Հունիսի 12-ին Սամվել Մարգարյանը խղճի և խաղաղության, ժողովուրդների բարեկամության երթ անցկացրեց Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում: Վրաստանի Հանրապետության նախագահի ընդունարանում իր «Մարգարեի ուղերձը» 10-լեզվյա գիրքը ընծայագրեց նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին:
Բանաստեղծի հետ այցելեցինք Հովհաննես Թումանյանի հուշատուն-թանգարան, ծանոթացանք մշակույթի օջախի աշխատակիցներ Գիսանե Հովսեփյանի, Գոհար Մազմանյանի, Էլլա Թադևոսյանի հետ, դիտեցինք այն գրքերը, լուսանկարները, առարկաներն ու իրերը, որ արտացոլում են մեծ բանաստեղծի կյանքը, գրական-մշակութային և հասարակական բեղուն գործունեությունը: Ս. Մարգարյանն իր գրքերից նվիրեց թանգարանին և աշխատակազմին, իսկ ես` իմ հոր` լեզվաբան Սենեքերիմ Մելքոնյանի «Թումանյանի հոգու կենսագրությունը» գիրքը:
Վրաստանի գրողների միությունում մեզ ջերմորեն ընդունեցին նախագահ, բանաստեղծուհի Մաղվալա Գոնաշվիլին, Բադրի Կուտատելիձեն, Զաալ Բուրկովելին, Դալի Կարաուլաշվիլին, Բաղաթեր Արաբուլին: Նրանց նույնպես Սամվել Մարգարյանը նվիրեց իր գրքերից:
Վրացի գրողները շնորհավորեցին Սամվել Մարգարյանին 10 լեզուներով, այդ թվում նաև վրացերեն, գիրք հրատարակելու առթիվ և ողջունեցին խաղաղությանը, ժողովուրդների բարեկամությանը նվիրված նրա երթերը:
Որոշվեց ընթացիկ տարվա աշնանը Թբիլիսիում կազմակերպել «Մարգարեի ուղերձը» գրքի շնորհանդեսը:
Վարդան ՄԵԼՔՈՆՅԱՆ
Շիրակի պետհամալսարանի դասախոս,
բան. գիտ. թեկնածու