2015 թ. նոյեմբերի 22-ը արդեն 50-րդը կլինի, որ Լեռ Կամսարի շիրիմի մոտ չի հավաքվի այն մարդկանց բազմությունը, որոնց համար նա ապրել է իր կյանքը, գրել է իր հանճարեղ գործերը: Չեն այցելի այն գրողները, որոնց նա անսպառ թեմաներով է ապահովել: Ահա այսպիսին է նրա շիրիմը՝ այստեղ է իր սիրած թեյի վարդը, որ մասուր է հիմա, բայց հավատարիմ ծաղկում է ամեն մայիսին: Փոփոխական է միայն տարեդարձի հերթական համարը, որ կաթ-կաթ, մեկ-մեկ մեծանում է տարեցտարի:
Կարելի է մտածել, որ յուրաքանչյուր ծաղիկ, որ կբերվի նրա շիրիմին, հատուցում է մի դառը արցունքի, որ ամեն վայրկյան կուլ տվեց Կամսարը իր կյանքի ամբողջ ընթացքում և ոչ մեկին ցույց չտվեց: Հիմա, աշխարհին Լեռ Կամսար տված նույն ժողովուրդը իր իսկ Կամսարի ու մյուս Մեծերի առջև մեղա գալու կարիք ունի: 50 տարի ուշացել է, և այժմ արդյոք պիտի սկսի՞ հատուցել իր պարտքը` այցելել, մի րոպե լռել, ծաղիկ դնել ու խնկել: Սա ոչ թե նրան է պետք, այլ մեզ` մեր ներկայում և ապագայում, մեզ ու մեր երեխաներին է պետք: Թե չէ, նա ինչպես մենակ ապրեց, այնպես էլ մենակ ննջում է, խիղճը հանգիստ` մեր խղճի արթնանալուն ուրախ՝ իբրև իր անցած տառապանքի ճամփի միակ արժեքավոր հատուցում:
Կամսարը չէր կարող բերանը փակ սիրել հայրենիքը, այս իրավունքը տրված է մեծերին ի վերուստ, որքան էլ որ այդ իրավունքը խեղեն իշխանությունները: Մեծերին այս իրավունքը տրված է այն պարզ պատճառով, որ նրանք ապրել են այնպես, որ բաց աչքերով, մաքուր ձեռքերով ու անբիծ սրտով են վաստակել նույնիսկ Աստծու դեմ ապստամբելու իրավունքը: Ո՛չ, իրենց համար չէ, այլ մեր: Այսպես էր Ցիցերոնի ժամանակ, այսպես էր Դանտեի, Քոլրիջի, Շալամովի ժամանակ, այսպես էր նաև Կամսարի ժամանակ: Բայց Ցիցերոնի, Դանտեի, Քոլրիջի, Շալամովի և Կամսարի խոսքերն ու գործերը հարատևեցին, հայրենիքը սիրելու իրենց իրավունքը ոտնահարողներն արժանացան անեծքի:
Հայրենիքի հանդեպ սերը հերոսներ է ծնում, իսկ սերը ճշմարտության հանդեպ` իմաստուններ: Հայրենիքը կուրորեն սիրելը, այսինքն` պալարներն ու ստորությունները չնկատելը, հանգեցնում են աշխարհն ու նաև հայրենիքը սև հագցնելուն: Ինքը ոչ միայն նկատեց, ոչ միայն մերժեց կուրությունը, նաև բարձրաձայնեց, այն էլ ինչպե՜ս բարձրաձայնեց` ճշմարիտ, հանճարեղ, ցավով ու սիրով լի: Նա գիտեր, որ միայն ճշմարտության վրա հիմնված կարելի է հայրենիք ունենալ, այլապես` ո՛չ հայրենիքը կների, ո՛չ էլ կլինի այն, ինչ կարելի է հայրենիք անվանել: Նա գիտեր, որ հայրենիք ունենալու համար հայրենակցին է պետք սիրել` նրան ուրախություն պարգևելով՝ Կամսարի բոլոր գործերում ցայտուն նկատելի է մի հատկորոշ էություն, որը չի ներվել ո՛չ իր կյանքի ընթացքում, ո՛չ իրենից առաջ և ո՛չ էլ հետո է ներվելու, ուր մնաց գնահատվելու. դա անհատականությունն է: Չի ներվում ոչ միայն, որ «ինչ-որ» մի գրող հանդգնել է ինքնուրույն, անհատական, այն էլ համակարգաստեղծ կարծիք ունենալ, ավելին` կարծիքն այս այլևս վարդապետություն է, որի անհրաժեշտությունը հաստատ կարող է զգալ հին պատմություն ունեցող, իր իսկ ջանքերի բերումով չգնահատված համաշխարհային արժեքներ ստեղծած, մեծ տառապանք, կյանքը սիրելու և կյանքից կառչելու ունակությամբ օժտված իր ժողովուրդը, և, Աստված մի՛ արասցե, հետևել դրան:
Այսպիսին է Կամսարի հայրենասիրությունը` իսկական, տաղանդի վրա շաղախված, ցավի իմաստն ու ներգործությունը սեփական անձով ճանաչած և դեպի ուրախություն, լույս ու արև ձգտող:
Մի՞թե մենք այնքան ժամանակ չունենք, որ տարին մի քանի անգամ գնանք Մեծի հետ հանդիպման. չէ՞ որ գործերով վազելիս տարին մի քանի անգամ անցնում ենք Թոխմախի մոտով. մի՞թե մենք այնքան ժամանակ ունենք, որ հետաձգենք նրա հետ հաղորդակցվելու պահը: Պետք է մի անգամ փորձել, և գուցե սա սովորություն դառնա, որ ետ կպահի մեզ մի անտեղի խոսք ասելուց, մեծամտանալուց, մի հիմար բան անելուց: Կամսարը նույնիսկ իր այս հանգրվանում մի ամբողջ աշխարհ է բացում դեպի մյուս իսկական Մեծեր, այդ թվում` Կոստան Զարյան և մյուսներ: Այսպես` անպաշտպան, մեծ քարով կաշկանդված, Արամ Լեռը մարդու ու հայի ազատության, անսակարկ հայրենասիրության իսկական աշխարհն է պաշտպանում: Գնացե՛ք և տեսե՛ք:
Ասում էր, որ կենդանության օրոք երկու անգամ է մահացել. առաջին անգամ, երբ կտրվել էր հայրենի Վանից, երկրորդ` երբ զրկվեց ազատությունից խաբվելով, թե հայրենիք է ձեռք բերել: Այս երկու անգամն էլ` թշնամիներից:
Օտարածին հավատքի նկատմամբ անողորմ` ապրեց ու մահացավ իբրև դրա դեռևս չգերազանցված տառապյալը: Այստեղ էլ ճշմարիտ եղավ ինչպես իր սեփական անձի, այնպես էլ «հոտի» նկատմամբ` առանց հերոսանալու մասին երազի (այլապես` այսօր այսքան սիրելի ու փնտրվող չէր լինի), իր կյանքի օրինակով ցույց տվեց պատմության կրկնվողությունը, ամբոխի` ստահակ լինելու անփոփոխությունը, որը ինչպես 2000 տարի առաջ էր լուռ` երբ խաչում էին անմեղին, այնպես էլ իր խաչվելու ժամանակ էր լուռ: Մինչդեռ Լեռ Կամսարը խաչվում էր ամեն օր…
Կամսարը, իր հայրենի շիկացած հողից սնվելով, տեսավ դրա անջրդի տեղանքը, առաջարկեց այն զովացնելու ու բերրիացնելու ուղիները: Սա արեց` տարբերություն չդնելով զենքի ու գրչի միջև, երկուսի առավելագույն ուժը տեսնելով մեկը կամ մյուսը կրողի պողպատե կամքի, խելքի, դեպի ուրախություն, սեր ու ստեղծագործություն ձգտելու անկոտրում նպատակասլացության մեջ:
Մեծ ու փոքր ոչնչությունն էր հավասարապես ատում, ըստ էության ոչնչություն համարելով ամեն բան, բացի ազատությունից. անհատի, ուրեմն նաև հասարակության ազատությունից: Ահա թե ինչպես է Կամսարն իր օրինակով բաց անում մեր աչքերը ազատության վրա.
«Օ՜հ, մեռնել գեթ մի օր ազատություն չտեսած, ահա սարսափելին…»:
«Նրանք, ովքեր ինձ նման ապրում են մեռած, նրանց համար չկան կաշկանդիչ սովորություններ, ծեսեր, նախապաշարմունք, բարոյականություն, ամոթ, պատկառանք և նման բաներ: Որովհետև այդ բոլորը, մահվան հետ համեմատած, այնքան աննշան չարիքներ են, որոնց լինելուն էլ, չլինելուն էլ պետք է նայել անտարբեր: Դրանք փոքրիկ ոչնչություններ են, որոնք իրենց ճանապարհին միանում իրար հետ ու գնում թափվում են մեծ ոչնչության մեջ»:
Թվացյալ կենդանության օրոք չէին հրատարակում, հիմա չեն ներառում դպրոցական դասագրքերում, թվացյալ կենդանության օրոք թույլ չէին տալիս խոսել, հիմա չեն մոտենում գերեզմանին` վախենալով լսել ճշմարտությունն իրենց իսկ մասին, թվացյալ կենդանության օրոք ոչ մի պետական ճանաչման չէին արժանացնում, թվացյալ կենդանության օրոք չէին հրատարակում, հիմա դժկամությամբ, միայն խնդրագրերին ի պատասխան են աջակցում անտիպները ժողովրդին հասանելի դարձնելուն` մինչև հիմա չգիտակցելով իրենց խավարում խեղդված լինելը. չէ՞ որ ուրիշին գնահատելով միայն կարելի է մեծ երևալ, իսկ հանճարին գնահատելը նրանց բաժնեկից լինելու միակ հնարավորությունն է: Գոնե իրենց իսկ շահի համար գնահատեին…
Մի՞թե այդքան նվաստացուցիչ է ներողություն խնդրելը, մի՞թե այդքան դժվար ու անհեռանկար է նրանց կողմից ընկալվում ինքնամաքրվելու ուղին բռնելը: Ինչ խոսք, մեր մեջ շատ ընդունված է «շնորհակալություն» ասելու փոխարեն` «ապրես» արտասանելը, կարծես, շնորհակալությունը նվաստացնում, նսեմացնում է այս բառն արտասանողի ինքնասիրությունը: Ուրեմն ի՜նչ ասել «ներողություն» խնդրելու մասին:
Ամեն օր մեռնելով` նա լիարժեք կյանքով այնուամենայնիվ ապրեց, այնքան լիարժեք, որ մինչև հիմա իրական տպավորություն կա, որ նրան չեն ուզում լսել ու գնահատել, ինչպես կենդանի մարդուն չեն լսում ու չեն գնահատում: Մեկ Մարիամից ու մի քանի հովսեփարիմաթեցիներից բացի` բոլորից լքված գերեզման, և երբեք` ուսուցչուհու ղեկավարությամբ դպրոցականների այցելություններ, երբեք` իրենց գրչի վարպետ համարողների նախաձեռնությամբ մեծարում, երբեք` միտք անգամ, որ կարելի է թարգմանել տարբեր լեզուներով ու ներկայանալ աշխարհին:
Այս առումով էլ Կամսարը միացավ բազմաթիվ այն մեր մեծերին, որ ճգնավորի կյանքով ապրելով, մահանալով ու հանդերձյալ կյանքում շարունակելով ճգնավոր մնալ, մատնված են լռության:
Կամսարը թողել է հսկայական ժառանգություն: Ապշել կարելի է. ինքը բանտարկվեց ու աքսորվեց, տասնութ տարի նրա մահը սպասեցին դահճապետության սպասավոր հայրենակիցները, գրչեղբայրները խաղաղվեցին նրա անվերադարձ գնալու մտքից, նրա վերադարձից սարսափած հրատարակիչները մերժեցին տող անգամ հրատարակել, իրենց ճիշտ անունը իրենց վրա դրած`Գրողների միություն կոչվածների որոշ պատասխանատուները մերժեցին թոշակ տրամադրել: Դե ինչպե՞ս կարելի էր հանդուրժել, որ հասարակության մեջ մի կործանարար մտայնություն ստեղծվեր, որ կարելի է առանց ծախվելու, առանց ծախելու, առանց քծնելու, սեփական տաղանդով ու քրտինքով, սիրով, ճշմարտությամբ ու ազատ մնալով սեփական վաստակն ու կենցաղը ապահովել:
Ե՞րբ նա այսքան գրեց, որ նրա թոռը` Վանուհին, անպատմելի դժվարություններ հաղթահարելով` տպագրեց մի շարք գոհարներ, բայց դեռ նույնիսկ ավելին կա անելու: Մեծն Հայի արժանի զավակ, հայ գրականության, հոգևոր կրթության ու մշակույթի Մեծն նվիրյալ Վանուհի. Աստված քեզ ուժ ու զորություն տա այս մեծ գործը քո ուզած հանգրվանին հասցնելու համար: Ինչպես պապդ էր անաղմուկ գլուխգործոցներ ստեղծում, ինչպես հայ կանայք էին Ավետարանը մարմնի վրա թաքցրած ու զարդեղենը մոռացած, բերում հասցնում Մատենադարան, այնպես էլ Դու ես հիմա Լեռ Կամսարի գործերը երկար ճանապարհով հասցնում հայրենակիցներիդ հոգեդարան ու խղճադարան: Պակաս չէ քո արածը քո Մեծն պապի արածից, քանզի դո՛ւ ես, որ մարդկանց ես հասցնում այդ հարստությունը: Շնորհակալություն քեզ, չարչարանքիդ ապաշխարանք և անսայթաք ճանապարհ քեզ:
Այն ճամպրուկը, որ ընկերակցեց Կամսարին` իրեն մերժած, աքսորած ու մահվան դատապարտած հայրենիքի փոսաշատ ճամփեքին, այժմ անգին գանձերով ու հարստությամբ է հղի: Սրա մեջ նրանք ննջում էին այնքան, մինչև եկավ երկունքը` հասունացավ սիրող, երախտապարտ, գիտելիքն ու խիղճը շռայլորեն բաշխել պատրաստ հայուհու վճռականությունը: Եվ հիմա, Աստվա՜ծ առաջ, այս բանտից էլ ազատ է արձակվելու և իր ժողովրդի սրտերում ու մտքերում տեղ է գտնելու նրա մեջ պարփակված իմաստությունը:
«Ես մեծարանք եմ պահանջում ձեզանից ոչ իմ տպված երկերիս համար, այլ իմ հսկայածավալ անտիպներիս համար, որոնք վախից թաքցրել եմ Սովետական կառավարությունից, և սակայն, մեծ հույս ունեմ, թե մի օր կհրատարակվի՝ երբ կառավարությունը մեռած կլինի»: Եթե 1960 թ. գրված այս բառերը իմանային գրչակիցներն ու գրականության բնագավառի պատասխանատուները, ավելի հանգիստ կլինեին, որ կենդանության օրոք նա ոչինչ չի պահանջել, գիտակցելով, որ մեր մեջ հանգուցյալին ավելի հեշտ են պաշտում, քան ողջին: Բայց որքան ավելի «ստաժով» հանգուցյալ լինի, այնքան ավելի մեծ պատրաստակամությամբ են անդրադառնում, մեծարում, տպում ու հուշ-երեկոներ կազմակերպում:
Մկների կրծած ձեռագրեր, բայց պահպանված, որ հանձնվեն սիրող, գնահատող, Բասարի սահմռկեցուցիչ ցրտից ջերմացնող ձեռքերին: Սիրող սրտից ղեկավարվող այս ձեռքերն են, հայ կնոջ ձեռքերը, որ պիտի կյանք տան հանճարեղ հայ տղամարդու խելքով ու ձեռքերով ստեղծածին: Դեռ քանի անգամ պետք է այսպիսի զգույշ, երկյուղած շարժումներով մաքրվեն թե՛ ճամպրուկը և թե՛ ձեռագրերը:
Մեկ ուրիշ Մեծ` Գուրգեն Մահարին, այսպես է գրել Շ. Շահնուրին 1965 թվականին. «Մահացաւ երգիծաբան Լեռ Կամսարը, իմ մեծ հայրենակիցը եւ ուսուցիչը` դեռ Վանում: Մեծ ցաւ եղաւ ինձ համար իր մահը»[1]: Նույն օրերին նա գրել է նաև Ա. Հայկազին. «Հողին յանձնեցինք մեծն Լեռն Կամսարին, ամենախոնարհ մեծութիւնը մեր գրական աշխարհի: Չի կարելի ասել, թէ մահն «անժամանակ» էր, «վաղաժամ». մարդը 77 տարի ապրեց, բայց… նորէն չես կարող չընդվզել բնութեան օրէնքներու դէմ… ինչո՞ւ պիտի մեռներ այս պատմական ու պատուական երիտասարդ ծերունին, գուցէ իր մահով զգացնել տալու համար իր կորստի մեծութի՞ւնը…»[2]: Սա այն Մահարին էր, որի երազանքը` Կամսարի հետ համահեղինակությամբ «կոմեդիա մը գրել», այդպես էլ անկատար մնաց: Շահրիկեանի հետ խոսելով` Մահարին շարունակում է. «Եթէ յաջողուի, ատիկա ինծի համար մեծ պատիւ է, որովհետեւ Լեռ Կամսարը շատ մեծ գրիչ է եւ մէկն է մեր երգիծաբանութեան եռեակէն` Պարոնեան-Օտեան-Լեռ Կամսար… Երեքն էլ դժբախտ եւ մեծաքանքա՜ր: Մնացեալը մանրուք են…»[3]:
Էլ ավելի մեծ «հարգանքով» ու նույնիսկ «փաղաքշանքով» են վերաբերվում Կամսարից մնացած միակ հիշատակին, ըստ որում` նրա ձեռքով տնկած թթենին պահպանվում է տեսախցիկով, որը տեղադրվել է բացառապես անձեռնմխելի պահելու համար այս ծառը: Իսկ երբ մեկը փորձում է նկարահանել, կարծես գետնի տակից, հայտնվում են համատիրության ներկայացուցիչներ և «հոգատար» հարցնում, թե ի՞նչն ենք նկարում, արդյոք ավտոտնակնե՞րը, որ փոխարինել են Կամսարի տանը, թե՞ թթենին:
Ու հանգստանում են, երբ հայտնի է դառնում, որ «թթենուն» վտանգ չի սպառնում: Ինչպես Վանում էին ասում. «Խոտը իր բերանն է, զիս էշ կը համարի»:
Այնպես որ, կարելի է հանգիստ լինել, որ ի լրումն մի նեղլիկ ոլորապտույտ փողոցի, որ կրում է Կամսարի անունը, Երևանում կա ևս մի հուշարձան` թթենու կեսը: Հարկավ թե միակն է, որ կենդանի է, շնչում է, հով է անում ու պտուղ է տալիս: Ավելին, միակն է, որը կանգնեցնելու նեղությունը նույնիսկ Մեծը չպատճառեց մեր իշխանություններին, այլ ինչպես որ ինքը միայնակ պահեց իրեն` ոչ մի բան չստանալով ու չընդունելով իշխանություններից, այնպես էլ մահվանից հետո մնում է ժողովրդի մեջ` իր գրքերով ու իր տնկած ծառով, որը խորհրդանշում է իր կյանքից ու արարչությունից զեփյուռող ազատության, անկախության, անհատականության հովը, կյանքը և պտուղը, որ սփռվում է նրա գործերը գնահատող, նրանցից սնվող, նրանից ազատ լինել սովորող հայորդիների սրտերում:
——————————-
[1] Շ. Շահնուրին, 6 դեկտեմբեր 1965 թ.
[2] Ա. Հայկազին, 29 նոյեմբեր, 1965 թ.
[3] Շ. Շահրիկեանին, 10 յունիս, 1962 թ.