Բան. գիտ. դոկտոր, գրականագետ, ՀԳՄ և ժուռնալիստների միությունների անդամ Ռոբերտ Բաղդասարյանն իր աշխատություններով հայտնի է գիտական և ավելի լայն մտավոր հանրության շրջանում։
ՀՀ-ում և ՌԴ-ում տպագրվել են նրա գրքերը, բազմաթիվ հոդվածներ, ակնարկներ հայ և ռուս գրականության, արվեստի, պատմության վերաբերյալ։
Առանձնահատուկ ուշադրության են արժանացել նրա «Ցեղասպանությունը և Ռուսաստանի հայ մտավորականությունը» (2003) և «Կարեն Միքայելյան. ստեղծագործությունը և ավանդը ռուս-հայկական գրական-մշակութային փոխադարձ կապերում» (2010) գիտական ծավալուն մենագրությունները: 2020 թ. Բաղդասարյանը «Հոդվածներ. հայ-ռուսական գրական-մշակութային առնչություններ» հայերեն ժողովածուում ամփոփել է մի քանի տասնամյակում տպագրված հոդվածները՝ ընդգրկելով 19-20-րդ դարերի հայ-ռուսական հարաբերությունների հարուստ և բազմակողմանի գրական համապատկերը։
Ռոբերտ Բաղդասարյանի նոր ժողովածուն՝ «Հոդվածներ. գրականություն և արվեստ» (Երևան. «Լուսաբաց» հրատ., 2024) ընդգրկում է 1994-2023 թթ. հայաստանյան և ռուսաստանյան պարբերական մամուլում հրատարակված ակնարկները, որոնք ուրույն մոտեցմամբ առանձնանում են ռուս-հայկական դարավոր գրական-մշակութային կապերի թեմայում:
Գրքում զետեղված են հոդվածներ և ակնարկներ Սայաթ Նովայի, Խ. Աբովյանի, Վ. Թեքեյանի, Զ. Եսայանի, Վ. Բրյուսովի, Մ. Գորկու, Ն. Բերբերովայի, Ա. Գորկու, Գ. Յակուլովի մասին, նրանց կյանքն ու ստեղծագործությունը Ռ. Բաղդասարյանի մատուցմամբ, նյութերի շարադրանքը, լեզուն և ոճը գրավում են ոչ միայն պարզությամբ ու լակոնիզմով, այլև հայ և ռուս գրական-մշակութային աշխարհի վառ, ակնառու անձնավորությունների մասին հոդվածների գեղարվեստականությամբ:
Ռուսալեզու նոր ժողովածուն հետաքրքրություն կառաջացնի ինչպես մասնագետների՝ բանասերների, արվեստագետների, մշակութաբանների, այնպես էլ ընթերցողների լայն շրջանակում:
Անահիտ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ
Բան. գիտ. թեկնածու