Ընթերցողի սեղանին է շիրակցի տաղանդավոր բանաստեղծ Սամվել Մարգարյանի «Մայիսյան անձրևներ» ժողովածուն, որն արժանացել է ընթերցողների ջերմ հավանությանը:
Ժողովածուի «Ոսկեհովիտ», «Մարգարեի ուղերձը», «Մայիսյան անձրևներ», «Երգամբար», «Երբ ես հեռանամ» շարքերը գրվել են բանաստեղծական թարմ ու գունեղ լեզվաարտահայտչամիջոցներով: Բանաստեղծը փառաբանում է հայրենիքը, հայոց բնաշխարհը, ոգեկոչում նախնյաց սուրբ հիշատակները: Նա նաև տագնապի ահազանգ է հնչեցնում երկրում մոլեգնող արտագաղթի մասին: Մարգարյան բանաստեղծը միաժամանակ խաղաղության, ժողովուրդների բարեկամության երգիչ է: Այդ առումով հատկանշական է և շատ արժեքավոր «Մարգարեի ուղերձը» պոեմը.
Եվ մաքրենք մեր հոգին ատելության մաղձից,//Մաքրագործվենք, մարդի՛կ, քենից ու նախանձից://Մաքրենք մոլորակը թույներից ահավոր,//Որ ապրեն ազգերը խաղաղ ու բախտավոր…//Եղբայրանան ազգերն անհաշտ ու խաղաղվեն,//Եղբայրանան ազգերն համայն ու հանդարտվեն,//Մեր այս դարում էլ ի՞նչ կռիվ, ռումբեր ու թույն,//Տեսե՛ք, մարդը Մարսի լեռներն է մագլցում…
Հեղինակը հավատարիմ է մնացել բանաստեղծական ավանդական ձևերին, նախընտրած թեմատիկային՝ հայրենասիրություն, բնապաշտություն, սեր, կարոտ, թախիծ, տառապանք: Այս առումով «Ոսկեհովիտ» բանաստեղծությունը հայրենի եզերքի օրհներգ է.
Ափին Ախուրյանի՝ գահ արքայական,// Գետահովիտը՝ ոսկու շտեմարան,// Այստեղ իմ հունն է, իմ դրախտատունն է,//Ծաղկաստանները՝ հոգու հանգրվան…
Զարմանալի է, երբ ընթերցում ենք Սամվել Մարգարյանի բանաստեղծությունները՝ սկսած առաջինից մինչև վերջինը և հակառակը, բանաստեղծական նույն վարպետությունն է իշխում, բանաստեղծի քնարը ի սկզբանե, Բարձրյալի կամոք, զորեղ է եղել… Դրա վառ ապացույցն է «Երգամբար» շարքի «Դեպի վեր» բանաստեղծությունը, որը հեղինակի պատանության տարիներին գրված ինքնախոստովանանքն է.
Հեշտ չէ բարձրանալ ձյունագահ լեռը,//Հասնել բարձունքը նրա արևոտ, //Ուսերին տանել օրերի բեռը//Ու լույսով լցվել, ինչպես առավոտ…//Բայց ես ելնում եմ համառ ու անկանգ՝//Աչքս բարձունքի պայծառ աստղերին,//Իմ նոր ու զուլալ երգերով զանգակ//Ես լույս եմ ցողում իմ ճանապարհին…
Կյանքի հոգսերը, դժվարությունները չեն դառնացրել Սամվել Մարգարյանին. նա միշտ մնացել է նույն բարի, ներողամիտ, մեծահոգի մարդը և միշտ առաջնորդվել է «ապրել քրիստոնեավայել» սկզբունքով:
Ու չար մարդն էլ, երբ անցնում է՝ աչքն անկրակ ու անլույս,//Սիրտս նրան լուսաբացին շշնջում է՝ բարի լույս…//Ես կանգնում եմ երկնքի դեմ և առ Աստված աղոթում,//Եվ ամենքին ու ամեն ժամ խաղաղություն եմ մաղթում…
Այսպիսին է բանաստեղծը. սիրում է աշխարհը, մարդկանց, ներում է բոլորին և աղոթում համայն մարդկության մեղքերի համար, սակայն միաժամանակ գիտի, որ.
Չենք խաղաղվում, չենք զուլալվում,//Ու մեր բարձը դեռ քարոտ է,//Մեզ գերում է անվերջ հեռուն,//Երբ մեր բախտը այնքան մոտ է…
Մարգարյան բանաստեղծը կոչ է անում չհրապուրվել հեռուներով, կապվել հայրենի եզերքին, շենացնել երկիրը…
Մնա՛, քո օջախին եղիր դու տեր ու ծառա,//Հեռուներին դու մի՛ խաբվիր, մի՛ գնա,//Մնա՜, շշնջում են շիրիմները հարազատ,//Մնա՛, հրամայում են նախնիները քո անմահ…
Սամվել Մարգարյանի բանաստեղծություններն աչքի են ընկնում թարմ ու գունեղ լեզվաարտահայտչամիջոցներով (փոխաբերություն, պատկերավորություն, գունային պատկերներ, նաև՝ նորաբանություններ). օրինակ՝
Վարսերդ՝ ալի՜ք-ալիք//Ու աչքերդ՝ աստղեր,//Եվ ծոցիդ մեջ գժված//Երկու կաքավներ…
Կամ՝
Ես այդպես եմ սպասում վերադարձիդ, իմ սեր,//Որ երգիս ակունքը սառույցից ազատվի,//Որ խաղաղ շնչեմ, որ խաղաղ հոսեմ,//Կորածներս գտնեմ, մեկս՝ հազարվի…
Կամ՝ գունային պատկերները ծառայեցնում է որպես տրամադրության արտահայտման միջոց, օրինակ՝
Ճերմակ տարերք, քո ցնորքով//Իմ գրկի մեջ դու թափվիր…//Ճերմակ կարոտ, թևերդ բաց//Ու ներշնչիր ինձ երգով…
Այդպես էլ՝ ճերմակ խնդություն, ճերմակ թիթեռներ, ճերմակ օրհնություն, ճերմակ տխրություն և այլն…
Ավարտելով խոսքս՝ ուզում եմ նշել հետևյալը. Սամվել Մարգարյանի «Մայիսյան անձրևները» կարծես լվանում, մաքրում են մարդու հոգին, և մարդ-արարածը ակամայից այլ կերպ է նայում աշխարհին, դառնում է բարի, կամեցող, ներող, նաև լավատես և համոզվում, որ ի վերջո բարին կհաղթի չարին, որ արդարությունը կվերականգնվի, որ «որքան էլ չարը քողարկի, կեղծի, ճշմարտությունն է հիմքը հավերժի»: