Հանդիպում գրող-ազատամարտիկի հետ

Հովիկ-ՎարդումյանՀայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի «Քաղաքականություն և իրավունք», «Հումանիտար գիտություններ» ինստիտուտների առաջին կուրսի ուսանողները հանդիպեցին գրող- ազատամարտիկ Հովիկ Վարդումյանի հետ: Հանդիպումը նվիրված էր մեր կրկնակի տոնին՝ Մայիսի իննին: Հրավիրվածների թվում էին երգահան, գրող Արսեն Համբարյանը, համալսարանի դասախոսներ, լրագրողներ:
Հանդիպումը բացեց բան. գիտ. դոկտոր Մարգարիտ Խաչա­տրյանը: Նա ասաց, որ ուսանողները ծանոթ են հյուրերին, կարդացել են նրանց հրատարակած գրքերից, իսկ նախորդ դասին լսարանում կարդացել են Հովիկ Վարդումյանի «Կանթեղ» վեպից «Գրական թերթում» հրապարակված հատվածը, որի քննարկումով սկսվեց աշխույժ զրույց-բանավեճ մեր պատմական հաղթանակների մերօրյա իմաստավորման շուրջ:
Հովիկ Վարդումյանը խոսեց երկիր, հող, տուն պաշտպանելու պարտադրանքի մասին, որից շատերը խուսափում են՝ օտար ափերում բախտ որոնելով: Նրա պատմվածքների ժողովածուն կարդացած ուսանողներից մի քանիսը առանձին դրվագներ ներկայացրին՝ լրացնելով գրողի խոսքը հայի մարտունակ ու կենսունակ տեսակի մասին: Արսեն Համբարյանն իր խոսքում նշեց, որ մեր օրերում առավել իմաստավորվում է հայրենատիրության ոգին: Լարիսա Ալավերդյանը նշեց, որ քաղաքական թոհուբոհի մեջ չի կարելի շփոթել սկզբունքային նշանակություն ունեցող հասկացությունները և կողմնորոշվել միայն բացասական օրինակներով:
Ուսանողներից շատերն ազատամարտիկների զավակներ են կամ հարազատներ. մեկին ազատամարտիկ հայրն անվանակոչել է Մոնթեի պատվին: Հուզիչ էին Արսեն Համբարյանի և Սեդրակ Կարապետյանի ելույթները:
Մ. Խաչատրյանն ամփոփիչ խոսքում ասաց, որ հանդիպման նպատակը մեր՝ ծանր կենցաղային հոգսերով ծանրաբեռնված առօրյայում հույսի, հավատի շող, ճառագայթ գտնելն ու ազատամարտիկների օրինակով Հայրենիքին ծառայելու պատրաստակամություն դաստիարակելն է: Նա նշեց, որ Հայրենիքին ծառայելը ցանկացած բնագավառում այն կետը գտնելն է, որտեղ անփոխարինելի ես: Հայրենասիրությունը խոսք չէ, այլ ամենօրյա աշխատանք, որի օգնու­թյամբ կարելի է հաղթահարել համատարած հուսահատության մթնոլորտը:
Հանդիպման ավարտից հետո մի խումբ ուսանողներ շրջապատեցին հյուրերին ու երկար զրուցեցին տարբեր հարցերի շուրջ:

Սեփ. լրտ.

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։