Հայկական աշխարհը Տուրնեֆորի «Ճանապարհորդություն դեպի Լիվանտ» գրքում / Զավեն ԱՎԵՏԻՍՅԱՆ

Այս ուշագրավ ուսումնասիրության հեղինակը Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի աշխատակից Գոհար Կարագյոզյանն է: Նրան հաջողվել է համակողմանիորեն ներկայացնել Փարիզի գիտությունների ակադեմիայի անդամ, հայտնի բուսաբան-ճանապարհորդ Ժոզեֆ Տուրնեֆորի «Ճանապարհորդություն դեպի Լիվանտ» գիրքը: Վերջինս բաղկացած է 22 նամակներից՝ մի էպիստոլյար աշխատություն, որը հասցեագրված է Ֆրանսիայի պետական քարտուղար կանցլեր Լուի Ֆիլիպ դե Պոնշարտրենին: Այս ճանապարհորդությունը տեղի է ունեցել1700-1702 թվականներին: Տուրնեֆորին ուղեկցել են գերմանացի բուսաբան Անդրեաս ֆոն Գունդելսխայմերը և ֆրանսիացի բուսաբան-նկարիչ Կլոդ Օբրիեն: Մինչ այդ նրանք եղել էին Հունաստանում, Փոքր Ասիայում, Վրաստանում:
Ըստ գրքում բերված քարտեզի՝ հիշյալ ճանապարհորդները Սև ծովով մտնում են Տրապիզոն, Բաբերդ, Էրզրում (Կարին), ապա՝ Ղարս, Գյումրի, Թիֆլիս, Երևան: Ճանապարհորդությունն ավարտվում է Արարատի ստորոտում ծվարած Ակորի հայկական գյուղում: Իբրև հավատացյալ քրիստոնյա՝ նրանք առիթը բաց չեն թողնում մտնել հայկական եկեղեցիները՝ Կարմիր վանք, Գրիգոր Լուսավորիչ, Բջնիի, Եղվարդի, Էջմիածնի երեք վանքերը, այդ թվում նաև Ակորիի և Խոր Վիրապի եկեղեցիները:
Այդ տարիներին Հայաստանը բաժանված էր երկու գերտերությունների միջև, Արևմտյանը Հայաստանը` թուրքերի, արևելյանը՝ Պարսկաստանի:
Ֆրանսիացի ճանապարհորդներին հայտնի էր, որ շատ դարեր առաջ Հայաստանով են անցել հայտնի տիրակալներ Քսերքսեսը, Ալեքսանդր Մակեդոնացին, Միհրդատ Պոնտացին և ուրիշներ:
Խոստովանեմ, որ Տուրնեֆորի «Ճանապարհորդություն դեպի Լիվանտ» գործի գրապատմական փաստերը չափազանց շատ են, և մի գրախոսությամբ հնարավոր չէ այդ ամենին անդրադառնալ, ուստի հարմար եմ գտել տիպաբանական կամ համադրական մեթոդով և շատ սեղմ ձևով ներկայացնել այս տարածքում ապրող հայերի, թուրքերի, հույների, վրացիների, քրդերի ազգային բնավորությունն ու հոգեբանությունը, որոնց մասին իր բնորոշիչ կարծիքն է հայտնել Տուրնեֆորը:
Սկսենք հայերից: Հայերը աշխարհի լավագույն մարդկանցից են՝ բարեհամբույր, առողջ և սթափ մտածողությամբ: Նրանք կարող էին ավելի երջանիկ լինել, եթե զինվեին իրենց անկախության համար, որպեսզի ազատվեին տառապանքներից ու դժբախտություններից: Աշխարհում քիչ են այն ազգերը, որոնք դրսևորում են իրենց ընդգծված ազգային բարձր հատկությունները, առողջ մտածողությունը՝ հատկապես առևտրական գործերում: Նրանք ընդունակ են անցնել հյուսիսից հարավ, լինել Անգլիայում, Հոլանդիայում, Հնդկաստանում և այլուր: Լինում են նաև Չինաստանում, Մոնղոլիայում և ամենուրեք վայելում են հիշյալ ժողովուրդների հարգանքն ու սերը: Նրանք չափազանց ուշադիր են իրենց ընտանիքի անդամների նկատմամբ: Հարգում են նաև Եվրոպայից եկած ճանապարհորդներին: Հյուրասիրում են նրանց, ամեն հարցում ընդառաջում: Մտքով սթափ ժողովուրդ են, երբեք չեն հեռանում իրենց հավատքից՝ սերը Հիսուս Քրիստոսի, Սուրբ Երրորդության նկատմամբ:
Այսքանով, անշուշտ, չեն ավարտվում Տուրնեֆորի գնահատականները հայերի մասին: Ուրիշ ազգերին անդրադառնալիս զուգահեռներ է ներկայացնում այդ ուրիշների և հայերի միջև:
Թուրքերը
Հենց սկզբից հարմար եմ գտնում մեջբերել Ստամբուլում տարածված այսպիսի մի բնորոշ ընդհանրացման մասին, որ չափազանց դիպուկ է: Եթե ուզում եք մի բան կառուցել, դիմեք հայերին, իսկ եթե ուզում եք մի բան քանդել, դիմեք թուրքերին: Ըստ Տուրնեֆորի՝ թուրքերը ծայրահեղ մեծամիտ են, ապրում են ուրիշների հաշվին: Այն ուրիշների, ովքեր գտնվում են Թուրքիայի տարածքում, որ թուրքերինը չէ: Չէին մշակում հայերից բռնազավթած բերքառատ հողերը: Նրանց մեջ քիչ են գրագետները, այդ պատճառով էլ վտանգավոր են, ագրեսիվ: Ղարսը, որ հայկական քաղաք է եղել, թուրքերի օրոք դարձել է ամենավտանգավոր քաղաքը աշխարհում: Թուրքերին դեռ կանդրադառնանք ուրիշ ազգերի բնութագրումների մեջ:
Հույները
Ֆրանսիացի ճանապարհորդը հույների մասին խոսելիս հիշում է նրանց փառավոր անցյալը և նշում՝ ես գլուխ եմ խոնարհում նրանց անցյալի քաղաքակրթական նվաճումների առջև: Ցավոք, նրանք այսօր այդպիսին չեն: Դարձել են խեղճ ու կրակ մարդիկ: Նրանք հիմնականում թիթեղագործներ են: Թուրքերը նրանց ստիպում են ապրել քաղաքների ծայրամասերում, սպառվել է նրանց դիմադրողականությունը: Չափազանց աղքատ են: Թուրքերը նրանց իրավունք չէին տալիս ունենալ իրենց եկեղեցին: Հույներն այնքան աղքատ էին, որ անգամ մոմ գնելու և Աստծուն աղոթելու հնարավորություն չունեին: Գալով հայերի և հույների հարաբերություններին՝ Տուրնեֆորն ընդգծում է մի կարևոր իրողություն, որ այդ երկու ազգերը իրենց մեջ փոխադարձաբար դժգոհություն ունեին՝ կապված Խալխինգոյան տաճարի պատմական պատկանելիության հետ, որ երկար ու անհաղթահարելի խնդիր էր: Այստեղ պատճառը փոխհամաձայնության չգալու հարուցիչն էր:
Վրացիները
Ֆրանսիացի գրաֆ Պոնշարտրեն իր գրառումներից մեկում նշել է՝ վրացիները խորապես ատում են հայերին և նրանց նայում են այնպես, ինչպես Եվրոպայում հրեաներին: Իր ժամանակին Րաֆֆին գրել է այդ մասին՝ ընդգծելով վրացիների անհանդուրժողականությունը: Ըստ Տուրնեֆորի՝ վրացիները սովորություն ունեին անընդհատ փոխել իրենց տերերին, որպեսզի կարողանան պահպանել իրենց ստատուս քվոն: Ինչ վերաբերում է վրաց թագավոր Հերակլին, նա իր արքայական դիրքը պահպանելու համար ստիպված է եղել թլպատվել և հրաժարվել քրիստոնեական հավատից: Դա է եղել հարուցիչը, որ պարսից շահը անկախություն է տվել վրացիներին՝ ազատել ամեն տեսակի հարկերից: Ըստ Տուրնեֆորի՝ վրացիները քմահաճ են, պարծենում և պաշտպանում են իրենց նախկին դահիճներին: Նրանք պարծենկոտ են, ահավոր հարբեցողներ: Գինեխմությունը նրանց մեջ առիթ է դառնում տուրուդմփոցի: Հայերն այդ առումով զուսպ են: Եթե խմում էլ են, վրացիների նման գլուխ չեն գովում:
Այդուհանդերձ, ըստ ճանապարհորդի, վրացիները քաջ են: Եվրոպացիների առաջ գլուխ չեն խոնարհում: Ըստ Տուրնեֆորի՝ Թիֆլիսում ապրում էր 20000 բնակիչ, որից 14000-ը հայեր էին, մնացածները՝ վրացիներ, հույներ, հրեաներ և մահմեդականներ: Տուրնեֆորը հիանում է Թիֆլիսով՝ համարելով այն «գեղեցիկ քաղաք», առանց նշելու, թե ով է եղել այդ գեղեցկության ստեղծողը: Թիֆլիսում բազմաթիվ հայկական եկեղեցիներ կան, համենայնդեպս ավելի շատ, քան վրացիներինը: Իբրև հավելում արժե նշել, որ 19-րդ դարում հայ հարուստները Թիֆլիսում կառուցել են բազմաթիվ շենքեր, հասարակական շինություններ՝ դպրոցներ, կամուրջներ, մշակութային օջախներ, ինչը չարեցին Երևանում: Սա էլ մեր ազգային բուրժուազիայի թերությունն էր:
Քրդերը
Նրանք հիմնականում ապրում էին հայկական Եփրատ գետի ափերին: Գետամերձ տարածքներում քրդերը վերահսկում էին այն ճանապարհները, որտեղով անցնում էին առևտրական քարավանները: Նրանց համար գոյատևելու միջոցը քարավանների վրա հարձակվելն ու կողոպտելն էր: Քրիստոնյա ճանապարհորդների համար այդ ճանապարհները չափազանց վտանգավոր էին: Գալով քրդերի և հայերի հարաբերություններին, ի հեճուկս թուրքերի, բավական լավ էին, եթե չհաշվենք մանր-մունր կենցաղային կոնֆլիկտները:
Մինչ պարսիկներին անդրադառնալը նշեմ, որ ավանդական հայկական տարածքները դարձել էին օտարների աշխարհ: Նոր տերերը այդ տարածքներում ստեղծել են իրենց աշխարհը: «Դա աշխարհ էր աշխարհի մեջ»: Պարսից շահը հայ կաթողիկոսից ամեն տարի պահանջում էր վճարել 2000 էքյու՝ ոչինչ չթողնելով հայ եկեղեցուն, հայ հավատացյալներին: Այդուհանդերձ, հայերի և պարսիկների ընդգծված կոնֆլիկտներ չկային, ինչը շարունակվում է մինչև այսօր:
Իբրև ավարտի խոսք՝ նշենք, որ Գոհար Կարագյոզյանի ուսումնասիրությունը հարուստ է նաև իր գիտական ապարատով: Այն տիպիկ ակադեմիական աշխատանք է, որ արժանի է բարձր գնահատականի: Այս ուսումնասիրության պատասխանատու խմբագիրը բան. գիտ. դոկտոր Վարդան Դևրիկյանն է, պաշտոնական գրախոսը՝ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հենրիկ Էդոյանը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։