Հունիսի 13-ին Ակսել Բակունցի ծննդյան 120-ամյակի առթիվ ՀԳՄ-ն և Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը նախաձեռնել էին ծաղկեդրում Ա. Բակունցի հուշաքարի մոտ: Հուշաքարը գտնվում է այն տան դիմաց, որտեղ Ա. Բակունցը անցկացրել է իր երևանյան օրերը (Նալբանդյան 96): ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, Ա. Բակունցին բնորոշելով իբրև բնության սիրով լցված, բնության սերը գրականություն դարձրած և մարդեղենության վերածած կերպար, անդրադարձավ նրա անավարտ՝ «Խաչատուր Աբովյան» վեպին: «Երբ կարդում ես կիսատ մնացած վեպը, զգում ես, թե ինչպիսի հզոր, խոր ապրումներ, լեզվամտածողություն կա այդ վեպում»,- ասաց Էդ. Միլիտոնյանը՝ ափսոսալով, որ այն կիսատ է մնացել: «Ամեն անգամ առնչվելով վարպետի ստեղծագործությանը՝ հարց է ծագում՝ արդյո՞ք նրանից առաջ մեր աշխարհում այսքան լույս, այսքան ջերմություն եղել է, թե՞ համատարած խավարի մեջ եղել է լույսի պահանջ, և այդ պատճառով էլ աշխարհ եկավ Ա. Բակունցը»,- ասաց Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը՝ նկատելով, որ այդ լույսը նա բխեցրեց Մթնաձորից, որտեղ արևի լույս չի թափանցում, և որը հավերժ լուսավորելու է մեր արձակի հորիզոնները:
Գրականագետ Պետրոս Դեմիրճյանն անդրադարձավ Բակունցի գրական անվանը՝ տեղեկացնելով, որ նրա իրական անուն-ազգանունը Ալեքսանդր Բեգունց էր: Ապա նշելով, որ Ա. Բակունցը մինչ գրականությամբ զբաղվելը գյուղատնտես է եղել, ընդգծեց, որ ընդամենը մի քանի տարվա ընթացքում կատարել է ծավալուն աշխատանք՝ գրելով իր բոլոր նշանավոր գործերը մինչև անավարտ «Խաչատուր Աբովյան» վեպը:
Մեծ գրողի 120-ամյակի առթիվ միջոցառումներ էին կազմակերպվել նաև Խարկովում, Գորիսում՝ Ա. Բակունցի տուն-թանգարանում, որտեղ տեղի ունեցան հանդիսություններ, բակունցյան թեմաներով բեմականացումներ, ցուցահանդես:
Շաքե ԵՐԻՑՅԱՆ