ՀԳՄ   ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ  ԵՎ  ՎԱՐՉՈՒԹՅԱՆ  ՆԻՍՏԵՐՈՒՄ

Դեկտեմբերի 22-ին տեղի ունեցավ ՀԳՄ նախագահության տարեմուտի նիստը: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը ներկայացրեց 2015 թ. ՀԳՄ գործունեության ամփոփ հաշվետվությունը, նշելով, որ ինչ պլանավորվել էր, կատարվել է: Հաշվետու տարում ավանդական` գիրք նվիրելու օր, մանկապատանեկան գրքի շաբաթ, սայաթնովյան Վարդատոն և այլն, իրականացվել է մոտ հարյուր միջոցառում` հոբելյաններ, շնորհանդեսներ, քննարկում-բանավեճեր, տոնահանդեսներ, հիշատակումներ, հանդիպումներ արտասահմանյան և Սփյուռքի գրողների հետ: Գրողները մասնակցել են արտերկրում կազմակերպված գրական փառատոներին, մասնավորապես՝ Գերմանիայում, Բուլղարիայում, Ավստրիայում, Վրաստանում: Էդ. Միլիտոնյանը կարևորեց Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցի կապակցությամբ կատարված աշխատանքը, որն ըստ նախապես ծրագրված պլանի, իրականացվել է ամբողջապես և բարձր մակարդակով: ՀԳՄ նախագահն անդրադարձավ Պաշտպանության նախարարության հետ կազմակերպված միջոցառումներին` Հայկական բանակին նվիրված ստեղծագործությունների մրցանակաբաշխություն, գրողների հանդիպումներ զորամասերում և այլն: Արդյունավետ է եղել մարզերի գրական բաժանմունքների հետ տարվող աշխատանքը: Պետպատվերով և պետական աջակցությամբ մոտ 50 գիրք է հրատարակվել: Մի քանի տասնյակ գրողներ արժանացել են տարբեր գերատեսչությունների ու կազմակերպությունների մրցանակների և շնորհակալագրերի, մի քանիսը՝ արտերկրի մրցանակների: Այնուհետև Էդ. Միլիտոնյանը համառոտակի անդրադարձավ եկող տարվա ծրագրերին ու միջոցառումներին:

 ՀԳՄ նախագահությունը փակ գաղտնի քվեարկությամբ ընտրեց 2015 թ. ՀԳՄ ամենամյա մրցանակակիր ստեղծագործությունները:

 Նույն օրը տեղի ունեցավ ՀԳՄ վարչության տարեվերջյան նիստը, որն ամփոփեց Գրողների միության տարեկան գործունեությունը: ՀԳՄ վարչության անդամներին մասնակիորեն ներկայացվեց նաև գալիք` 2016-ի ծրագրերը: Եղան քննարկումներ, առաջարկներ, ինչից հետո վարչությունը ՀԳՄ 2015 թ. գործունեությունը գնահատեց բարձր:

 ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը շնորհավորեց ՀԳՄ գրական ընտանիքի` Հայաստանի, Արցախի և Սփյուռքի գրողների Ամանորն ու Սուրբ Ծնունդը, ցանկացավ առողջություն, երջանկություն և ստեղծագործական նորանոր հաջողություններ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։