ՀՈՒՍԻԿ ԱՐԱ – Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը հրատարակության է պատրաստել «Հայոց գրականության պատմություն»-ը 6 հատորով: Լույս է տեսել 3-րդ հատորը, որն ընդգրկում է նոր շրջանի գրականությունը 17-18-րդ դարերից մինչև 19-րդ դարի 70-80-ական թվականները:Սկսենք առարկայի անվանումից. ինչո՞ւ «Հայոց գրականություն» և ոչ թե «Հայ գրականություն», չէ՞ որ վերջինս համընդհանուր ճանաչում ունի և դրան է սովորել մեր իմացությունը:
ՍԵՐԳԵՅ ՍԱՐԻՆՅԱՆ – Մարդը մտածողությամբ պահպանողական է: Դպրոցական ուսուցմամբ յուրացրել է հասկացություններ, բնորոշումներ, անվանումներ, որոնցից նա դժվարությամբ է հրաժարվում: Նորը, անսովորը խախտում են նրա իմացությունների ներդաշնակ համակարգը, նրան հաճույք է պատճառում այն, ինչ մատչելի է իրեն և ինչ գիտի ինքը: Ես տարիներ շարունակ մասնակից եմ եղել ընդունելության և ասպիրանտական մինիմումների քննությանը և դիտել եմ, թե նույն ստանդարտը ինչպես է փոխանցվում սերնդից-սերունդ: Նույնիսկ կարդացած չլինելով «Վերք Հայաստանին», միևնույն բնորոշումներով խոսում են վեպի և Աբովյանի մասին և այլն: Այսպես շրջանառության մեջ է դրվում մի «ստերեոտիպ», որը դառնում է իմացության նորմատիվ սկզբունք: «Հայ գրականություն» անվանումը ոչ սխալ է, ոչ էլ հանցանք է նրա օգտագործումը: Առօրյա գրություններում կարելի է օգտագործել այն, բայց երբ խոսքը վերաբերում է առարկայի ակադեմիական բնորոշմանը, ապա այս պարագայում անկարելի է անտեսել գիտության փորձը: Փաստ է, որ առարկան այսպես է անվանել գրականության դասական պատմագրությունը՝ սկսած Սուքիաս Սոմալյանից մինչև Մանուկ Աբեղյան: Գաթըրճյան՝ «Պատմություն մատենագրության հայոց», Պալասանյան՝ «Պատմություն հայոց գրականության», Զարբհանալյան՝ «Հայոց դպրության պատմություն», Լեո՝ «Ռուսահայոց գրականություն», Փափազյան՝ «Պատմություն հայոց գրականության», Աբեղյան՝ «Հայոց գրականության պատմություն» և այլն: Խորհրդային տարիների պատմագրությամբ ընդունված էր առարկան կոչել «Հայ ժողովրդի պատմություն», այդպես էլ վերնագրված է ժամանակին լույս տեսած բազմահատորյակը: Բայց Պատմության ինստիտուտի ձեռնարկած բազմահատորյակն այժմ անվանվում է «Հայոց պատմություն»: Նույնպիսի վերստուգման կարիք ունի նաև հայոց նոր գրականության սկզբնավորման հարցը:
Հ. Ա. – Անցումը միանգամայն բնական է. իմ հաջորդ հարցը հենց այդ պիտի լիներ: Հարցն իրոք առիթ է տալիս որոշ տարակարծության: Ինչպե՞ս եք Դուք հիմնավորում հայոց նոր գրականության սկզբնավորման հարցը:
Ս. Խ. – Ես ակնարկեցի «ստերեոտիպի» մասին: Հարցրեք յուրաքանչյուրին՝ ֆիզիկոս լինի նա, արվեստաբան թե մի այլ բնագավառի մտավորական, գյուղացի թե բանվոր, և նա կասի, որ հայ նոր գրականությունը սկզբնավորվել է 19-րդ դարի 40-ական թվականներին և նրա հիմնադիրը Խաչատուր Աբովյանն է: Ցավալի է, որ տակավին նույն կարծիքին տուրք են տալիս նաև գրականագետները: Ասում են հայոց նոր գրականության սկզբնավորման վերաբերյալ երկու տեսակետ կա: Առաջին տեսակետի հեղինակները հայտնի են: Հետաքրքիր է իմանալ, ո՞վ է երկրորդ տեսակետի հեղինակը: Չկա հեղինակ, չկա և տեսակետ: Դա վարժապետական բանահյուսություն է, որ տարերայնորեն ձևավորվել է անցյալ դարի 20-ական թվականներին: Իհարկե, կան որոշ հանգամանքներ, որոնք հիմք են հանդիսանում նման պատկերացումների համար: Եվ ամենից առաջ լեզվի հարցը: Չի գիտակցվում, որ գրական նոր շարժումը սկսվել է գրաբարով և այն եղել է հայոց պաշտոնական լեզուն մինչև 19-րդ դարի 50-ական թվականները, մինչև հայտնի «գրապայքարը» և աշխարհաբարի հաղթանակը: Եվ այսպես ամբողջ երկու դար հայոց բանաստեղծության, գիտության և առհասարակ գրության լեզուն եղել է գրաբարը և այդ լեզվով է սկզբնավորվել հայոց նոր գրականությունը: Աբովյանն ինքը ստեղծագործել է գրաբարով, նույնիսկ «Վերք Հայաստանի»-ից հետո: Սա բարդ հարց է, որ ես հանգամանորեն լուսաբանել եմ 3-րդ հատորի ներածականում: Հարցը ես դիտարկել եմ երկու խոշոր հայագետների՝ Լեոյի և Աբեղյանի տեսություններով: Լեոն պատմության ժամանակի որոշմամբ, Աբեղյանը՝ մտավոր-գրական շարժման քննաբանությամբ:
17-18-րդ դարերի ժամանակագրության հարցը շատ է զբաղեցրել անվանի պատմաբանին: Նրա «Հայոց պատմության» 3-րդ հատորը ամբողջովին նվիրված է խնդրի համակողմանի լուսաբանությանը: Հայոց պատմությունը դիտելով սոցիալ-ազգային, ներքաղաքական և աշխարհաքաղաքական կապերի մեջ՝ նա դարձակետը դիմորոշում է դեպի նոր ժամանակները: Իր տեսությունը Լեոն սկսում է պարսկական իրականության ներքաղաքական տեղաշարժերի ներազդեցությամբ: Նա շեշտում է, որ Շահ-Աբբասի գերեվարությունից հետո տեղի ունեցավ «մեր պատմության ամենազարմանալի և հրահանգիչ երևույթներից մեկը», հայոց ազգային «վերածնության դարագլխի սկիզբը»: Լեոյի բնութագրմամբ 15-րդ դարից սկիզբ է առնում Եվրոպայի պատմության նոր դարաշրջանը, որը «բերում է բոլորովին տարբեր հայացքներ, տարբեր տնտեսական ձևեր, հասարակական ուժերի շերտավորումներ և տարբեր աշխարհայացքներ»: Հայերը լինելով քրիստոնեական մշակույթի կրողներ, մշտապես հետևել են եվրոպական քաղաքակրթության սկզբունքներին: Այս պարագայում նկատելի է դառնում անհամաչափությունը հայոց սոցիալ-ազգային կացության և մտավոր զարգացման միջև: Աշխարհայացքային առաջընթացը Լեոն բացատրում է Գուտենբերգի տպագրական գյուտի (գիրք) և Եվրոպայի հայկական գաղթօջախների առկայությամբ, որոնք հայ միտքը հաղորդակցում են դարաշրջանի մտավոր-մշակույթի հայտնություններին: Պարծենալ կարող ենք, ասում է Լեոն, որ արևելյան բռնատիրության կապանքներում տառապող ժողովրդի հայացքներում մուտք են գործում լուսավորության դարաշրջանի երևելի մտածողների՝ Վոլտերի, Լոկկի, Մոնտեսքյոյի, Ռուսսոյի հանճարներով մշակված գաղափարները, որոնք թափանցելով Հայաստան՝ «Սկիզբ են դնում հայ լուսավորական դարի մշակույթի ձևավորմանը» (Տե՛ս, Լեո, Հայոց պատմություն, Հ. 3, գիրք երկրորդ, 1973, էջ 430): Այսպիսին է Հայոց պատմության առանձնահատկությունը, եզրակացնում է Լեոն, որ հիմք է տալիս մեր պատմությանը «16-րդ դարից սկսած դնելու «Նոր պատմություն» վերնագրի տակ» (Լեո, Հայոց պատմություն, հ. 3, գիրք առաջին, 1969, էջ 14): Պատմության ժամանակի այս սահմանումից հետևում է, որ «17-րդ դարի հայ միտքը, աշխարհայացքը նոր ժամանակների ուղղություններն են ընդգրկում և ձգտում են դեպի այն լուսավոր առաջնորդը, որ հանդիսանում էր հայության համար նոր գաղափարներով վերածնվող եվրոպականությունը» (հատոր 3, գիրք առաջին, էջ 427):
«Ուրվագծեր 19-րդ դարի հայոց գրականության պատմությունից» տեսական ակնարկում Մանուկ Աբեղյանի հարցադրումն ուղղակի է. «Ո՞ր ժամանակից պետք է դնել մեր նոր գրականության սկիզբը: Արդյո՞ք 18-րդ դարում Վենետիկի Մխիթարյաններից, ինչպես դնում են հաճախ»: Մխիթարն ու Մխիթարյանները, ասում է Աբեղյանը, սկիզբ չեն, այլ՝ շարունակող: «Մեր հնի և նորի բաժանումը լինում է ոչ թե 18-րդ դարում, այլ՝ 16-րդ դարի վերջերը և 17-րդ դարի սկզբում (Մ. Աբեղյան, Երկեր, հ. դ, 1970, էջ 545): Մտավոր-գրական այս շարժումն Աբեղյանն անվանում է «գրականության նորոգություն» և առաջադրում է միանգամայն հետաքրքրական պատմական ուրվագիծ: Այն, ինչ սկսել է 17-րդ դարը, ասում է Աբեղյանը, 19-րդ դարը ստանում է իբրև ժառանգություն, հետևաբար «մեր նոր գրականությունն սկսվում է 17-րդ դարում և այս վերջին երեք դարերը շարունակություն են միմյանց: 17-րդ դարն է միայն, որ շարունակություն չէ, այլ՝ վերածնող» (նույն տեղում, էջ 547): Հարցի լուսաբանման տեսակետից Աբեղյանը էական նշանակություն է տալիս պատմական երկու իրադարձությունների՝ Կիլիկիայի հայոց թագավորության անկումը և Կոստանդնապոլսի թուրքական գրավումը, որով կործանվում է բյուզանդական կայսրությունը: Սկիզբ է առնում «հայոց պատմության ամենաանելյալ շրջանը» և շուրջ երկու դար երկրամասը դառնում է թուրք պարսկական պատերազմների և այլազան ցեղերի ասպատակության թատերաբեմ: Ոչնչանում է հայոց հին քաղաքակրթությունը, փոշիանում է աշխարհիկ կյանքը, վերասերվում է եկեղեցին, կարծես հնչում էր ազգի ֆիզիկական ոչնչացման տագնապը: Պետք է հայությունը փրկել վերջնական անկումից: «Եվ ահա,- գրում է Աբեղյանը,- 17-րդ դարում սակավաթիվ լավագույն մարդկանց բոլոր ձգտումը կենտրոնանում է այն բանի մեջ, որ կենդանացնեն մեռնող հայ կյանքը: Դրա համար երկու ճանապարհ է ներկայանում նրանց,- վերածնել հին հայ կյանքը, գիրն ու գրականությունը և ապա օգտվել եվրոպական լուսավորությունից, որ մեր նոր գրականության համար նույն դերը պիտի խաղար, ինչ որ հին բյուզանդականը մեր հին գրականության համար» (էջ 495-496):
Ինձ թվում է, որ հարցի դրվածքում տարակուսանքի տեղիք է տալիս լեզուն՝ գրաբարը, այնինչ Աբեղյանը տվել է երևույթի խորիմաստ բնութագրումը՝ «Եվ հնի հենց այս մահվան մեջ է, որ սկսում է ծնվել նորը՝ հնի վերածնությամբ» (էջ 545):
Հ. Ա. – Ձեր մեկնաբանումները միանգամայն տպավորիչ են և անշուշտ հուշում են հարցի ակադեմիական դրվածքի մասին 3-րդ հատորում: Այս պարագայում ինքնաբերաբար առաջանում է Աբովյանի խնդիրը, ինչպե՞ս բացատրել նրա երևույթը, նրա տեղը հայոց գրականության և հասարակական մտքի պատմության մեջ:
Ս. Ս. – Ինձ թվում է, որ նույնիսկ գրականագետները ամբողջական պատկերացում չունեն Աբովյանի մասին: Աբովյանը միայն «Վերք Հայաստանին» չէ, և Աբովյանի ստեղծագործական լեզուն, անգամ «Վերք Հայաստանի»-ից հետո եղել է գրաբարը: Այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ ժամանակին հայոց «պետական» լեզուն եղել է գրաբարը: Այս տեսակետից միանգամայն որոշակի է Աբովյանի կապը իր նախորդների՝ Պաղտասար Դպիրի, Վանանդեցու, Բագրատունու, կլասիցիզմի բանաստեղծության հետ և այլն: Աբովյանն անհասկանալի կլիներ առանց նախորդ դարերի գրական մտավոր շարժման փորձի. նա ընդհանրացրեց նախորդների ամբողջ գրական-գեղարվեստական փորձը և դրանց հիման վրա կատարեց իր հանճարեղ հայտնությունը: Այս իմաստով նա տրամաբանական շարունակություն տվեց հայ գրականության և հասարակական մտքի պատմությանը: «Վերք Հայաստանին» Աբովյանի կտակն էր հայ ժողովրդին: Այստեղ ես ընդարձակ մեջբերում պետք է կատարեմ «Վերքի» մասին Իսահակյանի բնութագրումից. «Հայ ժողովուրդը ստրկության, խավարի դառն ու դժար դարերից անցել՝ հասել էր 19-րդ դարը, լուսավորության, դեմոկրատիզմի, հեղափոխությունների դարը, զարմանալի գյուտերի, առաջացող տեխնիկայի, բայց մանավանդ մանր, ենթակա ազգերի զարթոնքի և ազատագրությունների դարաշրջանը և կանգնել էր անգիտակից, բայց մանավանդ խճճված մտքերով: Մեկը պիտի ծագեր հայ ժողովրդի հոգուց՝ մի առաքյալ, մի մարգարե, մի մեծ բանաստեղծ, որ ժողովրդին բերեր վերածննդի իմաստուն պատգամներ, հրեղեն խոսքերով խանդավառեր նրա սիրտը, ամրացներ նրա կամքը, անձնազոհ հայրենասիրությամբ լուսավորեր նրա բախտորոշ ճանապարհները դեպի ինքնագիտակցություն, ըմբոստացում, ազատություն» (Ավ. Իսահակյան, Երկերի ժողովածու, հ. 5, Եր., 1977, էջ 175):
Այստեղ ասված է ամեն ինչ, խնդիրը մնում է երևույթների բացահայտումը վեպի կառուցվածքում, իմացական շերտերի բարդ հյուսվածքում: Այդ բարդ շերտերի մեկնությամբ է ներկայացվում «Վերք Հայաստանի» վեպը 3-րդ հատորում, իր ամբողջության մեջ Աբովյան երևույթի ակադեմիական բնութագիրը: Նախ ներկայացվում է Աբովյանի աշխարհայացքի կազմավորման իմացական հիմունքները, նրա խորիմացությունը բնագիտական ու տիեզերաբանական հայտնություններին, որոնք էլ նպաստել են նրա փիլիսոփայական հայացքների ձևավորմանը: «Վերք Հայաստանին» հայ ժողովրդի և Հայաստանի գեղարվեստական հայտնությունն է, որպես բնաշխարհ, պատմություն և մարդիկ: Այստեղ է վեպի գաղափարը: Այս իմաստով վեպը հագեցած է պատմամիֆոլոգիական, բնապաշտական, դիդակտիկ, բանահյուսական ներքին խորքերով, որոնք գալիս հանգում են Մեծ ընդհանրականի՝ Հայաստան աշխարհի և հայոց ազգի, որպես տիեզերական սուբյեկտի հայտնությանը: Այս կտրվածքում վեպը վերլուծվում է առաջին անգամ: Վեպում թե՛ բնությունը, թե՛ պատմությունը և թե՛ մարդիկ ներհագեցված են փիլիսոփայական որոշակի ընդհանրացմամբ: Բնությունը ոչ միայն արտաքին բնապատկեր է, այլև ներզգայական էություն, կեցության ձև, տիեզերական սուբստանց և հավերժության խորհրդանիշ: Պատմությունը՝ հայոց ազգի ներկայությունը աշխարհաքաղաքական համաշխարհային իրադարձություններին Հոմերոսից սկսած մինչև Նապոլեոն և հետնորդները: Ի դեպ, առաջադիր մասնակից, որ վճռել է այս կամ այն կողմի հաղթանակը: Սերը ներհյուսվում է քրիստոնեական էթիկային և իր բարձր դրսևորման մեջ ստանում պարտականության զգացումի քաղաքացիական բովանդակություն: Մարդիկ իմաստ են տալիս ամեն մի գոյության և միացնում աշխարհը նահապետական համայնքի ավանդակեցությամբ և գոյության իմաստը խանդավառում հիշատակի ու բարեգործության փիլիսոփայական հաշտությամբ: Եվ այսպես, բացահայտելով հայ ազգության ֆիզիկական ու հոգևոր ներգոյը և ազգը կազմավորող սուբստանց հիմունքները՝ լեզուն և հավատը (կրոնը), Աբովյանը ապագային է հղում հայրենասերի ողբը՝ թե կենսունակ և մեռնող ազգերի մի տեսություն է գործում համաշխարհային քաղաքակրթության մրցասպարեզում, կբռնի՞ արդյոք Հայաստանը արդի քաղաքակրթության մրցությունը, թե՞ նրան նույնպես կվիճակվի երբևէ եղած մեծ ազգերի անէացման ճակատագիրը: «Վերք Հայաստանի» վեպի մասին խոսքս ուզում եմ եզրափակել երկու ասույթով, որ թվում է, թե պետք է ասեի սկզբից: Բայց այստեղ այն ավելի տպավորիչ է հնչում. «Մեր ազգը, որ խեղճ ա մնացել, թրի, կրակի եսիր, բոլորի պատճառն էս ա, որ մեզ մեկ ասող չի ըլում, թե մենք ով ենք, մեր հավատն ինչ ա, ընչի համար ենք էկել աշխարհ, քոռ գալիս ենք, քոռ գնում», «էդ ո՞ւմ վրա եք թուր հանել, Հայոց մեծ ազգին չե՞ք ճանաչում»: Այստեղ է Աբովյանի պատմական առաքելությունը՝ հայտնության խորհուրդն ու ազգային մեծության կանչը:
Այսպիսով 3-րդ հատորում ներկայանում է տեսականացված Աբովյանը՝ փիլիսոփայական, գեղագիտական, բնագրագիտական ներքին միասնությամբ: Եվ, այնուամենայնիվ, Աբովյանի անհատականության բնութագիրը ենթակա է էական լրացումների: Աբովյանը բարդ երևույթ է, և նրա աշխարհայացքը ներքին ծալքեր ունի, որ արժանի է բացահայտման: Որ նա եղել է պետական պաշտոնյա, այսինքն՝ չինովնիկ, ոչ ոք չի ժխտում: Որ նա ռուսական տիրապետությունը գերադասել է պարսկականից, ակնհայտ է: Որ նա ցարական բյուրոկրատիային տապալելու հեղափոխական քարոզչություն չի արել, նույնպես հավաստի է: Բայց հարցը շարունակություն ունի, որ բացատրություն է պահանջում: «Վերք Հայաստանին» պատմական վեպ է, և այն արտահայտությունը, թե «օրհնվի էն սհաթը, երբ ռուսի ոտքը…», արտացոլում է ազատագրման շրջանի պատմական հոգեբանությունը: Իսկ հետո՞… Եթե հայ ժողովուրդը ռուսական տիրապետությամբ գտել է իր հանգրվանը, ի՞նչ հիմք ուներ Աբովյանը, ասելու՝ «վայ էն ազգին, որ աշխարհում անտեր ա», նաև այլ անլուծելի ինչուներ: Ինչպե՞ս կարող էր Աբովյանը հաշտվեր այն մտքի հետ, որ ցարական կառավարությունը դրժեց Հայաստանին անկախություն տալու նախնական խոստումը: Ինչպե՞ս կարող էր Աբովյանը անտեսել այն փաստը, որ ռուսական կառավարությունը ամենակոպիտ ձևերով փոշիացրեց հայոց պատմության ամենաբարձր արժեքը՝ Խամսայի Մելիքությունները: Ինչպե՞ս կարող էր Աբովյանը անտարբեր լինել այն փաստի հանդեպ, որ ցարական կառավարությունը բզկտեց Հայաստանի տերիտորիալ ամբողջականությունը և նրա մասերը կտրտեց «գուբեռնիաների» վարչական բաժանումներում: Վերջապես, ինչպե՞ս կարող էր Աբովյանը հանդուրժել այն փաստը, որ բացառապես հայերի միջոցով ազատագրված Ղարաբաղի հայաբնակ մարզի կառավարիչ է նշանակում մահմեդական Իբրահիմ խանին: Այլապես ինչպե՞ս հասկանալ Հայոց ողբի վիպականացումը:
Հ. Ա. – Մեջբերումներն իրոք տպավորիչ են և արտահայտում են վեպի գաղափարը: Այս իմաստով հետաքրքրական է Սայաթ-Նովայի մեկնությունը 3-րդ հատորում, նրա տեղը գրականության պատմության մեջ:
Ս. Ս. – Ասեմ, որ ինչպես Սայաթ-Նովայի, նույնպես և այլ մենագրությունների բնույթը ոչ այնքան ստեղծագործությունների բնագրային-գեղարվեստական վերլուծությունն է, որքան տվյալ գրողի գրական անհատականության գիտականացումը, այսինքն՝ հետազոտական մեթոդի ճշգրտումը: Այս տեսակետից Սայաթ-Նովա երևույթը դիտված է մի քանի տեսական նոր դրույթներով: Ամենից առաջ կենսագրական մեթոդի չարաշահումը ծածկագրությունների վերծանման պարագայում: Ծածկագրությունը աշուղական պոեզիայի բնորոշ հատկանիշներից է ոչ միայն որպես հրապարակային մրցույթներում հնարամտություն ցուցադրելու միջոց, այլև ինչ-ինչ երևույթների փիլիսոփայական խորհրդատվության ենթիմաստ: Սակայն ստույգ լինելու համար պետք է կենսագրական փաստից արտածել ծածկագրության իմաստը և ոչ թե հակառակը: Այսպես, օրինակ, «Սայաթ-Նովու գերեզմանն Հինդ, Հաբաշ, Արաբ մի անի» տողը ներկայացվում է ուղղակի իմաստով, որպես թե Սայաթ-Նովան գերեվարության տարիներին եղել է այդ երկրներում: Եվ սակայն սա արհեստական վերագրում է, որ չի վավերացված կենսագրական իրողությամբ: Նույնը նաև վրաց արքայադուստր Աննային վերաբերող վարկածը, որ կասկածի է ենթարկում Սայաթ-Նովայի կյանքին ու գործին խորապես գիտակ Հովհ. Թումանյանը. «Չգիտեմ ով է տեղեկություն տվել պ. Բրյուսովին, թե Սայաթ-Նովան սիրահարված է եղել վրաց թագավորի աղջկա վրա…»: Ի՞նչ կստացվեր, եթե նույն մեթոդով վերլուծեին Տերյանի հետևյալ տողերը.
Թողի երկիրն իմ հայրենի,// Անահ անցա Արաբ ու Հինդ,//Տեսա մարդիկ չորսգլխանի,//Տեսա հազար աղետ ու խինդ//հասա մինչև Չինումաչին…
Մյուս տեսական դրույթը վերաբերում է աշուղական պոեզիայի և գրականության հարաբերակցության հարցին: Դժբախտաբար մասնագետներն անգամ դժվարանում են հաշտվել այն մտքի հետ, որ աշուղական պոեզիան գրականություն չէ բառիս ակադեմիական հասկացությամբ, այլ՝ բանահյուսություն և այն չի կարելի վերլուծել գրականության մեթոդաբանական հասկացություններով: Այս իմաստով աշուղական պոեզիան ենթակա չէ գեղարվեստական մեթոդների բնորոշմանը՝ կլասիցիզմ, ռոմանտիզմ, ռեալիզմ և այլն: Ուշագրավ է, որ այնպիսի մի հմուտ ու գիտակ գրականագետ, ինչպիսին Վ. Թերզիբաշյանն էր, Սայաթ-Նովայի գրական մեթոդը համարում էր կլասիցիզմը, հիմք ընդունելով «Գիր սիրե, ղալամ սիրե, դավթար սիրե» բանատողը, այսինքն՝ իմացաբանության հիմք ընդունել բանականությունը: Վերագրումը տրամաբանական է, քանզի 18-րդ դարում խոսք կարող էր լինել միայն կլասիցիզմի մասին: Բայց այս սխալի մեջ ավելի շատ գիտություն կա, քան՝ այլ հետազոտողների վարկածը, թե Սայաթ-Նովան կանխել է Գյոթեին, Հայնեին և այլ ռոմանտիկների:
Մյուս էական դրույթը վերաբերում է զգացմունքի ու աշխարհընկալման անհատականացմանը, որով Սայաթ-Նովան անջատվում է աշուղական պոեզիային բնորոշ մարդկային ստանդարտ ձևույթի և աշուղությունը բարձրացնում գրական ստեղծագործության աստիճանի: Այստեղ պոեզիայի ներքին շաղկապը սերն է, որը ավելին է, քան զգացմունքի վերապրումը: Դա աշխարհայացք է, տիեզերական կեցություն և փիլիսոփայական ինքնագիտակցում, աշխարհն ընկալելու, բացատրելու միջոց: Աշխարհընկալման ներքին միասնությունը ինքնին բացառում է նրա պոեզիան սոցիալական, սիրային, խոհափիլիսոփայական մոտիվների բաժանելու վերլուծական մեթոդը:
Ակնարկում են, թե հայոց նոր գրականության սկզբնավորումը 17-18-րդ դարերին վերագրելը և Սայաթ-Նովային հայոց նոր գրականության մեջ տեղադրելը «բավական որոշակի ստվեր է նետում» Գրականության ինստիտուտի հրատարակած «Հայոց գրականության պատմության» 3-րդ հատորի վրա: Ճիշտ հակառակը, 3-րդ հատորը գիտականացնում է Սայաթ-Նովայի ստեղծագործության ուսումնասիրության մեթոդաբանությունը, դուրս է բերում այն դպրոցական պատկերացումներից և առնչում գիտական բարձր չափանիշների հետ: Երբ գրականության բոլոր պատմաբանները նոր գրականության սկզբնավորումը վերագրում են 17-րդ դարին, ի՞նչ տրամաբանությամբ 18-րդ դարում ստեղծագործած Սայաթ-Նովային, Բաղդասար Դպիրին և Պետրոս Ղափանցուն պետք է տեղադրեն միջնադարյան գրականության համաբնագրում:
Ըստ էության, Սայաթ-Նովային կտրում են պատմությունից, ժամանակից ու տարածությունից: Անգիտանում են, որ 18-րդ դարի Թիֆլիսը, որտեղ կազմավորվել է հանճարեղ աշուղի աշխարհայացքը, այլ է, քան ֆեոդալական միջնադարի բռնատիրությունը, որ այնտեղ սոցիալապես ձևավորվող արհեստավորական մանր բուրժուազիայի կենցաղավարության մեջ արդեն զգալի են եվրոպական հովերը: Այս իմաստով անվիճելի է չգերազանցված Սայաթ-Նովայագետ Պարույր Սևակի բնութագրումը, ուր Սայաթ- Նովան նոր է և նրա մեջ միջնադարյան ոչինչ չկա:
Հ. Ա. – Փաստորեն գրականության նորոգությունը տևում է ավելի քան երկու դար, մինչև 19-րդ դարի 20-ական թվականները: Ինչպե՞ս է տեղի ունենում շարունակությունը, և, առհասարակ, ինչ ընդհանուր կառուցվածք ունի ամբողջ հատորը:
Ս. Ս. – Ասեմ, որ պարբերացման սկզբունքը պատմական ժամանակաշրջանն է: Այս իմաստով հատորը բաղկացած է չորս մասից՝ «Գրականության նորոգությունը 17-18-րդ դարերում», «19-րդ դարի 30-40-ական թվականներ», «19-րդ դարի 50-60-ական թվականներ», «19-րդ 70-80-ական թվականներ»: Մասերից յուրաքանչյուրը բաղկացած է «Ներածությունից», ժանրերի մասին ընդհանուր տեսությունից և մենագրական գլուխներից: Կառուցվածքային նորույթ կարելի է համարել «Գրականության նորոգությունը 17-18-րդ դարերում» և «19-րդ դարի 30-40-ական թվականների» առանձնացումը որպես գրականության պատմաշրջաններ, Մարատ Թադևոսյանի «Կլասիցիզմ» և Արամ Ալեքսանյանի «19-րդ դարի առաջին կեսի հայ կրոնական վիպագրությունը» գլուխները: «Ներածությունները» գրականության պատմական ողնաշարն են, որոնք կապակցում են մասերը և ուրվագծում զարգացման օրինաչափությունները հասարակական մտքի և ազգային կացության զուգահեռներում: Նույն կառուցվածքը կունենա նաև 4-րդ հատորը, որը բաղկացած կլինի երկու մասից՝ «19-րդ դարի 90-ական թվականները» (գրականությունը 1885-1904 թվականներին) և «Գրականությունը 1905-1920 թվականներին»:
Հ. Ա. – Վերջին հաշվով գրականության պատմության մեջ էականը գրողն է և նրա ստեղծագործությունը: Այս իմաստով կարևոր հարցադրում է, թե ինչ սկզբունքով են ներկայացվել գրողները, վերլուծության ինչ մեթոդով են լուսաբանվել նրանց ստեղծագործությունը, վերջապես ինչ սկզբունքով են կատարվել մենագրական գլուխների ընտրությունը:
Ս. Ս. – Անհասկանալի կլինի, եթե ասեմ, որ այս հարցը ամենաբարդն է և ամենաապացուցելին: Նախ պետք է թոթափվել մենագրության ձևի և բովանդակության վերաբերյալ ընդունված և անառարկելի թվացող պատկերացումից: Եվ ամենակարևորը՝ չասել, թե ինչու այս կամ այն դրույթը չկա: Մենագրության ձևույթը կախված է գրականության պատմության բնույթից: Ռուս գրականության պատմություններում հաճախ Տոլստոյին կամ Դոստոևսկուն հատկացնում են 15-20 էջ: Այս պարագայում կարելի է տասնյակ ինչուներ առաջադրել, թե ինչու այս կամ այն փաստը չկա: Եվ նորից ասում եմ՝ ինչու պիտի լինի: Դիտենք, օրինակ Հակոբ Պարոնյանի մասին մենագրությունը (հեղինակ՝ Արամ Ալեքսանյան): Այստեղ Պարոնյանի երգիծանքի փիլիսոփայությունը ամբողջապես դիտված է մարդու բարոյական կերտվածքի տեսանկյունից: Դրույթի համար հիմք է հանդիսացել հին հունական փիլիսոփայությունը, հատկապես Պլուտարքոսի «Զուգակշիռք» տրակտատը: Ըստ այդ տեսության, մարդու մեջ զուգակշռված են լավը և վատը, և կատարյալի ձգտումը հանգում է բարոյականության չափանիշին: Այս տեսության դիտակետից է մեկնաբանված Պարոնյանի ամբողջ ստեղծագործությունը, և այս իմաստով մենագրությունը և՛ ամբողջական է, և՛ միաժամանակ խորապես գիտական: Նույնը վերաբերում է նաև մենագրական մյուս գլուխներին: Սկզբունքը գրողի ստեղծագործության տեսականացումն է, նրա՝ որպես մտածողի ու գեղագետի կերպարի գիտականացումը: Սա գիտակցված և վերստուգված մոտեցում է, տեսականացված, ակադեմիական պատմություն: Սա նոր մակարդակ է հայ գրականագիտական մտքի պատմության մեջ:
Հ. Ա. – Ժամանակին բաժինը հրատարակել է «Հայ նոր գրականության պատմություն» կոլեկտիվ աշխատությունը 5 մեծադիր հատորներով: Այսօրվա դիտակետից ի՞նչ գնահատական կարելի է տալ այդ աշխատությանը և, որ կարևոր է, նյութի ընդգրկման և մեթոդաբանության առումով ի՞նչ ընդհանրություններ և առանձնահատկություններ ունի սույն 3-րդ հատորը հինգհատորյակի համեմատ:
Ս. Ս. – Հարցի դրվածքում առկա է երկու մոտեցում՝ դոգմատիկական և գիտական: Դոգմատիզմը, որ անտեսում է գիտության պատմությունը, ժխտական հայացք ունի անցյալի ստեղծած արժեքների հանդեպ: Եթե հին է, ուրեմն անպետք է: Ժամանակին ստեղծագործել են մեր անվանի գրականագետները՝ Էդ. Ջրբաշյանը. Հր. Թամրազյանը, Ս. Աղաբաբյանը, Ա. Ինճիկյանը, Պիոն Հակոբյանը, Լևոն Հախվերդյանը և ուրիշներ: Դոգմատիզմը կասի, քանի որ նրանք ստեղծագործել են «այն ժամանակներում», ուրեմն այլևս պիտանի չեն: Մինչդեռ նրանք ճշմարիտ գիտնականներ էին, և նրանց ստեղծագործությունը խորապես գիտական արժեք ունի նաև այժմ: Ձեր հարցադրումը գիտական է, և կարող եմ ասել հետևյալը: Հինգհատորյակը հայ գրականագիտական մտքի փայլուն նվաճումներից է և իր գիտական արժեքը պահպանում է նաև այժմ: «Հայոց գրականության պատմության» 3-րդ հատորը ոչ թե հինգհատորյակի բացառումն է, այլ նրա տրամաբանական շարունակությունը: Պատկերավոր ասած, եթե հինգհատորյակը ներկայացնում է գրականության պատմության «իրերի աշխարհը», ապա 3-րդ հատորը գործ ունի «սիստեմների աշխարհի» հետ, որն արտացոլում է գիտության պատմության օրինաչափ զարգացումը բանասիրությունից դեպի տեսականացված պատմություն:
Հինգհատորյակը ընդարձակ ներածականներում ներկայացնում է ազգային, սոցիալական, մշակութային կյանքի հանգամանալից պատկերը, առանձնաշեշտվում է հրապարակախոսության, մամուլի, հասարակական մտքի հոսքերը. մենագրական գլուխներում գրողները ներկայանում են կյանքի ու գործի փաստարկված վերլուծությամբ: Առաջադրվող 3-րդ հատորում այդ ամենը տեսականացված է, պատմականորեն պարբերացված բաժինները ընդհանրացնում են ժամանակի շարժման ուղղությունները, բացահայտում են նորը, առանձնահատուկը ազգային կյանքի ու մտավոր-գրական զարգացումներում: Հատկանիշներ, որոնք պայմանավորում են ակադեմիական պատմության մեթոդը, ոճը, կառուցվածքը: Այս սկզբունքով են գրված 3-րդ հատորի ներածություններն ու մենագրական գլուխները: Իր ամբողջության մեջ այն միանգամայն լիակատար է:
Հ. Ա. – Կցանկանայի ավելի հանգամանալից ներկայացնեիք 4-րդ հատորի պատրաստման ընթացքը:
Ս. Ս. – Ես արդեն նշեցի, որ 4-րդ հատորը ըստ կառուցվածքի շարադրվելու է նույն սկզբունքով, ինչպիսին 3-րդ հատորն է: Բայց, անկեղծ ասած, Ձեր հարցադրումը այնքան իմաստալից ու պարտադրող է, որ դժվարանում եմ որոշակի պատասխան տալ: Նույնիսկ ընկրկեցի՝ նշելու կատարման հնարավորության որևէ նկատառում: Ամենից առաջ նկատի ունեմ կադրային կազմը: Պատկերացրեք, ժամանակին, երբ պատրաստվում էր հինգհատորյակը, բաժնի գիտական անձնակազմը 22 էր՝ գիտության դոկտորներ, թեկնածուներ և այլն: Այժմ բաժնում, վարիչի հետ միասին, ընդամենը հինգ գիտաշխատող են, գիտության թեկնածուներ: Այս պարագայում միայն դրսի գրականագետների մասնակցությամբ կարելի է իրացնել 4-րդ հատորը, նույնիսկ ֆինանսական սուղ հնարավորությունների պայմաններում: Ասեմ, որ նյութը զգալի չափով մշակված է բաժնի գիտական գործունեությամբ, այնպես որ, աշխատանքի նպատակային կազմակերպման պարագայում հնարավոր է պատրաստել 4-րդ հատորը: Ես կազմել եմ հատորի պլանը, առաջիկայում քննության կներկայացնեմ ինստիտուտի գիտական խորհրդին և արդեն նոր տարուց կատարման ընթացքի մեջ կդրվի բաժնի գիտական գործունեությունը: