Օրը՝ ժամանակի փիլիսոփայություն

Ապրիլի 25-ին ՀԳՄ Մեծ դահլիճում տեղի ունեցավ պոեզիայի ցերեկույթ՝ Երևանի դպրոցների հայոց լեզվի և գրականության ուսուցիչների մասնակցությամբ:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը տեղեկացրեց, որ ՀԳՄ վարչության քարտուղարության որոշմամբ յուրաքանչյուր ամսվա վերջին ուրբաթ օրը կազմակերպվելու է պոեզիայի ցերեկույթ, որտեղ ընթերցողների առջև սեփական և թարգմանական բանաստեղծու­թյունների ընթերցմամբ հանդես կգան ՀԳՄ անդամներ, երիտասարդ ստեղծագործողներ, կպատասխանեն ընթերցողների հարցերին, ինչպես նաև կներկայացվեն կարծիքներ ու տեսակետներ ժամանակակից պոեզիայի մասին:
Էդ. Միլիտոնյանի հավաստմամբ՝ ցերեկույթի նպատակը պոեզիա ընթերցելն ու պոեզիայի մասին իրենց հուզող խնդիրների շուրջ զրուցելն է ազատ ձևաչափով:
Բանաստեղծ Ղուկաս Սիրունյանը ևս հույս հայտնեց, որ չի լինի սոսկ պոեզիայի ընթերցանություն, այլ կկայանա զրույց-երկխոսություն հեղինակի և ընթերցողի միջև:
Բանաստեղծ, «Նարցիս» ամսագրի խմբագիր Շանթ Մկրտչյանը գնահատեց հանդիպումը այն մտավորականների հետ, ովքեր այսօրվա ստեղծածը պիտի փոխանցեն սերունդներին: Այնուհետև անդրադարձավ իր ստեղծագործական կյանքի երկու թևերին` բանաստեղծություն, որ ինքն է գրում, և թարգմանական արվեստ (ժամանակակից համաշխարհային ճանաչում ունեցող բանաստեղծների գործերի թարգմանություն` հիմնականում չափածո): «Ընթերցողը պետք է ծանոթ լինի այսօրվա պոետական գեղարվեստական մտածողությանը, մենք չենք կարող անընդհատ հենվել դասականների ժառանգության վրա և չնայել այսօրվան, որովհետև օրը իր ժամանակի փիլիսոփայությունն է թելադրում»,- ասաց նա: Ապա բանաստեղծություններ կարդաց իր վերջին գրքից:
Գոհար Գալստյանը իր բանաստեղծությունները կարդալուց առաջ կոչ արեց վերարժևորել, վերագիտակցել անցյալը և փորձել անուն տալ վաղվա անելիքին:
Ռուզան Ասատրյանը, արժևորելով ուսուցիչների դերը, ընդգծեց, որ նրանց ափերի մեջ է մեր ազգի ճակատագիրը, և հավելեց, որ հայրենիքում կատարվող յուրաքանչյուր իրադարձություն իր գրչի տակ դառնում է կա՛մ հրապարակագրություն, կա՛մ բանաստեղծու­թյուն, և կարդաց հայրենիքին նվիրված իր բանաստեղծություններից:
Իրենց ստեղծագործություններից ներկայացրին նաև Նանեն, Անուշ Վարդանյանը, Կարինե Աշուղյանը, Հուսիկ Արան, Լևոն Բլբուլյանը, Արևշատ Ավագյանը և ուրիշներ:
Ցերեկույթը վարում էր Ղուկաս Սիրունյանը:

Շաքե ԵՐԻՑՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։