Հունվարի 16-ին Գլենդելում վախճանվեց գրականագետ, հրապարակախոս, արվեստաբան Ստեփան Թոփչյանը (գրականագետ Էդվարդ Թոփչյանի որդին, գրող, գրաքննադատ Ալեքսանդր Թոփչյանի եղբայրը, բանասեր, թարգմանիչ Արամ Թոփչյանի և դիրիժոր Էդվարդ Թոփչյանի հայրը):
Ստեփան Թոփչյանը ծնվել է 1937 թ. Երևանում: Ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետը։ 1959 թ. աշխատել է Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի հայկական ընկերությունում, 1960–1966 թթ.՝ ՀԽՍՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, 1967–1976 թթ. եղել է ՀԽՍՀ ԳԱ փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի էսթետիկայի, ապա հայ փիլիսոփայության պատմության բաժնի ավագ գիտաշխատող, իսկ 1976–1979 թթ.՝ Հայկական Սովետական Հանրագիտարանի գլխավոր խմբագրի տեղակալը։ 1979 թվականից աշխատել է «Սովետական գրող» հրատարակչությունում, սկզբում՝ որպես Գեղարվեստական արձակի խմբագրության, հետո՝ որպես Հայ դասական գրականության բաժնի վարիչ։ 1966 թ. պաշտպանել է ատենախոսություն «Շիրվանզադեի էսթետիկական հայացքները» թեմայով և դարձել բանասիրական գիտությունների թեկնածու։ 1967 թվականից եղել է ՀՀ Գրողների միության անդամ։ 1993 թվականից մասամբ բնակվել է ԱՄՆ-ում՝ ակտիվորեն աշխատակցելով ամերիկահայ մամուլին: Վերջին տարիներին պարբերաբար ապրել ու ստեղծագործել է Հայաստանում: Նրա հիմնական աշխատություններից են՝ «Շիրվանզադեի էսթետիկան» (1963), «Րաֆֆու էսթետիկական հայացքները» (1971), «Հայ նոր գրականության պատմության» «Հայկական նեոռոմանտիզմ» և «Դանիել Վարուժան» գլուխները (հատոր 5, 1979), «Անհունի անդրադարձը» (1982) ու «Կերպ և իսկություն» (1985) գրականագիտական ուսումնասիրությունների ժողովածուները, «Հայ քննադատության պատմության» «Հովհաննես Թումանյան» գլուխը (հատոր 2, 1998), «Ապագայի հիշողությունը» (երկու հատոր, 2003) և «Կարիճի տարի» (2016) հրապարակախոսական հոդվածների ժողովածուները, «Կյանք դարերի համար/Ավետիս Ահարոնյանի կյանքը» (2003) և «Հովսեփ Էմին» (2017) մենագրությունները: Ստեփան Թոփչյանի վերջին՝ «Երվանդ Քոչար» մենագրությունը հրատարակության ընթացքում է: Առայժմ անտիպ են մնում Լեսսինգի «Լաոկոոնի»՝ գերմաներենից հայերեն թարգմանությունը՝ ծավալուն ուսումնասիրությամբ, և Ուիլյամ Հոգարթի «Գեղեցկության վերլուծություն» տրակտատի մասին ուսումնասիրությունը: Ստեփան Թոփչյանը հեղինակ է հարյուրավոր հոդվածների, որոնք տպագրվել են հայ ու արտասահմանյան մամուլում, և բազմաթիվ գրքերի առաջաբանների:
Սիրելի՛ Ալեքսանդր,
Ուշացումով իմացայ եղբօրդ՝ Ստեփանի մահը:
Նա ամբողջ սերնդի ե՛ւ կենսագիրն էր, ե՛ւ գրական շարժման ուղղորդողներից մէկը, որ որոշակի փոփոխութիւններ բերեց մեր գրական ըմբռնումներում՝ «կերպ եւ իսկութիւն» հաղորդելով առանձին հեղինակների ընկալումների ճանապարհին: Մինչ ուրիշները վախվորած էին սովետական անափ ռէալիզմի ճնշումների տակ, նա հաստատեց մեր գրականութեան մէջ նատուրալիզմի գոյութեան գրական իրաւունքը (յիշենք Նար-Դոսին, Գր. Զօհրապին, Երուխանին տրուած գնահատութիւնները)՝ առանց երկնչելու, ծառանալով «վաստակաւոր» գիտնականների այդօրինակ հնացած ժառանգութեան դէմ: Նա գրականութեան խորունկ ճանաչողութիւն ունէր. Ալեքսանդր Շիրվանզադէի, Ինտրայի, Շահան Շահնուրի, Յակոբ Օշականի եւ այլոց գրական-գեղագիտական հայեացքների մեկնիչն էր:
Երբեք չեմ մոռանայ նրա նորարար մօտեցումը նէօռոմանտիզմի եւ սիմվոլիզմի պաշտպանութեան խնդիրներում, երբ 80-ական թթ. սկզբին պաշտպանում էի «հեթանոսական» գրական շարժման մասին թեկնածուական աշխատանքս: Ընդդիմախօսն էր եւ ճանապարհ հարթեց կնճռոտ բանավէճերի ընթացքին: Նա հաւատում էր մարդուն ու մարդու մէջ՝ գիտնականին: Ըստ էութեան՝ ինձ համար գիտական եղբայր էր:
Սիրելի՛ Ալեքսանդր,
Ես հիմա քո կողքին եմ, եղբայրաբար սգում եմ եղբօրդ մահը ու մխիթարւում նրա անցած ճանապարհի մեծութեամբ:
Քո Սուրէն Դանիէլեան
Հատված
«ԿԱՐԻՃԻ ՏԱՐԻ»
հրապարակախոսական հոդվածների
ժողովածուից
(Երևան, 2016)
…Լոս Անջելես ոտք դնելուց մոտ երեք ամիս հետո, 1994-ի մարտին, «Րըկնըթոսիոսի հարցումը» (Հակոբ Պարոնյանը միշտ մեզ հետ է) հոդվածս տարա «Ասպարեզ»: Երիտասարդ խմբագիրն իր տարիքին անհամապատասխան սառը լրջությամբ ընդունեց և կարճ ժամանակում տպագրեց այն: «Ասպարեզը» 86 տարեկան էր, ես՝ 56, իսկ Ժան Գոսակյանը, թվում էր, ամենաշատը «Ասպարեզի» մեկ երրորդ տարիքն ուներ: Այսպես սկսվեց իմ շարունակական գործակցությունն «Ասպարեզի» ու բարեկամությունը (հակառակ իմ առաջին տպավորության) կատակասեր և հումորով խմբագրի հետ, մինչև 2002-ի սկիզբը:
Մեկ տարի անց Երևանում լույս տեսավ հրապարակախոսական հոդվածներիս ժողովածուն՝ «Ապագայի հիշողությունը», երկու գրքով: Ծավալի հիմնական մասն «Ասպարեզում» տպագրված հոդվածներն են: Եթե խմբագիրը չլիներ Ժան Գոսակյանը, հազիվ թե հաջողվեր աշխատել շաբաթեշաբաթ՝ արձագանքելով ազգային հասարակական-քաղաքական կյանքի կարևոր իրադարձություններին, և ստեղծել երկհատոր գիրքը: Այդ տարիներին հրապարակախոսությունից բացի «Ասպարեզում» հանդես եկա նաև այլ, հիմնականում գրականագիտական հոդվածներով: Երբեք որևէ նյութ չտպագրվեց ուշացումով, բացառությամբ մեկի, որն այնուամենայնիվ լույս տեսավ հինգ ամիս անց: Բավական լարված աշխատանքային վիճակում էի, գրելուն զուգահեռ անընդհատ հրապարակային ու հեռուստատեսային ելույթներ էի ունենում: Միշտ որևէ հոդված մշակել եմ մինչև վերջին պահը: Երևանում խմբագրություններն իրենք էին առաջարկում մի անգամ էլ կարդալ շարվածքը թերթի կամ ամսագրի տպագրությունից անմիջապես առաջ: Հին սովորույթով ամեն անգամ, հերթական հոդվածն «Ասպարեզին» հանձնելուց մեկ կամ երկու օր հետո, հայտնվում էի խմբագրի տեղակալ Պարգև Շիրինյանի մոտ՝ նորից ճշտումներ անելու.
– Էլի՞ եկար, գնա՛, ոչինչ չպիտի փոխվի,- կեսկատակ, կեսլուրջ և, իբր զայրացած, ասում էր արտակարգ բարի, համեստ ու լուսավոր այդ Մարդը:
– Ընդամենը երեք-չորս փոքրիկ ուղղում…
– Գնա՛, գնա՛, չեմ տալու,- ասում էր և մեկնում,- տե՛ս, վերջին անգամ, էլ չգա՛ս:
Եվ այսպես շարունակ: Աշակերտել էր Լեոն Շանթին ու Նիկոլ Աղբալյանին, բարեկամացել նրանց հետ: Հուշերի հետաքրքիր գիրք հրատարակեց, նրանց ու նաև Գասպար Իփեկյանի, Ժորժ Սարգիսյանի, Բարսեղ Կանաչյանի, այդ տարիների հայ մշակութային կյանքի մասին: «Մտերմության մեջ վերապրումներ» վերնագրով այդ հուշագրությունը գրախոսեցի հաճույքով: Մեջբերեմ մի հատված՝ ընդգծելու, թե դասական դպրոց անցած, գրական պարզ մշակ թվացող անհատներն անգամ ինչ անփոխարինելի արժեք են մեր մշակույթի համար. «Կարդալով հուշագրությունը՝ ասես անսպասելիորեն ընկնում ես արևմտահայ վերջին դասականների լեզվաշխարհը: Ահա՛ աղբյուրի նման վճիտ, ցավալիորեն ավելի ու ավելի քիչ հանդիպող արևմտահայերեն՝ արդի տպագիր խոսքում: Բանավորի մասին չխոսենք»:
«Ասպարեզում» տպագրվեցին մի քանի հոդվածաշարերս, որոնց թվում, թերթի տասը համարում, տասը մասով՝ «Ապագայի հիշողությունը»:
– Երկար կգրես,- անկեղծորեն դժգոհեցին մի քանիսը:
– Կարդալիս ձանձրանո՞ւմ եք:
– Բայց կա՛րճ գրե…
Իսկ ուրիշները, որ բողոքում էին, թե երբ պիտի ավարտվի այս կամ այն հոդվածաշարը, կամա-ակամա ստիպեցին որոշ վերջին մասեր տպագրել առանձին վերնագրերով: Բարդ, քմահաճ, իր տեսակի մեջ բացառիկ երևույթ է մեր հայ ընթերցողը-տարբեր երկրներում, տարբեր մտայնություններով, ճաշակներով, սովորույթներով, ընդունել-մերժելու, հավանել-դժգոհելու, որակյալ-անորակը շփոթելու, միջակություններին բարձրացնելու և տաղանդավորներին անտեսելու հոգեբանությամբ: Հաճախ հայտնվում ես տարօրինակ անակնկալների առաջ. «Շատ է գրում», «Երկար է գրում», «Բարդ է գրում», «Օտար բառեր է գործածում» և նման արտահայտությունները լսում ես մեծ մասամբ երկրորդ բերաններից և մխիթարվում գոնե, որ կարդացել են (չկարդային՝ չէին խոսի): Բայց երբեք չես լսի՝ «Վատ է գրում» կամ «Լավ է գրում» (առավելագույնը քթի տակ փնթփնթալով՝ «Վա՜ա՜տ չի…»), մի բան, որ կապ չունի երկար ու կարճի հետ (ամենակարճ գրությունը երկար է, երբ ձանձրալի է, անհամ ու տափակ, և ամենաերկարը կարճ է, երբ չես հագենում կարդալով): Գրում ես՝ դժգոհում են, հանգամանքների բերումով դադարում ես գրել՝ դժգոհում են. «Ինչո՞ւ չի գրում»: Էլ չխոսենք անթիվ ու անհամար այն «իմաստունների» մասին, որոնք, այբն ու բենը կարգին զանազանել չկարողանալով իսկ, իրենց անհասանելի բարձրությունից քեզ դասեր են տալիս մտքի ցանկացած բնագավառի «գիտունությամբ», վերջում էլ հաղթական ամփոփում.
– Մենք մտավորականություն չունենք…
Կամ էլ, արհամարհանքով՝
– Ինչի՞ եք գրում, դրանով ի՞նչ պիտի փոխեք:
– Գրելացավով չենք տառապում, ստիպված ենք, մասնագիտություն է:
Ինչեր ասես չպատահեցին և դեռ կպատահեն անհավասար այդ պայքարում: Ում գլխին ինչ հարված կգա և ինչու՝ դժվար է կռահել: Ազգին անշահախնդիր ծառայող անհատը, խումբը, կազմակերպությունը, կուսակցությունը կարող է հայտարարվել ազգի թշնամի, իսկ բուն ներքին թշնամին ընդունվել մեծ հայրենասերի լուսապսակով. «Արցախը չհանձնենք՝ վատ կապրենք», «Մեղրին ծախեցին՝ փողը գրպանները դրեցին», «Ղարաբաղցիները կերան, կործանեցին Հայաստանը», «Հարևանների հետ բարեկամություն անենք, բանակը կրճատենք», «Պայքար, պայքար, մինչև… Հաագա», «Մարտի 1-ի միջազգային հետաքննություն», «Ծախված մտավորականներ» և այլն:
Բայց անվերջանալի «պայքարից» վերադառնանք մեր խմբագրություն: Մի շրջանում Ժան Գոսակյանի դեմ գաղափարական (թեև գաղափար չունեին, հիմա էլ չունեն) հակառակորդների երգիծական (չակերտ չեմ դնում, թեև արժանի է) արշավանք սկսվեց: Ժանը, նստած իր սենյակում, կարդում ու քահ-քահ ծիծաղում է:
– Ժա՛ն, բայց անարդար բաներ են գրում…
– Սպասի՛ր, քո մասին էլ են գրել, ահա՛…
Նորից կարդում է, միասին ենք ծիծաղում: Բայց ինձ երգիծողին ես նախապես ինչպես հարկն է քննադատել եմ, հատկապես Արցախը հանձնելու իր քարոզների համար: Ուրեմն մարդը երգիծելու պատճառ ունի: Իսկ Ժանը մյուսներին ի՞նչ է արել, թվում է՝ անգամ հակառակորդները համակրում են նրան: Բայց քանի որ խմբագիր է, հավանորեն, բոլորիս արած-չարածների համար նրանից են ոխ հանում:
Ժան Գոսակյանին փոխարինում է Վաչե Բրուտյանը: Եթե Ժանին կարելի էր այցելել ցանկացած պահի, Վաչեն լարվում է. եթե նույնիսկ կես րոպեում կարելի է մեկին պատասխանել ու ճամփու դնել, ծախսում է մի քանի րոպե՝ բացատրելու, թե առանց նախապես պայմանավորվելու ինչու չի կարելի այցելել: Պատճառ կա: Խմբագրության պատասխանատու աշխատողի իր մշտական սովորության համաձայն (ի հակադրություն «Մեսրոպյանի» մասին ձևականորեն ճառողների՝ հին ուղղագրությանը տիրապետող քչերից մեկն է), ծայրեծայր կարդում, տեսքի է բերում բոլոր նյութերը, ուստի իրապես ծիծաղելու, նույնիսկ ժպտալու ժամանակ չունի: Գործը հասավ այնտեղ, որ որոշ հեղինակներ, նրանց թվում նաև ես, կա՛մ հոդված էինք տալիս առիթից առիթ, կա՛մ դադարեցինք աշխատակցել «Ասպարեզին»: Համենայնդեպս, երկու տարուց ավելի խմբագրության դուռը չեմ բացել, իսկ հետագայում վերադառնալով՝ տարին ընդամենը մի քանի հոդված էի հանձնում, որոնք սովորաբար լույս էին տեսնում մեկ-երկու ամիս ուշացումով: Ուշացման այդ բարի ավանդույթն ավելիով շարունակվում է նոր խմբագրի՝ Աբո Պողիկյանի գալուց հետո: Բայց Աբոն միշտ զվարթ տրամադրության մեջ է, սիրով ընդունում է հոդվածները և մոռանում ուղարկել տպարան: Զանգում եմ.
– Բարի օր, երկու ամիս անցավ, երրորդն է սկսվում…
– Եկող շաբաթ, անպայման…- ծիծաղ,- ո՞րը պիտի տպեինք,- խմբագրությունում մի քանիսը կա, մյուսները պատրաստվում են, հաջորդականությունն անհրաժեշտ է պահպանել: Եկող շաբաթն անցնում է, մյուս շաբաթն էլ հետը: Զանգում եմ.
– Աա՜ա՜…- ծիծաղ,- ո՞րը պիտի տպեինք…
– Նախորդ շաբաթ էիր խոստացել…
– Եկող երեքշաբթի… չորեքշաբթի, անպայման…
Ասենք՝ մարտի 1-ի դեպքերի վերլուծությունը լույս է տեսնում հուլիսի վերջին (իհարկե, հոդվածն ինքս էլ հանձնել եմ ուշացումով՝ մայիսին), բայց ոչինչ, կարդում են և շատ չեն դժգոհում, բայց ասում են՝ ժամանակին լույս տեսներ, ավելի լավ կլիներ: Երկուսը տպվել էին, երրորդն ու չորրորդը սպասում էին, հինգերորդն ավարտվում էր, վեցերորդը պատրաստվում էր…
Աբոն այնպիսի բնավորություն ունի, որ ո՛չ կարող ես դժգոհել, ո՛չ դադարեցնել աշխատակցությունը, և ամենակարևորը՝ դրական վերաբերմունքդ չես կարող փոխել: Բուն «փորձանքը» հենց դա է…
«Ասպարեզը» դարձավ հարյուր տարեկան (ակնածանքո՛վ նայեք՝ մեկ դար մշտապես հրատարակվող քանի՞ հայկական թերթ կա): Ամեն խմբագրի սովորույթների, հակումների, հեղինակային ամեն խմբի կարողությունների հետ ուրույն գույն ու շունչ ստանալով՝ այն միշտ պահպանել է հիմնական ուղղությունը և մնացել Ազգն ու Հայրենիքն ամենից վեր դասող գաղափարական պայքարի առաջամարտիկը, որ հրաժեշտ է տվել հավերժական հանգստի մեկնած արժանավոր շատերին: Մենք էլ կյանքի այդ կատակերգության անխուսափելի օրենքով կմեկնենք, ինքը կմնա: Ինչպես Թումանյանն էր ասում՝ կգան նորերը, լավերը և հարյուրամյա երիտասարդին կհասցնեն հաջորդ հարյուրամյակ…
Հատված «ՀՈՎՍԵՓ ԷՄԻՆ»
մենագրությունից (Երևան, 2017)
…Լուսավորության բանական և բնական հիմունքների դիրքերից Հովսեփ Էմինն ընդվզեց հայության՝ պատմականորեն ձևավորված ծանր, անհեռանկար գոյության դեմ: Առկա կացութաձևն ընդհանրապես, առաջընթացն արգելակող հասարակական հարաբերություններն ու դրանցով պայմանավորված խավարամտությունը լուսավոր բանականությամբ վերացնելու նրա հավատամքը խարսխված էր պատճառականության վրա, փիլիսոփայական այն կատեգորիայի, որով չափվում էր գիտական քննադատությունն ու հնացած պատկերացումների, հարաբերությունների և հաստատությունների աշխարհականացման պահանջը:
Հայության առաջ դնելով իրադարձությունների ընկալումը դրանց քննական գնահատման հետ միավորելու խնդիրը, ապա նաև ժամանակակիցների տեսակետները համադրելով հաջորդ սերունդների սպասելի պահանջներին՝ Էմինն աշխատում էր պատմության ընթացքն ուղղել դեպի զարգացման նպատակը՝ ազատությունը, որով մարդուն հնարավորություն է ընձեռվում դրսևորելու իր ազատ կամքը՝ բնության և հասարակության զարգացման օրենքների ճանաչումով: Լուսավորական գաղափարախոսության նշանակետը՝ նախապաշարումների և մոլորությունների հաղթահարումն առողջ դատողությամբ ու վերլուծում-համադրումով ոչ միայն նպաստելու էր անհատի ինտելեկտուալ զարգացմանը, այլև բարոյական կատարելագործմանը, որին Էմինն առաջնահերթ նշանակություն էր տալիս:
«Հովսեփ Էմինի կյանքն ու արկածները» հուշագրության մեջ նա իր գլխով անցած պատմությունը ներկայացնում է որպես սերունդների համար ուրույն, ուսանելի դաս և միաժամանակ փորձում պարզել հասարակության պատմական զարգացման բնույթը, օրինաչափություններն ու շարժիչ ուժերը: Պատմությունն ընթանում է ըստ ժամանակագրական կարգին համապատասխան գաղափարների՞, թե՞ ամեն շրջան առաջ է բերում իր գաղափարներն ու սկզբունքները: Իրենց պետության, երկրի կորուստն ու ժողովրդի ստրկական վիճակն էր հայ լուսավորականներին այրող գլխավոր հարցը, որի պատճառն Էմինը շեշտում է զինվորականին հատուկ կտրուկ դատողությամբ. մենք ստրկության ու տգիտության մեջ ենք, մեր հայրերը չեն կռվել իրենց երկրի համար: Իհա՛րկե, ուրիշ ինչո՞վ կարող էին պատճառաբանվել անվերջանալի կորուստները: Բայց ոչ միայն հայրերը, այլև անմիջական նախորդներն էին հերոսաբար կռվել ու հաղթել, ինչից Էմինը գոնե որոշ չափով տեղյակ էր: Բուն խնդիրը, սակայն, դա չէ: Ի վերջո ինչո՞ւ ոչ թե հաղթանակները, այլ պարտությունները վճռորոշ դեր կատարեցին հայ ժողովրդի պատմական ճակատագրում: Պատմության զարգացման աստիճանական փոխատեղումները՝ ծագում-զարգացումով, ինչո՞ւ հասցրին կործանման: Ինչպես ամեն անհատ, այնպես և ամեն ժողովուրդ համաշխարհային պատմություն մեջ կարծես ձգտում, պայքարում է՝ իրականացնելու իր սկզբունքն ու նպատակը, որը՝ հանուն քաղաքակրթության վերելքի, որը՝ ոչնչացման: Արարման և ավերման այդ պայքարում կատարելով իր քաղաքակրթական առաքելությունը՝ հայությունը դարեդար հյուծվեց ու տկարացավ, հետզհետե կրճատվեցին հայրենիքի սահմանները, և մարդիկ ճարահատ, խումբ-խումբ գաղթեցին օտար երկրներ:
Քաղաքակրթությունն ըստ էության համարելով մարդկային նպատակաուղղված ինտելեկտուալ գործունեության արդյունք (որի հաստատումը Եվրոպայի զարգացած, հզոր երկրներն էին)՝ Էմինը, դրան հակառակ, հայրենիքի պետականազուրկ վիճակն առնչում էր տգիտությանը: Համաշխարհային պատմությունը կերտվում է սրով: Տգիտությունն ու ստրկական վիճակը հետևանք են սուրը խաչով փոխարինելու, այլ ոչ թե, սուրը խաչի վրա դնելով, պայքարելու: Տարբեր երկրների ժողովուրդների պատմությունն ընթացել է ոչ միայն արտաքին թշնամիների դեմ պատերազմներով: Չհաղթահարված ներքին հակասությունները, վերաճելով անզիջում հակամարտությունների և շատ երկրներ գլորելով անկումից անկում, ջնջել են դրանք աշխարհի քարտեզից: Այդ քարտեզի վրա կորսված տեղը վերադարձնելու և առաջադեմ ազգային պետություն կառուցելու բարդ խնդիրն էր ծառացած XVIII դարի հայ լուսավորականների առաջ:
Անցյալ-ներկա-ապագա շղթան հյուսող երևույթների ճանաչողությունը հայերի համար ուներ և ունի գործնական, ռազմավարական նշանակություն: Պատմության պատճառականության բացահայտմամբ հստակեցվում է ներկա գործունեության հետևանքը՝ վաղվա հեռանկարը: Այդ հեռանկարի բարձրությունից դիտելով առկա իրադրությունը՝ հայոց պատմության բացառիկ դեմքերից մեկը՝ և՛ գաղափարախոս, և՛ զորահրամանատար Էմինը, մշակեց ազատագրական իր ծրագիրը, որն իրագործողը հենց ինքն էր լինելու: Դա չհաջողվեց այդ պատմաշրջանի խոտոր ընթացքի պատճառով, բայց ավանդվեց հաջորդ սերունդներին՝ որպես կտակ Մեծ Նպատակի ճանապարհին: