2010 թվականից Հայաստանի գրողների միությունը համագործակցում է Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի «Ֆրիդրիխ-Բյոդեքեր» միության հետ: Համագործակցության արդյունքում հայ և գերմանացի բանաստեղծների ստեղծագործությունները թարգմանաբար տպագրվել են առանձին գրքերով, ինչպես նաև ՕDA և «Արտասահմանյան գրականություն» ամսագրերում: «Ֆրիդրիխ Բյոդեքեր» միության կողմից կազմակերպվող Միջազգային գրական ընթերցումներին մասնակցել են հայ գրողներ, գերմանացի գրողներ են հյուրընկալվել Հայաստանում, մասնակցել Պոեզիայի միջազգային փառատոնին: «Ֆրիդրիխ Բյոդեքեր» միությունը Գերմանիայում կազմակերպում է նաև ամենամյա դպրոցական շարադրությունների մրցույթ՝ տարբեր թեմաներով: Այս տարվա մրցույթի համար՝ Հայոց եղեռնի 100-ամյա տարելիցին ընդառաջ, ընտրվել է «Այլևս երբե՛ք ցեղասպանություն» խորագիրը:
Համագործակցության կողմերի ստորև տպագրվող կոչը գերմանական մամուլում արդեն իսկ հրապարակված տեքստի հայերեն տարբերակն է:
Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի «Ֆրիդրիխ-Բյոդեքեր» միության և
Հայաստանի գրողների միության կոչը
Արդարության զգացում ունեցող ամբողջ աշխարհի դպրոցականներին, բայց առաջին հերթին համագործակցության պայմանագրով կապված Հայաստանի և Սաքսոնիա-Անհալթ երկրամասի աշակերտներին՝ կոչ ենք անում վերը նշված թեմայով շարադրություններ գրել և արտահայտել ձեր կարծիքը:
Բավական չէ, որ ցեղասպանություններն այսօր նորից ու նորից շարունակում են իրագործվել, դեռևս կառավարություններ էլ կան, որոնք վիճարկում են արդեն իսկ կատարված ցեղասպանությունների փաստերը: Դրա ամենատխուր օրինակներից է թուրքական կառավարությունը, որը ժխտում է Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում, 1915 թվականից սկսված, առնվազն 1,5 միլիոն հայերի ցեղասպանությունը: Դրանից մեկ դար անց թուրքական կառավարությունը դեռևս փորձում է խանգարել, որպեսզի հայերը խոսեն այն ժամանակվա՝ թուրքական դիկտատուրայի պայմաններում, իրենց տառապանքի, ցավագին պատմության մասին: Մենք բոլորս, սակայն, հետևելով Ցեղասպանությունների կանխարգելման վերաբերյալ ՄԱԿ-ի կոնվենցիային (Լեմկին, 1948 թ.)՝ պարտավոր ենք ապահովել, որ ճշմարտությունը տարածվի, և թույլ չտալ, որպեսզի հնարավոր լինի շարունակել ցեղասպանության ժխտումը: Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում նացիստական դիկտատուրայի զոհը դարձան 6 միլիոն հրեաներ և այլ էթնիկական ու սոցիալական խմբերի պատկանող բազմաթիվ քաղաքացիական բնակչություն: Այդ սոսկալի պատերազմից հետո հիմնադրվեց ՄԱԿ-ը, որը հույս ուներ ստեղծելու ավելի արդար և խաղաղ աշխարհ: Այդ առումով կարևոր էին հետևյալ երկու փաստաթղթերը՝ Մարդու իրավունքների հռչակագիրը և Ցեղասպանության կանխման և պատժի մասին կոնվենցիան: Սույն հռչակագրերը էթնիկական հողի վրա կատարվող սպանությանը վերջ տալու և աշխարհի ժողովուրդներին պաշտպանելու մի փորձ են: Քանզի նոր ժամանակներում ևս, օրինակ, 1990-ական թվականներին, Ռուանդայում հուտուների ազգայնական ռազմականացված կառավարությունը ցեղասպանություն իրականացրեց հարյուր հազարավոր թութսիների նկատմամբ:
Այսօր էլ, այժմեական և լուրջ խնդիր է մնում այն, որ աշխարհով մեկ մարդիկ սպանվում են՝ այլ ռասայի, ցեղի կամ ազգի պատկանելու կամ այլ լեզվով խոսելու, կրոնական այլ պատկերացումների համաձայն ապրելու, այլ սովորույթներ պահպանելու պատճառով: Ի՞նչն է դրդում մարդկանց մի խմբին նման ագրեսիա ցուցաբերելու մյուսի նկատմամբ: Կարծու՞մ եք արդյոք, թե դա հարցի լուծում է: Ի՞նչ կարելի է անել նախապաշարմունքների, թշնամանքի և բռնության դեմ: Ինչպե՞ս կարող ենք դադարեցնել ցեղասպանությունը: Ինչպե՞ս կարելի է կանխել անմեղ մանուկների, նրանց ծնողների, մարդկանց զանգվածային սպանությունները: Ինչպե՞ս կարող ենք պաշտպանել փոքրամասնություններին: Արդյոք առաջին քայլը չպե՞տք է լինի՝ մեր մեջ ավելի մեծ հարգանք և հանդուրժողականություն մշակելն այն մարդկանց նկատմամբ, ովքեր տարբերվում են մեզանից: Եթե մենք լռենք, անտարբեր հետևենք, ոչինչ չձեռնարկենք, դա չի՞ հանգեցնի արդյոք մի նոր ցեղասպանության:
Հաճույքով սպասում ենք ձեր շարադրություններին: Տեքստը կարելի է ներկայացնել ցանկացած ձևով և տեսքով: Շարադրություններն ընդունվում են 2013/14 ուսումնական տարվա ընթացքում, մինչև 2014 թ. հունիսի 20-ը: Այնուհետև Հայաստանում և Սաքսոնիա-Անհալթ երկրամասում երկու ժյուրիները կընտրեն ամենահետաքրքիր, ամենաանկեղծ և ամենաինքնատիպ աշխատանքները՝ առանձին ժողովածուով հրատարակելու համար: Հետաքրքրության դեպքում ուղարկեք A4 չափսի 2-3 էջանոց տեքստ: Ուղարկված բոլոր շարադրությունները պահվելու են Հալլե-Վիտտենբերգի Մարտին Լյութերի անվան համալսարանի արխիվի մանկական տեքստերի բաժնում և լինելու են հետազոտողների ու համապատասխան հրատարակությունների տրամադրության տակ:
Խնդրում ենք՝ Հայաստանում ձեր տեքստերը ուղարկել հետևյալ տվյալներով և հասցեով.
– ազգանուն, անուն, հասցե, տարիք/դասարան, դպրոց:
Հայաստանի գրողների միություն« Մարշալ Բաղրամյան պող. 3« 0019 Երևան, Հայաստան « writers.union.arm@gmail.com« www.wua.am