«Անվերջ շարժման ու գործողության մեջ» կամ Մտավորականի դիմանկարը «բաց» տեքստում / Վազգեն ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

201401801

«Ես նրանցից մեկն եմ, ովքեր կասկածում են իրենց արածին, ավելի դժգոհում, քան հպարտանում, և այդ կասկածանքն ու դժգոհությունը ինձ պահում են անվերջ շարժման ու գործողության մեջ, որոնելու առավել գեղեցիկն ու ճշմարիտը, որոնք չկան, որոնք սահմանագիծ չունեն»: Ինք­նաբացատրման այս խոսքերը, որ հրապարակվել են 2005-ին, հավասարապես վերաբերում են և՛ 1963-ին լույս տեսած առաջին գրքի («Ետ մի՛ նայիր»), և՛ 2014-ին տպագրված ժողովածուի («Ազատության ստրկությունը») հեղինակին: Կես դարից ավելի մի ժամանակահատված, գրական կյանքի արգասավոր մի երկար ճանապարհ է ետևում՝ Նորայր Ադալյանի գրական ճանապարհը՝ պատմվածքներ, վեպեր, դրամատիկական երկեր, գրականագիտական-քննադատական-հրապարակախոսական հոդվածներ, էսսեներ պարունակող գրքերի հանգրվաններով և այս ճանապարհին ետ նայելու (հակառակ առաջին գրքի խորագրի) հարկ կա՝ կրկին համոզվելու համար, որ Ադալյանը իսկապես որոնում է «գեղեցիկն ու ճշմարիտը», որ նա «մեր արձակի առաջատար դեմքերից մեկն է, իր գրականության մեջ միշտ ազնիվ ու սկզբունքային, նորը փնտրող ու հաճախ գտնող» (Պ. Զեյթունցյան) գրող:
Այսօր ես ուզում եմ առանձնացնելով ընդգծել «իր գրականության մեջ» արտահայտությունը, որ նշանակում է ոչ միայն գեղարվեստական արձակ և դրամատուրգիա: «Իր գրականությունը» այն ամենն է, ինչ մտածում է նա ու թղթին հանձնում բառերով: Ինչպես ինքն է ասում՝ որպես «ապրելակարգ» «յուրաքանչյուր օր մի քանի ժամ թղթին բառեր եմ տալիս և թուղթը խոսում է մարդու և աշխարհի գործերից»: «Մարդու և աշխարհի գործերից» խոսող և «առավել գեղեցիկն ու ճշմարիտը» որոնող գրող-մտավորականի գրականությունը երևի թե կարելի է բաժանել երկու մասի, ավելի ճիշտ՝ երկու թևի, որոնք խորքում նույնական են, պայմանավորված են մեկը մյուսով, նույն ասելիքն ունեն, տարբեր է միայն դրսևորման կերպը: Առաջինը, որով նա գրական կյանք մտավ ու առ այսօր շարունակում է, գեղարվեստական արձակն է ու թատերգությունը, գեղարվեստական, այսպես կոչված՝ «փակ» տեքստը, որը ընթերցո՛ղը պիտի բացի, նրա մեջ խորանա, լցվի նրանով, ճանաչի այն կյանքը և մարդկային ներաշխարհը, որ պատկերված է այնտեղ, հեղինակի հետ, նրա հուշումով, որոնի «առավել գեղեցիկը», իսկ երկրորդ թևը խոհական-քննադատական, վերլուծական-հրապարակախոսական արձակն է, այսպես կոչված՝ «բաց» տեքստը, որի մեջ հեղինակը բաց է ընթերցողի առջև, ինքն է՝ հստակ մտածումներով, գրողը չէ, մտածող-մտավորականն է, որ տեսնում և ասում է ճշմարտությունը՝ առանց ենթատեքստի: Այս երկու թևերը, ինչպես ասացի, փոխադարձորեն լրացնում են իրար, միայն թե առաջինի մեջ պատկերվում է մեր կյանքը՝ բազմաբնույթ կերպարներով, երկրորդի մեջ վկայակոչվում է այդ կյանքը և կերտվում է իր՝ հեղինակի, ավելի ճշգրիտ՝ Նորայր Ադալյանի կերպարը: Առաջինի մեջ էլ, անշուշտ, կարելի է տեսնել հեղինակին, նրա վերաբերմունքը պատկերված կյանքի ու հերոսների նկատմամբ, բայց հեղինակը կարող է ասել՝ դա ես չեմ, դա հեղինակ-պատմողի կերպարն է, իսկ երկրորդի մեջ բացառապես ինքն է՝ Նորայր Ադալյան անվանյալ մտավորականը:
Ահա այդպիսի մի «բաց» տեքստ է իմ գրասեղանին՝ Նորայր Ադալյանի «Ազատության ստրկությունը» խորագրով գիրքը, ուր հավաքված են հեղինակի հատկապես 2000 թ. հետո (միայն մի քանի հոդված՝ դրանից առաջ) մամուլում լույս տեսած հոդվածները, էսսեները, վերլուծական էջերը՝ առանձնացված չորս բաժինների մեջ. «Եղիշե Չարենց՝ շղթայված Պրոմեթեոսը», «Գրական դիմանկարի փորձեր», «Կերպարվեստ և թատրոն», «Հրապարակագրություն և քննադատություն»: Ըստ կառուցվածքի, անշուշտ, սա մի ժողովածու է, շուրջ չորս տասնյակ հոդվածների հավաքածու, բայց իրապես սա ամբողջական մի գիրք է իրական կյանքի մասին, մե՛ր կյանքի (և ոչ միայն), գրականության ու արվեստի, գրողների ու արվեստագետների ճակատագրերի, և, անշուշտ, այդ ամենի մասին խորհող, պատմող մի մարդու, ում անունը Նորայր Ադալյան է: Սա գիրք է, և կարևոր չէ, թե որն է նրա ժանրը: Թող որ՝ հրապարակագրություն, փորձագրություն, քննադատություն: Կարևորը այն է, որ այստեղ կա վերջին 2-3 տասնամյակների մեր հոգսաշատ կյանքի տագնապեցնող բազում խնդիրների անդրադարձը և դրանք հնչեցնող մեկը, որ այս դեպքում ինքն է դառնում գրքի կերպավորված «հերոսը»: Տարիների ընթացքում այս գրքի բոլոր հոդվածները, որ հրապարակվել են մամուլում, ես կարդացել եմ: Բարեբախտություն եմ ունեցել ընկերը լինելու հեղինակի՝ ուսանողական տարիներից առ այսօր: Գիտեմ նրա կենսագրությունը, մտածումները, դիտել եմ նրա պիեսների բեմադրություններն ու ընթերցել գեղարվեստական արձակը:
Բայց ահա մեկ ուրիշը, ասենք, ընթերցում է հեղինակի միայն այս գիրքը: Ես հավատացած եմ, որ ավարտելով ընթերցումը՝ նա իր մտածումների մեջ ամբողջացնելու է հեղինակի կերպարը, ոչ միայն լցվելու է այն բազմաթիվ հարցադրումներով, որ բարձրացնում է հեղինակը, այլև ճանաչելու է նրան, ոչ միայն, թե ինչ է ասում նա, այլև ինչ վերաբերմունքով, հոգեկան ինչ խռովքներ ունի, ինչ ցավ և ինչ սեր, գրականության, արվեստի ինչպիսի իմացություններ, ճաշակ, մտահոգություններ: Նա կերպավորվում է անգամ «հոդվածներում, որոնք», իր խոստովանությամբ, «ուրիշներին վերաբերելով նաև արտահայտում են» իրեն: Հենց այս «բաց» տեքստում ամբողջանում է նրա կերպարը, կենսագրությունը, մանկությունն ու պատանեկությունը Դավայաթաղի համապատկերի վրա, հոգսաշատ ընտանիքում արվեստագետ զավակների հասունացումը: «Իմ եղբայր Ռուբեն Ադալյանը» ծավալուն հրաշալի էսսեում, որ ենթավերնագրել է «Անշրջանակ դիմանկարի փորձ», եղբոր՝ նշանավոր ժողովրդական նկարիչ Ռուբեն Ադալյանի իսկապես «անշրջանակ դիմանկարի» շրջանակում կա և իր դիմանկարը, որ հարստանում է նոր գծերով ու գույներով մնացյալ՝ թե՛ գրական-արվեստագիտական, թե՛ հասարակական-քաղաքական ու ազգային խնդիրներ արծարծող հոդվածներում: Այս գրքում հեղինակի դիմանկարը ամբողջանում է իր երկու կողմերով՝ գրականագետ-քննադատ-արվեստագետ Ադալյանը և քաղաքացի Ադալյանը: Դա հստակ նկատելի է նաև գրքի կառուցվածքում: Զարմանալիորեն, չգիտեմ՝ պատահաբար թե հաշվարկով, հեղինակը գրքի էջերը հավասարապես կիսել է գրականության ու արվեստի մասին իր խոհերի և հրապարակագրության՝ քաղաքացու իր անհանգստությունը դրսևորող մտորումների միջև, ավելին՝ այդ երկու մասերում զետեղել ճիշտ հավասար քանակով 19-ական հոդվածներ, ասես թե կամենալով հիշեցնել, որ այդ երկու ասպարեզին էլ իր նվիրումը հավասարաչափ է: Եվ այդ նվիրումը՝ գրող-դրամատուրգի նրա հիմնական ու տևական նվիրումի կարևոր մասը, մշտապես, գրական գործունեության առաջին տարիներից մինչև այսօր (նույնաբնույթ իր գիրքը Վահագն Դավթյանը խորագրել է «Զուգահեռ ճանապարհ»): Հիշենք, որ Ադալյանի՝ մամուլում և առանձին գրքերով հրապարակվող գեղարվեստական արձակին զուգահեռ, 1960-ական տարիներից սկսած, լույս են տեսել նրա գրաքննադատական-գրականագիտական հոդվածներն ու գրքերը («Սովետահայ պատմվածքը», 1967, «Քննադատության ժամանակը», 1977. «Վահան Թոթովենց», 1994), հրապարակագրական հոդվածներն ու ժողովածուները («Ճամփաներ ու ճամփորդներ», 1988, «Սփյուռքի բարեկամիս», 1995, «Մենախոսություն ժամանակի հետ»): Չմոռանանք, որ նա իր աշխատանքային գրականագիտական գործունեության շուրջ քսան տարին անցկացրել է ԳԱԱ գրականության ինստիտուտում, դարձել գիտության թեկնածու և դոկտոր, հրապարակագրական գործունեությունը, շուրջ վեց տարի՝ «Գրական թերթում» որպես գլխավոր խմբագիր: Այնպես որ, վերջին մեկուկես տասնամյակում մամուլում պարբերաբար լույս տեսած նրա հոդվածների այս ժողովածուն ստեղծագործական ճանապարհի ընթացքի բնական հանրագումարի նոր վկայությունն է: Հոդվածների հավաքածու, որ կողք կողքի բերված՝ ավելի հստակ են դարձնում իր նույնաբնույթ առաջին գրքի («Ճամփաներ ու ճամփորդներ») խորագրի խորհրդի հաստատումը: Այս գրքում մեր երկրի և ժողովրդի վերջին տասնամյակների և՛ անցած ճանապարհը կա, և՛ ճամփորդը, որ մենք ենք, ու գրքի հեղինակը՝ Նորայր Ադալյան մտավորականը՝ մեր մտահոգություններով, տագնապներով ու սակավ ընդվզումներով: Բազմաթիվ հարցեր ու հարցադրումներ են արծարծված այս գրքում, և դրանց անդրադարձը հնարավոր չէ լրագրային մի գրախոսության սահմաններում: Բաց տեքստ է, և բացատրությունների, թերևս, հարկ չկա: Բանավեճի տեղիք կարող են տալ միայն առանձին հոդվածներ, և դա լավ է: Միայն թե հարկավոր է ընթերցել: Դիտարկենք գրքի մի երկու հուշում: Այս գիրքը գրողի ապրած տարիների մի ժամանակահատվածի արձագանքը լինելով՝ ինչ-որ տեղ դառնում է վավերագրություն, բայց այնտեղ կա նաև անդրադարձ պատմությանը, երբեք չմոռացվող իրադարձությունների՝ որպես խորհուրդ` ուղղված այս օրերի մարդկանց: Հետաքրքիր է նկատել, որ գրքում զետեղված հոդվածներից երկուսը, որպես պատմության անդրադարձ, հատկապես կարևորվելով, ունեն միայն թվականով արտահայտված վերնագիր՝ «Վերնագիրը՝ 1937» և «1915», և մի շարք հոդվածներում ու էսսեներում այդ թվականների հետևանքների մասին խոհերը տողանցում են թանձր ընդգծումով: «Վերնագիրը՝ 1937» հոդվածին հետևում են Չարենցի, Մահարու, Թոթովենցի, Լեռ Կամսարի գրական դիմանկարների փորձերը, «1915»-ի կողքին են հրապարակագրական մի շարք հոդվածներ՝ մեր ազգային ճակատագրի, հայոց լեզվի, Սփյուռքի, մեր ներքին ու արտաքին մարտահրավերների մասին խոհերով:
Գրքի «Կերպարվեստ և թատրոն» խորագրով բաժինը մի շատ կարևոր գույն ու լրացում է բերում այս գրքից մեզ ծանոթ կերպարին: Գրող, գրականագետ ու հրապարակագիր մտավորականի հետաքրքրությունների շրջանակում են նաև կերպարվեստի ու թատրոնի գաղտնիքները: Արվեստի (որ իր բնութագրությամբ «գրականության հարազատ եղբայրն է») մի քանի գործերի մասին (կերպարվեստ, թատրոն) փորձագրական ու վերլուծական հոդվածները վկայությունն են հեղինակի ճաշակի և իմացության: Գրքում զետեղված են տարբեր տարիների գրված հոդվածներ, սակայն դրանք, ոչ զարմանալիորեն, հնացած չեն, որովհետև այսօր էլ լուծված չեն խնդիրները, և հեղինակի տագնապները, տրտունջներն ու ընդվզումները շարունակում են մնալ արդիական: Նշանակում է` պատճառաբանված է այս հոդվածների մեկտեղումը և հրատարակությունը այսօր: Միաժամանակ այս գրքի գոյությունը հիշեցնում է, թե այնքան էլ տեղին չեն երբեմն արտահայտված այն դժգոհությունները, թե մեր գրողները «հրապարակում չեն, ընդդիմադիր չեն»: Նորայր Ադալյանը միտինգների մասնակից չէ, հրապարակախոս չէ, նա հրապարակագիր է, որ արձագանքում է բոլորիս հուզող ու զայրացնող երևույթներին, ընդդիմության շարքերում չէ, կուսակցական չէ, բայց ընդդիմադիր է, ընդդիմադիր է էությամբ, իր խոսքն է՝ «այն ազգը, որ չունի թեկուզ մեկ խենթ ու ընդդիմադիր էություն, կարող է հաջողությամբ ամբոխի վերածվել»: Ադալյանը խոսում է գրավոր, ավելի հաճախ մենախոսում է (պատահական չէր նրա «Մենախոսություն ժամանակի հետ» հոդվածների ժողովածուի խորագիրը) և նրա ձայնը լսելի է, խոսքը՝ լրջմիտ ու ճշմարիտ, քանի որ իր մտածումով՝ «գրականագիտությունը, գիտությունը ընդհանրապես պիտի լինի գիտական, այսինքն՝ ճշմարիտ, բացահայտելու կյանքի ոչ միայն մակերեսը, այլև առավել խորքերը, որոնք հաճախ անտեսանելի են սովորական աչքին»:
Ու նաև այս գրքում զետեղված նյութերի գրության տարեթվերը, որ նշված են ծանոթագրությունների մեջ, հուշում են, ինչպես նաև մամուլում հրատարակվող պատմվածքները, վեպերն ու ժողովածուները (վերջինները` 2013-ին ու 2014-ին) և նոր պիեսի բեմադրությունը Երաժշտական կոմեդիայի թատրոնում հուշում են, որ Ադալյանը, լինելով մեղմ, հանգիստ, խաղաղ անձնավորություն, անհանգիստ է իր էության մեջ և անդադար ստեղծագործող է: Այդ ինքն է խոստովանում. «Երբ չեմ գրում, հոգնում եմ, կյանքը թվում է անանցանելի պատ… Հաճախ մտածում եմ՝ ինչ և ոնց անեմ, որ չմտածեմ: Չմտածել չի ստացվում, մեր հասարակական կյանքի անբարո բարոյականությունը կրծոտում է սիրտս»: Ու նա գրում է՝ մշտապես «որոնելով առավել ճշմարիտն ու գեղեցիկը»:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։