Մկրտիչ Գրաբսկին ինքնահայեցող, միևնույն ժամանակ մարտիկ պոետ է: Անափ է նրա ոգևորությունը և բավականությունը Համընդհանուր ներդաշնակություն կոչվող տիեզերքի օվկիանը խուզելու, պրպտելու, նրա անհատակ խորքերից հանված գիտելիքներն ու զգացումները ոսկեզարդելով մեզ մատուցելու համար:
Մկրտիչ Գրաբսկին գրականություն է մտել մարտական և ոչ թե ճամփորդական կառքով, որոնց լծված են երկու պեգասներ` անձ և էություն: Ճամփորդական կառքի անիվները երբեմն խրվում են ճահճի մեջ, և կառապանը ընդհատում է ճամփորդությունը: Իսկ այս դեպքում` թռչում են թե՛ կառքը, թե՛ ձին, և կառապանը ոչ թե սանձահարում, այլ անձի ու էության ներդաշնակ վարգն է ապահովում:
Հանկարծահաս հուզմունքի//Փութանցիկ մի սոսավյուն,// Իր սադափյա հուլունքի// Փայլով ցողում է ավյուն:// Խռովահույզ հոգուն իմ,// Ներշնչանքով մտրակում,//Եվ մարտական կառքին հին// Զույգ պեգասներ լծակցում…
(«Ոգևորում»)
Համընդհանուր ներդաշնակության, մեծագույն հավասարակշռության զգացողությամբ է արբած պոետ Գրաբսկին: Նա խորապես գիտակցում է, որ Տիեզերքի հիմնաքարը հավասարակշռությունն է: Այսինքն` նրանով է պայմանավորված իր գոյության հավերժականությունը: Քարը քարի հետ ներդաշնակ շփումի արդյունքում տուն է կառուցվում, ծառի ու ծաղկի ներդաշնակ շփումից պտուղն է հասունանում, իսկ Մկրտիչ Գրաբսկու դեպքում` ինքն իրեն հիշելու, զգալու, դիտարկելու բավականությունը և իմաստասիրական գիտելիքներն իրար հետ շաղկապելով ծնվել է ինքնաճանաչման պոեզիան` լի հրավառ ապրումներով: Այսպես են կառքի հավասարակշռությունը պահող երկու պեգասներն իրենց թևերին առել Գրաբսկու պոեզիան:
Երբ արդիական լույսն է սփռվում,//Առասպելներին անհավատալի,//Մտքում գիտակի այն վերասերվում`//Ըմբռնածին է լրում նորովի://Կառուցվածքի մեջ իր ամբողջական,//Հակասականի ավյունը խառնակ,// Թոհուբոհի մեջ առօրեական,// Հանճարին դարձնում որդի անառակ:// Ստեղծվածի նոր արժեքով միայն,// Արժևորումն է արդ ընդունելի,// Հոգուդ լույսով դու անգույնին տուր գույն,//Թող տեսանելին դառնա լսելի:
Այդպես է. որպեսզի տեսանելին լսելի դառնա, բանականությանը պետք է ավելացվեն հոգու գույները: Ինչպես անհատին ներդաշնակ միացությունների մեջ բացահայտելու Մեծ վարպետ, իմաստասեր Գյուրջիևն է արտահայտվել, «Միայն բանականությունն այնքանով է ամբողջական մարդկային էություն, որքանով կառապանն է ամբողջական անձնակազմ կառքի համար»: Հենց այս մտքին համարժեք համոզումով էլ «մերկարմատ» մտքի կողքին Մ. Գրաբսկին արժևորում է «Աստղից փոխ առված կրակը».
Բանականության ոլորտում խոհեմ,// Հանկարծ կայծակող միտքը մերկարմատ,// Ճայթելով օդում` զովքով թարմադեմ,//Ճահճային հոտն է կտրում աննկատ://Ամբողջության մեջ անհասանելի,//Մտնում է տարածքն աննյութ եթերի,//Որ վերադարձին ափով ունելի,//Աստղից փոխ առած կրակը բերի…
(«Բանականություն»)
Այնպիսի տերմիններ, ինչպիսիք են նախասկիզբ, արարչագործություն և այլն, չենք հանդիպում Գրաբսկու բանաստեղծությունների մեջ, սակայն նրա ասելիքը պտտվում է այդ ամենի շուրջը, թաթախվում գեղագիտական հաճույքի մեջ, զարդարվում, մտնում լուսաշող շրջանակների մեջ ու քեզ առնում պեգասաթև թռիչքներով ընթացող կառքի մեջ:
Մտքի և զգայականի խմորումից ծնված համոզումն է մարդուն կառավարողն ու նրան ուղղորդիչը:
Թող զգայական ընկալումից զատ,// Պատկերացումը լուռ վերուվարի,// Անհունում թևող մտքերից ազատ// Կուռ համոզմունքը մեզ կառավարի:
(«Դիտարկում»)
Ասելիքն ասես ժայթքում է, հանկարծահաս պայթյունով իր մեջ է առնում արարման ընթացքը, և հմայքը խոստանում է շարունակական լինել.
Ամառնավերջի տեսիլ դեգերուն,// Խատուտիկի մի սերմնակիր տրցակ,// Երկնաճեմ ուղով, գայթակղիչ հեռուն,// Օդային հոսքով քշվեց հերարձակ:// Դանդաղ գծելով վայրէջք ուղեծիր,// Թռչող փնջերը զատված իրարից,//Ծլարձակվելու համար` սաղմնակիր//Հունդեր թափեցին չոր սերմնակալից://Թե խատուտիկը ծիլեր չարձակի,//Մի անմոռուկի քամին կհիշի…
(«Խատուտիկ»)
Երևակայությունը, գեղագետի աչքն ու գիտելիքը հրաշալի ներկայացումներ են սարքում ընթերցողի համար: Խոսքը, որով սկսվել է աշխարհարարումը, դառնում է դերակատարն այն ամենի, ինչից կազմված է կյանքը, և առաջ է տանում ներկայացումը: Ամեն ինչ, վերջապես հանգում է հավերժական հանգստի վիճակին` անդորրին ու խաղաղությանը, իր մեջ ներառելով բոլոր ձայներն ու ձայներանգները:
Պատկերով փոխփոխ` մեկ խրոխտ, մեկ` հեզ,//Շաղված իրար հետ, խորքերում հոսքի,//Բառերի խիճը` գլաքարի պես,//Գլոր է ընկել հեղեղում խոսքի://
(«Խոսքը»)
Մկրտիչ Գրաբսկու պոեզիան վերհուշի պոեզիա է, մարդկային ինքնաճանաչողության և կենսիմաստի ամրագրման պոեզիա, որտեղ չկա ոչ մի սև գիծ, ոչ մի տխուր նոտա:
Վերհուշական մտածողության շաղախը` մարդագիտական ձեռքբերումների հետ, պոետիկ մատուցման միջոցով, հայ գրականության այն աստիճանն է, որի վրա իջած աստղաշող է ներկա ժողովածուն:
Մկրտիչ Գրաբսկին ներդաշնակ է ինքն իր էության հետ, տիրապետում է անձնական ներդաշնակության գաղտնիքներին: Նրա օրինակը ոգևորիչ է, ուստի ենթադրում է` իրենք իրենց հետ հաշտ մարդկանց թվի ավելացում, որն էլ, անշուշտ, տանում է դեպի ներդաշնակ մարդկության գոյության հույսին ու հավատին: