Ելիզավետա Շաթիրյանի հիշատակին

Կյանքից հեռացավ մեր գործընկերն ու ընկերը, ազնվագույն մարդ Ելիզավետա Շաթիրյանը:
Գրեթե քսան տարի նա աշխատեց «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրի խմբագրությունում՝ որակի բարձրագույն սանդղակ սահմանելով իր թարգմանություններով և խմբագրած նյութերով: Լինելով պրոֆեսիոնալ թարգմանչուհի (1972 թվականին ավարտել է Մոսկվայի Գորկու անվան Գրականության ինստիտուտը)՝ Ե. Շաթիրյանը ռուսախոս լսարանին էր ներկայացնում Աղասի Այվազյանի, Վարդգես Պետրոսյանի, Մանուկ Մնացականյանի, Ալվարդ Պետրոսյանի և այլոց գործերը: Ընթերցողական բարձր գնահատականի արժանացավ Միքայել Շաթիրյանի «Արծաթե դար» պատմավեպի թարգմանությունը (Հասմիկ Շաթիրյանի հետ համատեղ):
Աշխատելով «Հայկական հանրագիտարանի» խմբագրությունում, Հայաստանի գրողների միությունում՝ որպես խորհրդատու (հենց այդ ժամանակ կատարվեցին հայ գրողների բանաստեղծությունների տողացի թարգմանություններ, ինչը հնարավորություն ընձեռեց դրանց թարգմանության գործին ներգրավել Ռուսաստանի և միութենական այլ հանրապետությունների տաղանդավոր թարգմանիչներին)՝ Ե. Շաթիրյանը իր իմացությունն ու փորձը անմնացորդ նվիրել է աշխատանքին՝ վաստակելով գործընկերների սերն ու հարգանքը: Կիրթ, բարյացկամ, օգնության հասնելու պատրաստակամ՝ այսպիսին էր Ելիզավետա Շաթիրյանը գործընկերների ու ընկերների հետ հարաբերվելիս:
Վերջին տարիներին նա պայքարում էր ծանր հիվանդության դեմ, պայքարում էր արժանապատիվ ու խիզախորեն: Ավաղ, հիվանդությունը հաղթեց ու խլեց նրան մեր շարքերից: Բայց մեր Լիզայի հիշատակը մնում է մեզ հետ:

«Լիտերատուրնայա Արմենիա»-ի խմբագրություն

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։