ԱՇԽԱՐՀԻ ՀՆԱԳՈՒՅՆ ՊԱՇՏԱՄՈՒՆՔԱՅԻՆ ՏԱՃԱՐԸ ՄԱԼԹԱՅՈՒՄ Է / Աելիտա ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ

Մալթան աշխարհի հետաքրքիր ու տեսարժան վայրերից է` ընկած Միջերկրական ծովի կենտրոնում` յոթանասուն կիլոմետր հեռու Սիցիլիայից: Մալթայի կղզիախմբի ամենամեծ կղզին Մալթան է, երկրորդը` Գոզոն:
Մեր երեք հոգուց բաղկացած խումբը ութ օրվա ընթացքում փորձեց ծանոթանալ այդ երկու կղզիների պատմական ու մշակութային հուշարձաններին: Մալթայում բոլորն անխտիր գիտեն անգլերեն, խոսում են նաև մալթայերենով, որի վաթսուն տոկոսը իտալերեն է, քառասունը` արաբերեն: Մալթայի պատմությունը սկսվում է մ.թ.ա. VII հազարամյակից` ուշ քարե դարից: Մալթան քարաշատ երկիր է, ունի գեղեցիկ ճարտարապետություն: Շենքերը բաց դեղնավուն տեղական քարից են, որը հեշտ մշակվող է: Այդ քարից են նեոլիտի դարաշրջանից պահպանված մեգալիթյան պաշտամունքային եզակի կառույցները և արձանիկները` նվիրված մայր աստծուն և բերրիությանը: Արձանիկների կանայք շատ գեր են: Կա վաղնջական մի արձանիկ, որը պատկերում է գրկախառն տղամարդուն ու կնոջը: Տաճարների պատերը զարդարված են գալարանախշերով ու կետազարդերով, որոշ քարերի վրա բարձրարվեստ պատկերված են եղնիկներ ու խոզեր, իսկ որոշ արձաններ մարդաչափ են, բայց պահպանվել է ներքևի մասը` ծալքավոր զգեստ և գիրուկ ոտքեր:
Աշխարհի հնագույն տաճարը կատակոմբ է. այցելության համար պետք է նախապես պայմանավորվել: Էքսկուրսիոն խումբը 10 մարդուց ավելի չի կարող լինել: Քարից ու եղնիկների եղջյուրներից պատրաստված գործիքներով տաշել ու նախշել են տաճարի սենյակները, որոնք տեղ-տեղ ունեն հիանալի հղկված պատեր, աստիճաններ և պատերին ու առաստաղին` կարմիր զարդանախշեր: Մյուս հնագույն տաճարները, որ տեսանք Մալթայում ու Գոզոյում, արդեն գետնի վրա էին ու դիտելու համար առավել հարմար:
Մալթայի մայրաքաղաքը Վալետան է, այդպես է կոչվել ֆրանսիացի ասպետ Ժան դը Վալետի անունով, որը 20 տարեկանում եկել է Ֆրանսիայից` Պրովանսից, և հետագա ողջ կյանքն ապրել Մալթայում: Նրա արձանը կանգնած է Վալետայի Կաստիլիա հրապարակի հարևանությամբ: Գեղեցիկ է Կաստիլիա հրապարակը` զարդարված պատմական անձերի արձաններով և նշենու ծաղկած ծառերով: Այդ հրապարակից է ճանապարհը տանում սյունաշարազարդ նավահանգիստը, որի պատերի վիմագիր արձանագրությունները պատմում են Մալթային առնչվող կարևոր իրադարձությունների մասին: Օրինակ, մի արձանագրություն` Ռուզվելտի ու Չերչիլի դիմաքանդակներով, պատմում է, որ նախքան Իոսիֆ Ստալինի հետ 1943-ին Թեհրանում հանդիպելը, ԱՄՆ-ի ու Անգլիայի ղեկավարները հանդիպել են Մալթայում: Մեկ ուրիշ արձանագրություն, դարձյալ դիմաքանդակներով, վկայում է Վալետայում Միխայիլ Գորբաչովի և Ջորջ Բուշ ավագի հանդիպումը:
Հունվարի 20-ը պատմական օր էր Վալետայի համար: Այդ օրը երեկոյան, գլխավոր հրապարակում, Վալետայի` Եվրոպայի մշակութային մայրաքաղաք հռչակելու բացման արարողությունն էր: Մենք ներկա եղանք բազմամարդ այդ արարողությանը, որի դիտորդները հիմնականում զբոսաշրջիկներ էին:
Վալետայի մեծագույն զարդն ու պարծանքը սուրբ Հովհաննես Մկրտչին նվիրված մալթյան օրդենի ասպետների եկեղեցին է, որը կառուցվել է ի նշանավորումն 1565 թ. թուրքերի դեմ տարած հաղթանակի: Եկեղեցու ներքին հարդարանքը շատ շքեղ է, որովհետև օրդենի ասպետները, որոնք մեծ մասամբ եվրոպական երկրների հարուստ ֆեոդալների որդիներ էին, միջոցներ չեն խնայել: Եկեղեցու հիմնական խորանում մարմարե քանդակը, նշանավոր իտալացի ճարտարապետ Բերնինիի քանդակների ազդեցությամբ, պատկերում է Հիսուսին և նրան մկրտող Հովհաննեսին. նրանց ոտքերի տակ ընկած է թուրքական դրոշը:
Եկեղեցու երկու կողմերում տարբեր եվրոպական ազգերի մատուռներ են` գերեզմաններով, մարմարե արձաններով, բարոկկո ոճի ճաշակավոր զարդանախշերով, որոնք կոչվում են` մատուռ Իտալիայի, Ֆրանսիայի, Պրովանսի, Անգլո-Բավարիայի, Գերմանիայի և այլն: Օրդենի ասպետները Հովհաննես Մկրտչին համարել են իրենց հովանավորը: Իտալիայից հրավիրվել են նշանավոր նկարիչներ և քանդակագործներ. նրանց թվում է եղել նաև Վերածննդի նշանավոր նկարիչ Կարավաջիոն, որի երկու մեծադիր կտավները դրված են եկեղեցու մեծ աղոթատանը: Այդ նկարներից մեկը պատկերում է Հովհաննես Մկրտչի գլխատման տեսարանը, մյուսը` սուրբ Հերոիմին: Ի դեպ, իր իսկ նկարած սուրբ Հովհաննես Մկրտչի գլխատման նկարի առաջ Կարավաջիոյին դատել են ու հեռացրել օրդենից:
Վալետայի երկրորդ հրաշքը Մդինան է` Մալթայի հիանալի պահպանված միջնադարյան մայրաքաղաքը: Մդինան չի ռմբակոծվել 2-րդ աշխարհամարտի տարիներին և այսօր էլ քեզ տեղափոխում է միջնադարյան բարեշեն ու քարաշեն տներով, պալատներով, եկեղեցիներով կանգուն քաղաքը: Եկեղեցիներից մեկում պատարագ էր, և մենք սիրով մեզ հանձնում ենք հոգևոր զգացմունքներին: Եկեղեցին փոքր է, ներկաները՝ հազիվ 20 հոգի, և հոգևոր հայրը` խաչը ձեռքին, հերթով մոտենում է ամեն մեկին և տալիս իր օրհնությունը:
Հնամյա կառույցների շնորհիվ հոլիվուդյան ֆիլմեր, ինչպես, օրինակ՝ «Տրոյան», «Գլադիատորը», «Դա Վինչիի կոդը», նկարահանվել են Մալթայում:
Մալթայի բազմաթիվ քաղաքներից մեկն է Մոստան, որտեղ գտնվում է Մարիամ Աստվածածին եկեղեցին` հսկա գմբեթով: Պղնձե դարում Մոստան արդեն բնակեցված էր: Մալթայի պատմությունը կապվում է հին աշխարհի երկու նշանավոր անձերի հետ: Առաջինը Ոդիսևսն է, ով մինչև հայրենի Իթակե վերադառնալը 7 տարի ապրել է Գոզո կղզում, երկրորդը Պողոս առաքյալն է, ով նավաբեկության հետևանքով որոշ ժամանակ ապրել է Մալթայում և հասցրել որոշ տեղացիների քրիստոնյա դարձնել: Միջնադարում Մոստան փոքրիկ գյուղ էր, սակայն ամեն 10 բնակչին բաժին էր հասնում մեկ մատուռ: Մոստայի Մարիամ Աստվածածնին նվիրված եկեղեցին կառուցվել է Հռոմի Պանթեոնի նմանությամբ: 1942 թ. ապրիլի 9-ին ֆաշիստները եկեղեցու վրա գցել են 500 կիլոգրամանոց ռումբ, որը ծակել է եկեղեցին և հրաշքով չի պայթել: Այդ ռումբը հիմա ցուցադրվում է եկեղեցում` որպես աստվածային հրաշքի ապացույց:
Վալետան մեր այցելության օրերին զարդարված էր խաչակիր ասպետների զինանշանների պատկերների պաստառներով: Գեղեցիկ էր Մալթայի կենտրոնական մասերից մեկում տեղադրված Անգլիայի թագուհի Ելիզավետա Երկրորդի մարմարյա արձանը. նա 1964-74 թթ. եղել է նաև Մալթայի թագուհին:
Գլխավոր դատարանի շենքի առջև դրված էր Իլհամ Ալիևի փողերի լվացման պատմությունը բացահայտած և այդ պատճառով սպանված լրագրողուհու մեծադիր նկարը` բազմաթիվ ծաղկեպսակներով և դատապարտող պաստառներով: Վալետայի պալատներից մեկում կար պարսկական գորգերի սենյակ, և գորգերը ներկայացված էին որպես ադրբեջանական: Մի՞թե կարելի է փողով գնել պատմական փաստը. չէ՞ որ խաչակիրների օրերում Ադրբեջան չկար: Բացի այդ, Մալթան հակաթուրք պետություն է, նրանք հատուկ տոն ունեն և ամեն տարի նշում են թուրքերի դեմ տարած հաղթանակը: Եվ եթե այսօր Մալթան ու Գոզոն ապշեցնում են իրենց պաշտպանական հզոր պարիսպներով ու դիտակետերով, ապա դրանք կառուցվել են հենց թուրքերից պաշտպանվելու համար: Մալթացիները չեն մոռանում, որ առաջին հարձակման ժամանակ թուրքերը 5000 երեխաների ու կանանց տարել են ստրկության:
Մալթան շփվել է շատ քաղաքակրթությունների հետ: Սկզբում այն նվաճել են փյունիկեցիները, որոնք կղզում զարգացրել են տեքստիլ արտադրությունը: Վալետայի հնագիտական թանգարանում են փյունիկեցիների կտավ գործելու դազգահը և նրանց գրերով սպիտակ մարմարե սյունը: Ես զմայլանքով նայում եմ այդ տառերին և հասկանում, որ բոլոր ազգերի ներկա տառերը, իրոք որ, ծագել են փյունիկյան տառերի օրինակով: Ի դեպ, փյունիկեցիներն ունեին մի բանաձևում, ըստ որի, աշխարհի լավագույն մասնագիտությունը վաճառական լինելն է:
Գոզո մեկնում ենք լաստանավով՝ միջնաբերդը տեսնելու: Այն հիշեցնում է Մդինան` իր եկեղեցիներով, շենքերով ու թանգարաններով: Գոզոն առավել գյուղատնտեսական կղզի է, ունի մշակովի հողեր և արտադրում է լոլիկ, կարտոֆիլ, արևադարձային բույսեր ու պտուղներ: Գոզոյի միջնաբերդի գլխավոր եկեղեցու առջև տեղադրված են Հռոմի երկու պապերի արձանները: Պիոս Երկրորդ պապի մասին ասվում է, որ նա նյութական միջոցներ չի խնայել Մալթան զարգացնելու համար:
Վալետան խիստ պլանավորված քաղաքաշինության օրինակ է եղել Եվրոպայի համար: Մալթայի խորհրդանիշը մալթական խաչն է, որի չորս ճյուղերը երկճյուղ են` խորհրդանշելով Եվրոպայի 8 հիմնական խաչակիր երկրները: Մալթայի խորհրդանիշն են նաև կլոր, մսոտ տերևներով կակտուսի մեծ թփերը, որոնց հանդիպում ես ամենուր:
Վալետայում կարող ես նստել փյունիկեցիների ժամանակը հիշեցնող նավակ և 40 րոպե շրջել Միջերկրական ծովով: Իհարկե, թիակներից բացի, նավակներն ունեն նաև շարժիչներ: Նավավարները չեն առաջարկում անվտանգության բաճկոններ, և նավակ նստելը էքստրիմ է: Աղջիկս, որ էքստրիմի սիրահար է, առաջարկում է նավակ նստել, ես համաձայնում եմ, իսկ Ռուզանը սարսափահար մերժում է, չնայած հրաշալի լողորդ է: Տարեց ու փոքրամարմին նավավարը հավաստիացնում է, թե ծովը հանդարտ է, վտանգ չկա, ու Ռուզանն էլ է նստում նավակ, բայց` հատակին, որովհետև կողքին նստելու դեպքում թվում է, թե ընկնում ես ծովը: Վերջապես նա նստում է կողքամասում, նավակը սահում է ջրերի վրա, ու մալթացի նավավարը հպարտությամբ խոսում է պատմական վայրերի մասին, ցույց տալիս ծովի մեջ եղած մի քարե աշտարակ, որի վրա քանդակված են քիթ, երկու աչք և երկու ականջ: Ասում է՝ դա մեր թշնամիների համար է, թող իմանան՝ մենք ամեն ինչ լսում ենք, տեսնում, զգում:
Գլխավոր նավահանգստում օրը երկու անգամ կրակում են գնդացիրներից, այս հանդիսությունը ևս հաստատում է մալթացիների մարտունակությունը. նրանք սիրում են իրենց փոքրիկ երկիրը և հպարտ են նրանով:
Պատմությունն ասում է, թե մալթացիները եկել են Սիցիլիայից և այսօր էլ շատ կապված են իտալական այդ կղզու հետ, որտեղից գնում են իրենց անհրաժեշտ իրերը, անգամ կահույք, որովհետև Սիցիլիայում ամեն ինչ կես գին է:
Մալթայի մասին տպավորությունը տեղին եմ համարում ավարտել Հայաստանի երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի խոսքերով, որը կարդացի հենց Մալթայում. «Մալթան կլիման չէ, եղանակը չէ, այն տրամադրություն է`մշտապես բարձր, ջերմ, փաղաքուշ: Մալթան մարդիկ են, ժպիտները, օդում տիրող տոնական ոգին: Ավելացրեք այդ բոլորին պատմական ու մշակութային հուշարձանները, որ հանդիպում են ամեն քայլափոխի, և ձեր օրը լիքն է դրական տպավորություններով» («Maltese Herald», N1, 2018, p.33):

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։