: Նա գրեթե բոլոր հոդվածներում Թումանյանի ստեղծագործությունը քննում է ըստ սեռաժանրային տարբերակման՝ քնարերգություն և պոեմներ: Թումանյանի քնարական երգերում Հ. Oշականն ընդգծում է բնության կարևոր տեղը, թեթևակի կանգ առնում մի քանի գործերի («Մութը եկաւ, գետինն առաւ…», «Եթէ մի օր») վրա՝ միաժամանակ գտնելով՝ «Թումանեանի քնարերգական կարողութիւնը իր երգերուն մէջ սահմանափակ է»[5]: Դրա պատճառը Օշականը համարում է այն, որ Թումանյանը չի գրում անմիջական տպավորության տակ, նրա միտքը «կաղապարում է» զգացածը, որը և թուլացնում է տպավորությունը, այլ կերպ ասած՝ Թումանյանը զգալու տեղ փորձել է մտածել: Թերևս այդ պատճառով էլ Թումանյանի պոեզիայում նա նկատում է զգացմունքի պակասություն և գույնի տարտամություն: Օշականի դիտարկմամբ, թեև բանաստեղծը հաճախ է դիմում բնությանը, բայց բնության նրա զգացումը «ոչինչով մասնաւոր սակայն», չի արտահայտում լեռների ու սարերի «անհատականութիւնը», նրանց գույնն ու գեղեցկությունը:
Ի տարբերություն քնարերգության՝ առաջին իսկ անդրադարձի մեջ Օշականը բարձր է գնահատում Թումանյանի պոեմները՝ դյուցազնավեպերը: Այստեղ էլ արևելահայ ու արևմտահայ գրականությունները համեմատելով՝ քնարերգության մեջ առաջնությունը տալիս է արևմտահայերին,իսկ պոեմների առումով՝ արևելահայերին: Պատճառը համարում է ֆրանսիական «հոգնած ժողովրդի» գրականության ստրկական նմանակումը արևմտահայերի կողմից և ավելի երիտասարդ՝ գերմանական ու ռուսական գրականությունների ազդեցությունը արևելահայ գրականության վրա: Լեզվի առումով ևս, ըստ քննադատի, եթե արևելահայերենը քնարերգության համար «գեղջուկ ու հասարակ է», ապա ավելի հարազատ է պոեմների համար: Վերլուծությունն սկսելով «Սասունցի Դավիթ» պոեմից և նշելով մի շարք թերություններ՝ Սասունի նկարագրության բացակայություն («…հազիվ քանի մը տող կը շնորհէ Սասունին եւ այդ երկիրը գոյութիւն չունի իրեն համար»), «տէքորի» պակաս, աղքատ լեզու, որը չունի « պերճանք ու գոյն» , միաժամանակ դրական է գնահատում կերպարները. «Ու Պ. Թումանեանի տիպարները հայ են: Նոյնիսկ ամենանուաստ պառաւը… իր անիծելու, թելադրելու եղանակովը կը մնայ հայ»[6]: Օշականի ընդհանրացնող գնահատականը վերապահումով է, պոեմը կարելի է հաջողված համարել, « եթէ ուզէինք մնալ մեր գրականութեան սահմաններուն մէջ» (ն.տ.,): Առանց խոր վերլուծության բարձր է գնահատում «Անուշ» պոեմը. «…գեղեցիկ քերթուած մըն է, ճիշդ ու ճիշդ վերցուած մեր ծողովուրդէն, ունենալով անոր երազանքի թեւաբախումները եւ գետնեմօտ ոգորումները: Դիւցազներգութեան համար անկազմ լեզուն հոդ իր կալուածին մէջն է և զմայլելի դիւրութեամբ մը սարէ սար ու ծառէ ծառ կ՛ոստոստէ»[7]: Եթե այլ երկերի կերպարների մեջ թերություններ է տեսնում, ապա «Անուշի» կերպարները նրան համոզիչ են թվում. «Կը զգաս,որ ատ մարդերը տեսնուած ու գծագրուած են տեղին վրայ: Բանաստեղծը անոնք թուղթին փոխադրած ատենը չէ տառապած, ինչպէս ատիկա զգալի է «Սասունցի Դավիթ»ին մէջ: Իր արմկահարած մարդերն են ատոնք»[8]: Հատկանշական է նաև, որ Թումանյանին վերագրվող թերությունների զգալի մասը քննադատը պայմանավորում է արևելահայ գրականության ընդհանուր մակարդակով և այդ մակարդակից ունեցած շեղումների մեջ է տեսնում Թումանյանի առավելությունները. «Ինչ որ ալ ըլլայ Պ. Թումանեանի արուեստին արժանիքը, այդ դէմքերը փրկուած են այն տափակութենէն, տժգունութենէն, որով կը տառապին Արեւելահայ գրականութեան բոլոր ստեղծումները առհասարակ» (նույն տեղում): Այսպես երբեմն արևելահայ-արևմտահայ համեմատությունը վերածվում է հակադրության: Միաժամանակ, մեջընդմեջ արված դրական դիտարկումները հիմք են ստեղծում ամփոփիչ եզրակացությունների համար: Թումանյանի որոշ երկեր արժանանում են Օշականի անվերապահ դրական վերաբերմունքին: Նա շատ բարձր է գնահատում «Փարվանա» բալլադը, որից քաղելով «Ասում են այն թիթեռները…» հատվածը՝ նույնիսկ ավելորդ է համարում որևէ վերլուծություն: Նույնպիսի գնահատականի է արժանանում «Լուսավորչի կանթեղը»: Այս դեպքում ևս Օշականը բավականանւմ է քաղվածքով՝ առանց վերլուծության. «Այս երկուքը պիտի բաւեն, որպեսզի Յովհաննէս Թումանեան բարձրանայ մեր ամենամեծ բանաստեղծներուն աստիճանին եւ ուրախ եմ յայտարարելու, որ այս արժեւորումը կու գայ իրեն՝ մեր անվերապահ համակրանքէն»[9]: Այս վերջին արտահայտությունը հուշում է Թումանյանի և Օշականի անձնական ծանոթության մասին: Հոդվածը տպվելու օրերին (1921 նոյեմբեր) ՀՕԿ-ի գործերով Թումանյանը գտնվում էր Պոլսում: Թումանյանի մահից հետո գրած հոդվածում Օշականը հաստատում է ծանոթության փաստը. «Չեմ գիտեր ինչու նոյն ճմլումով կը հիշեմ հիմա զգացում մը, որ անցեալ տարի արթնցաւ իմ մէջ, երբ Պոլիս բանաստեղծին հետ քառեակներուն վրայ կը խօսէինք»[10] ( ընդգծումը մերն է-Ժ.Ք):
Հատկանշական է, որ Օշականն իր քննադատության մեջ ավելի հանգամանորեն կանգ է առնում նկատած թերությունների վրա: Այսուհանդերձ, Օշականը առաքինությունն ունի ընդհանրության մեջ մեծությունը գնահատելու. «Ան անհամեմատ բարձր է իր ժամանակէն ու անոր մէջէն կու գան մեզի խօսելու կարգ մը ձայներ, անոնցմէ, որոնք վարէն, շատ խորերէն կու գան երբեմն: //Իր ամբողջ գործին նկարագիրն է ազնուական բարութիւն մը, մաքուր՝ մեր ցեղին հոգիին նման»[11]:
Տպավորություն կա, թե հոդվածը գրվել է բանաստեղծի անձնական հմայքի ազդեցության տակ՝»Ահա բանաստեղծը՝ իր հէքիաթին պէս ծերացած ու ճերմակ»(ն.տ.):
Բայց մահվան առիթով գրած հոդվածում, թերևս մահվան միստիկ ազդեցության տակ, վերը հիշած դիտողություններին տրամագծորեն հակառակ կարծիք է արտահայտում. «Գերազանցապէս նկարչագեղ աշխարհէ մը կուգան իրեն՝ զուսպ, շրջագիծին մէջ ամփոփ, գոյնին մէջ արու իր պատկերները: …Պարզ, կոկիկ, արու, tonalite’ին մէջ սեղմ այդ արուեստը» արդյունքն է իր հրաշք երկրի[12]: Նա նկատում է նաև Թումանյանի քնարերգության մի առանձնահատկություն ևս՝ զգացմունքների զսպումը, որը երբեք չի հասնում սենտիմենտալիզմի՝ «անիկա ծածկած է իր սրտի խորանը»: Ավելի զուսպ ու նուրբ է այս նկատումը, քան նախորդ հոդվածի մեջ, թեև քնարերգության ընդհանուր գնահատականը մնում է նույնը՝ «Անշուշտ, փոքր է ուժը իր քնարերգութեան»: Բայց ամփոփիչ խոսքը դարձյալ արտահայտվում է բարձր նոտայով. «Իր մահովը կ՛անհետանայ հայ գրականութեան ամէնէն ազնուական համեստ ու արժանաւոր մշակներէն մէկը»[13]:
Թումանյանի մահից հետո Օշականը կրկին կարիք է զգում վերադառնալու Թումանյանի ստեղծագործությանը: Օշականն ուզում է զատվել ոչ օբյեկտիվ քննադատներից՝ ըստ երևույթին իր խոսքն ավելի արժևորելու համար: «Ու անկիւնէ մը թող ներուի ինծի քանի մը խօսք, անկախ ու անվերապահ, փառաբանութեան ու քայքայումի երգերուն քովէն, իրական յարգանքի հարկ մը մեռնողին հանդէպ, որ իր կերպովը մեծ արուեստագետ մը եղաւ եւ զոր անիրական փառքին կանչեցին դիւրահաւան ու քիչ մըն ալ սովորամոլ բերաններ»[14],- այսպես է ընթերցողին նախապատրաստում Օշականը: Ակներև է, որ Օշականը ցանկանում է վերանայել Թումանյանին տրված գնահատականները՝ չափազանցություն համարելով դրանք: Եվս մի զգուշացում այն մասին, որ հայության «երկու հատուածներուն մէջ արուեստի ըմբռնումը կը տարբերի մէկ քանի սեռերու ու մասնաւորաբար բանաստեղծութեան համար»[15]: Եվ քննությունից առաջ ու քննության ընթացքում մեկընդմեջ զգուշացնում է, որ «խնայած պիտի ըլլանք մէկէ աւելի պատրանքներ»՝ «անկախ գովեստներուն ծանրութենէն»: Ահա,բանաստեղծի մահից հետո գրած «Յովհաննես Թումանեան եւ իր գործը» հոդվածում Օշականն իր քննությունը կատարում «Քնարերգակը», «Դիւցազներգակը», «Տաղաչափը», «Հէքիաթագիրը» «Humeur» հստակ բաժանումներով և նշված բնագավառներից շատերի համար նա ունի վերապահումներ ու դիտողություններ: Ըստ այդմ քնարերգության գնահատականն ավելի է խստանում, նա նկատում է, որ բարեբախտություն է, որ «քնարերգական հատուածները» քիչ են, որոնք չունեն «Ոչ մէկ մասնաւոր գեղեցկութիւն», որ բանաստեղծի «պատկերները գծագրութիւններ են», որոնք բանաստեղծը «անկարող կ՛ըլլայ զանոնք լեցնելու միսով», որ, ի վերջո, «Թումանեան երազին բանաստեղծը չէ», քանի որ նրա մեջ պակասում է երևակայությունը և գույնի զգացողությունը: «Ընկերաբանական» տեսակետից գնահատում է «Գութանի երգը» ու «իր ներկայացուցած շրջանին համար» արժեքավոր՝ «Հին օրհնությունը», որի մեջ բանաստեղծը թղթին է հանձնում «անհունապէս հայ ու ճիշդ տարազ մը օրհնութեան»:
Քնարերգության գնահատականների մեջ թերևս կա որոշ ճշմարտություն, մանավադ նման միտք առկա է նաև արևելահայ քննադատության մեջ: Իսկ ընդհանուր առմամբ դրույթը վիճահարույց է, եթե նկատի ունենանք նրա քառյակները, «Բարձրից», «Հոգեհանգիստ», «Սիրիուսի հրաժեշտը» և այլ գործեր :Սակայն Օշականը այլ կարծիքի է. հիշելով քառյակների մասին իր զրույցը բանաստեղծի հետ ՝ գրում է. «Անիկա հաւատքն ունէր անոնց արժէքին», որ նշանակում է, թե ինքը չէր կիսում այդ հավատքը: Եթե մի կողմ դնենք որոշ հակասությունները, որ կան հատկապես պատկերավորման գնահատության առումով, ապա այս գնահատականներն ունեն իրենց պատճառները: Թումանյանը գերազանցապես էպիկ (վիպերգու) բանաստեղծ է, և քնարերգության մասնավոր կամ թվացյալ տկարությունը արդյունք է այդ սեռի և պոեմների ու բալլադների համեմատության: Հավանաբար Թումանյանի քնարերգությունն այլ կերպ կգնահատվեր, եթե նա գրած չլիներ այլ ժանրի ու շատ ավելի ուժեղ գործեր: Չմոռանանք նաև, որ վիպական բանաստեղծության մեջ զգացմումքներն ու հոգեբանությունը արտածվում են սյուժեիցու գործողությունից: Պատահական չէ նաև, որ Թումանյանն իրեն հաճախ դրամատուրգ էր անվանում: Օշականի ինչ-որ տեղ հակասական գնահատականի պատճառը, մեր կարծիքով,նաև քննադատի գրող լինելու հանգամանքն է, սեփական գեղարվեստական մեթոդի, հոգեվերլուծական ծավալուն անդրադարձների նախասիրությունը և զգայությունների արտացոլման ելակետի տարբերությունը:
Դյուցազներգության մեջ հիմնականում կանգ է առնում «Սասունցի. Դավիթ» պոեմի թերությունների վրա: Կարևոր թերություն է համարում միջավայրի նկարագրությունը, քանի, որ «մարդերը զաւակներն են միջավայրին: Ու տիպարներուն ամբողջական ըմբռնումը անկարելի է առանց անոնց կոխոտած գետինին»[16]: Սա շարունակությունն է առաջին այն դիտարկման, որ Սասունի նկարագիրը պակասում է պոեմում և, բնականաբար, ենթադրվում է, որ կերպարները այս պարագայում չպիտի բավարարեին քննադատին («…Առիւծ Մհերը Թումանեանի գրչին տակ վերածուած է չոր, թզուկ մարդու մը», «Ես հեղինակին հաշուոյն կը նետեմ յետամնաց իմաստութիւնը, որով կռուի դաշտէն կ՛արձակէ թշնամի զինուորները, անոնց պետին գլուխովը միայն գոհացնելով յաղթական դիւցազնը» (ն.տ.,էջ 47), Դավիթը «բիրտ ուժին և անխելք բարութեան մարմնացումն է հէքիաթին մէջ» կամ՝ «Բայց Դաւիթը, չեմ գիտեր ո՛ր դարու և ո՛ր ժողովուրդին աւանդութեանցը մէջ կարելի ըլլայ զետեղել իբր ազգային հերոս» (ն.տ.): Այստեղ ավելորդ չենք համարում հիշեցնել «Ս.Դ.» պոեմին Օշականի տված նախկին (1912թ) գնահատականը. «Սասունցի Դաւիթը կը տարբերի Հոմերոսի հերոսներէն իր ազգային ընդհանուր խառնուածքովը միայն: Բանաստեղծը կ՛ապրեցնէ զանի երեւակայութեան այնպիսի կենդանութեան մը մէջ որ մենք պատրանք կ՛ունենանք ազգովին այդ հէքեաթը մեր կարգին ապրելու կամ ապրած ըլլալու»[17]: Նոր գնահատականի դեպքում Օշականը կարծես մոռանում է, որ ժողովուդն է այդպես «ծուռ» կերտել իր հերոսին, իսկ բանահյուսական նյութի մշակման Թումանյանի սկզբունքն էր հավատարմությունը ժողովրդական ոգուն, և դա գիտե նաև Օշականը. «Բավական խղճամիտ է ու շատ ալ պարկեշտ ֆոլքլորը շահագործած ատեն»[18]: Ապա, ըստ Օշականի, պոեմի հերոսները քանի որ խելք չունեն, «Ու իրենց ուրիշ բան չի մնար, եթէ ոչ քալել, վազել, ձի հեծնել կամ ծեծկուիլ» (ն.տ.): Այս ամենին Օշականն ավելացնում է հերոսների հոգեբանության պակասը և այն, որ կերպարներին հատուկ է միայն արտաքին պայմանների ճնշումը, ոչ ներքին պայքարը և այլն: Եզրակացությունը գրեթե նույնն է, ինչ նախորդ հոդվածում (այսինքն ՝ պոեմը գնահատելի է ինքն իր մեջ, առանց համեմատության), բայց ավելի քիչ համոզիչ, որովհետև թերությունների շեշտադրումով չի կարելի որևէ արժեք մատնանշել:
Անկախ այն բանից, որ բանաստեղծն ինքը չէր հավանում իր այդ մշակումը,չի կարելի համաձայնել Օշականի գնահատականի հետ: Ինչո՞ւ: Էպոսներն ստեղծվել են մարդկային պատմության նախնական դարերում, երբ գնահատվում էր հերոսների ֆիզիկական ուժը և ոչ հոգեկան հարստությունը, էպոսը սիրում է զարգացող սյուժե և գործողություն,և Թումանյանը հարազատ է մնացել էպոսի ոգուն: Օշականը փնտրում էր հոգեկան ապրումներ էպոսի հերոսների մեջ, որ գուցե 20-րդ դարի պահանջն էր, բայց ոչ դյուցազնական կերպարների բնութագրական հատկանիշը:
Թումանյանի ստեղծագործությունների զգալի մասը Օշականը գնահատում է որոշակի վերապահությամբ. «Եթէ «Լոռեցի Սաքոն» վրձնի հում փորձ մըն է միայն ու «Պոետն ու մուսան» սովորական սաթիր մը, «Անոյշը» ողբերգութեան շատ մօտիկէն անցնող ու դէպի թատրոն տանող ճիգին անգիտակից արտայայտութիւնն է ապահովաբար»[19]: Անգիտակից, որովհետև, Օշականի կարծիքով, եթե արևելահայերը ողբերգության գիտակցությունն ունենային, դրամատուրգիա էլ կունենային: Միևնույն ժամանակ Օշականը Թումանյանի ստեղծագործության մեջ բարձր է գնահատում բանաստեղծի «գործողութեան զօրաւոր բնազդը», որը քննադատի կարծիքով լրացնում է գույնի, երևակայության ու հոգեբանության պակասը և թույլ չի տալիս անցնել վտանգավոր սահմանը: Լեգենդների մշակման մեջ Օշականն անվերապահորեն ընդունում է միայն «Փարվանայի» արժեքը. «…ուր զրոյցը կը քալե դասական թեթեւութեամբ եւ անձերը կը պարուրուին անդրաշխարհիկ մշուշով»[20] : Անվիճելիորեն բարձր է գնահատում նաև հեքիաթները. «Հոս մեր անվերապահ համակրանքը կ՛երթայ իր հէքիաթներուն, չափուած թէ արձակ» (ն.տ.էջ 54):
Այսուհանդերձ, ցավալի են երբեմն անարդար վերագրումները Թումանյանին: Նրա ստեղծագործությանն ու հասարակական գործունեությանը ծանոթ յուրաքանչյուրի համար երիցս անիրավացի է հնչում Օշականի միտքը. «Թումանեան բացառութիւն չի կազմեր այն շատերէն, որոնք մեր տառապանքը տեսան թուղթերուն օգնութեամբը եւ բառեր գրեցին: Աղէտը իր ընդարձակութեամբը պիտի խուսափէր իր սեւեռումէն: Աղքատ իր երեւակայութիւնը անկարող եղաւ մտքով տեսնելու նոր օրերու մեր տարտարոսը» (ն. տ.,էջ55): Որքան էլ հոգեբանորեն հասկանալի լինեն տարտարոսի միջով անցած Օշականի ապրումները, մենք չենք կարող բաժանել նրա այս տեսակետը, որի խորքում կարծես մեղադրանք կա աղետից ֆիզիկապես հեռու մնացածների հասցեին…
Թումանյանի մասին Օշականի ընդհանրացված ամփոփումն, անշուշտ, դրական է. «Բոլոր այս վերապահումները պատճառ չեն, որ Յովհաննէս Թումանեան դադրի ժամանակակից գրականութեան ամէնէն հարազատ բանաստեղծը ըլլալէ» (ն.տ., էջ 56 ):
Հիմք չունենք չհավատալու Օշականի անկեղծությանը, բայց չենք էլ կարող համաձայնել քննադատի շատ դիտարկումների հետ, որոնք ավելի շատ բխում են սեփական նախասիրություններից, քան Թումանյանի ստեղծագործությունների առարկայական վերլուծությունից: Եվ լավ է, որ այս ամենն արդեն անցած պատմություն է: .
:
1.Տե՛ս, Ш-О.Сент-Бев, Литературные портреты.Критические очерки, Москва, 1970, с.48
2.Յակոբ Օշական, Արեւելահայ դէմքէր, Պեյրութ, 1999, էջ 196:
[3] <<Ճակատամարտ>>օրաթերթ, 1921,թ.923 :
[4] .. <<Հայ գրականութիւն>>, Զմիւռնիա, 1912, թ.4,, էջ 21:
[5] <<Ճակատամարտ>>, 1921, թ,923:
[6] <<Ճակատամարտ>>, 1921, թ.925:
[7] .Նույն տեղում, 1921, թ. 926
[8] .նույն տեղում, թ.925:
[9] .նույն տեղում, թ. 927:
[10] 1.<<Հայրենիք>> ամսագիր, Բոստոն,1923, թ. 10, էջ 42:
[11] .<<Ճակատամարտ>>, 1921, թ.927:
12..Նույն տեղում, 1923, թ 3179:
[14] .<<Հայրենիք>> ամսագիր, 1923, թ.10, էջ 40:
[15] . Նույն տեղում:
[16] .Նույն տեղում, էջ 46:
[17] .<<Հայ գրականութիւն>>, Զմիւռնիա, 2012, թ.4, էջ 22:
[18] .<<Հայրենիք>>, էջ 48:
[19] .Նույն տեղում, էջ 50;